ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հանդիպում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանի, նույն համալսարանի՝ Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի, լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի մտավորականության ջանքերի համատեղումը՝ հայրենիք-սփյուռք կապերը ամրապնդելու, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, գրական արևելահայերենի և արևմտահայերենի միասնական ուսումնասիրության, զարգացման ու կանոնարկման ուղղությամբ հետևողական աշխատանքներ ծավալելու նպատակով: Համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը Բեյրութի Հայկազյան համալսարանի գործունեությունը ներկայացրեց հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում, անդրադարձավ հայապահպանության, լեզվի պահպանության խնդիրներին: Լեզվաբան Արմենակ Եղիայանը անդրադարձ կատարեց անցած հարյուրամյակում արևմտահայերենի զարգացման ընթացքին, կարևորեց Լիբանանի և Սիրիայի հայ մտավորականության դերը հայապահպանության գործում, խոսեց արևմտահայերենի պահպանման, զարգացման ու կանոնարկման ուղղությամբ իրենց գործադրած ջանքերի ու ձեռնարկած քայլերի մասին:
Հյուրերը տեղեկացան, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին, որի աշխատանքները ղեկավարելու է հայտնի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը: Բաժինը նպատակ ունի զբաղվելու արևմտահայերենի համակողմանի ուսումնասիրությամբ՝ դիտարկելով արտերկրի հայ համայնքների լեզվական յուրահատկությունները, բարբառային հիմքերը, զարգացման առանձնահատկությունները, նպաստելու գրական արևմտահայերենի կանոնարկմանը, մշակելու գրական արևելահայերենի ու արևմտահայերենի փոխհարստացման և միասնականացման ուղիներն ու հնարավորությունները, պատրաստելու արդի արևմտահայերենի համընդգրկուն բառարան, որը կներկայացնի Սփյուռքի բոլոր համայնքների բառապաշարը: Բաժնի աշխատանքներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ներգրավվելու են նաև արևմտահայ մտավորականության ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սկսելու գործակցություն արևմտահայերենի և արևելահայերենի միասնական ուսումնասիրության ուղղությամբ:
Աղբյուրը՝ http://old.7or.am/am/news/view/48994/