Որտե՞ղ են Ջահուկյան տոհմի արմատները, Արտակ Վարդանյան

            Մեր օրերի նշանավոր լեզվաբան, մեծագույն հայերենագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի հետ հերթական հանդիպմանը նրան նվիրեցի Սահակ Ճեմճեմյանի՝ Վենետիկում մի քանի տարի առաջ լույս տեսած «Նախիջևանի հայոց վարժարանը» գիրքը, որն էլ Ջահուկյան տոհմի արմատների շուրջ մեր զրույցի առիթը դարձավ:
            «Երկու Ճահուկ գավառ է եղել պատմական Հայաստանի կազմում, մեկը՝ Կորճայք կամ Կորճեք նահանգում, մյուսը՝ Սյունիքի նախիջևանյան հատվածում,– ասում է ակադեմիկոսը:– Ես միշտ մտածել եմ՝ որտե՞ղ է մեր տոհմի բնօրրանը, ո՞ր Ճահուկից է բխում իմ ազգանունը»:
            Տեղանվանական ծագում ունեցող Ջահուկցյան ազգանունը կրող տոհմը Արևմտյան Հայաստանից այսօրվա Լոռու մարզի Մեծավան (նախկինում՝ Շահնազար) գյուղ է տեղափոխվել 1828 թվականի Թուրքմեչայի պայմանագրին հաջորդող տարիներին, որտեղ էլ 1920-ին ծնվել է անվանի լեզվաբանը: Նախկինում, ըստ երևույթին, տոհմի շառավիղներն ապրել են վերոհիշյալ երկու Ճահուկ գավառներից մեկում:
            Տոհմի բնօրրանը երկրորդ Ճահուկը համարելու օգտին է խոսում այն հանգամանքը, որ Կորճայքի Ճահուկը գավառանուն է, իսկ Սյունիքինը՝ նաև գավառի համանուն կենտրոնի՝ Ճահուկ ավանի անունը. իսկ տեղանվանածին ազգանունները սովորաբար բխում են ոչ թե գավառանուններից, այլ որոշակի բնակավայրերի անուններից: Երկրորդ Ճահուկի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Կորճայք աշխարհի տարածքը 18-րդ դարում արդեն գրեթե քրդաբնակ է դարձել (նույնիսկ որոշ ուսումնասիրողներ այս նահանգի Կորդուք գավառանվան հետ են կապում քրդերի ժողովրդանունը), ուստի անհավանական է, որ այնտեղից 19-րդ դարում հայեր ներգաղթեին Արևելյան Հայաստան: Եվ երրորդ, ամենակարևոր փաստարկը՝ Ջահուկյաններն ապրում են կաթոլիկ հայերով բնակեցված Մեծավանում, իսկ Նախիջևանի Ճահուկ ավանը 16-18-րդ դարերում կաթոլիկ հայերի նշանավոր կենտրոն է եղել: 18-րդ դարում նրա բնակիչների մի մասը պատմաքաղաքական իրավիճակի հետևանքով գաղթել է Արևմտյան Հայաստան, մի մասն էլ մահմե­դականություն ընդունել:
Հետևաբար հիմքեր կան ենթադրելու, որ այս ավանից էլ 18-րդ դարում Արևմտյան Հայաստան, ապա 19-րդ դարի սկզբին Շահնազար է տեղափոխվել  այն տոհմը, որի շառավիղն էլ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանն է:
            ...Աշնան մի օր ակադեմիկոս Ջահուկյանի հետ  հերթական հանդիպմանը ինձ հետ վերցրի հատուկ նրա համար պատրաստված մեծադիր գունավոր լուսանկարներ, որոնք նկարել էի 1980-ական թվականներին՝ իմ հայրենի Ազնաբերդ գյուղի շրջակայքը լուսանկարելիս: «Ճահուկ լեռ», «Ճահուկ բերդ», «Ճահուկ գետ», «Ճահուկ ավան» մակագրություններով լուսանկարները մեծ հետաքրքրություն և հուզումնալից պահեր առաջացրին մեծավաստակ գիտնականի հոգում: Ասացի, որ իմ ծննդավայր Ազնաբերդի և պատմական Ճահուկ ավանի (այսօր՝  Նախիջևանի Շահբուզի շրջանի Ջահրի գյուղի) միջև են տեղադրված Ճահուկ լեռն ու համանուն բերդը, իսկ նրա կողքով հոսում է Ճահուկ գետակը, պատմեցի, որ Ճահուկում 1828 թվականին բնակեցվել են նաև Խոյ-Սալմաստից գաղթած հայեր, որոնց շառավիղները 1918-1920թթ.  կրկին տեղահանվել են, պատմեցի, որ մի քանի անգամ փորձել եմ մտնել Ճահուկ գյուղի՝ մինչև 1988-ը դեռևս կանգուն Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, մոտիկից տեսնել Հովնաթանյանների ձեռքով արված հիասքանչ որմնանկարները, բայց, ցավոք, չի հաջողվել...
            Նախիջևանցիներն իրավամբ հպարտությամբ են լցվում իրենց երկրամասից սերված երևելի հայերի՝ Գարեգին Նժդեհի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Ռուբեն Մամուլյանի, Անրի Թրուայայի, Մանուկ Աբեղյանի, Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմ-Ստեփան Զորյանի, Դավիթ և Հենրիկ Մալյանների, Մայքլ Առլենների, Հովնաթանյանների, Լազարյանների և շատ շատերի մասին խոսելիս: Այս անուններին այսօր ավելանում է նաև մեծանուն լեզվաբան Գևորգ Ջահուկյանի անունը, որի հեռավոր արմատները նույնպես հայերիս պատմական հայրենիքի նշանավոր այս հատվածից են սերված:
2004թ.
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.