Չաղավաղենք մարզերի անունները

        Խորհրդային շրջանի նախկին 37 շրջանների փոխարեն Հայաստանն անկախությունից ի վեր ունի ընդամենը մեկ տասնյակ տարածքային նոր միավորներ` մարզեր, որոնց անունների հանդեպ մամուլը, հեռուստատեսությունը և մասնավոր անձինք երբեմն չեն դրսևորում պատշաճ վերաբերմունք:
          Տարիներ առաջ, երբ ի թիվս մի շարք այլ բնակավայրերի՝անվանափոխվեց Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանը, Գերագույն խորհրդի համապատասխան հանձնաժողովի թյուրիմացությամբ պատմական հայտնի Տավուշ տեղանվան փոխարեն շրջանը ստացավ Տաուշ սխալ ձևը: Այդ մասին տողերիս հեղինակը երկու անգամ հանդես եկավ մամուլում («Երկիր» օրաթերթ, 20 մայիսի 1992թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 6 ապրիլի 1994թ.)՝ ուշադրություն հրավիրելով անհասկանալի վրիպակի վրա:   
         Բանն այն է, որ Մեծ Հայքի Ուտիք աշխարհի հյուսիսային այս գավառը, որին համապատասխանում է «Աշխարհացույցի» Տուս գավառանունը, սկսած 9-րդ դարից հիշատակվում է Տավուշ (Տաւուշ) ձևով:Միջնադարի պատմիչներ Մովսես Կաղանկատվացու, Հովհաննես Դրասխանակերտցու, Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Ստեփանոս Օրբելյանի և այլոց աշխատանքներում, Հայկական հանրագիտարանում, «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակում և այլուր տեղանունը հիշատակվում է բացառապես Տավուշ (Տաւուշ) ձևով: Ավելին, քանի որ հին հայերենում աու երկբարբառ չի եղել, հնչյունների նման անբնական հերթագայությամբ կազմված հայեր են բառի, մասնավորապես բնիկ հայկական տեղանվան գոյությունն իսկ խիստ կասկածելի է և անհավանական:
           Սակայն թե ինչպես Շամշադինի շրջանը իր պատմական Տավուշ անունը վերստանալու փոխարեն 90-ականների սկզբին ստացավ Տաուշ ձևը, շատերին անհասկանալի մնաց: Առավել զարմանալին այն էր, որ մամուլն ու հեռուստատեսությունը մի քանի տարի շարունակ առանց վերապահության գործածում էին այդ սխալ ձևը:
            Սխալն ուղղվեց միայն 1995 թվականի նոյեմբերին, երբ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով նախագծում նախատեսված «Տաուշի մարզը» դարձավ «Տավուշի մարզ»:
         Սակայն հետաքրքիրն այն է, որ հիշյալ հրապարակումներից և Ազգային ժողովի կողմից սխալն ուղղվելուց հետո որոշ հաղորդավարներ, հատկապես եղանակի տեսությունը ներկայացնող հեռուստահաղորդավարները, սովորույթի ուժով առ այսօր շարունակում են տեղանունն արտասանել արմատավորված Տաուշ ձևով կամ շատ զգույշ և ոչ լիարժեք են արտասանում վ հնչյունը՝ երբեմն էլ արտասանության շեշտը անհասկանալիորեն դնելով ա-ի վրա: Եվ այս ամենը այն դեպքում, երբ Տավուշ ձևը պատմական սկզբնաղբյուրներից զատ՝ միշտ կիրառվել և մեր օրերում էլ կիրառվում է Տավուշի լեռնաշղթա, Տավուշ բերդ, Տավուշ գետ պատմաաշխարհագրական անուններում:
           Աղավաղման «բախտի» արժանացած հաջորդ մարզանունը Գեղարքունիքն է: Հայերենի գեղեցիկ և արքունի բաղադրիչներից կազմված այս հիրավի գեղեցիկ և արքայական պատմական անունը երբեմն (կրկին մեր հեռուստահաղորդավարների շուրթերին)  արտասանվում է... Գեղարքունիկ: Ամենայն հավանականությամբ դա արվում է մարզանունը բարեհունչ արտասանելու «բարի» մղումով, սակայն դժվար չէ նկատել, որ ստացվում է միանգամայն հակառակը:
             Փոքրիկ մի թյուրիմացություն էլ Վայոց ձորի հետ է կապված: Հաճախ այդ տեղանվան երկու բաղադրիչն էլ գրվում է մեծատառով` Վայոց Ձոր, այնինչ տերմինաբանական կոմիտեի` բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածությունը կանոնակարգող` տարիներ առաջ ընդունած որոշմամբ աշխարհագրական այն բաղադրյալ հատուկ անունները, որոնցում լրացյալն առանձին վերցրած հատուկ անուն չէ, միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով: Վայոց ձորը, բնականաբար, նույնպես պետք է ենթարկվի լեզվական այս կանոնին:
          Հաճախ հանդիպող մի անճշտություն էլ Լոռու մարզի անվան հետ է կապված: Մարզանվան սեռական հոլովաձևը կազմվում է մի քանի` Լոռու, Լոռվա, Լոռիի ձևերով: Նախապատվելին, անշուշտ, Լոռու ձևն է (հիշենք թեկուզ մեծն Թումանյանի հայտնի պոեմների «Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց...», «Խոսում են Լոռու հին-հին քաջերից...» տողերը), ուստիուղղագրության-ուղղախոսության միասնականությունն ապահովելու համար անհրաժեշտ է կիրառել այս ձևը, որը, ի դեպ, տարիներ առաջ նույնպես կանոնակարգվել է լեզվի պետական տեսչության համապատասխան որոշմամ
 
 
Արտակ Վարդանյան 

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Էլահեհ Թաղվաեի «Իսֆահանի տեղանունները»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

03.12.2018, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Հայկ Վալերիի Հարությունյան «Հարֆի հայեցակարգը արաբական լեզվաբանության մեջ. տիպաբանական և համեմատական ուսումնասիրություն»

(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.