Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում բառարանագրության բաժնի նախաձեռնությամբ կայացավ հայերենագիտական երկօրյա գիտաժողով՝ «Բառագիտության հարցեր» խորագրով: Գիտաժողովին որոշ զեկուցումներ ներկայացվեցին առցանց ձևաչափով:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ԼԻ տնօրեն Վիկտոր Կատվալյանը՝ կարևորելով նմանատիպ գիտաժողովների դերը հայերենագիտության զարգացման գործում: Պարոն Կատվալյանն ընդգծեց, որ բառարանագրության բաժինը լայնածավալ աշխատանքներ է կատարել և շարունակում է կատարել. մասնավորապես կարևորվեց ընթերցողների շրջանում լայն արձագանք գտած «Նոր բառեր» պրակաշարի հրատարակումը՝ բ.գ.թ. Անահիտ Գալստյանի ղեկավարությամբ: Բաժնի աշխատանքների շարքը լրացրեց նաև սույն գիտաժողովը՝ միավորելով հայերենի բառագիտության առանցքային հարցերով հետաքրքրվող գիտական հանրույթին:
Երկօրյա գիտաժողովն ընթացավ երկուական նիստերով (նախագահողներ՝ Վ. Կատվալյան, Գ. Մխիթարյան, Ն. Սիմոնյան, Լ. Մարգարյան), որոնց ընթացքում հայերենի բառագիտությանն առնչվող տարաբնույթ զեկուցումներով հանդես եկան գիտնականներ, հետազոտողներ, ուսուցիչներ և ուսանողներ ՀՀ տարբեր հաստատություններից (ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան ԼԻ, Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Ռուս-հայկական, Գավառի պետական, Հայաստանի ազգային ագրարային համալսարաններ, «Տաթև» ԳԿՀ, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ մասնագիտացված և Աստղաձորի միջնակարգ դպրոցներ, Վարդենիկի կրթահամալիր):
Զեկուցումների մի մասը նվիրված էր բառարանագրության որոշ առանցքային հիմնահարցերի. դրանք վերաբերում էին ժամանակակից հայերենի բացատրական բառարաններում չվկայված բառերին, Հրաչյա Աճառյանի «Հայերէն արմատական բառարանում» տեղ գտած պատահական նմանություններին ու կեղծ արմատակիցներին, նոր անձնանունների բառարանագրման անհրաժեշտությանն ու արդի միտումներին: Անդրադարձ կատարվեց բառերի բառարանային բացատրության հոմանշային եղանակին, «Առաջնորդ անգլերեն և հայերեն զրուցատրության» աշխատության բառարանագրական արժեքին:
Զեկուցումների մի մասն էլ վերաբերում էր օտարաբանությունների գործածությանը, արևմտահայ երգիծաբանության մեջ դրանց ոճական արժեքին: Ներկայացվեցին զեկուցումներ եզրույթների նկարագրականության և պայմանականության հարաբերակցության խնդրի, ինչպես նաև գինեգործական եզրույթների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց «զենք, զինամթերք» նշանակող գրաբարյան բառերի իմաստային զարգացումներին, ժամանակակից հայերենի բուսանուններում մարդաբանական փոխաբերացմանը (Արցախի բարբառի և անգլերենի համեմատությամբ):
Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան նաև գեղարվեստական գրականության առանձին նմուշների բառապաշարային (հատկական փոխառություններ) առանձնահատկություններին: Հետաքրքիր զեկուցումներ ներկայացվեցին հայերենի դնել բայի, ինչպես նաև երգ բաղադրիչով կազմությունների իմաստագործառական առանձնահատկությունների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց գունանշող բառերի իմաստաբանական առանձնահատկություններին, արդի հայերենում առողջապահությանը, բժշկությանը վերաբերող բառերի փոխաբերական գործածություններին, Ղարաբաղի բարբառում ռազմական ոլորտի բառերի բառաշերտային տեղաշարժին:
Ներկայացվեցին հայ-ալբանական բառային մի քանի զուգաբանություններ, կառուցվածքային-իմաստային տեսանկյունից քննվեց ավելորդաբանությունը արդի հայերենում, կատարվեց Էդուարդ Աղայանի աշխատություններում բառակազմության տեսական հարցերի, ինչպես նաև Արցախի վարչատարածքային միավորների անվանումների տարաժամանակյա քննություն: Գիտաժողովին մասնակցող ուսուցիչ հետազոտողներն անդրադարձան խոսքում բառի ընտրության նշանակությանը, դպրոցում բառագիտության ուսուցման մարտահրավերներին և լուծումներին:
Գիտաժողովն աչքի ընկավ ակտիվ քննարկումներով, առաջարկներով: Ամփոփիչ հատվածում ներկաները դրական գնահատեցին գիտաժողովի աշխատանքները: Նշվեց, որ բոլոր զեկուցումներն էլ հետաքրքիր էին, ունեին գիտական արժեք, և անհրաժեշտ է դրանք տպագրել: