Գևորգ Ջահուկյանի գրական ստեղծագործութուններից։

ՎԻԼԱՆԵԼ

Ա´խ, իմ թռչնակը թռավ,
Որ հավիտյան հետ չգա,
 Ոսկե քնարս տարավ:
 
Վիշտը թողեց ինձ գրավ,
Թողեց սրտիս լուռ վկա,
Ա´խ, իմ թռչնակը թռավ:
 
Իմ խնդությունը կորավ ...
Էլ մի´ փնտրիր, նա չկա,
Ոսկե քնարս տարավ:
 
Էլ մի´ փնտրիր, ինչ մեռավ,
Բախտիս արևը սգա,
Ա´խ, իմ թռչնակը թռավ:
 
Կարոտն հոգյակս կերավ,
Անհուն կարոտն աղջկա.
Ոսկե քնարս տարավ:
 
Իմ կյա´նքը լաց, որ կորավ,
Իմ սե´րը լաց, որ չկա,
Ա´խ, իմ թռչնակը թռավ,
Ոսկե քնարս տարավ:
 
 
* * *
 
Փա~ռք քեզ, հավերժակա´ն Սեր, փա´ռք քեզ, խորհո´ւրդ բերկրաշող տանջանքի:
Բաց են քո սրբասուրբ տաճարի դռները ներս առնելու համար զոհապարտ եղնիկն իմ կյանքի:
Լուսաբողբոջ ծաղիկների բույրով օծված՝ ներս են բերում քեզ մատուցելու համար:
Ընդունի´ր խնդությամբ զոհն այս անմեղ, կարոտի տոչորաբո´րբ ամառ:
Թող բարձրանա բոցը մինչև երկինք՝ քմապարար անուշաբուրությամբ լեցուն:
Ընդունի´ր զոհն այս, ո´վ անմահ, որ քեզ է ձոնում մահկանացուն:
Աստվածառաք հրեշտակների երգը քեզ է ուղեկցում,
Սիրահար հոգիների վերքը քեզ է ուղեկցում,
Պոետական անդաստանի բերքը քեզ է ուղեկցում,
Քեզնով է անմահ ու մշտադալար բարեբեր ծառը կյանքի:
Փա~ռք քեզ, հավերժակա´ն Սեր, փա´ռք քեզ, խորհո´ւրդ բերկրաշող տանջանքի:
 
                        ԳԱԶԵԼ ՄԱՅՐԱԿԱՆ
Ինչքա~ն ցավերը տարար քո մայրական սրտում,
Ների´ր, մա´յր իմ, ների´ր քո մեղավոր որդուն:
 
Չհասցրի քավել իմ մեղքերը քո դեմ,
Հոգիս մենակ թողիր վշտերի դեմ արթուն:
 
Արդեն դարձել ես հուշ դու հավիտյան այրող ...
Բոլոր հասկերն ընկան կյանքիդ ոսկի արտում:
 
Աղաչում եմ՝ ների´ր, թեթևացրո´ւ հոգիս
Այս օրերին ցավոտ, այս օրերին տրտում:
 
Բարի աչքո´վ նայիր դու զավակին քո որբ,
Ների´ր, ների´ր, ների´ր քո մեղավոր որդուն:
 
ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԻ ՍԵՐՈՒՆԴԸ
Այս աշխարհի դեմ ահավոր՝ կանգնած,
Տրված մատնության, ցավի, տանջանքի,
Պատերազմներից ու մահից հոգնած՝
Դեռ կանք՝ սերունդը քառասունհինգի:
 
Հալածված, մերժված, լքված, անանուն,
Կորցրած հաճույքն ու խինդը երգի՝
Դեռ քարշ ենք գալիս կյանքի քառուղում
Պատանիներս քառասունհինգի:
 
Նախորդ սերնդից մահվան մատնված
Առանց գթության ու կարեկցանքի
Եվ նոր սերնդից չգնահատված՝
Դժբախտ սերունդը քառասունհինգի:
 
Հրաշքներ գործած և սակայն համեստ,
Միշտ դյուրահավատ ու պարզահոգի,
Սովոր լոկ խոսքի պարզ ու անարվեստ՝
Խաբված սերունդը քառասունհինգի:
 
Մեռնում ենք ահա աստիճանաբար՝
Թողնելով վերջին հույսերը կյանքի,
Մնացել է լոկ մի կարճ ճանապարհ
Մոհիկաններիս քառասունհինգի:
 
Հաղթանակ տարած, բայց պարտված կյանքում,
Հարվածներ կրած, բայց չեկած ծնկի՝
Կվարձատրվենք միայն գալիքում
Մենք՝ զավակներս քառասունհինգի:

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.