ՀՄԱՅԻԼԸ, Արտակ Վարդանյան

 (ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ)
           Ես որքան ինձ հիշում եմ՝ այդ բնածին փոքրիկ շագանակագույն բիծը միշտ դեմքիս է եղել՝ ձախ հոնքիս սկզբնամասում: Առաջին հայացքից շատ սովորական խալ էր, որ հոնքիս հետ ձուլվելով՝ շրջված-պառկած ստորակետ էր հիշեցնում, բայց հարազատներիս ու ինձ համար մի ուրիշ, ոչ սովորական խորհուրդ ուներ:
         – Մեռնեմ քո ստորակետին,– արտասվախառն համբուրելով՝ երբեմն ականջիս շշնջում էր ավագ հորաքույրս,– ախր ճիշտ հորդ խալի կրկնօրինակն է:
Նման պահերին ես թախծոտ մի հպարտություն էի ապրում և այլևս չսպասելով աշխարհի ամենատխուր՝ «Հիշո՞ւմ ես հայրիկիդ» հարցին, իմ համադասարանցի՝ հորաքրոջս աղջկա հետ դուրս վազում՝ խաղալու: Իսկ հորաքույրս երկար նայում ու նայում էր իմ հետևից...
        – Վարդանիս խալն է,– տանն ասես հորաքրոջս խոսքը շարունակում էր տատս:– Դու ու խալդ մնացիք հորդ հիշատակն էս աշխարհում, մեռնեմ ջանիդ:
Հորս երբեմնի փոքրիկ ճամպրուկից տատս միշտ խնամքով հանում, արևի էր տալիս նրա նրբաթավշե սև վերնաշապիկը, դարչնագույն տաբատը և մի քանի այլ հագուստներ, ապա աշխարհի ամենասրտառուչ ողբերգերով վերադասավորում էր, արանքներում նորահաս սերկևիլներ դնում: Երբ շատ էի փոքր, հավատում էի, որ հայրս մի օր գալու է և իր սերկևիլաբույր շորերը հագած՝ ինձ իր հետ քաղաք է տանելու, բայց հետո հասկացա, որ նրա գնացած աշխարհից, ավա՜ղ, երբեք մարդիկ չեն վերադառնում ու ոչ մի տեղ էլ չեն տանում իրենց երեխաներին...
          – Նրա հոր խալը ձախ հոնքի ներքևում չէր, ինչպես մերոնք են ասում,– մի օր իմ ներկայությամբ ընկերուհուն ասաց մայրս,– ընդհակառակը՝ աջի սկզբնամասում էր՝ հոնքին վերևից կպած:
         Մորս խոսքերից անպատմելի տխրեցի: Նա այդ մասին երբեք տնեցիներին չէր ասել, հավանաբար ամաչում էր հորս մասին խոսել և միայն ընկերուհուն էր պատմում նրա մասին:
         «Մի՞թե իսկապես հորս խալի նմանակը չէ»,– անհանգստացնող այս մտքով էլ մտա հորս սենյակը, որն իր ամուսնության տարին էր կառուցել, և որի պատին նրա մեծադիր նկարն էր:
          Արդեն քանիերորդ անգամ դեմ-դիմաց կանգնեցի հորս նկարի առջև: Ինձ միշտ թվացել էր, թե մեր նշանները նույն կողմում են, բայց այդ օրը հասկացա, որ եթե այդ դիրքով համընկնում են, ուրեմն իրականում հակառակ կողմերի վրա են:
          Երկամսյա քննություններից հետո քաղաքից գյուղ եմ վերադառնում: Ես այն երջանիկներից եմ, ովքեր դպրոցն ավարտելու առաջին իսկ տարին համալսարան են ընդունվել և «անառարկելի հաղթանակով» են տուն վերադառնում:
         Մեր ձորի ընկուզենիները նույն զովությունն են շռայլում, նույն աննկարագրելի նուրբ նշահամն ունի Նշաղբյուրի սառնորակ ջուրը: Աղբյուրի մոտ՝ հսկա կոճղանման գերանի վրա նույն հերթականությամբ են շարված-նստած գյուղի տարեցները: Միշտ աջից երրորդը նստած իմ պապը քիչ ավելի ծերացած ու կռացած՝ հեռվից նկատում է ինձ ու ձեռնափայտին հենվելով ողջագուրվում.
        – Ապրե՛ս, բալե՛ս, որ էստեղ գյուղամիջում ասեցին ընդունվողներից մեկն էլ Մղսոնց Հայրապետի թոռն է, ողջ աշխարհն ինձ տվին... Զորանա՛ս...
Հետո իրերս վերցնելով՝ ձորն ի վեր տուն եմ շտապում: Հորս սենյակի անկյունում հանգիստ կար անող մայրս զսպված բերկրանքով տեղից վեր է կենում.
         – Չէի կասկածում, որ կընդունվես՝ չնայած քիչ էիր պարապում... Հայրդ շատ էր ուզում, որ ուսումնասեր լինես: Ասում էր՝ որ տղաս դպրոց գնա, ամենագեղեցիկ պայուսակն եմ առնելու: Այդ օրը չտեսավ... Բայց այսօր երևի նա էլ է երջանիկ...
         Հետո մայրս զարմացած-սևեռուն նայում է դեմքիս և կյանքումս առաջին անգամ համբուրում... չգիտես ինչու՝ աջ հոնքիս վերևը...
         Քիչ անց, երբ փոքրիկ հայելին ձեռքիս կրկին կմոտենամ հորս մեծադիր լուսանկարին և արդեն քանիերորդ անգամ կհամեմատեմ, խալս կգտնեմ աջ հոնքիս սկզբնամասի վերևում՝ իր իսկական տեղում: Նրա հին տեղում ընդամենը մի գունաթափ փոքրիկ բիծ կհայտնաբերեմ, իսկ ընդգծված ու ավելի պայծառացած հորս խալը իմ ողջ կյանքում կմնա իր նախասահմանված տեղում՝ որպես նվիրական հիշատակ և հմայիլ, որպես հայրական շուրթերից այդպես էլ չարտաբերված օրհնություն ու մաղթանք...
 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.