Մեծ ցավով ու դժվարությամբ ենք ընդունում այն իրողությունը, որ ընդհատվեց բարբառագետ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արտակ Վարդանյանի երկրային պայծառ ու լուսավոր ուղին...
Արտակ Վարդանյանը ծնվել է 1951 թ.ՆախիջևանիԱզնաբերդ գյուղում և չնայած ութամյակը ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, իր հայրենի եզերքի բնապատկերները, հարազատ մարդկանց մտերիմ միջավայրը միշտ նրա հետ են եղել, դարձել գիտական ու ստեղծագործական պրպտումների աղբյուր, վերակենդանացել գեղարվեստական գողտրիկ ու ջերմ պատումներում ու հարազատ բարբառի ծանրակշիռ գիտական հետազոտություններում, որոնք ամփոփված են շուրջ երկու տասնյակ գրքերում, մի քանի տասնյակ հոդվածներում։
Լայն հետաքրքրություններ ունեցող բարձր մտավորական էր Արտակ Վարդանյանը։ Ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը /1973 թ./ և այնուհետևիբրև ճարտարագետ աշխատելով մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում /1973-1974 թթ./՝ նա միաժամանակ մեծ հետաքրքրություն է հանդես բերում լեզվական հարցերի, գրականության, լրագրության հանդեպ, ավարտում է հարազատ բուհի ՀՄՖ լրագրության բաժինը /1988 թ./, թղթակցում Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցում «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։ Տարիների ընթացքում Ա.Վարդանյանը հեղինակում է գիտահանրամատչելի, հրապարակախոսական բազում հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ, որոնք ընթերցողին գրավում են ասելիքի կարևորությամբ ու խորությամբ, պարզ ու անպաճույճ ոճով, անմիջականությամբ, գեղարվեստական ակնհայտ արժանիքներով։ Ա.Վարդանյանը կատարել է թարգմանություններ տարբեր լեզուներից, նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, վրացերեն։ Լինելով ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, զարգացման գործի նվիրյալ, մեծ սեր ունենալով արվեստի, մշակույթի, ազգային բառ ու բանի, երգ ու երաժշտության հանդեպ՝ նա դառնում է «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր կազմի անդամ, հաղորդակցվում ու գործակցում Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագետների հետ, զբաղվում բանահավաքությամբ։ Չունենալով բանասիրական մասնագիտական կրթություն՝ Ա.Վարդանյանը խորամուխ է լինում լեզվաբանության, հատկապես՝ բարբառագիտության հարցերում, լրջորեն ուսումնասիրում այդ ոլորտը և սկսում գիտական հետազոտություններ կատարել բարբառային հայերենի ասպարեզում։ Վաղ շրջանի նրա գիտական պրպտումները ամփոփվում են «Վայոց ձորի խոսվածքներիլեզվաաշխարհագրական բնութագիրը» թեկնածուական ատենախոսության մեջ, որը հեղինակը հաջողությամբ պաշտպանել է 2004 թվին՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Անցել են շատ տարիներ, բայց չեմ մոռացել մեծն Գ.Ջահուկյանի դրվատանքի խոսքերը, որոնցով նա իբրև լեզվաբանական աշխարհագրության կիրառման հաջողված օրինակ ինձ ներկայացնում էր «մի երիտասարդի» բարբառագիտական հետազոտությունը.հետագայում միայն, երբ դարձա Արտակի գործընկերը և ծանոթացա նրա գիտական աշխատանքներին, հասկացա, որ խոսքը նրա մասին էր։ Այսօր արդեն, երբ փորձում ենք արժևորելԱ.Վարդանյանի գիտական վաստակը, պետք է արձանագրենք նրա անուրանալի ներդրումը հայ բարբառագիտության ոլորտում։ Բարբառագետը Վայոց ձորի և հյուսիսային Նախիջևանի մի շարք բնակավայրերի խոսվածքների ուսումնասիրությամբ և վիճակագրական հաշվարկներով պարզել է, որ այդ խոսվածքների ամբողջությունը բարբառային առանձին միավոր է կազմում՝ միջանկյալ դիրք ունենալով Արարատյան և Ջուղայիբարբառներիմիջև /»Վայոց ձորի միջբարբառը», 2004 թ./։ Այդ միավորը Ա.Վարդանյանը անվանել է Վայոց ձորի միջբարբառ, հետագայում՝ Ճահուկ-Վայքի միջբարբառ։ Հայ բարբառագիտության մեջ Ա.Վարդանյանի բերած մեկ այլ նորությունն էլ Հյուսիսային Գողթնի խոսվածքներիուսումնասիրությունն ու իբրև միջբարբառ առանձնացումն էր /»Հյուսիսային Գողթնի միջբարբառը», 2021 թ./։ Արժեքավոր այս աշխատանքները կարևորեն ոչ միայն հայերենի չուսումնասիրված բարբառային միավորների քննության, այլև կորուսյալ հայրենիքի կենտրոնական հատվածներից մեկին՝ Գողթն-Նախիջևանին նվիրված հետազոտությունների շարքը շահեկանորեն լրացնելու առումով։ Ընդհանրապես, Ա.Վարդանյանի գիտական հետաքրքրությունները բարբառագիտության ոլորտում բազմազան էին։ Նրաուսումնասիրությունները վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են՝ առանձին բարբառային միավորների նկարագրություն, բարբառների պատմական և համեմատական քննություն, բարբառային բառերի, անձնանունների ու տեղանունների, բուսանունների ստուգաբանություն, բարբառային հայերենի բառապաշարային, հնչյունաքերականական իրողությունների դիտարկում ու մեկնաբանություն, տարածքային բարբառագիտության հարցեր, մանկական բառապաշարի, ծածկալեզուների քննություն և այլն։ Արժեքավոր են նաև Ա.Վարդանյանի դիտարկումները գրական հայերենի նորմավորման, բառագործածությանն առնչվող խնդիրների շուրջ։
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում աշխատելու ընթացքում /2018-2026 թթ./ Ա.Վարդանյանը ոչ միայն իր զգալի ավանդն ունեցավ հայ բարբառագիտության զարգացման գործում, այլ նաև եղավ ինստիտուտի ամենասիրված ու հարգված աշխատակիցներից մեկը, որի մարդկային բարձ որակները, բարյացակամությունն ու բարեկրթությունը, գիտական բարեխղճությունը, պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը իր գործընկերների շրջանում ձևավորել են ջերմ ու անանցհիշողություն ազնվական Հայ մտավորականի ու Մարդու մասին։
Վ.Կատվալյան