Ռոբերտ Թոխմախյան

15/06/2020
ՌՈԲԵՐՏ  ԹՈԽՄԱԽՅԱՆ
 
        83 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց հայագիտության երախտավոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանը։ Մեծ է նրա ավանդը հատկապես արդի հայերենի փորձառական հնչյունաբանության ասպարեզում։
       Վանեցի ծնողների անվանի զավակը 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը և նույն տարին էլ ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ Ասպիրանտուրան հաջողությամբ ավարտելուց հետո Ռոբերտ Թոխմախյանը աշխատանքի է անցել նույն ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության խմբում, որը ղեկավարում էր պրոֆեսոր Ամալյա Խաչատրյանը։
         Երիտասարդ գիտնական Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանը հայագիտության մեջ մեծ հաջողությամբ կիրառել է լեզվաբանության  մեջ մշակվող նորագույն փորձառական մեթոդ­ները։ Ճշգրիտ մեթոդների արդյունքների հաշվառմամբ Ռ. Թոխմախյանը փայլուն հաջողութ­յամբ պաշտպանել է թեկնածուական` հետագայում` դոկտորական ատենախոսությունը։
        Սկսած 1966 թվականից Ռ. Թոխմախյանը իր գիտական գործունեությամբ սերտորեն կապված է եղել ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ։ Անվանի հայերենագետը ավելի քան կես դար դասավանդել է  Հայաստանի Հանրապետության բուհերում (Երևանի պետական համալսարանում, Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանության ինստիտուտում և այլ բուհերում)։
Անցյալ դարի 90‑ական թվականների կեսերից շուրջ չորս տարի Ռոբերտ Թոխմախյանը աշխատել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ճեմարանում։ Ամենուրեք նա անկեղծորեն բարձր է գնահատվել և սիրվել ուսանողության և տնօրենության կողմից։ Դա վկայում է այն մասին, որ անվանի հայերենագետը ոչ միայն գիտական խորությամբ և միաժամանակ մատչելիությամբ կարողացել է մատուցել լեզվաբանության հիմունքներն ու նորագույն նվաճումները, այլև հանդես բերել հոգատար և ազնվագույն մանկավարժի հատկանիշներ։
       Հայագիտության մեջ Ռոբերտ Թոխմախյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների։ Դրանցում դիտարկվում են հայերենագիտության նորագույն նվաճումները։ Անվանի հնչույթաբանը մեծ հաջողությամբ մասնակցել է բազմաթիվ միջազգային լեզվաբանական գիտաժողովների և միշտ բարձր է պահել Հր. Աճառյանի անունը կրող լեզվի ինստիտուտի պատիվը։          Հայերենագետը օրինակ կարող է ծառայել երիտասարդ գիտնականներին, տիրապետելով ընդհանուր լեզվաբանության նորագույն նվաճումներին` նորովի դիտարկելիս արդի հայերենի հնչյունական կառուցվածքը։
        Վերջին տասնամյակում պրոֆեսոր Ռոբերտ Թոխմախյանը լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի առաջատար գիտաշխատակիցներից էր։ Վերստին ուզում ենք հիշեցնել, որ նա օրինակ կարող է ծառայել երիտասարդ հայերենագետներին` վիճակագրական մեթոդների արդյունավետ օգտագործմամբ որակական նոր մակարդակի բարձրացնելու հայերենագիտությունը։ Այդ է վկայում        Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանի «Հայերենի հնչաշղթան» մենագրությունը։
«Էդիտ պրինտ» հրատարակությամբ 2011 թ. Ֆ. Խլղաթյանի հեղինակակցությամբ լույս է տեսել  «Շարահյուսություն (կապակցաբանություն)։ Վարժություններ և գիտական գործնական աշխատանքներ» գիրքը։
           Տողերիս հեղինակի և Ռ. Թոխմախյանի հեղինակակցությամբ ժամանակին լույս է տեսել  «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» աշխատանքը`ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից։
         Ռոբերտ Թոխմախյանը, կանոնական մակարդակին զուգահեռ` քննության է ենթարկել արդի հայերենի արևելահայ և արևմտահայ գրական լեզուների խոսակցական ոլորտում դրսևորվող ոլորտային առանձնահատկությունները։
           Անկեղծ ցավ ապրելով մեր գործընկերոջ մահվան առիթով` ուզում ենք նշել, որ ավելի քան կես դար մենք միասին աշխատել ենք նույն բաժնում, մշակել գիտական նորագույն բնագավառներ,  հանդես եկել հեռուստատեսությամբ և այլն։
         Հայտնի ասույթ է. «Մարդը գնում է, գործը` մնում»։ Ռոբերտ Թոխմախյանը մնայուն լեզվաբանական աշխատանքների հեղինակ է։
           ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ սերունդը շատ բան ունի սովորելու Ռ. Թոխմախյանի օրինակից։
           Պետք է անկեղծորեն հուսալ, որ հայոց լեզվի և մեր կենդանի խոսքի ասպարեզում եռանդուն ջատագովի համբավ ձեռք բերած Ռ. Թոխմախյանի գործը կշարունակվի և ավելի կընդարձակվի նոր սերնդի լեզվաբանների կողմից։
         Սրտի խորունկ ցավով նշելով կորուստը մեր անկրկնելի ընկերոջ` Ռոբերտ Մարկոսի Թոխմախյանի` ասում ենք.
–Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
 
 
ԱՐՏԵՄ  ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանաս. գիտ. դոկտոր, պրւֆեսոր

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.