Լեզվաբանությունը Հայաստանում

                 Հայ լեզվաբանությունը հենվում է մի կողմից` հայ քերականական մտքի բազմադարյան պատմության վրա, որը մշտապես արտացոլել է իր ժամանակի համաշխարհային գիտության բարձր մակարդակը, մյուս կողմից` ժամանակակից հայրենական և արտասահմանյան լեզվաբանության նվաճումների վրա: Այն հատկապես բուռն զարգացում է ապրել ХХ դարում, երբ վերականգնվել է հայկական պետականությունը (1918 թ.), և հայոց լեզուն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության պետական լեզվի կարգավիճակ` դրանից բխող գործառական համապարփակությամբ, զարգացման, կատարելագործման և ուսումնասիրման լայն հնարավորություններով: Հայերենը համակողմանի հետազոտության առարկա է դառնում լեզվաբանական տարբեր գիտակարգերի համար, որոնք քննում են նրա ծագման, պատմական զարգացման, ներքին կառուցվածքի և հասարակական գործառությունների հիմնահարցերը: Հետազոտություններ են կատարվում հայերենագիտության բոլոր բնագավառներում` հայերենի և այլ լեզուների զուգադրական ու համեմատական քննության, հայերենի տիպաբանական բնութագրման, պատմահամեմատական քերականության, բարբառագիտության, լեզվի տեսության ու պատմության, զարգացման տարբեր փուլերում նրա կառուցվածքի նկարագրության` հնչյունաբանության և հնչույթաբանության, բառագիտության, դարձվածաբանության, ոճագիտության, տերմինաբանության ու բառարանագրության: Մասնավորապես, կազմվում են բազմաթիվ բացատրական, թարգմանական (երկլեզվյան ու բազմալեզվյան), դարձվածաբանական, տերմինաբանական, հոմանիշների, հականիշների, հայկական անձնանունների, ազգանունների, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների և այլ բառարաններ, որոնց մեջ հատկապես նշելի են Հ.Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Ս.Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը», Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», Ա.Ղարիբյանի «Հայ-ռուսերեն բառարանը», ՀՀ ԳԱԱ հրատարակած` «Ժամանակակից հայերենի բացատրական բառարանը», «Հայ-ռուսերեն բառարանը», «Ռուս-հայերեն բառարանը», «Հայոց լեզվի բարբառային բառարանը» և այլն: Ստեղծվում են ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական դասագրքեր ու ձեռնարկներ, ուսումնական բառարաններ ու տեղեկատուներ, հայերենի ինքնուսույցներ օտարալեզուների համար: ХХ դարի կեսերից սկսում են զարգանալ նաև հայ լեզվաբանության համար նոր բնագավառներ` հոգելեզվաբանությունը, հանրալեզվաբանությունը, կառուցվածքային լեզվաբանությունը, մաթեմատիկական լեզվաբանությունը և լեզվի ձևայնացված նկարագրությունը, հայերենի տիպաբանական-զուգադրական ուսումնասիրությունը, պատմական բարբառագիտությունն ու լեզվաբանական աշխարհագրությունը: Հայագետների ուշադրության կենտրոնում են նաև գրական լեզվի մշակման ու կանոնարկման, տերմինաշինության, խոսքի մշակույթի, ուղղագրության և ուղղախոսության հարցերը և գործնական-կիրառական բնույթի այլ խնդիրներ:
                  Եթե XIX դարում և XX դարի սկզբին հայագիտությունը հիմնականում զարգանում էր եվրոպական գիտական կենտրոններում, ընդ որում գիտնականների ուշադրությունը սևեռված էր լեզվի համեմատական ուսումնասիրությանը, ապա XX դ. 50-ական թթ. Հայաստանը դառնում է հայագիտության, հայերենի բոլոր դրսևորումների ու տարբերակների համակողմանի ուսումնասիրության առաջատար կենտրոն:
                Մայրենի լեզվի ուսումնասիրության կողքին հայ լեզվաբանները զբաղվում են նաև այլ` հին ու ժամանակակից լեզուների քննությամբ: Հին լեզուներից հատուկ ուշադրություն են գրավում հին Առաջավոր Ասիայի, Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի լեզուները (իլիրերեն, հին մակեդոներեն, թրակերեն, դակամիզիերեն, փռյուգերեն, պալայերեն, խեթերեն, հայասերեն, կիմերերեն, հին պարսկերեն, ինչ-պես նաև ուրարտերեն, խուռիերեն, ակկադերեն, արամեերեն և այլն), որոնց հետ տարբեր ժամանակներում ծագումնաբանական կապեր կամ տարածքային շփումներ է ունեցել հայերենը, և որոնց ուսումնասիրությունը նպաստում է հայերենի պատմա-համեմատական քննությանը, նրա ծագման, հարևան ժողովուրդների հետ ունեցած լեզվական ու մշակութային առնչությունների խնդիրների պարզաբանմանը: Ժամանակակից  եվրոպական լեզուները (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն և այլն), որոնք դասավանդվում են դպրոցներում և բուհերում, ուսումնասիրվում են ինչպես դրանց դասավանդման մեթոդիկայի, այնպես էլ զուգադրական հետազոտության առումով  տիպաբանական և համադրական լեզվաբանության համատեքստում: Նույնը վերաբերում է և ժամանակակից արևելյան լեզուներին` արաբերենին, պարսկերենին, թուրքերենին, որոնց ուսումնասիրությունը կարևոր է նաև մերձավորարևելյան տարածքում միջազգային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
                  Պետք է հատկապես նշել հայ լեզվաբանների նվաճումները ընդհանուր լեզվաբանության ասպարեզում: Նրանք նշանակալից ավանդ ունեն ընդհանուր լեզվաբանական և փիլիսոփայական տեսական նշանակություն ունեցող այնպիսի հարցերի ուսումնասիրությունում, ինչպիսիք են` լեզվի և մտածողության, տրամաբանական ու լեզվաբանականկատեգորիաների, լեզվի և արտալեզվական իրականության փոխհարաբերությունը, լեզվական ու արտալեզվական աշխարհների ընկալման սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների դիալեկտիկան, աշխարհի լեզվական և հասկացական կաղապարների ստեղծումը, լեզվական նշանի իմացաբանական հարցերը, լեզվական նշանի էության բացահայտումը, լեզվական գիտակցության և լեզվական հաղորդակցման հիմնախնդիրները, ընդհանրական լեզվաբանական կաղապարի ստեղծումը և այլն: Լեզվաբանության տեսության ավելի մասնավոր հարցերից կարելի է նշել լեզվական մակարդակների, լեզվական միավորների ու նրանց տարբերակիչ հատկանիշների դասակարգումը, լեզվի ուսումնասիրության մեթոդների մշակումը, լեզվաբանական գիտակարգերի դասակարգումը և լեզվաբանության կառուցվածքի որոշումը, խոսքի մասերի ուսմունքի զարգացումը, շարահյուսական նվազագույն միավորի սահմանումը և այլն: Առաջադրվում և լուծվում են նաև կիրառական լեզվաբանության բնագավառի` փորձառական հնչյունաբանության, մեքենական թարգմանության, տեղեկատվական համակարգերի լեզվաբանական ապահովման և  այլ խնդիրներ:
                 Այսպիսով` ներկայումս հայ լեզվաբանությունը լեզվաբանական գիտակարգերի մի համակարգ է, որի հիմնական ուղղություններն են հայերենի համակողմանի ուսումնասիրությունը, լեզուների զուգադրական-տիպաբանական հետազոտությունը, ընդհանուր և համեմատական լեզվաբանությունը: Այս ուղղությունները իրենց առաջնահերթ նշանակությունը պահպանել են նաև անկախ պետականության հաստատումից հետո, ընդ որում, հատուկորեն  նշվում է հայոց լեզվի` որպես ազգային ինքնության պահպանման և Հայաստանի Հանրապետության հետագա անկախ զարգացման երաշխիքի, հետագա համակողմանի զարգացման և անարգել գործառության կարևոր ռազմավարական նշանակությունը: Ըստ այդմ` հայագիտության հիմնական խնդիրն է համարվում հայերենի ուսումնասիրությունը, կանոնարկումը, մշակումն ու կատարելագործումը, որի իրագործումը կարիք ունի ինչպես պետական հոգածության, այնպես էլ գիտական ու մեթոդական հիմնավորման: Ուստի, չնայած 90-ական թթ. սկզբներին գիտական ներուժի զգալի նվազեցմանը` կապված անցումային շրջանի քաղաքական և տնտեսական  դժվարությունների հետ, հայ լեզվաբանությունը շարունակում է ձգտել հայագիտական հետազոտությունների ավանդական բնագավառների պահպանմանը և նոր ուղղությունների յուրացմանը: Եվ եթե նշված ժամանակաշրջանում նկատվում էր տեսական աշխատանքների որոշ կրճատում ի հաշիվ գործնական-կիրառական ուղղությունների (զանազան կարգի բառարանների, տեղեկատուների, ուսումնական ձեռնարկների, ինքնուսույցների, զրուցարանների կազմում և այլն), ապա վերջին տարիներս վերածնվում է հետաքրքրությունը լեզվաբանական լայն հիմնախնդիրների նկատմամբ, որոնք վերաբերում են լեզվի տարբեր կողմերին ու կառուցվածքային մակարդակներին, ինչպես նաև նրա տարածական, հասարակական ու պատմական տարբերակներին: Կատարվում են հետազոտություններ` նվիրված բարդ ու վիճելի խնդիրների լուսաբանմանը, որոնք առնչվում են  հայերենի համեմատական քերականությանը (նախահայերենի վիճակ, ենթաշերտային երևույթներ, հին հայերենում հնդեվրոպական հերթագայությունների արտացոլում, համեմատական դիցաբանության փաստեր և այլն), պատմական զարգացմանը (արևմտահայ և արևելահայ գրական տարբերակների, մասնավորապես բանաստեղծական լեզվի կազմավորում ու զարգացում, լեզվական նորակազմություններ, բառապաշարի հարստացում սեփական բառակազմական եղանակների, փոխառությունների և պատճենումների միջոցով), լեզվական իրադրությանը Հայաստանում և սփյուռքում` պայմանավորված ժողովրդագրական գործընթացներով (երկլեզվություն ու բազմալեզվություն, գրական, խոսակցական և բարբառային տարբերակներ, դրանց փոխհարաբերությունն ու հասարակական պայմանավորվածությունը) և այլ բնագավառների:
       Ընդհանուր լեզվաբանության բնագավառում նշանակալից նվաճում պետք է համարել համընդհանուր լեզվաբանական տեսության մշակումը, նշանային համակարգերի ուսումնասիրությունը, հասկացական և քերականական կարգերի նոր մեկնաբանումը: Հոգելեզվաբանական հետազոտությունները ընթանում են լեզվագիտակցության, տրամաբանական և լեզվական կատեգորիաների ձևավորման, մայրենի և օտար լեզուների յուրացման մեխանիզմների, մտածողության լեզվամշակութային կարգայնացման, ինչպես նաև մանկան լեզվի զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրման  ուղղությամբ:
            Բարձր տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում մի կողմից` տեղեկատվական համակարգերի լեզվաբանական ապահովման` տվյալների հենքեր ու շտեմարաններ կազմելու, լեզվի ձևայնացված նկարագրության, խմբագրման ու սրբագրման ծրագրեր մշակելու, մյուս կողմից` հաշվողական տեխնիկայի օգտագործմամբ բազմազան գիտական ու կիրառական խնդիրներ լուծելու հարցերը (մեքենական թարգմանություն, զանազան բառարանների, այդ թվում էլեկտրոնային հեղինակային համաբարբառների ստեղծում, բարբառագիտական ատլասի կազմում և այլն): Վերջերս աշխատանքների աշխուժացում է նկատվում և այդ բնագավառներում:
               Միջլեզվական և միջմշակութային շփումների սերտացմանն առնչվող, ինչպես նաև հայերենին չտիրապետող զգալի զանգվածների ներգաղթի հետևանքով  առաջ են գալիս նաև անցանկալի լեզվական ազդեցություններ, անհարկի փոխառություններ, բացասական լեզվական ներթափանցումներ, խոսքի մշակույթի անկում և այլն, առանձնահատուկ կարևորություն են ստանում մայրենի լեզվի ուսուցման, գրական լեզվի մաքրության, հասարակության մեջ, այդ թվում մամուլի և զանգվածային լրատվամիջոցների խոսքի մշակույթի մակարդակի բարձրացման, ճիշտ լեզվագործածության խնդիրները: Այդ խնդիրների լուծումը պահանջում է ուշադրության կենտրոնացում գրական լեզվի հետագա կանոնարկման, բազմազան ուսումնամեթոդական գրականության ստեղծման, ուսուցման նոր տեխնոլոգիաների օգտագործման, ինչպես նաև ընդհանրապես պետական ճիշտ լեզվաքաղաքականության իրականացման վրա` պահպանելու համար հայերենի լայն գործածությունը և նրա բարձր մշակվածությունը, որը թույլ է տալիս այն համարելու ժամանակակից ամենազարգացած լեզուներից մեկը:
 
Լ. Հովսեփյան
բանասիրական գիտությունների դոկտոր
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի
ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.