Շուշի բերդաքաղաքի՝ մեր պատմության ու մշակույթի նվիրական ոստանի անվան ստուգաբանության թերևս ամենաարժանահավատ տարբերակը տեղանունը Արցախի բարբառի շոշ («ծառի ընձյուղ», «բարձր տեղ», «բարձունք») բառից բխեցնելն է: Այս բառը հայերենի բարբառներում դրսևորվում է նաև շուշ («ուղիղ բարձրացած, ուղղաբերձ») և շիշ («ծառի կատար») ձևերով: Քանի որ Արցախի բարբառում միավանկ բառերի ու ձայնավորը հնչյունափոխվում և դառնում է օ (ո) (կուժ-կոժ, սուտ-սոտ, տուն-տոն, փուշ-փօշ և այլն), հավանաբար բառի նախնական շուշ տարբերակից է բարբառում առաջացել շոշ ձևը: Վերջինից է ակնհայտորեն բխում նաև Շուշիից ոչ հեռու գտնվող Շոշ գյուղի անունը:
Հազարամյակներ շարունակ անառիկ ամրոց եղած, ապա ավելի ուշ շրջաններում բերդաքաղաք դարձած Շուշիի աշխարհագրական դիրքն էլ է հուշում, որ այդ անունը քաղաքը ստացել է հենց շրջակայքի վրա իշխող դիրքի պատճառով:
Շոշ (շուշ, շիշ) բառը թեև գրաբարում ավանդված չէ, սակայն, ըստ երևույթին, պատկանում է այն բառերի թվին, որոնք հին հայերենում իւ երկբարբառ են ունեցել և բարբառներին են անցել ի կամ ու պարզ ձայնավորներով. ինչպես հինհայերենյան ալիւր բառի դիմաց բարբառներում առկա են ալուր և ալիր բարբառային ձևերը, սիւն բառի դիմաց՝ սուն և սին, հարիւր բառի դիմաց՝ հարուր և հարիր ձևերը, այնպես էլ շիւշ բառի դիմաց առկա են շուշ և շիշ ձևերը: Ի դեպ, շոշ, շուշ տարբերակները «ծառի ընձյուղ», «բարձր տեղ» նշանակություններով առավելապես տարածված են Արցախ-Սյունիքի բարբառի խոսվածքներում, իսկ շիշ տարբերակը՝ Հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի տեղաբնիկ բարբառի (Ճահուկ-Վայքի միջբարբառ) խոսվածքներում՝ «ծառի կատար» նշանակությամբ:
Փաստորեն, անցյալում ամրոցի կրած Շուշի բերդ կամ Շոշի բերդ, Շոշի ղալա, Շոշի սղնախ, ինչպես նաև Քարագլխի բերդ անունները հավասարազոր են, քանզի բոլորն էլ ունեն «բարձունքի ամրոց» իմաստը, և դրանցում ակնհայտորեն նկատի է առնված հենց Շուշիի աշխարհագրական դիրքը:
Վերջին մի քանի դարերում բերդաքաղաք դարձած Շուշին շարունակել է կրել բերդի անունը՝ սեռական հոլովով, ի դեպ՝ միջնադարյան ձեռագրերում ավանդված են քաղաքանվան ոչ միայն ի հոլովիչով Շուշի, այլև ու հոլովիչով Շուշու և ո հոլովիչով Շուշոյ ձևերը:
Մի քանի խոսք նաև «ադրբեջանական» Շուշա (Şuşa) ձևի մասին: Իրականությունն այն է, որ հայկական տեղանունների սեռական հոլովը և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ բարբառների մեծ մասում կազմվում է առավելապես ա հոլովիչով (Երևան-Երևանա, Վան-Վանա, Ճահուկ-Ճահկա, Գարդման-Գարդմանա և այլն), ուստի, անկասկած, Շուշին ունեցած պետք է լինի նաև Շուշա սեռականաձև տարբերակը, որի վկայությունն է այսօր էլ Արցախի բարբառում կիրառական Շուշվա ձևը: Հետևաբար, հիասթափեցնենք ամեն հայկականը կլանել ցանկացող ադրբեջանական ելուզակներին (մանավանդ՝ դավադիր հանձնումից հետո առաջին անգամ քաղաքում հայտնված և հայերեն Շուշի ձևը սնապարծ կեցվածքով անբարտավանորեն ծաղրող՝ իրենց առաջնորդին), որ Şuşa տարբերակը ամենևին էլ կապ չունի ադրբեջաներեն շուշա («ապակի») բառի հետ, ինչպես իրենք են կարծում (ըստ ադրբեջանական «ստուգաբանության»՝ քաղաքն իր անունը ստացել է իբր «ապակու նման» մաքուր օդ ունենալու պատճառով. ենթադրենք, որ կարելի է կարծել, թե աշխարհի բոլոր ապակիները մաքուր են, բայց մաքուր բառը որևէ տրամաբանությամբ կարելի՞ է համեմատել... ապակու հետ): Սակայն, ստի ոտքերը այս անգամ էլ են կարճ, քանզի նրա հեղինակները «մոռանում են», որ պարսկերենից փոխառյալ şüşə բառի երկու ձայնավորներն էլ իրենց լեզվում քմային են, իսկ քաղաքի՝ իրենց անվանման ձայնավորներից... ոչ մեկը քմային չէ:
Ստացվում է, որ թուրքերն էլ նույն անտրամաբանական տրամաբանությամբ կարող են Վանա բերդ ձևը թուրքերեն համարել, իսկ Վանի բերդ տարբերակը՝ հայերե՞ն:
Շուշին ոչ միայն մեր նորօրյա ազատամարտի խորհրդանիշն է, այլև մեր հնամյա պատմության ու մշակույթի հավերժող առասպելը, իսկ նրա բոլոր անվանումները՝ հայերեն թե օտար, հայահունչ են և հայաշունչ:
Արտակ Վարդանյան
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող