Lեզվի ինստիտուտի գիտաշխատակիցները Լեհաստանի Կրակով քաղաքում հանդիպեցին լեհ հայագետ Անդժեյ Պիսովիչին

30/06/2022
        ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը և գիտաշխատող, բ.գ.թ. Սոնա Միքայելյանը ս.թ. հունիսի 23-28-ը Լեհաստանի Կրակով քաղաք գործուղման շրջանակներում հյուրընկալվեցին Կրակովի «Հայ մշակութային ընկերություն», հանդիպեցին լեհ հայագետ և իրանագետ Անդժեյ Պիսովիչին:
       Ինստիտուտի գիտաշխատակիցները հայագետի հետ քննարկեցին ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 20TTSH-063 «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» գիտական թեմային առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ լեհահայ համայնքի ձևավորման, Լեհաստանում հայկական միությունների սկզբավորման, հայերենի ուսուցման, հայկական մշակույթի պահպանման, լեհահայերի խոսակցական լեզվի առանձնահատկություններին վերաբերող հարցեր: Պրոֆեսորը մեծ պատրաստակամությամբ գիտաշխատակիցներին տրամադրեց արխիվային նյութեր, լուսանկարներ, անհրաժեշտ տվյալներ, օգնեց բացահայտել լեհահայերին և լեհահայերենը:  
    Դեռևս ուսանողական տարիներից Անդժեյ Պիսովիչը հետաքրքրվել է արևելյան լեզուներով: Չնայած արտաքին՝ քաղաքական և պատերազմական տարիների դժվարություններին՝ մեծ համառությամբ կարողացել է կրթաթոշակներ հայթայթել և ուղևորվել Պարսկաստան ու Հայաստան՝ սովորելու պարսկերեն և հայերեն: 1960-ական թվականների սկզբին արևելահայերեն է սովորել Երևանի համալսարանում, այնուհետև՝ մի քանի տարի անց՝ Ֆրանսիայում սովորել է գրաբար և արևմտահայերեն: 1970-ականներից ղեկավարելով Յագելոնյան համալսարանի իրանագիտության բաժինը՝ պրոֆեսորը դասավանդել է պարսկերենի քերականություն, սակայն իր համառ ջանքերի շնորհիվ կարողացել է հայերենի ուսուցումը ներառել կրթական գործընթացում: Հայերենի ուսուցումը կրթական ծրագրերում ընդգրկվել է որպես երկրորդ լեզվի ուսուցում և որպես օժանդակ միջոց իրանագիտական բաժնի ուսումնառության համար:
         Ավելի ուշ՝ 1991 թվականին, պրոֆեսոր Պիսովիչը Հոլանդիայի Լեյդենի համալսարանում որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է հայ բարբառագիտություն՝ անգլերենի միջնորդությամբ: Հայ բարբառագիտության նկատմամբ հետաքրքրությունը ևս առաջացել էր ուսանողական տարիներին. Ա. Պիսովիչը Հայաստանում ուսանելու տարիներին Գուրգեն Սևակից հանձնարարություն էր ստացել ուսումնասիրելու Փարպի գյուղի բարբառը:
       Լինելով ազգությամբ լեհ՝ պրոֆեսոր Պիսովիչը մեծ նվիրումով դասավանդել ու տարածել է հայերենը, իր ուսանողների մեջ արթնացրել հետաքրքրություն հայերենի ու Հայաստանի նկատմամբ:
Հայագետ Պիսովիչի աշխատությունները բազմալեզու են: Նրա ուսումնասիրությունների շրջանակում են ժամանակակից երկճյուղ հայերենը, հայ բարբառագիտությունը, հայատառ լեհերեն վավերագրությունը: Մեծ հայագետը աննկարագրելի աշխատանք է կատարում ցայսօր՝ հայկական մշակույթը տարածելու հարցում: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ավ. Իսահակյանի, Հովհ. Թումանյանի, Պարույր Սևակի ստեղծագործությունները: Նրա աշխատասիրությամբ և ծանոթագրություններով Լեհաստանում լեհերեն հրատարակվել են Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին», Մ. Խորենացու «Հայոց պատմությունը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»: 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.