ԴԱՍ ԻԵ. Ո – Ա խառը հոլովումը գրաբարում

  1.  Համեմատի՛ր, որոշիր  Ո   և  Ո – Ա խառը  հոլովումների տարբերությունը ըստ հոլովիչների գործառության.

Ո  հոլովում                                                 Ո-Ա խառը  հոլովում             

ուղղ.  գործ        գործք                                                 թշնամի            թշնամիք

սեռ.   գործոյ     գործոց                                               թշնամւոյ          թշնամեաց    

տր.    գործոյ     գործոց                                               թշնամւոյ          թշնամեաց    

հայց. /զ/գործ      /զ/գործս                                            /զ/թշնամի        /զ/թշնամիս

բաց.   ի գործոյ   ի գործոց                                           ի թշնամւոյ       ի թշնամեաց    

գործ.  գործով      գործովք                                           թշնամեաւ        թշնամեօք

 

2.Համեմատի՛ր,  որոշիր  Ի – Ա խառը   և  Ո – Ա խառը  հոլովումների տարբերությունը ըստ հոլովիչների.

 

              Ի - Ա  խառը հոլովում                                Ո - Ա  խառը հոլովում             

ուղղ.  քաղաք              քաղաքք                            պատանի               պատանիք 

սեռ.   քաղաքի            քաղաքաց                         պատանւոյ            պատանեաց

տր.    քաղաքի            քաղաքաց                          պատանւոյ            պատանեաց   

հայց.  /զ/քաղաք          /զ/քաղաքս                         /զ/պատանի          /զ/պատանիս

բաց.   ի քաղաքէ          ի քաղաքաց                     ի պատանւոյ          ի պատանեաց      

գործ.  քաղաքաւ          քաղաքօք                          պատանեաւ           պատանեաւք

 

Ուշադրություն դարձրու Ո-Ա խառը հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

 

3 Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  յուրաքանչյուր հոլովի կազմությունը Ո – Ա  խառը հոլովման բառերի դեպքում՝ դիտարկելով կենդանի բառի հոլովական հարացույցը.

 

ուղղ.   կենդանի            կենդանիք

սեռ.    կենդանւոյ          կենդանեաց    

տր.     կենդանւոյ          կենդանեաց   

հայց.  /զ/կենդանի         /զ/կենդանիս

բաց.   ի կենդանւոյ       ի կենդանեաց

գործ.  կենդանեաւ         կենդանեօք

 

Ծանոթություն: ա/ Այն բառերում, որոնք Ի ձայնավորից առաջ ունեն ւ, որպես կանոն Ո հոլովիչից առաջ Ի – ն սղվում է. արծուի – արծուոյ, ծարաւի – ծարաւոյ, երբեմն նաև՝ աղաւնի – աղաւնոյ, թշնամի - թշնամոյ: բ/ Որոշ բառեր եզակի տրականում ունենում են ջ հոլովակերտով զուգահեռ ձևեր. այգի – այգւոյ կամ այգւոջ, կղզի – կղզւոյ կամ կղզւոջ, ծղխնի – ծղխնւոյ կամ ծղխնւոջ: Իսկ տարի և տեղի բառերը ջ ունենում են նաև եզակի բացառականում. տարւոջ, ի տարւոջէ, տեղւոջ, ի տեղւոջէ:

 

 

4 .Դիտարկելով  հետևյալ  բառախումբը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում      Ո - Ա խառը հոլովման.

 

այգի, աղաւնի, աղօրի, ամեհի, ամուրի, այրի, անդրի, ապակի, առաքինի, բարի, գարի, գերի, գօտի, եղևնի, թշնամի, կատաղի, կենդանի, մարի, մորթի, մորի, յուռթի, ոզնի, պատանի, պատասխանի, կղզի, փոշի և այլն.

գեղանի, լեզուանի, հովանի, պիտանի, մատանի.

արմաւենի, զմռնենի, թզենի, հայրենի, վայրենի, վագրենի.

տիրուհի, քրմուհի, Սմբատուհի, Տաճատուհի.

արքունի, ծերունի, Արծրունի, Բագրատունի.

զազրոտի, ցնցոտի.

անդրավարտիք, արգասիք, բաղանիք, երախտիք, ընթրիք, կարիք, կարծիք, հարսանիք, չարիք, օձիք, Սիւնիք, Աղձնիք և այլն:

 

ուղղ.   բարի           բարիք           թզենի        թզենիք           հարսանիք

սեռ.    բարւոյ         բարեաց        թզենւոյ      թզենեաց        հարսանեաց    

տր.     բարւոյ         բարեաց        թզենւոյ      թզենեաց        հարսանեաց    

հայց.  /զ/բարի        /զ/բարիս       /զ/թզենի    /զ/թզենիս       /զ/հարսանիս

բաց.   ի բարւոյ      ի բարեաց     ի թզենւոյ   ի թզենեաց     ի հարսանեաց

գործ.  բարեաւ        բարեօք         թզենեաւ     թզենեօք        հարսանեօք

 

Հիշի՛ր՝  ի ձայնավորով ավարտվող միավանկ բառերը, ոգի, ոսկի, որդի, երի բառերը և ցի ածանցով ավարտվող բառերը ենթարկվում են Ո հոլովման:

 

Վարժություն  67. Հոլովիր Ո – Ա խառը հոլովման ենթարկվող բառեր:

 

Վարժություն  68. Թարգմանի՛ր, որոշիր հոլովված բառերի հոլովը, թիվը, հոլովումը.

 

            Աստուած զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց և բարեաց և ածէ անձրեւ ի վերայ արդարոց և մեղաւորաց:  Եւ եկեալ թագաւորն Պապ յընթրիս, մտեալ բազմեցաւ յուտել և յըմպել: Պատրաստէր զըմպելիսն արքայի յընտիր և համեղ գինեաց: Չէ նա Աստուած մեռելոց, այլ կենդանեաց:  Ոչ ի մորենւոյ կթեն խաղող: Դատարկութիւն զբազումս ի խորս չարեաց արկանէ: Եւ առաքէր հրեշտակս առ թագաւորն Յունաց: Ամուրեացն և այրեացն ասեմ: Յորժամ տանիցին զձեզ յատեան, մի՛  ինչ հոգայցէք թէ զինչ խօսիցիք: Գնայր ի տուն իւր, և երթեալ մտանէր ի մէջ ընտանեաց իւրոց, ասէ ցկին իւր և ցընտանիս: Եւ առաքեաց զծառայս իւր կոչել զհրաւիրեալսն ի հարսանիս: Բազում ոստիկանք էին ի տեղւոջն: Եւ մանկունք քաջ նախարարացն Հայոց, ինքնակամ նահատակեալք, մտին ի մէջ ճակատուցն, առաջնորդութեամբ սպարապետին իւրեանց Սմբատայ ասպետի, որդւոյ Բագարատայ, որ յազգէն Բագրատունեաց:

Վարժություն  69. Թարգմանի՛ր գրաբար.

 

          Չենք վախենում բռնավորի սպառնալիքներից: Թզենու տերևները դեղին են: Թագավորը հրովարտակը կնքեց մատանիով: Չարիքների արմատը արծաթսիրությունն է: Առաքյալները գնում էին քաղաքներն ու գյուղերը և քարոզում: Առաջին գունդը տալիս էր Արծրունիքի իշխանի ձեռքը: Արտաշեսի հրամանով բնակվեցին Սյունիքում: Երգում և պարում էր թշնամիների հետ: Ո՞ւր է թզենու տերևը, ո՞ւր է այգու ողկույզը: Աստված է դատավորը կենդանիների և մեռելների: Տերն առաջնորդում է կույրերին, բժշկում է վերքերից և փրկում է վշտերից ու վտանգներից: Վերքերը վերքերով չեք կարող բժշկել: Մարմինը սնվում է հացով, իսկ հոգին՝ աղոթքներով: Չէին կարող դիվահարին կապել շղթաներով: Պտուղներից ճանաչում են ծառերը:   

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.