ԴԱՍ ԻԴ. Ի – Ա խառը ներդրական հոլովումը գրաբարում

1. Համեմատի՛ր, որոշիր  Ի – Ա խառը վերջադրական   և  Ի – Ա խառը  ներդրական հոլովումների տարբերությունը ըստ հոլովիչների գործառության.

 

              Ի - Ա  արտաքին հոլովում                          Ի - Ա  ներքին հոլովում             

ուղղ.  քաղաք              քաղաքք                              հարսն               հարսունք

սեռ.   քաղաքի            քաղաքաց                           հարսին             հարսանց

տր.    քաղաքի            քաղաքաց                           հարսին             հարսանց  

հայց.  /զ/քաղաք          /զ/քաղաքս                          /զ/հարսն           /զ/հարսունս

բաց.   ի քաղաքէ          ի քաղաքաց                       ի հարսնէ          ի հարսանց    

գործ.  քաղաքաւ          քաղաքօք                            հարսամբ          հարսամբք

 

2. Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  յուրաքանչյուր հոլովի կազմությունը Ի – Ա  ներքին հոլովման բառերի դեպքում՝ դիտարկելով գառն բառի հոլովական հարացույցը.

ուղղ.   գառն             գառինք

սեռ.    գառին           գառանց    

տր.     գառին           գառանց   

հայց.  /զ/գառն         /զ/գառինս

բաց.   ի գառնէ        ի գառանց

գործ.  գառամբ         գառամբք

Ծանոթություն: Ի –Ա ներդրական հոլովման ենթարկվող բառերի մի մասը հոգնակի ուղղականում վերջավորվում է  ինք  խմբով, մյուս մասը՝  ունք  խմբով:

 

3.Դիտարկելով  հետևյալ  բառախումբը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում      Ի - Ա ներդրական հոլովման, հիշի՛ր յուրաքանչյուրի հոգնակի ուղղականի ձևը.

ազն /ցեղ, սերունդ. ազինք/, անձն /անձինք/, առն /վայրի արու ոչխար. առինք/, բեռն /բեռինք/, գառն /գառինք/, դաշն /դաշինք/, եզն /եզինք/, եղն /եղնիկ. եղինք/, լեառն /լերինք/, խաշն /խաշինք/, նեռն /նեռինք/,

ազն /ազնվական. ազունք/, ափն /ափունք/, բուռն /բռունք/, կամն /կամունք/, կառափն /գլուխ, գանգ. կառափունք/, հարսն   /հարսունք/, մասն /մասունք/, ողն /ողունք/, տոռն /լար, պարան. տոռունք/.

ուղղ.   լեառն               լերինք                              բուռն                   բռունք

սեռ.    լերին                լերանց                             բռին                    բռանց             

տր.     լերին                լերանց                             բռին                    բռանց   

հայց.  /զ/լեառն           /զ/լերինս                          /զ/բուռն               /զ/բռունս

բաց.   ի լեռնէ             ի լերանց                          ի բռանէ              ի  բռանց

գործ.  լերամբ             լերամբք                            բռամբ                 բռամբք

 

Ծանոթություն: Ի  և  Ա   հոլովիչներով են հոլովվում նաև  ձեռն, ոտն  և  քար բառերը, սակայն որոշակի յուրահատկություններով. ձեռն բառը եզակի թվում ենթարկվում է ներքին թեքման, իսկ հոգնակի թվում՝ արտաքին թեքման. քար բառը եզակի թվում ենթարկվում է Ի պարզ հոլովման, իսկ հոգնակի թվում՝ ներդրական Ա հոլովման.

ուղղ.   ձեռն          ձեռք                ոտն           ոտք                     քար        քարինք

սեռ.    ձեռին        ձեռաց             ոտին         ոտից /ոտաց/       քարի      քարանց

տր.     ձեռին        ձեռաց             ոտին         ոտից /ոտաց/       քարի      քարանց   

հայց.  /զ/ձեռն      /զ/ձեռս             /զ/ոտն      /զ/ոտս                 /զ/քար    /զ/քարինս

բաց.   ի ձեռանէ   ի ձեռաց         յոտանէ      յոտից                   ի քարէ   ի քարանց

գործ.  ձեռամբ       ձեռօք             ոտամբ       ոտիւք                  քարիւ     քարամբք

Վարժություն  63. Հոլովիր Ի – Ա ներդրական հոլովման ենթարկվող բառեր:

Վարժություն  64. Թարգմանի՛ր, որոշիր հոլովված բառերի հոլովը, թիվը, հոլովումը.

Փոշոտեցան և ծխոտեցան սրահակք և սրսկապանք նորեկ հարսանց: Ոչ կարէ քաղաք թաքչել, որ ի վերայ լերին կայցէ: Թագաւորն տեսանէր զթաթ ձեռինն որ գրէր: Պարսպեցին զամենայն գլուխս լերանց: Մատամբք իւրեանց վաստակեցին և կերակրեցան: Ես առաքեմ զձեզ իբրեւ զգառինս ի մէջ գայլոց: Դնէին ի վերայ ողինն Յոհանու: Ոգիք արդարոց ի ձեռին Աստուծոյ են: Իջանէր Մովսէս ի լեռնէն Սինայ: Ոչ թողու Տէր ի ձեռանէ զայնոսիկ, որք հաւատովք կարդան առ նա: Մի՛ զանձանց վրէժ խնդրէք: Հրային մասամբ ջեռուցանէ զամենայն գոյացեալս: Չար է նախանձն եւ անձամբ անձին առնէ վնաս: Յարձակէին ի վերայ գառանցն: Անձամբ անձանց ածէք զչարիսն ի վերայ: Եւ նա գնաց զկնի նորա իբրև զշուն տոռամբ: Ուր ոչ գոն եզինք, մսուրք սուրբ են, եւ ուր բազում արդիւնք են, յայտնի է եզին զօրութիւն: Ո՞  ոք արածիցէ խաշն եւ ի կաթանէ խաշինն ոչ ուտիցէ: Յանձա՞նց ինչ ունիցին զայնպիսի շարժմունս:

Վարժություն  65. Թարգմանի՛ր գրաբար.

Գառների և ոչխարների բուրդը լվանում էինք գետում: Ես փրկեցի քեզ Սավուղի ձեռքով: Կոփածո քարերով շինում էր տներ: Առնում էր Դավիթը քնարը և նվագում իր ձեռքով: Որդիներով և թոռներով գալիս հասնում է Հայաստան: Մենք ձեզ տեսանք, բայց դուք մեզ չտեսաք: Խմեցի իմ գինին իմ կաթով: Շրջում էին լեռներում և չէին կարողանում մտնել շեները: Երբ ամբոխին տեսավ, ելավ և ասաց՝ ի՞նչ  եք ուզում: Չի՞  թողնի ոչխարը իեռներում: Նավը բեռներից ծանրացավ և խորտակվեց: Եզի լուծը ծանր է:  Թշնամին քաղաք մտավ: Սկզբից, Տեր, երկրի հիմքերը հաստատեցիր: Ակնարկում է աչքով, նշանակում է ոտքով և ուսուցանում է մատներով: Այլ երբ կանես ընդունելություն, կանչիր աղքատներին և կաղերին և կույրերին, և երանելի կլինես:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.