Հիշում ենք և պահանջում

23/04/2020
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
 
     Հարգելի բարեկամներ
     Բոլորիդ հետ միասին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակիցներս մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և աղոթում նրանց հոգիների համար…
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլորիս հավերժական ցավի պատառիկներ՝ նպատակ ունենալով ամրապնդել արդար պահանջատիրության ոգին ու հավատը:
 
  Իր տատի պատմությունն է ներկայացնում ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը.
 
Հայոց ցեղասպանության ականատես-վկա տատիս՝ ՆՈՅԵՄԶԱՐԻ ՀՈՒՇԵՐԸ  ՄՇՈ ԲԱՐԲԱՌՈՎ
 
       Իմ նախնիներն ապրել են Մշո դաշտի Մկրագոմ գյուղում՝ Մեղրագետի ափին։  Ի դեպ նշենք, որ Մկրագոմ տեղանվան ծագումն էլ կապվում է Միհր-Մհերի պաշտամունքի հետ՝ Մհերիգոմ (տուն) բառիմաստով։ Պապիկս ու իր եղբայրները փրկվել էին իրենց մոր՝  Նոյեմզարի կամ Մեմզարի (նրան մենք դիմում էինք Նանե պատվանունով) արագաշարժության և հնարամտության շնորհիվ՝ անցնելով գաղթի տառապալից ճանապարհներով և ի վերջո հանգրվան գտնելով Արաքսի այս ափին։ Անգամ ծեր տարիքում աշխույժ ու գեղեցիկ Նոյեմզարի խոշոր ու զուլալ աչքերը պղտորվումէին,  երբ նա խոսում էր կոտորումից ու գաղթից՝ փախեփախից...
         Տասնամյակներ անց պատմելու շնորհքով օժտված Նանեն (ծնվ.1883թ.) Մշոդաշտից իրենց տառապալից գաղթի, սովի,  զրկանքների պատմությունը շատ հուզիչ էր ներկայացնում,  և նրա շուրթերին ծաղկում էր քաղցր ու ախորժալուր Մշո բարբառը։ Հետագայում մայրս իր գրքում ներկայացրեց Նոյեմզարի հուշերը, որոնք տեղ գտան նաև ցեղասպանագետ-բանահավաք Վերժինե Սվազլյանի <Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ> հսկայածավալ գրքում, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ որպես Հայոց ցեղասպանության զազրելի ոճիրը դատապարտող փաստերի մատյան...
          Որպես բարբառագետ՝ հարկ եմ համարում ցեղասպանությունից վերապրած մեծ տատիս վկայությունները Մշո դաշտի կոտորածների մասին ներկայացնել հենց Մշո բարբառով։ Այսպես էր պատմում Նոյեմզար-Նանեն.
      «Վառտէվըրի կիրագին էր, լա՛օ... Անու՜շ, աղէգ օր էր։ Մէգ լէ գէղի մէճ հ՛ուրուտուտ հ՛ընգավ։ Հ՛ըմմէն գըբօռէնխըժէն, հ՛իրարու ձ՛էն կիդէն։ Ախըր, մըր գէղրանէրուց իրիգ մառտօց հ՛ըմընուն օսմանծին քօմէր էր, տարի, մանծէր էն կընգըդիկ ու էրէխէկնէր։  Հ՛էլա կանա տանիք... Իշինք օր ի՜նճ... Գէղի խրաղի տնէրուց ծուխ ու մուխ է գ՛էլնա էրգինք։Մըր դ՛րգըծու մարակ լէ կրագ ին տըվաձ։ Քըռտէր կընգըդօծ գըբ՛օտըռդին, թալին մարկընէր, օր վառին։ Էրէխօծ լէ... Մանդր ու բէդ չընի՛շէ։  Տանկից շուդ մէ հ՛իճա, օր առնիմ զիմ ճըժէր, տապինք գօմի քօշէն։ Իմ պըզդի ախճիգ գըրգանօծ էր, մէ ձէնի գիլէր։ Քըռտէր հ՛իմածան, մըզի լէ տարան։ Իմ հի՜նգ մանդրիկ էրէխէկ՝ Ավիսար, Սօսէն , Գըկէն,  Քյարամ, Սատիգ. .. Մօլրա-մանծի։ Մարակ լի՜կ մառտ էր քօմուգ։ Կըրագ օր ճըտըռդած, կընգըդիկ բօտին հ՛իրարու, մարկի պադ բըլավ։ Քանի մէ քար լէ յէս բլուծի, ըդ ծըգէն քաշի-հանի զիմ ճըժէրու չօկէչօկ փախանկ հ՛առվի թարաֆ, տապանք դիզու տագ։ Ըդ փախէփախի գ՛ախ իմ ախճիգ Սօսեն կորավ։ Շա՜դ գաշինք-գաշինք՝ չըգըդանք։ Է՜, գա՛ռ, ըդ ախճիգ հէ՜ճ չէլնա իմ մըդից։ Փախա՞վ, մընա՞ծ՝ չըմ գինա։ Ըդ ի՜նճ զուլում էր, լա՜օ»..
       /Վարդավառի կիրակին էր, զավա՛կս։ Տաք, հաճելի օր էր։ Մեկ էլ գյուղում աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Բոլորը գոռում, ճչում էին, իրար ձայն էին տալիս։ Ախր, տղամարդկանց նախապես հավաքել-տարել էին։ Մնացել էին կանայք ու երեխաները։ Բաձրացա տանիք ու ի՜նչ տեսա… Գյուղեզրի տներից ծուխ է բարձրանում դեպի երկինք։  Մեր հարևանի մարագն էլ էին կրակ տվել։ Քրդերը կանանց հրում-գցում էին մարագների մեջ, որ վառեին, երեխաներին էլ…Մեծ ու փոքր չէին նայում։ Տանիքից արագ իջա, որ երեխաներիս տանեմ, թաքնվենք գոմի անկյունում։ Իմ փոքրիկ աղջիկը գրկի երեխա էր, բարձրաձայն լալիս էր։ Քրդերը նկատեցին, մեզ էլ տարան։ Իմ հինգ փոքրիկ երեխաները՝ Ավիսարը, Սոսեն, Գրիգորը, Քարամը, Սաթիկը…Մոլորվել-մնացել էի։ Մարագում լիքը մարդ էին հավաքել։ Կրակը որ ճարճատեց, կանայք միմյանց հրեցին, մարագի պատը փուլ եկավ։ Մի քանի քար էլ ես փլեցի, այդ անցքից քաշեցի-հանեցի երեխաներիս, և ծնկաչոք փախանք առվի կողմը, մտանք դեզի տակ։ Այդ փախուստի ժամանակ իմ Սոսե աղջիկը կորավ աչքիցս։ Շատ փնրեցինք, չգտանք։ Է՜, գառնուկս, այդ աղջիկս բոլորովին դուրս չի գալիս մտքիցս։ Փախա՞վ, մնա՞ց ՝ չգիտեմ։ Այդ ի՜նչ արհավիրքէր, զավակս…/
        
             Ապրեց Նոյեմզարը  երկար, գրեթե 100 տարի։ Այս լուսանկարում նա արդեն 88 տարեկան էր։  Գաղթի  տառապալից  ճանապարհին կորցնելով  իր երեխաներից երկուսին՝  3-ին գոնե կարողացավ փրկել և Անդրանիկի զորքի  հետևից  քայլելով՝ մեծագույն չարչարանքներ քաշելուց հետո ի վերջո բնակություն հաստատել Շիրակում՝ Ախուրյան գետի  Ախուրիկ վտակ մոտ՝ փայփայելով  հետագայում Էրգիր վերադառնալու հույսը,  որն այդպես էլ երազանք մնաց  եղեռնազարկ հայության  մի քանի սերունդների համար։ Անդրանիկի զինվորներից քաջազուն մի երիտասարդ կնության առավ գեղեցկուհի Նոյեմզարին, ունեցան  ևս 4 երեխա, աստիճանաբար մեծացավ ու ծլարձակեց նրանց գերդաստանը։  Հիմա արդեն Նոյեմզարի թոռներ-ծոռների թիվը 200-ից անցել է։ Հպարտ եմ, որ ես Նանեի առաջին ծոռն եմ՝ նրա  առաջնեկ Ավիսար որդու թոռը։ Ահա այսպիսի  ոդիսական էր վիճակվել  Մեծ եղեռնի   մշեցի   ականատես-վկա Նոյեմզար-Մեմզար-Նանեին։
        Մենք պիտի հասնենք մեր նվիրական երազանքին՝ վառ պահելով մեր պատմական հիշողությունը, գուրգուրալից վերաբերմունք ունենալով մեր  մայրենի բարբառների հանդեպ՝ որպես մեր ինքնության անհերքելի  վկաների։ Ու երբեք չպետք է  մոռանանք, որ ուժն է ծնում իրավունք… Ուժը և պատմական հիշողությունը։
 
 ՍԱՍՈՒՆԻ  ԲԱՐԲԱՌԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ  /Բ.գ.թ.  Ջեմմա  Բառնասյան /
 
   Ցեղասպանության   կործանարար   ազդեցությունը    հատկանշվում է  ոչ միայն  միլիոնավոր   մարդկանց ոչնչացումով,  այլ նաև  մայրենի  լեզվի տարածքային տարբերակների՝ բարբառների կորստով։   Անգամ  փրկության ափ գտած մարդկանց  մայրենի լեզուն,   այլ միջավայր ընկնելով,  աստիճանական կորստի է դատապարտվում։  Ըստ  մեր  դիտարկումների՝   բնօրրանից դուրս համեմատաբար լավ պահպանված բարբառներից է  Սասունի բարբառը։
        Ցեղասպանությունից փրկված սասունցիները հիմնականում  շարժվեցին դեպի Արևելահայաստան՝ ապավինելով  Անդրանիկի   զորքին։ Սասունի  տարբեր գյուղերից գաղթածները    վերաբնակվեցին   Թալինի  քարքարոտ տարածքներում ՝ խստաշունչ կլիմայով լեռնոտ  Սասունը հիշեցնող։ Մի մասն էլ  գերադասեց մնալ Արարատյան դաշտի ափամերձ գյուղերում՝  հույս ունենալով առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալու Էրգիր։ Գոհունակությամբ ենք ուզում նշել,  որ  ՀՀ   Արագածոտնի  մարզի բնակավայրերում Սասունի բարբառը  եղել և մնում է  կենդանի բարբառ՝ շնորհիվ  լեզվակիրների գուրգուրալից սիրո  և հոգածության։ 
                  Հայտնի է,  որ  Մեծ եղեռնից հետո Սիրիայում հանգրվան գտան կոտորածներից և Դեր-Զորի  տառապանքներից մազապուրծ հազարավոր հայ գաղթականներ։ Սասնո գաղթականության մի հատվածն էլ   շարժվեց   դեպի Հալեպ, որովհետև  այդ  քաղաքը ծանոթ էր մշտապես  պանդխտության մեկնող հայերին։ Ջարդից  ու կոտորածներից փրկված  սասունցիների   մի հատվածին  բախտ վիճակվեց  մի կերպ հասնել Հալեպ, հանգրվանել  Քառասուն  մանկանց եկեղեցու մոտակայքում։ Հետագայում հայերը Հալեպում  աստիճանաբար    շեն   գաղթօջախ  կազմեցին։
            2001թ.  Ֆրանսիայի Հայ ուսմանց միության  հրավերով և հովանավորությամբ  եղա   Սիրիայի Քեսաբ քաղաքում՝ գրառելու   տեղի բարբառը։ Վերադարձից առաջ  օգտվեցի հնարավորությունից և Հալեպում մասնակից եղա Քառասուն մանկանց եկեղեցու և  Առաջնորդարանի  հարևանությամբ  գործող <Տարոն-Սասուն> հայրենակցական  միության  նիստին՝ բավականին տեղեկություններ քաղելով  ցեղասպանությունից մազապուրծ սասունցիների ընտանիքների  և Սասունի բարբառի արդի վիճակի մասին։  Ըստ տվյալների՝ սիրիահայ գաղթօջախի՝ ծագումով սասունցի հայության համար կրթության և հաղորդակցության  լեզուն  գրական  արևմտահայերենն է,  սակայն  ընտանեկան հարկի տակ շարունակում են օգտագործել Սասունի բարբառը։  Իսկ երբ  գրառում էի    բարբառային որոշ իրողություններ, նկատելի էր  հալեպաբնակ   սասունցիների   քաջատեղյակությունը   մայրենի բարբառին։
      Հիմա արդեն  Սիրիային պատուհասած արյունալի  պատերազմի  և  ողբերգական իրադարձությունների  հետևանքով  դժվար է որոշակի  կարծիք հայտնել  Սասունից սերող  սիրիահայության լեզվավիճակի մասին։
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------           
 
       Ներկայացնում ենք 2014-2017թթ. բարբառագիտական արշավների ընթացքում ինստիտուտի աշխատակիցների կողմից գրառված նյութեր.
 
▪ ▪ ▪
        Մէրըս էն էր ասում օր, ասում էր՝ հիրա հէրանց ժօղօվուռթին լըռիֆին, լըցրէ կընանիկին մարակ, վառէլ էն, իսկ մառտիկին էլ սաղ տապօռօվ…  Մի հատ քէռի էմ ունէծէ՝ իրէկ ամսըվա ամուսնածած, մարմինը շինէր են գըրբան, ձէռնէրը մըտծըրէր էն մէճը: Ադամնէրը քաշէ շարէր էն ճագադին, նօր սպանէր էն: Ինճ ա՝ իրա հէրը կիռտ ա էղէ, աշխադէր ա գավառում, իսկ հայը իրավունկ չունի ըդէնց աշխադանկ անի. իրա ընդանիկին ըդէնց դաժան էն վէրաբէրվէ: Իրէկ ախպէր էն էղէ, յօտանասունհինգ շընճից մինակ քէռիս ա ազատվէ, մէկ էլ էդ քէռուս կինը, օր ըդէնց դաժան  ըսպանէլ էն: Իրանկ քըռդէրի մէճ էն էղէ: Մէ հատ քուռդ էտ քէռուս բէրէ, մօդկըցըրէր ա հըռուսնէրին,  օր իպըր փըրգըվին, է՛լի, գօնէ էդ մէծ ընտանիկից էդ էրկուսը փըրգըվին: Էդ ժամանակ ռուսնէրը ուզէցէր էն էդ քըռդին խըպէն, իմ քէռուս կընիգը իրան քըցէ օդնէրին, խընթըրվէ, թէ՝ խընթըրում էմ, օր ինկը մէզի… Ըդէնց էդ էրգուսը էգէլ էն Թիլվիզ: Իմ պապօնկ էլ էգէլ էն Լէնինագան, մածէր էն Լէնինագան, ընդից հէդ էն էգէ Աբարան, Աբարանից էգէ նօր ըստէղ բ՛ընագվէր էն:
             Գրիգորյան Արուս,  ծնվ. 1929թ.  /Կոտայքի մարզ, գյուղ Սարալանջ, Մշո բարբառ/
 
▪ ▪ ▪
          Իմ մէրըս կըպատմէր, կասէր՝ գախտըվե փախէր ենք: Հիրանք լըսէր են՝ հէսօր իրանց գյուղի կըդրէլու օրն ա: Ըսկըզբից աբրէր են Ալաշկեռտ, հետօ էկէր են Դիարբաքիր: Դիարբաքիր, էտի միշտ մըկա ցույց ա կըտան, խա:  էս խեխճ մամաս կըսէր՝ էկան էս իմ ախպօր կընգա ախպէրներ /չոռս ախպէր ունէր, իրանք վաճառական են եղե, լավ խօր տուն ա ունէցե քեռուս կընիկ/, էկած ասած՝ «Հակօ՛փ, գիտե՞ս ինչ կա, հէսօր դու պըտի անպայման քօչըտ առիս, փախիս, թէ չէ սաղին կըկըդրեն, հեռթըն էս գիշեր ձեր գյուղին ա»: Ասում ա՝ բէրեց իմ քեռին, ըսեց՝ «Հէլէ՛ք, հէլէ՛ք, ձեր քօչ-մօչ բառցէք»… Մօրն ա դընե,  հիրա կընգան ա դընե, դընե սէլի վըրէն, մէ քիչ ուտէլիք-մուտէլիք լըցե, առ ու փախ ա, փախին… Էս իմ մէր, իրան խօրօխպօր մէ հատ Մուշօ անունօվ տըղա կըլնի, էսրան գօխտուկ անգըճին կըսա, կառի կէթա պախկըվի: Կըսա՝ «Մենք վօր էթանք էտ յէրկիր, սօված-ծառավ էթանք, մեզի կըսեն՝ էս անօթի քըռչօտներ էկած, վո՞ն մեր հէրես կիշկա, յես էսքան հարուր գըլօխ օխճար, կօվ, մատակ, գօմէշ թօղեմ ըստե, էթա՞մ: Թօ իմ ախպէր առի քօչ էթա, թէ հնարավոր ա՝ կառիմ կէթամ, չէ՝ կըսպանեն, ընձէլ թօ սպանեն, ընձի էսքան ախպէր ըտե մեռան, ընձէլ թօ սպանեն»: Էսի ասում ա՝ վօր մենք գընացինք, գօմի դըռներ բացինք /էսի ախպէրըն առթէն առե՝ իրա մէրն ա, իրա կընիկ, իրեք էրէխա ունի, սէլի վըրէն գըքան/:  Էսի օխճար, կօվեր, յէզներ, գօմէշներ՝ հըմէն կըտա դեմ, էտ խօրօխպօր տըղու խետ, հինքը եղե տասչոռս տարէկան, բէրե հասցըրե, ինչքան են էկե,  քիչ ա մացե՝ խասին Արազին, գըթե ախպօր: Ախպէր կուրխընա, կըբէրա մատաղ կանի, կըսա՝ լավ ա, իմ քուր մեր եղած բէրեց… Մատաղ կանի, կըդընա կազան վըրէն, կէփի, օր լըցեն, ուտեն առթէն… Ռըսի զօրքըն գըկա: Գըկա, էսի էդ ախպէր, վօր սպանէր են, ըդըրա ձին, կըսա, չըթօղէր՝ մառթ խէձին, հինք կըպախէր: Կըկապէր իրա ձիուն, ուր կէթէր, իր խետ տանէր: Ասում ա՝ կապուկ էր, էստոնք էկան, ըսին՝ «Էս ձին պըդի տաս: Մենք էկէր ենք, օր ձեզի փըրգենք` ձեզի թուրքերն ու էս քըռդեր չըսպանեն, էկէր ենք՝ ձեզի ազատագըրենք, բան չըլնի»: Դէ՛, կըսա, էտ ձ՛ին տըվէք ընձի, էսա գօթէցուկ խիվանդ ձին առէք ձէզի: Իմ քեռին կըսա՝ «Յես իմ գըլօխսի տամ, էտ ձին չի տամ, էդի իմ ախպօր հիշատակն ա, չեմ տա»: Էսի կըքաշեն, էտ խեխճ մառթին էնքան կըտըփեն, թօղեն դիակ գէտին, ձին կառին կէթան: Գէլին էս ժօղօվուռթ, էս քեռուս կըդընեն սէլի վըրէն, էսի կըխօսա, կըսա՝ «Հանգառծ չըքըշէք, էթաք խասիք, քիչ ա մացե՝ խասինք Արազին, հէսօր քանի օր անասուններ ծառավ են, կէթան կըլըցվին գետըն»: Էտ քօչէլու ժամանակ, յեփ ջըրեր գէլէր, էդ վախտ էր կըսկըսին կըռիվներ, վօր իրանք էտքան պադրօն ու զէնք չօքտագօռծէն: Լըցվին ջուր, էթան: Էս մառթիկըն էկէր ին, ասում ա, խամ մառթիկ, սէլեր էկան, կըսա, ինչօր լուցկու կարօպկա լըցես էս գետըն, տանի: Էտենց, սէլեր՝ քօչէրօվ, էրէխէքօվ: Ասում ա՝ էս մերն էլ, վօր ջուր ին խըմե, առթէն հանգիստ հիճան, Մարքարա կարմունջօվ մենք հընցանք, էկանք էս Հայաստան: Էդ անասուններ հըմէն բէրէցինք ըստե մեզի, աղավարի ապրանք:
      Տոնոյան Արուս, ծնվ. 1937թ.  /Կոտայքի մարզ, գյուղ Մարմարիկ, Մշո բարբառ/
 
▪ ▪ ▪
        Մէրըս Պէրկըրի իրեք տարէկան ա հէլե: Իմ խօր մէրն էլ էկե ճամփէն, թուրքերը տարէր են: Խինգ էրէխա  յա էլե, տառե, տէքըրն ասե՝ «Խառսէ՛, տու նըստի էս քարի վըրէն, յես կէթամ նաֆարը պէրեմ»: Մինչեվ էկէր են, տէսէր են, վոր իմ տատն էլ չըկա: Այ ըտենց ա հէլե, բալէս: Իմ խէրը տաս տարէկան ա հէլե, տաս տարէկան ա հէլե Խաչիկ պապին… Կառներ տարեր ա, մինչեվ էկե, տէսե՝ մէրը մըտե թընդիրը: «Այ բալա ջան,- ասե,- հէլի, քօչը կընաց»: Թօղե կառները ըտենց, մէրըն առե կընացե, խասե էրէխէքին, նաֆարին: Յեռեսուն նաֆար ա հէլե իմ տատիի տունը, էրկու նաֆար են էկե: Բը մենք ի՞նչ գոռծ ունինք էս յերկիրը, կըմընինք էն շէն յերկիրը, էլի կաբըրվինք, այ բալա ջան: Էկան խասան ըստե, իմ պապըն վէրցեց ասավ՝ էսի մենք էկէր ենք Գօյէնի /երևի՝ Կայենի/ աշխար, էսի յերկիր չէ՝ մենք էկէր ենք: Ընդե լավ յերկիր ա հէլե: Ընդե հէլէր են Վանը, Խիզանը, Հարկին… Իմ խօր յերկիրը՝ Խիզան…  Իմ կիսուրը վանէցի էր՝ Կոտընից: Իմ կիսուրն էլ ա պատմե, հէրըս էլ ա պատմե, տատըս էլ ա պատմե… Իմ կիսուր կասէր՝ լուսը պացվավ, մէկ էլ տէնամ՝ հավար էկավ՝ քօչէքօչ ա: «Իմ մառթըս էլ,- ասում ա,- յեռեսուն տարէկան չըկար, փախե էկե»: Տարէր են թուրքերը, փախե էկե: «Ա՛յ Առշակ, հընչե՞ս փախե էկե, բալամ, հէսա կըկան քե կըտանեն»: Ասում ա՝ իրեք անքամ տարան, իրեք անքամ էլ փախավ էկավ իմ մառթը: Ինքն էլ տասնութ-տասնին տարէկան ախճիկ ա հէլե հա՛: Էրկու էրէխա յա ունէցե իմ կիսուրը: «Բա ինչ անեմ, ա՛յ բալամ, հընչե՞ս փախե էկե, հէսա թուրքը կըկա»: Ասում ա՝ ասէցի՝ «Կընա իմ խօր տուն»: Ասում ա՝ ղըրկէցի հօրըս տուն իմ մառթին: Ասում ա՝ ասկյարն էկավ լըսվավ մեր տուն, էն թընդըրի ակըն էլ, ասում ա, նայէցին: Մըտան իմ հօր տուն: Կըսէր՝ տէնամ՝ իմ մառթին քըցէր են հիրանց վոտէրի տակը, տըփում են: Մինչեվ, ասում ա, կացի մազերըս փըշկի, ընձի քըցի մառթիս վըրէն, ասում ա, ընձէլ վէրցըրին, տարան թալին: Ասում ա՝ ըտենց տարան սպանէցին: Էտ էրկու էրէխին էլ պէրում ա, բալէս, հա՛: Էրկու տարէկան Վառթանուշն ա էլե, Լէվօնն էլ իրեք տարէկան, առե էկե: Կասէր՝ իմ կէսրարըն առավ մեզի էկանք: Էկանք, գ՛իշեր, ցէրէկ, ճամփա, քընէլօվ, հըլնէլօվ, ցուռտ, էկանք խասանք էտա Զօլախաչ: Կըռութ արինք, խալխէրին նօքարութուն արինք, մէթըքա  մեզի բան տըվին, յօլա գ՛ընացինք, աբրանք: Հա, էտ իմ կիսուրի պատմութուն: Էկէր էր, մէ հատ էլ մառթ էր առե: Իմ կէրսարն էր առե հիրան: 
Մօրըս տատը ասում էր՝ բալա՛ ջան, իմ էրկու տըղին տարան, իմ էրկու ախպօրը տարան: Հըլնում հառսին առնում՝ փախէփախ ա, առնում, էտենց կալում ա, հառսը ծընընդապէրում ա ճամփէն: Ասում ա՝ մեռան, թաղէցի, հէլա, էկա: Մեր խեխճ տատեր պապերը… էտ օյին են տընում կըլխըները,  բալա ջան…
 
               Եղիազարյան Ռոզիկ,  ծնվ. 1927թ. / Կոտայքի մարզ, գյուղ Գեղադիր, Վանի և Մշո բարբառների խառնուրդ/
 
▪ ▪ ▪
           Պաբէն պադմէր, կըսէր՝ մենք ընդեղից օր փախանք էգանք իդատեղ, փախնէլու վախտ, կըսա, էգան լըցվան մեր գեղ, թուրքեր էգան լըցվան մեր գեղ, ինչ օր կար, հավաքէցին տարան: Կըսա՝ յես էդ վախտ պըստի ճիժ ի, թուրքեր էգան լըցվան մեր տուն, մառթ չըկար, փախաձ ին, յես լէ վախէցա, գացի մէ տեղ տափա: Փախնէլու վախտըն, կըսա, հավաքէցին գեղրանքուց հըմէն ժօղօ­վուռթ, բէրին քօմին մէ տեղ: Մուրադ գետի խըրաղօվ, Մուրադ գետ լէ խրաղօվ կէթէր: Ձիավորներ՝ թուրքեր, զինվուկ թըվանքով ու խանչըլօվ, տըվաձ ին ժօղօվըռթին հառէչ: Յես, կըսա, ընդեղ ի: Կըսա՝ իմ աչքի դէմ էնքան ջայէլ կընանիք, ախճըգներ ուրանց թալէ­ցին գետ, օր թուրքերըն չըսպանին: Կըսա՝  էնքան ին լըցվաձ ջանդակ, Մուրադ գետ լիքն էր: Կըսին՝ մէգ ա՝ մըզի կըտանին կօդօ­րին, ավէլի լավ ա՝ էրթանք հընգընինք ջուր: էդ ժօղօվուռթըն, կըսա, քօմուգ ին, իմալ օր օխճար էնեն աղըլի մէչ, դէմըն կըդրին, էդմալ հավաքաձ ին: Մէ աֆիցեր հառէչ, տաս հադ էլ հէդեվ՝ էդպէս կըդրաձ ին: էդ ժամանագ, կըսա, մէ հադ մառթ հէլավ, ըսեց՝ ժօղօվուռթ, ձեզի կըտանին կօդօրին, էլ ինչի յէ կըսպասիք, ճըղէք հընցէք, հընգընօղ թօ հընգընա, մեռնօղ՝ մեռնի, գացօղն էլ թօ փախ­նի էռտա: էդ ժամանագ, կըսա, ժօղօվուռթըն ինչքան կըռցան, վոն կըռցավ, կըսա, փախավ, վոն լէ չըկըռցավ, կըսա, հընգավ վո­դի տագ, էդպէս էլ մընաց: Հառէչ գիկին, կըսա, ջայէլնէրուն գհա­վա­քին կըսին՝ ձըզի կըտանինք սալդաթ: Քօմին տանին ջայէլնէ­րուն, բայց ի՞նչ սալդաթ՝ կըտանին ձօրեր կօդօրին: Էդոնց միչից յեթէ մէ հադ փախնօղ եղեր, գիկէր պադմէր, թէ՝ տարան էսինչ ձոր, էսինչ ֆըլան տեղ կօդօրէցին:      
Հակոբյան Ռաֆիկ, ծնվ. 1927թ. / Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճավան, Մշո բարբառ/
           
▪ ▪ ▪
        Խէրըս կարսէցի յա, իմ տըղա, մէրըս էլ՝ կօփէցի: Գախթա­կան են, էլի, էրկուսն էլ: Վայ, ի՞մալ չեմ հիշում: Թուրքեր լարէր ին, փախէր ին, էկէր ին: Էկէր էր Ծօվագյուղ, ըտեղից էլ էկավ ըստե խէրըս: Ես ըստե յեմ ծընվե: Ըստե էկէր են տասնութ թըվին: Խէրըս պատմում էր՝ ընդե լավ ա, ընդեղի մէ ճանգ հօղը վոսկի յա, էդ յերկիրը լավ ա, հիրանց յերկիրը: Ըստե, ասում ա, ի՞նշ կա, քարըք­ըռա, էկանք մացինք: Ինշ պատմեմ, բալա, թուրքեր տըված վըրա, լարած, փախած էկած: Յօթանասուն նաֆարից մացած ին էրկու նա­ֆար: Հըմէն լըցված ին Արազի ջուրը: Պապէն մէ բեռ վոսկի յէր բէրե, ըտօվ ին աբրում, էլի: Էտի փաթթէր էր մէշկը բէրէր էր, թէ չէ կըբըռ­նին, խանին, մօռթին: Ի՞մալ չեմ հիշում, հաշկիս դէմն ա: Յես խանէր եմ, խամբրէր եմ, մօրըս կութուց,  յեռեսունվեց հատ: Մէ խատ տըվէր եմ թոռիս, էն էլ կորավ:
 Կարապետյան Հռիփսիկ,  ծնվ. 1926թ  / Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորաշեն, Մակուի խոսվածքի և Մշո բարբառի խառնուրդ/
 
▪ ▪ ▪
           Ովքեր եղել են Երկրում, իրենց հոգիներում հավերժ կրում են Այն, և ուզում են պատմել ու պատմել ամենայն մանրամասնությամբ, ու թվում է՝ ոչ թե լսողների, այլ հենց իրենց համար՝ նորից ու նորից վերապրելու կյանքի այն լավագույն օրերը…
 
         Պատմում է ինստիտուտի ավագ գիտաշխատող Ա.Վարդանյանը. նա մեզ ուղարկել է իր ուղեգրության նաև կրճատ տարբերակը, բայց նպատակահարմար համարեցինք հրապարակել ամբողջական նյութը.
 
ԵՐԿԻՐՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ
(ուղեգրություն)
 
         Լուսադեմին մոտ, արթնանալով Կարսի «Թեմել» հյուրանոցում, կարծես հայտնվում եմ երկրորդ քնի և զարմանահրաշ երազների աշխարհում: Մի՞թե իսկապես Կարսում եմ գիշերել, մեզ այնքան մոտիկ ու հարազատ, միաժամանակ դաժան ճակատագրի խաղով այնքան հեշտությամբ հայությունից օտարված և այնքան հեռու մնացած Կարսի հյուրանոցներից մեկում...
Նախօրեին Փոսովի անցակետով մտնելով Վրաստան-Թուրքիա սահմանը` զարմանալիորեն ուրիշ երկիր մտնելու զգացում բոլորովին չունեցանք: Կիսով չափ սփյուռքահայերից, կիսով չափ հայաստանաբնակներից բաղկացած մեր խումբը իր հավաքական կարծիքով հայրենիք, հայրենի տուն էր գնում՝ թեկուզ գերված-օտարացած, բայց հարազատ-հարազատ իր օջախը:
Սահմանն անցնելուն պես՝ Արդահանում անակնկալ անձրև տեղաց, և ամբողջ հորիզոնի վրա մի շքեղ ծիածան հայտնվեց: Մինչև Կարսի նահանգ հասնելը մեքենան սլանում էր պատմական Տայքի անծայրածիր, հաճախ անտառապատ ոլորաններով: Առաջին իսկ կանգառում, որտեղ արդեն խիստ զգացվում էր Կարսի մոտիկությունը, մի բուռ մասուր հավաքեցի ճամփեզրին աճած թփերից` Կարսի մարջանագույն մասուրը:
          Մայրամուտին մեր մոտ ու հեռավոր ոստանը մեզ խորթացած հարազատի պես ընդունեց: Ամենուրեք շինարարություն էր՝ հինը փոխելու, ծածկելու մի ակնհայտ միտումով: Քայլելով քաղաքի սալահատակ, հնամաշ փողոցներով՝ մեր հայացքները որոնում, երբեմն գտնում էին Գյումրիի հին շենքերին շատ նման հայկական տներ, նրանց վրա փորագրված տարեթվեր, երբեմն էլ՝ հայերեն գրություններ...
         ...Եվ հիմա մի՞թե իսկապես լուսաբացը Կարսում եմ դիմավորում, փոքրիկ, օտարանուն այս հյուրանոցում, որի հիմնապատերը ժամանակին, անկասկած, հայ վարպետներն են շարել:
Մոլլայի վաղորդյան աղեկտուր կանչը, սակայն, սթափեցնում է ինձ: Այստեղ Ռամազան է, և ըստ երևույթին մեր ամբողջ մեկշաբաթյա ուղևորության ողջ ընթացքում ամեն օր արթնանալու ենք բարձրախոսներով բոլորին պարտադրվող հենց այս սրտակեղեք երգ-աղաղակից, որ նաև պարբերաբար մեզ հիշեցնելու է «օտարի տիրույթում» գտնվելու դառն իրողությունը:
Նախաճաշից հետո շրջում ենք Կարսի հին թաղերով: Ամենուրեք, իրոք, բուռն շինարարություն է, որ, հավանաբար, վերջին տարիներին է թափ առել: Ըստ երևույթին՝ քաղաքի քուրդ բնակչության կազմը փոխելու նպատակով այստեղ ներգաղթած ադրբեջանցիների են բնակեցնում: Իսկ իրար շատ նման նորակառույցներն էլ կլանում են օրեցօր ավելի սակավացող հայաշեն տների վերջին նմուշները...
Ահա Կարսի նշանավոր ամրակուռ բերդը՝ վրան Աթաթուրքի դրոշը, որտեղից մասամբ երևում է անցյալ դարասկզբի հին լուսանկարներից ծանոթ ու շատ հարազատ քաղաքի համայնապատկերը, հին քաղաքապետարանը, Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, որ ներսից արդեն մզկիթ է դարձել, հիմա էլ դրսից է փայտակամածներ կապած մզկիթացվում... Տեսնես ի՞նչ են անելու գմբեթի շուրջը քանդակված տասներկու առաքյալների պատկերների հետ...
          Ո՞ր հայի երազանքն ու բաղձանքը, կարոտն ու վերքը չէ Անին... Առաջին և միակ անգամ Անիի ավերակները տեսել եմ շուրջ քսանհինգ տարի առաջ՝ խորհրդային սահմանից: Դա գարնան անմոռաց մի օր էր, երբ խորհրդային սպաների օգնությամբ չեզոք գոտի մտած՝ ուղղակի կարկամել էինք՝ տեսնելով մեր հազարամյա մայրաքաղաքի հրաշքը: Այն ժամանակ ավելի շատ կանգուն եկեղեցիներ կային, և պատկերը աննկարագրելի ցնցող էր...
        Այսօր առաջին անգամ ոտք եմ դնում հռչակավոր մայրաքաղաքի նվիրական հողին: Ահա Ավագ դռնով մտնում ենք կիսավեր-կիսավերականգնված սմբատաշեն հզոր պարիսպներից ներս. կարծես միջնադարյան եվրոպական քաղաքում լինենք... Խորհրդավոր պահ է... Դիմացը մերօրյա Հայաստանի սահմանն է՝ Ախուրյանի հանդիպակաց ափը, որտեղ պարզ երևում են դղրդյունով աշխատող քարհան մեքենաները, նույնիսկ նրանցից բարձրացող ծուխը... Բջջային հեռախոսներն այստեղ աշխատում են ինչպես Հայաստանում: Ինքնաբերաբար ուզում եմ զանգահարել քրոջս, ասել, որ հենց նոր Անի մտանք, բայց ահավոր հուզմունքն ասես արգելակում է խոսելու կարողությունս... Եվ խոսել հաջողվում է միայն վեցերորդ, թե յոթերորդ փորձից... այս անգամ էլ քույրս է հուզվում...
Խմբից առաջ անցնելով՝ հասնում եմ ձորի պռնկին գտնվող Տիգրան Հոնենցի եկեղեցին. թուրքերը որմնանկարապատ այս տաճարը Նախշլը քիլիսա («Նախշավոր եկեղեցի») են անվանում: Մեն-մենակ հիանում եմ սքանչելի կառույցով, արդեն դրսում մնացած որմնանկարների թեկուզ արդեն խամրած գույներով և... ներսից թուրքերեն խոսակցություն եմ լսում: «Հաստատ ադրբեջանցիների խումբն է այնտեղ»,– մտածում եմ՝ հիշելով, որ քիչ առաջ ճիշտ մեր գազելի նման՝ ադրբեջանական դրոշով մեքենա էր կանգ առել դարպասների մոտ... Ներս եմ մտնում, և պարզվում է, որ թուրք ճարտարապետներ կան այնտեղ, որոնք ներգրավված են այս եկեղեցին վերականգնողների խմբում: Նրանք, կարելի է ասել, քաղաքավարությամբ պատասխանում են իմ թուրքերեն բարևին, անտարբեր նայում Երևանից հատուկ այս ուղևորության համար գնված «Արմենիա» մակագրությամբ հագիս շապիկին և շարունակում իրենց գործը...
       Ամենաազդեցիկը, սակայն, Մայր տաճարն է. ավելի քան հազարամյա այս սրբատեղին կարծես երեկ կառուցված լինի: Ուղղակի զարմանում ես, թե ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներից այնքան հեռու այդ ժամանակներում ինչպես են մեր ոսկեձեռ վարպետները նման ամրակուռ, «հազար տարի ձեն տվող» տաճարներ կառուցել: Խորհրդավոր լռության մեջ մոմ ենք վառում՝ Ախալքալաքի եկեղեցուց բերված մոմերը, հետո Աստղիկի ձայնակցությամբ փորձում եմ վերհիշել Շնորհալու «Վարդանանց շարականը»...
       Աստղիկը ֆիզիկոս է: Ուղիղ քսանմեկ տարի առաջ զբոսաշրջիկների խմբով Նախիջևան ենք գնացել, իսկ այսօր զարմանալի պատահականությամբ միասին Արևմտյան Հայաստանում ենք: Գյումրիի «Բեռլին» պանդոկում առաջին նախաճաշին նա ճանաչեց ինձ: Սկզբում զարմացա՝ արտաքուստ սփյուռքահայի նման այս տիկնոջ հետ որտե՞ղ ենք ծանոթացել. բայց անմիջապես էլ պարզվեց, որ ծնունդով աշտարակցի է, վանեցի հոր զավակ, գալիս է հատկապես Վան-Վասպուրականը տեսնելու...
       Անիից վերադառնալու ողջ ճանապարհին, հետագա օրերին ու ամիսներին ինձնից երբեք չեն հեռանա նրա ավեր ու կիսավեր հոգեմաշ տեսիլքները՝ Գագկաշեն խոնարհված տաճարը, մեջտեղից կիսված Փրկչի եկեղեցին, դեռևս կանգուն Աբուղամրենց Սուրբ Գրիգորը... Իսկ հին քաղաքից դուրս գալու սրտառուչ պահին աշխատանքային ընկերուհուս, որի հետ հաճախ ենք մեր հավաքույթներին երգում Հովհաննես Շիրազի խոսքերով «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» հայտնի երգը, հաղորդագրություն կուղարկեմ՝ «Անին տեսա, գնամ մեռնեմ...»:
       Անիից դեռ ուշքի չեկած՝ սլանում ենք դեպի Իգդիր: Ահա Հայաստանի սահմանին պինդ կպած Կողբասարը, Կողբ ավանը, որի տարածքում երևում է հին Հայաստանի երկու նշանավոր աղահանքերից մեկը՝ թեք սարալանջին դասավորված իր գորշականաչավուն հանքախորշերով, իսկ Սուրմալուի բերրի դաշտը կարծես Արարատյան դաշտի երկվորյակը լինի...
Իգդիրում ճաշելուն կրկին Ռամազանն է խանգարում: Այս կողմերում ուրիշ կանգառներ էլ խորհուրդ չեն տալիս մեր խմբի ղեկավար Աշոտ Սողոմոնյանին, և մենք, հայոց երբեմնի Ցոլակերտ ավանը գրեթե չտեսնելով, գնում ենք դեպի Բայազետ: Քաղաքից դեպի արևելք, լեռան վրա հառնում է նշանավոր Բայազետ՝ պատմական Դարոյնք ամրոցը, նրանից քիչ ներքև՝ Իսհակ փաշայի հռչակավոր ապարանքն է, որն ակնհայտորեն իր մեջ հայ ճարտարապետության ավանդույթներ է կրում...
       Երբ արևը դեպի մայրամուտ է թեքվում, հասնում ենք սքանչելի մի վայր՝ Բերկրիի ջրվեժին: Դա մի աննկարագրելի խորհրդավոր վայր է, ուր արևի կարմրավուն շողերը ընդգծում են մեր տեսածն ու վայելածը... Գեղատեսիլ, ոլորապտույտ ձորակի մի կողմից թափվում է բազմաճյուղ-բազմատես ջրվեժը, որին կարելի է միանշանակ Հայկական փոքրիկ Նիագարա անվանել: Ջրվեժի ներկայությամբ հիանալուց հետո, անմիջապես կողքով անցնող փայտե ճոճվող կամրջի վրայով գնում ենք ձորի մյուս ափին գտնվող բացօթյա խորտկարանը: Ծնունդով սպահանահայ, այժմ լոսանջելեսաբնակ Ծաղկուշ-Հելենին կամուրջն անցնելիս համատեղ ուժերով օգնում ենք ես և խորտկարանի քուրդ աշխատակիցը: Հենց ջրվեժի մոտակայքից բռնած-տապակած կարմրախայտը լրացնում է օրվա բուռն տպավորությունները, չնայած ամենատպավորիչը դեռ առջևում է...
       Բերկրիում, որին թուրքերը Մուրադիե են անվանում, զգացվում է Վանի մոտիկությունը, և մոտալուտ հանդիպման շոշափելի լինելը արդեն հաճելիորեն ճմլում է մեր սրտերը...
Վանա լճի հետ առաջին հանդիպումը մայրամուտին է, Լիմ կղզու մոտ: Եվ հենց այդ պահին վարորդի խցիկից հանկարծ բարձրաձայն լսվում է «Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիան»՝ այնպես սրտաբուխ, այնպես կարոտաբաղձ... Աղջիկները հոնգուր-հոնգուր լալիս են... Մտածում եմ՝ տեսնես նման ապրումներով ուրիշ ժողովուրդնե՞ր էլ կան այս աշխարհում...
Մայրամուտի մարող շողերի մեջ լիճը մանուշակագույնի ու յասամանագույնի ամենատարբեր երանգներ է հագնում, դիմացը մեր լեռ-առասպելներից մեկն է՝ Սիփանը՝ լանջն ի վար պարուրված Վանի արևի ծիրանի շողերով... Եվ մի՞թե սա հեքիաթ չէ, մի՞թե սա հենց Դրախտը չէ... Հայոց Երկիր-դրախտավայրը...
        Քիչ հետո իսկապես Վան քաղաքում ենք, մեր երբեմնի ամենահին ու ամենափառապանծ մայրաքաղաքում: Աստվա՛ծ իմ, այս ինչ հարազատություն եմ զգում մի քաղաքից, որտեղ կյանքումս առաջին անգամն եմ լինում: Քիչ է մնում ամբողջ երեկոն փողոցներում անցկացնեմ... Հուզմունքից ամենաշատը արտասված իմ կրտսեր ընկերուհիների հետ քայլում ենք երեկոյան Վանի փողոցներով ու չենք հագենում: Նունեն Գորիսից է, Անուշը՝ Ալավերդուց, երկուսն էլ պատմության ուսուցչուհիներ են: Եկել են, որ իրենց աչքով տեսնեն մեր պատմության անխոս վկաներին ու այս ամենն իրենց սաներին պատմեն լուսանկարներով ու ականատեսի սեփական հիշողություններով: Նունեն Վանում մի արտասովոր երևույթ է նկատում, որ մինչ այդ չէինք տեսել և չէինք էլ տեսնելու մեր ուղևորության ընթացքում՝ քաղաքի փողոցներով թևանցուկ, երբեմն իրար գրկած բազմաթիվ... տղաներ են քայլում:
          Պարզվեց, որ ժամանակակից Վանն ունի կես միլիոն քուրդ և շուրջ քսան հազար... «թաքնված»՝ քրդացած հայ բնակչություն... Ա՛խ, այդ օտարացած հայերը... Նրանք նկատվում էին գրեթե ամեն քայլափոխի, մոտիկից, թե հեռվից, վաճառասեղանների մոտ, սրճարաններում ու հյուրանոցներում... Նրանց տեսնելիս անհասկանալի, անբացատրելի, երկբնույթ զգացում էի ունենում... Երբեք չէի պատկերացնի, որ փողոցում հանդիպած՝ քրդերեն կամ թուրքերեն խոսող մարդկանց աչքերի մեջ երբեմն ինչ-որ անհասկանալի հարազատություն կհայտնաբերեմ... Նրանց ծնողներն ու պապերը փրկության միակ հույսը մահմեդականություն ընդունելու, իրենց ինքնությունից հրաժարվելու մեջ են գտել: Բայց արդյո՞ք թշնամուն հաջողվել է հաղթել նրանց, ազատվել ազատության ու ինքնուրույնության նրանց ձգտումներից... Այս հարցերի պատասխանները ես մասամբ կգտնեմ երկու օր անց՝ Մուշի հին թաղամասում... Իսկ այս պահին ես հարազատներիս համար արծաթյա զարդեր եմ գնում Վանի գլխավոր փողոց Խաչփողանի վրա գտնվող կրպակից, որի ակնոցավոր-շիկահեր տերը քրդացած հայ արհեստավոր է:
        Վանը առանձնահատուկ մի երազանք է եղել ինձ համար: Գուցե նրա համար, որ մեր ժողովրդի պատմության ամենահզոր էջերը սկիզբ են առնում հենց այստեղից՝ Բիայնա-Վանա թագավորության Տուշպա-Տոսպ մայրաքաղաքից... Գուցե այն պատճառով, որ իմ հորական տատի նախապապը Վանից է տեղափոխվել Վայոց ձորի Խաչիկ գյուղ, և ես մոտ չորս տոկոսով վանեցի եմ... Գուցե և իմ սիրելի ուսուցիչների՝ Հայրիկ և Մարո Մուրադյանների պատմածներից է Վանն ինձ համար այսքան հարազատ ու նվիրական դարձել...
Եթե գարնանը Երկիր գայինք, գուցե կհետաքրքրվեի տարածքում աճող բույսերով, ծառ ու ծաղկով, բայց աշուն է, և ճանապարհին երբեմն մտածում էի այս օրերին հասունացող տեղական մրգերի մասին, արդյոք կտեսնե՞նք Վանի խաղողը կամ դեղձը... Այս մտքերով «Շահին» հյուրանոցի սրահում հանդիպում եմ խմբի ղեկավարին՝ պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքերենի ամբիոնի դոցենտ Աշոտ Սողոմոնյանին, որ հյուրանոցի քուրդ աշխատակցից «Թուրքսելի» լիցքավորման քարտ է ուզում:
        – Մեզ մոտ միայն «Քուրդսել» է,– հանդիսավոր կատակում է գրեթե հայկական՝ Ռազմի անունով աշխատակիցը:
          Հետո Աշոտը, առանց բացատրությունների, ինձ հետ արագ-արագ ուղղություն է վերցնում դեպի դիմացի հանրախանութ, որի առաջին հարկի հսկա սրահը լի է ամենախայտաբղետ մրգերով ու բանջարեղենով: Պարզվում է, որ այսօր Հելենի ծննդյան օրն է, և խումբը որոշել է Վանի մրգերից ու անուշեղենից բաղկացած աղանդերային ճոխ սեղանով անակնկալ մատուցել նրան՝ նշելով հոբելյանը: Քիչ անց, իսկապես, հյուրանոցի վերին հարկում աշխարհի ամենագեղեցիկ մրգերով՝ Վանի խաղողով, խնձորով, թզով, դեղձով, սերկևիլով, սևասալորով, անուշեղենով և հետներս բերած հայկական կոնյակով նշում ենք մեր հոբելյարուհու ծննդյան օրը: Վանի մրգերից ամենացնցողը նազելի տեսակի ոսկեդեղին, քաղցրանուշ խաղողն էր, որ երբ պոչից բարձրացնում էինք, ուռուցիկ հատիկները վրայից թափվում էին...
         Առավոտյան արթնանալով այս անգամ Վանի «Շահին» օթելում՝ կրկին զարմանում եմ՝ մարդ առավոտյան զարթնի ու տեսնի Վանո՞ւմ է, բա սա հրաշք չէ՞... Նախաճաշին որոշում եմ բուֆետ մտնելիս վանեցիների ավանդական ողջույնով բոլորին դիմել ու ասել. «Պարի լո՛ւս, վանեցի՛քյ, տեղին քյանի՞ ի»: «Տեղինը» վանեցիները ոսկուն են ասել, և ամեն առավոտ միմյանցից հետաքրքրվել օրվա փոխարժեքով:
         Իմ կանխամտածված կատակի հնարավոր բուռն արձագանքից ոգևորված՝ վերելակ եմ մտնում: Մի հարկ բարձրանալուց հետո 30-35 տարեկան մի թուրք երիտասարդ է ներս մտնում, առանց բարևի, նույնիսկ դեմքի ընդգծված անբարյացակամ արտահայտությամբ ինձ է նայում ու հետս բարձրանում ամենավերևի հարկ: «Հաստատ ադրբեջանցի է»,– համոզված մտածում եմ ես: Հետո միաժամանակ մտնում ենք բուֆետի ընդարձակ սրահը: Զարմանալիորեն այնտեղ ոչ ոք չկա. ինչպե՞ս էի մոռացել, Աշոտն ու Աստղիկը մեր մեքենայով առավոտ վաղ գնացել են քաղաքից ոչ հեռու գտնվող Գոմս գյուղը՝ Աստղիկի հոր ծննդավայրը, որ այսօր, մեղմ ասած ոչ այնքան բարեհունչ Օջաքլը անունն է կրում: Մյուսներն էլ երևի ուշանում են...
          Կասկածյալ ադրբեջանցին ինքնասպասարկմամբ իր համար նախաճաշ է վերցնում, աչքի պոչով ինձ հետևելով, շուտ-շուտ դռան կողմը նայում՝ երևում է, սա էլ իր ընկերներին է սպասում: Ես նստում եմ ազատ սեղաններից մեկի մոտ ու պարապությունից երեկվա տպավորություններս եմ նոթատետրիս հանձնում, երբ վերջապես երիտասարդի ընկերը գալիս է: Նրանք, իսկապես, մանկությունից ինձ լավ ծանոթ ադրբեջաներենով են ողջունում միմյանց և սկսում նախաճաշը... Մի քանի րոպե ևս նշումներ անելուց հետո կրկին սենյակ եմ իջնում, իսկ վանեցիների և ոսկու ուշացած կատակը հաջողվում է գլուխ բերել միայն հաջորդ օրը:
         Նախաճաշից անմիջապես հետո մեր մեքենան ուղղություն է վերցնում դեպի Վարագավանք: Վարագա լեռը, որ կրկնակամարի է նման, Վան քաղաքի ուղիղ դիմացն է: Նրա լանջին հեռվից կանաչ մի կղզյակ է երևում՝ Շուշանց (այսօր՝ Եդիքիլիսա՝ «Յոթ եկեղեցի») գյուղն է, որտեղ ժամանակին Վարագա յոթ տաճարներն են երկինք հառնել:
          Դեռ առավոտ է, և ճանապարհն անցնում է վարած արտերի միջով: Հիշում եմ Հայրիկ Մուրադյանի երգած Վանի գութաներգը, որ ժամանակին Վարագավանքի հոտաղներն են հորինել.
Բարի լուսո աստղ էրևաց,
Աղոթարան դռներ ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարվաձ լծեմ էրթամ գութան...
         Երբ բարձրանում ենք լեռան լանջով, մեր աչքի առաջ ամբողջանում է աշնանավար արտ-անդաստանների, հնամյա քաղաքի, բերդի և հեռվում ծփացող լճի համայնապատկերը...
Խոփ քաշ կերթա գետնի տակով,
Ակոս կանի հերկեն-հերկեն,
Աշխարհի շեն վըր գութնին էր,
Գութան չըլներ, աշխարհ ի՞նչ էր...
          Պարզվում է, որ Վարագավանքի յոթ եկեղեցիներից այսօր մասամբ կանգուն են միայն Սուրբ Գևորգն ու Սուրբ Աստվածածինը... Փրկված այս հուշարձան-մասունքները ճակատագրի բերումով հայտնվել են արդեն քրդաբնակ գյուղի բնակիչներից մեկի՝ Մահմադի տնամերձում, տանտերն ու տանտիրուհին էլ առանձնակի հոգատարությամբ են պահպանում ու խնամում իրենց երբեմնի հարևանների սրբությունները:
         – Որոշել եմ եկող տարի գմբեթը կառուցել տալ,– ասում է Մահմադը: Նրա կինը, որ իր գործած ու հյուսած հուշանվերներն է վաճառում եկեղեցու սրահում, խոնարհաբար կանգնել է կողքին: Մենք փոքրիկ հանգանակություն ենք կազմակերպում՝ հուշարձանի խնամքին ու նորոգմանը նպաստելու համար: Այդ պահին կրկին լուսահոգի Հայրիկին ու Մարոյին եմ հիշում և ուղևորության իմ երկրորդ հուզմունքն ապրում:
        – Մահմա՛դ, գիտես չէ՞, որ հայերն ու քրդերը եղբայրներ են,– հրաժեշտից առաջ ասում եմ նրան՝ «եղբայր» բառն էլ քրդերեն՝ «բրայ» արտասանելով:
        – Եղբայրներ են, գիտե՛մ,– պատասխանում է նա և ձեռքն ինձ պարզում:
        Ջերմորեն սեղմում եմ Վարագավանքի մերօրյա պահապանի ձեռքը, ապա ակամայից ձեռքս մեկնում նաև կողքին կանգնած՝ մեր երգած «Առավոտ լուսոյից» թեթևակի հուզված տիկնոջը: Քրդուհին այնպես է շանթահարված մի քանի քայլ հետ գնում, որ ես, մեղմ ասած, շատ անհարմար վիճակում եմ հայտնվում: Ինչպես էի մոռացել, արևե՛լք է, չէ՞...
       Խմբի անդամները կոնֆետներ են բաժանում հավաքված երեխաներին, որի արդյունքում նրանց թիվը կրկնապատկվում է: Այդ ժամանակ էլ նկատում եմ, որ նրանց աչքերի գույնը ինչ-որ հետաքրքիր երանգ ունի, մի տեսակ գորշակապտականաչավուն, թե՞ պայծառ ճահճագույն, իսկ փոքրիկ աղջնակներն ու տղաներն այնքան բարետես են ու սլացիկ... Տեսնես քրդական ի՞նչ ցեղից են սերված, հայեր ժամանակին ձուլվե՞լ են նրանց...
       Վարագավանքից սլանում ենք դեպի... Աղթամա՜ր... Չէ, երա՛զ չէ, իրականությո՛ւն է: Գրեթե ողջ ճանապարհն անցնում է Վանա լճի ափերով: Լճի գույները... Իրար հերթագայող մուգ կապույտ, բաց կապտականաչ, պայծառ փիրուզագույն, վառվռուն ծովականաչ, մաքրամաքուր երկնագույն, տեղ-տեղ էլ... վճիտ-վճիտ կաթնագույն... Այս գույների խաղն ուղեկցում է ողջ ճանապարհին և անընդմեջ ասում, որ Վանը բոլորովին էլ Սևանը կամ Ուրմիան չէ, որ Վանը մեր աստվածընծա սրբազնագույն լիճն է, որ այստեղ է լողացել դյուցազնածին Ծովինարն ու խմել լիճը թափվող քաղցրահամ աղբյուրի ջուրը, որ այստեղ է իջևանել ջրերի և անձրևների մեր Նար դիցուհին...
         Արդեն երևում է Աղթամար կղզին, որ լողացող կրիայի է նման (Լիմն ու Կտուցը արդեն հեռվից տեսել ենք, իսկ Արտերը մի քիչ խորքում է): Հեռվից արդեն ուրվագծվում է Աղթամարի վանքը, որ թուրքական կառավարության միջոցներով վերջերս վերականգնվել է: Առաջին հայացքից փոքր թվացող մոտորանավակի մեջ բոլորս ազատ տեղավորվում ենք և լողում դեպի կղզին: Հակառակ կողմում վեհաշուք Արտոսն է՝ Շատախի լեռների նշանավոր գագաթներից մեկը, իսկ Առնոսը չի երևում, խորքում է.
       Առնոսա սար ցանած գարի, լե-լե, լե-լե, լե-լե, ջա՛ն,
       Արտոսա սար ցանած գարի, լե-լե, լե-լե, լե-լե, ջա՛ն,
      Գյարին տանեմ, տամ խնձորի, լե-լե, լե-լե, լե-լե, ջա՛ն,
      Խնձոր հորոխկեմ իմ յարին, լե-լե, լե-լե, լե-լե, ջա՜ն...
      Արտոսն այնքան կանոնավոր ու գեղեցիկ է՝ շատ նման հորիզոնական դիրքով դրված եռանկյուն պրիզմայի: Հելենն ինձ հատուկ լուսանկարում է իմ անվանակից լեռան հետ և խնդրում նավակի վրա      Աղթամարի մասին մի երգ երգել՝ տեսագրելու և ամերիկաբնակ հարազատներին տանելու համար: Իսկույն հիշում եմ շատախցիների «Տ’էրթամ Աղթամար» սիրերգը, Հելենն ինքնագոհ նկարում է, իսկ ես հուզված երգում եմ...
       Նստիր իմ գյամին, տ’էրթամ Աղթամար,
      Մատաղ տըկտրիմ քյո խաթրի խամար,
      Ո՛ւյ, ո՛ւյ, ույ-ույ-ո՛ւյ, տ’էրթամ Աղթամար,
       Մատաղ տըկտրիմ քյո խաթրի խամար...
        Աղթամարի վանքը, որ «լողացող կրիայի» վզի մասում է, արդեն մեր աչքի առջև է: Մակույկից դուրս գալով՝ այնպիսի մի զգացում եմ ունենում, որ կարծես իմ վաղուց կորցրած մերձավոր հարազատին եմ գտնում... Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես՝ խոնարհվում եմ կղզին եզերող գետաքարե պարսպին և բոլորովին մոռանալով որտեղ գտնվելս՝ համբուրում եմ պարսպի քարերը... Մի քաղցր տրտմությամբ համակված՝ դեպի վանք եմ բարձրանում:
        Ողջ կղզու վրա միայն բազմաթիվ նշենիներ են աճում, որոնց պտուղները մեծ մասամբ դառն են, բայց այնքան գեղեցիկ են նրանք, ու այնքան բազմատես են նրանց պտուղները՝ երկարուկ, կլորավուն, ուռուցիկ...
       Վերականգնված վանքը մոտիկից աննկարագրելի է. սեփական աչքերով տեսնում եմ նկարներից ու պատկերագրքերից ծանոթ ու հարազատ գմբեթը, զանգակատունը, անթիվ-անհամար որմնաքանդակներն ու դեռևս պահպանված որմնանկարները... Ամենուրեք զարմանալի մաքրություն և խնամք է զգացվում, իսկ խորանում հայերեն ու անգլերեն մակագրություն կա՝ «Մոմավառության համար»...
        Մոմ վառելիս Աստղիկն ասում է. «Ինչքան Վանի երգ գիտես, երգի՛ր...»: Ես, իհարկե, չեմ մերժում, երգում եմ «Դլե յամանն» ու «Վարդն ի բացվեն», «Հայրիկ, Հայրիկն» ու «Ախ, Վասպուրականը»... Տաճարի առաստաղից կարծես մի լուսավոր թախիծ է կաթում աղոթողներիս վրա...
         Հետո... կատարվում է մի անհավատալի բան... Ես, որ կյանքումս երբեք ծով չեմ գնացել, լողալ ընդհանրապես չգիտեմ (Սևանում էլ երբեք չի հաջողվել մի կարգին լողալ սովորել)... լավ էլ լողում եմ Վանա լճում... հատուկ այսօրվա համար գնված լողազգեստով... Ինձ միանում են աղջիկները և վարորդ Նորայրը, որ Վանում լողալու արդեն մեծ փորձ ունի: Ճիշտ է, լպրծուն ծովաքարերի վրայով ջուրը մտնելու առաջին իսկ րոպեին մի լավ շրմփում եմ, բայց հարազատ ծովակի աղի ջուրը հարազատորեն կասեցնում է իմ անկումը, և զարմանալիորեն նույնիսկ քերծվածք էլ չեմ ստանում...
Կղզում ծանոթանում ենք Ստամբուլից եկած մի համակրելի նկարչուհու՝ Նևին Ռիշանի հետ, նա ազգությամբ քուրդ է, իսկ տատը՝ հայ: Նևինն ասում է, որ ինքը հատուկ Աղթամարի համար է այստեղ եկել: Ես ուշադիր լսում եմ նրա և Աշոտի թուրքերեն զրույցը և հասկանում, որ նա լուսահոգի Հրանտ Դինքի մերձավորներից է եղել: Նևինը ուզում է ինձ հետ էլ զրուցել, բայց թուրքերենի իմացությունս չի բավարարում զրույցը շարունակելու համար:
          Հետդարձին, ջերմորեն պատասխանելով մեզ ողջունող ֆրանսիացի զբոսաշրջիկների՝ մեր կողքով անցնող նավակին, հասնում ենք նավահանգստի մոտակայքում գտնվող խորտկարանը: Նրա տերը ակնհայտ հայկական արմատներով Իբրահիմն է, որի երեք որդիները արտաքուստ կարծես Երևանի կենտրոնում ծնված հայ տղաներ լինեն՝ ավագը թխահեր է, միջնեկը՝ շագանակագույն մազերով, իսկ կրտսերը՝ գրեթե շիկահեր: Աբրահամի (իր համաձայնությամբ ես այդպես եմ նրան անվանում) պանդոկում էլ կատարվում է մեր երազանքներից մեկը, առանց որի թերի կլիներ ուղևորությունը. այստեղ մենք ճաշակում ենք Վանի հռչակավոր խորոված տառեխն ու ժաժիկը: Լճի կիսաաղի մասերում ապրող ձուկը, ի դեպ, չունի ձկան բնորոշ սուր համը, այլ մի տեսակ մեղմ ու չափավոր համ ունի:
Մեր հաջորդ կանգառը Մհերի դուռն է՝ Ագռավաքարը, որ Վանի արվարձանների մոտ է: Այս սրբազան ժայռերի վրա փորված դռան վրա Վանի թագավորության սեպագրերով դարերին են հանձնվել մեր հին աստվածների անունները, նրանց մատուցվող պարտադիր զոհաբերությունների չափերը... Այստեղ մեր Փոքր Մհերն է փակված՝ հիասթափված աշխարհի անարդարություններից, որ ամեն տարի Համբարձման ու Վարդավառի գիշերներին, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, իր հրեղեն նժույգով դուրս է գալիս քարայրից, շրջում երկնքում և, տեսնելով որ աշխարհը դեռևս չի բարեփոխվել, վերադառնում է իր կացարանը: Վանեցիները, ի դեպ, այս քարայրին անվանել են Զըմզըմ մաղարա, որ ակնհայտորեն նույնարմատ է արևելյան հեքիաթներից քաջածանոթ Սիմսիմ քարանձավի անվան հետ...
         Խմբի ջահելներին ու Աստղիկին հաջողվում է հասնել դժվարամատչելի բարձունքին գտնվող «Իղձերի դռանը», նրանք հերթով աջ ձեռքի ափով խփում են մուտքին՝ ի կատարումն իրենց նվիրական իղձերի և ի զարմանս ներքևից նայող քուրդ «հանրության»...
        Մայրամուտն արդեն մոտ է, վերջապես հասնում ենք Վանի ամրոցին: Բերդն ամբողջովին ողողված է մայր մտնող արևի նարնջագույն ցոլքերով: Կիսավեր դարպասով և ոլորաններով հասնում ենք բարձունքին և... այստեղ էլ խորապես համոզվում, որ միանգամայն ճիշտ են վանեցիները, երբ ասում են, որ դրախտը հենց Վանն է...
Վանի բոսորագույն արևը մայր է մտնում Սիփանի լանջին, և միաժամանակ արծաթափայլ լուսինն է բարձրանում Վարագա լեռան լանջն ի վեր... Այսպիսի պատկեր տեսնել՝ միայն երազել կարելի էր... Բերդի ստորոտում ավեր Քաղաքամեջն է՝ հին քաղաքը, իսկ քիչ հեռու՝ իր բազմահարկ շենքերով ու արդեն վառվող լույսերով ձգվող Խաչփողանը...
Խմբի տարեց մասնակիցները Աշոտի հետ ներքևում են մնացել, իսկ բերդը բարձրացողներիս Աշոտի հանձնարարությամբ երկու քուրդ տղաներ են ուղեկցում: Նրանք մեզ հետ հաղորդակցվում են թուրքերենախառն անգլերենով, շատ պատրաստակամորեն բարձրանալիս և իջնելիս օգնում են աղջիկներին: Ոգևորված պատմում են բերդին հարակից դամբարանների մասին, որոնցում ամփոփված են    Վանի թագավորության հզորագույն արքաների աճյունները...
       Անուշը անգլերենով հարցաքննում է քուրդ տղաներին.
     – Դուք դպրոցում քրդերեն անցնո՞ւմ եք:
      – Ո՛չ,– ընդգծված դժգոհությամբ պատասխանում են նրանք,– միայն թուրքերեն և անգլերեն...
      – Ոչի՛նչ, – հույս է տալիս Անուշը,– կգա ժամանակ, երբ բոլորդ քրդերեն էլ կանցնեք...
        Ես հետաքրքրվում եմ, թե ներկա վանեցիներն ի՞նչ քուրդ երգչի են հաճախ լսում:
      – Շվան Փարվարին,– միաժամանակ պատասխանում են տղաները:– Չե՞ք լսել Շվան Փարվարի մասին, նա Երևանում էլ է համերգներ տվել...
       Տղաներից յուրաքանչյուրն իր բջջային հեռախոսով իսկույն հրամցնում է երգչի երգերի իր կազմած փունջը, և արդեն խորհրդավոր մթությամբ համակված բերդը լցվում է մի աննկարագրելի աղմուկ-աղաղակով...
        Բերդի ստորոտում տեղակայված թեյարանում հանդիպում ենք Վանի կենդանի խորհրդանիշին՝ Վանա կատվին, որի աչքերից մեկը փիրուզագույն է, մյուսը՝ մեղրագույն... Թեյարանի տիրոջ կատուն վազելով հասնում է ոտքերիս ու բարի-բարի մռլտոցով ոտքերիս հպվում...
       – Ոնց էլ իմացավ, որ կատվի կենդանակերպի տարում եմ ծնվել ու մի քիչ էլ վանեցի եմ,– կատակում եմ ես...
       Հետաքրքիր է, որ թուրքերը Վանա կատվին գրեթե հայերեն՝ «Վան քեդիսի» են անվանում, երևի նկատի ունենալով նրա՝ ջրում լողալու և այլ առանձնահատկությունները, տարբերակում են սովորական կատուներից:
       Վանից հեռանալիս անասելի ցավ զգացի. կարծես իմ ծննդավայրից էի հեռանում... Վաղ առավոտ էր, վերջինը լուսանկարվեցինք քաղաքի հարավային մասում գտվող Վանա կատվի հրապարակում՝ ճերմակ մարմարից քանդակված տարագույն աչիկներով կատվի ու իրեն այնքան նման ձագուկի հետ, և սլացանք լճի հարավային մասերով: Ձախ կողմում Ռշտունիքի ու Շատախի լեռներն էին, մեզ այնքան հարազատ դարձած Արտոսը թախծալի հայացքով էր մեզ ճանապարհում...
       Զարմանալի զուգադիպությամբ Վանն առաջին անգամ տեսա սեպտեմբերի 25-ին՝ հիշելով, որ ուղիղ քսան տարի առաջ՝ 1987-ի այդ նույն օրն եմ առաջին անգամ եղել մեծ վանեցի Սիլվա Կապուտիկյանի տանը՝ մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում նրան նվիրված գրական միջոցառում կազմակերպելու առիթով...
...Կեսօրին արդեն Բիթլիսում ենք՝ հայկական Բաղեշում: Շատ ինքնօրինակ մի քաղաք է Բիթլիսը. զառիվայր ձորակի ուղիղ գլխավերևում քաղաքի հնամյա բերդն է, իսկ անմիջապես պարիսպների ստորոտից ասես իրար գլխի շարված են հին տները, որոնք ժամանակին բիթլիսաբնակ հայերն են կառուցել...
       Աշոտը նախ զգուշացրեց, որ այստեղի բնակիչները շատ տաքարյուն և անկանխատեսելի են, միաժամանակ թույլ տվեց «մի տասը րոպե» շրջել խանութներում:
       Որոշեցի այս անգամ մեն-մենակ մի քիչ քայլել ծանոթ-անծանոթ քրդաբնակ այս քաղաքում և «փորձարկել» ադրբեջաներենախառն թուրքերենի իմացությունս: Լսելով մոտակա կրպակներից հնչող՝       Տարոնի մեր ազգագրական երգերին շատ նման քրդական մի երգ՝ իսկույն քայլերս ուղղեցի կրպակի կողմը: Ես տարբեր ժողովուրդների էթնիկ երաժշտություն հաճախ եմ լսում, որոշեցի Բիթլիսից գնած հոլովակներով ևս հարստացնել իմ հավաքածուն:
         Խայտաբղետ «սիդիներով» լի խանութում մի երիտասարդ գլխաշորով կին է և բեղավոր մի տղամարդ, հավանաբար ամուսիններ են: Կինը, ինձ տեսնելով, անմիջապես ոտքի է կանգնում, ինչպես եվրոպական վաճառասրահներում կանեին: Իմ թուրքերեն վարժ բարևի պատասխանն ստանալուց հետո արդեն մեղմ ասած ոչ այնքան վարժ հարցնում եմ՝ ունե՞ն արդյոք քրդական ժողովրդական երաժշտություն: Տիկինը կապտավուն աչքերը փայլեցնելով հարցնում է.
      – Թուրքական երաժշտությո՞ւն եք ուզում:
       «Ա՛յ քեզ բան,– մտածում եմ,– քրդերն արդեն իրենց երաժշտությունը խառնում են թուրքականի հե՞տ»:
       – Քո՛ւրդ մյուզիք,– կրկնում եմ ես:
        Երրորդ, թե՞ չորրորդ անգամ կրկնելուց հետ, քրդուհին վերջապես տեղն է բերում.
       – Ա՛խ, քյո՛ւրդ մյուզիք իստիյորսունուզ...
         Ես հասկացա, որ կոպիտ արտասանական սխալ եմ թույլ տվել՝ «քուրդ» բառը պետք է հնչեր քմային «ու»-ով՝ «քյուրդ»: Սխալս ուղղելուց հետո վաճառասեղանին հայտնվում են մի ամբողջ շարք լազերային հոլովակներ՝ բոլորը, սակայն, տղամարդ երգիչների կատարմամբ: Երկուսն ընտրելուց հետո բառացի հարցնում եմ.
      – Աղջիկ երգիչ չկա՞:
       Քրդուհին նորից հարցը կրկնել է տալիս ու տարակուսած նայում ամուսնուն, տարակուսանքը փոխանցվում է նաև նրան:
       Ես անմիջապես հասկանում եմ, որ ադրբեջաներեն «երգիչ» բառը նրանք հաստատ չեն հասկացել, և վայ թե... ուրիշ կերպ են ընկալել ասածս...
      – Ա՛յ, սրանցից տվեք,– արագ-արագ ցույց տալով վաճառափեղկի վրա շարած քուրդ երգչուհիների տարազավոր և անտարազ պատկերներով հոլովակները՝ ասում եմ ես: Անհարմար վիճակից դուրս գալու համար հապշտապ երկուսն ընտրում եմ և կրկին իջնում թեք փողոցների հատման ձագարաձև մասում գտնվող փոքրիկ շուկայամերձ հրապարակը:
        Շուկա մտնող-ելնող մարդկանց, մեքենաների մեջ մի պահ մեր ճերմակ գազելը չեմ գտնում: Հայացքով որոնում եմ երկրորդ, երրորդ անգամ ու... էլի չկա... Լավ ամբողջ խմբից մեկն ինձ չհիշե՞ց գնալուց առաջ... Մոտ տասը րոպե տագնապած քայլերով «չափում եմ» հին Բիթլիսի նեղլիկ փողոցիկները: «Էլ ճար չկա, դիմեմ ոստիկանին: Ասեմ, որ «Բեն թուրիսթամ, Էրմենիստանդան գելիորում բուրա... և այլն...», հետո երևի խնդրեմ տաքսիով Մուշ ուղարկի... Չէ՛, ի՞նչ եմ ասում, ախր բոլորիս անձնագրերը Աշոտի մոտ են...»
         Այս տագնապահարույց մտքերի մեջ էլ ամբոխի մեջ հանկարծ նկատում եմ... մեր խմբի ավստրալահայ զույգերից Մանուկին ու Մանուշին և այդ պահին մտովի թուրքական բանտից ազատված կալանավորի զգացում ունենում... Պարզվում է, որ մեքենան ընդամենը իր կայանման տեղն է փոխել՝ թեքվելով կողքի համեմատաբար ազատ փողոցը:
         Մուշ քաղաք հասանք կեսօրից հետո: Մինչ այդ, ժամեր շարունակ սլացել էինք Մշո անծայրածիր դաշտով... Ես էլի թաքուն հուզվել էի՝ հիշելով Մշո Գորանու տողերը՝
Էն Մշու դաշտ կըսին հինգ հարուր գեղ ը,
Մեղրագետի ջուր լե հիվընդին դեղ ը.
Յարե-հա՛, յարե-լո՛, յարը՛մ Գորանի,
Յարե-հա՛, յարե-լո՛, յարը՛մ Գորանի:
Էն Մշու դաշտ կըսին հազար պաղ աղբուր,
Ըմենու ջրերուց անուշ էր ուր ջուր.
Յարե-հա՛, յարե-լո՛, յարը՛մ Գորանի,
Յարե-հա՛, յարե-լո՛, յարը՛մ Գորանի:
        Մուշը փռված է Սիմ լեռան ստորոտից իջնող աներևակայելի գեղեցիկ թեքության վրա: Օդը մեղմ է, մաքուր ու հաճելի: Պարզվում է, որ քաղաքի խորհրդանիշն էլ վարդակակաչն է, ինչպես Վանում Վանա կատուն էր: Հյուրանոցը, որ ողջ ուղևորության ընթացքում հանդիպած ամենահարմարավետն է, կրում է «Գյոքսեր» («Երկնածին») անունը:
      Մուշի փողոցներում այնքան շատ են սպիտակամաշկ, շիկավուն հայանման դեմքերը, որ բոլորս զարմանքից քար ենք կտրում: Ոչ պաշտոնական տվյալներով այս երբեմնի հայաշունչ քաղաքի բնակչության մոտ կեսը քրդացած հայեր կամ հայկական ծագումով քրդեր են... Կան նաև իրենց հայ համարող՝ ծպտյալ քրիստոնյա երեք հազար հայեր: Ասում են՝ Տարոնի դաշտն այնքան խիտ է բնակեցված եղել հայերով, որ նրանց մի մասը կարողացել է տեղահանությունից ու կոտորածներից երբեմն խուսափել ու թաքնվել մահմեդականություն ընդունելու և քուրդ ձևանալու գնով...
Ավելին, քրդական հանրությունից իրենց առանձնացնող և ինքնուրույն լեզու կրող տեղաբնակ զազաներին ոչ միայն հեռավոր անցյալում ձուլվել են բազմաթիվ հայեր, իշխանական ու թագավորական տոհմեր, այլև քսաներորդ դարասկզբի համազգային աղետի օրերին նրանց մոտ են ապաստանել տասնյակ հազարավոր հայ հայրենակիցներ: Երևանում, ընկերոջս տանը ամիսներ անց կտեսնեմ մի տեսագրություն, որտեղ Ավստրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենում Դերսիմի Հոզաթ ավանում ծնված և զազաների մեջ մեծացած հայկական արմատներով երգիչ, երաժիշտ և երգահան Միքայել Ասլանը, ու կվերհիշեմ Կոմիտասի բեռլինյան համերգների մասին կարդացածներս...
       Փաստորեն, համայն հայության հայրենիք Հայաստանը, նրա նորաստեղծ սփյուռքի նախարարությունը իրենց արմատներին վերադարձող օտարացած հայերի խնդիրներում նոր մարտահրավերների առջև են կանգնելու...
       Մայրամուտի կողմ գնացինք Մուշի հին թաղը, որտեղ հայկական տները պահպանվել էին գրեթե նույնությամբ, ինչպես եղել էին հարյուր տարի առաջ: Մեքենան արգելակելու առաջին իսկ պահից գրեթե լրիվ ավերված Մայր եկեղեցու մոտ երեխաների ու մեծերի մի ամբողջ բազմություն հավաքվեց: Երեխաներից մի քանիսի ձեռքին ուռենու ճյուղերից պատրաստված խաչեր կային: Մոտեցա նրանցից մեկին և, խաչը ցույց տալով, թուրքերեն հարցրի.
     – Սա ի՞նչ է:
      – Հաչ...– պատասխանեց նա:
        Ա՛յ քեզ բան, ուրեմն մահմեդականություն ընդունելուց հետո էլ հայերը կենցաղում պահում են խաչի պաշտամունքը...
        Հայկական թաղից շարժվելով դեպի գետակի կողմը՝ հասնում ենք այն տեղին, որտեղ ժամանակին Սուրբ Մարինե եկեղեցին է եղել, քիչ այն կողմ դպրոցի փոքրիկ շենքն է, ուր ժամանակին սովորել են մեր առասպելացած հայդուկներից շատերը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչի» հերոս Մախլուտոն... Դիմացի սարալանջին Մուշի հին գերեզմանատան հետքերն են, որտեղ դեռ երևում են տեղահանված շիրմաքարերը... Տե՛ր Աստված, տեսնես այդ շիրմաքարերի մեջ պահպանվե՞լ է Գևորգ Չաուշի տապանաքարը...
Այդ հոգեմաշ մտքերի մեջ էի, երբ մեզ մոտեցավ ճերմակ գլխաշորով, կանաչավուն աչքերով տարեց մի կին՝ արցունքն աչքերին: Նա կարծես ուզում էր բոլորիս տեղավորել իր թախծոտ, ընկճված հայացքի մեջ: Մուշի օտարացած հայերի այն ներկայացուցիչներից էր նա, որոնք անբացատրելիորեն ուզում են շփվել իրենց հայրենակիցների հետ՝ առանց հայերեն մի բառ իմանալու... Նրա անունը Փարիխան էր:
Քիչ հետո մեզ մոտեցավ նաև Փարիխանի թոռը՝ հայ տղայի այնքան նման մի պատանի, լուսանկարվեցինք նրանց հետ...
      Երբ Եփրատ՝ Մուշից ոչ հեռու գտնվող Սուլուխի կամուրջ հասանք, արդեն մթնում էր: Կիսամթի մեջ՝ հենց կամրջի վրա, ավստրալահայ ամուսիններ Շաքեի և Հովհաննեսի հետ հիշեցինք Գևորգ Չաուշի ողբը.
Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին
Տոն է բազմաշխատ մահվան Գևորգին,
Ֆիդայիների էն առյուծ քաջին...
         Քիչ հեռու եղեգնուտներ են երևում: Երևի հենց այնտեղ էլ, ի՛նչ զուգադիպություն՝ ուղիղ հարյուր տարի առաջ, մահացու վիրավոր Գևորգը ընկերներին խնդրել է հեռանալ և շարունակել պայքարը հանուն հայրենիքի.
Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս՝ Անդրանիկ քաջին,
Ձգեք զիս այստեղ, ծածկեք զիս խոտով,
Գացե՛ք, ընկերնե՛ր, գացե՛ք դուք բարով...
        Լուսնի լույսի տակ Եփրատը շողշողում է մուգ փայլաժապավենի նման: Շարունակում ենք ազգային-հայրենասիրական երգեր հիշել, որպես հիշատակ՝ դաղձ ու փոքրիկ գետաքարեր հավաքել գետափից, բայց... Եփրատի դաժան մոծակներն այնպիսի ահավոր խայթոցներով են մեզ դիմավորում, որ հայրենաբաղձությունն ստիպված է լինում փոքր-ինչ «տեղի տալ»...
        Ընթրիքը կազմակերպվել էր Մուշի ամենաազդեցիկ ռեստորաններից մեկում, կողքի սրահում ճաշում էր ոչ այլ ոք, քան ինքը՝ Մուշի քաղաքապետն իր շքախմբով:
     – Այստեղ, ի դեպ, շատ հանգուցային պաշտոններ հայկական ծագումով անձինք են զբաղեցնում, այս նմանը չունեցող հացն էլ տեղացի հայի փռում է թխվում,– ասում է Աշոտը:
Իսկապես, Մուշի հացից ստացած տպավորությունը գերազանցեց մինչ այդ հացի մասին ունեցած մեր բոլոր պատկերացումները: Արտաքուստ երևանյան մատնաքաշի և պուրիի միջին մի տարբերակ հիշեցնող նորաթուխ հացի բուրմունքն ու համը աննկարագրելի էր: Ա՛յ քեզ Մշո դաշտի ցորենով, հայի ձեռքով Մուշ քաղաքում թխված հաց...
       Ընթրիքից հետո ինձ անակնկալ էր սպասվում: Աշոտին մոտեցավ բեղավոր, սասունցու բնորոշ արտաքինով մի մարդ, զրուցեց Աշոտի հետ, ապա ինձ նայելով մոտեցավ և, հին ընկերոջ պես հետս ողջագուրվելով, ասաց անունը՝ Հայկ: Ես հասկացա, որ նա էլ հենց Մուշի նշանավոր փռապանն է: Նրա մասին Երևանում ինձ ասել էր արմատներով սասունցի իմ ընկերներից մեկը: Հայկ-Հայրաթթինը փաստորեն իմ ընկերոջ նորահայտ մահմեդականացած ազգականն է: Նա իր հորեղբորորդու հետ էր եկել, որ մեղրագույն աչքեր ուներ և բավական թուխ դեմք, նրա անունն էլ Սերոբ-Հայրաթթին էր:
        «Մեր պապը հինգ-վեց տարեկան փոքրիկ տղա է եղել, երբ քրդերը փրկել են նրան եղեռնից...»,– հետո կպատմի Սերոբը:– Պապիս անունը Սեփո է եղել, տատինս՝ Նուբար... Մուշի օտարացած հայերից նաև իմացա, որ այնտեղ մինչև հիմա պահպանվում է Աղբյուր Սերոբի անձնական ատրճանակը, և որ նրա տերը ցանկություն ունի Հայաստանի պատմության թանգարանին հանձնել մասունքը:
Հյուրանոց վերադառնալիս շրջեցինք երեկոյան Մուշի թեք փողոցներով: Մուշում զգացածս շատ նման էր Վանում իմ ապրած պահերին՝ նույն հայանման դեմքերի առատությունը, նույն սրտաճմլիկ հարազատությունը, նույն իրար խառնված հպարտությունն ու վիրավորանքը, ուրախությունն ու թախիծը...
        Մուշում, իհարկե, թևանցուկ տղաներ չկային, բայց այստեղ էլ ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել կշեռք կամ կոշիկ մաքրելու պարագաներ գրկած փոքրիկ տղաների:
           Այստեղ էլ քրդական երաժշտության հոլովակներ գնեցի, վերջապես գտա նաև Շվան Փարվարի երգերը, նրանց մեջ՝ զամբյուղավաճառի ու իշխանուհու սիրո մասին պատմող հանրաճանաչ «Զամբիլֆրոշ» քրդական ժողովրդական սիրավեպը, որի պատումները ժամանակին տարածված են եղել նաև Տարոնի, Վասպուրականի և Մոկսի հայության շրջանում:
        Երեկոյան Մուշի հյուրանոցի իմ հարմարավետ համարում որոշում եմ հեռուստացույց նայել (արդեն հինգերորդ օրն է, որ տեղեկատվության ոչ մի միջոցի հետ չեմ առնչվել), սակայն պարզվում է, որ այստեղի մի քանի տասնյակ հեռուստաալիքները բացառապես թուրքական են: Ստիպված նայում եմ թուրքերեն լրատվություն, ապա թուրքական երաժշտական ալիքը:
Լուրերի մեջ ցուցադրվում են Բիթլիսում քրդերի կողմից երեկ իրականացված ահաբեկչության, զոհվածների հուղարկավորության դրվագները, իսկ երաժշտական ալիքում ուշադրությունս գրավում է տեսահոլովակներից մեկը. երիտասարդ երգչի անուն-ազգանունը՝ Բերդան Մարդինի է: Նա երգում է սիրած աղջկա և իրենց ապագա մանչուկի մասին մի քնարական երգ: Ամենևին ոչ թուրքական արտաքինով՝ կանաչավուն աչքերով այս թուխ երգչի քրդական արմատներն ակնհայտ են: Ավելին՝ նրա ազգանունը, որ բառացի նշանակում է «մարդինցի» (Մարդինը պատմական Հայաստանի քաղաքներից է՝ Տիգրանակերտից ոչ հեռու), հուշում է նաև նրա արմատների՝ զազա քրդերի հետ հնարավոր առնչության մասին (մոտ չորս միլիոն կազմող զազաներից շատերն են իրենց համարում հայերի սերունդներ, և նրանց լեզվի բառապաշարում բազմաթիվ հայերեն բառեր կան): Այնքան համոզիչ է թվում այս վարկածը, որ անգամ սկսում եմ կասկածել՝ երգչի անունը արդյո՞ք հայ-իրանական Վարդան անվան հնչյունափոխված ձևը չէ...
         Մուշում արթնանալու առաջին վաղ առավոտյան, թեթև նախաճաշից հետո շտապում ենք դեպի հարավ՝ Մշո Առաքելոց կամ Թարգմանչաց վանք, առասպելացած մի սրբավայր, որը հիմնադրել է ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը և որը միջնադարում դարձել է հայ դպրության և գրչության ամենանշանավոր կենտրոններից մեկը: Այստեղ հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներ Գևորգ Չաուշն ու Անդրանիկ Զորավարն են իրենց փոքրաթիվ հայրենասերներով մոտ մեկ ամիս պաշարման մեջ կռվել օսմանյան կանոնավոր զորքի դեմ...
Մշո դաշտից բարձրանում ենք քրդաբնակ Արագ գյուղը, հարևան գյուղն էլ հայտնի Բերդակն է, իսկ դիմացի լեռներից այն կողմ նշանավոր Շենիկը, Սեմալը, Գելիեգուզանը պետք է լինեն: Մեքենան տարեց մասնակիցների հետ սպասում է բարձունքի ստորոտում, ծխախոտի դաշտի մոտ, իսկ մենք լանջն ի վեր բարձրանում ենք դեպի վանք: Մեզ սիրահոժար ուղեկցում է մեր օտարացած, բայց ակնհայտորեն կրկին հայկական արմատներին վերադարձող հայրենակիցը՝ Սերոբ-Հայրաթթինը:
         Վերելքի պահին հանկարծ հիշում եմ, որ Առաքելոց վանքը նաև կոչվել է Տիրինկատարի վանք. ա՛յ քեզ բան, ուրեմն մենք բարձրանում ենք... Տիրինկատար կամ Ծիրնկատար լեռան լանջն ի վեր... Կրկին արթմնի երազ... Ուրեմն քիչ հետո... Մարաթուկն ենք տեսնելու, դիմացը Սասնա լեռներն են...       
        Վանքի տարածքում, ավա՛ղ, շատ բան չէր պահպանվել... Մի փոքրիկ զանգակատուն էր մնացել և գլխավոր եկեղեցու խորանը... Մինչև անցյալ դարի կեսերը կանգուն մնացած ինը նրբահյուս խաչքարերի հետքն անգամ չկար... Երկու սառնորակ աղբյուրներից մեկի կողքերի շարվածքի մեջ խրված՝ ճերմակ խաչքարի միայն մի բեկոր տեսա... Այդ մասունքն ամիսներ շարունակ չի հեռանա իմ հիշողությունից, մանավանդ երբ պատմաբան ընկերս հիշեցնի, որ վանքի տարածքում են ժամանակին ամփոփվել պատմահայր Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Դավիթ Անհաղթի և մեր մշակույթի ու դպրության շատ ու շատ այլ մեծամեծերի աճյունները... Վանքի աղբյուրի մոտ անցկացրած ծանր ապրումների պահին հիշեցի «Ակունք» ազգագրական համույթի իմ ավագ ընկերոջը՝ արմատներով սասունցի Սարգիս Բաղդասարյանին, նրա անզուգական ձայնն ու հայրենակարոտ երգերը... Առաքելոցի սառնորակ ջրից մի շիշ վերցրի հատուկ Սարգսի համար և այդ պահին էլ նկատեցի մեր աստվածաբնակ լեռան՝ Մարաթուկի կատարը, որ վեր էր խոյանում Սասնա երկնասլաց լեռների բարձունքներից... Կիսավեր վանքի՝ քամուց պաշտպանված պատերի տակ մոմ վառեցինք ու խունկ ծխեցինք՝ ի հիշատակ հայրենիքի ազատության համար զոհված մեր հայդուկների, երգեցինք հոգևոր երգեր և Հայաստանի օրհներգը...
           Իջնելիս Ծիրնկատարի լանջից ալոճ հավաքեցինք, երկգույն՝ սովորական-մարջանագույն և... դեղնականաչ-սերկևիլագույն... Իսկ վերևում՝ վանքի երկու աղբյուրների միախառնումից առաջացած գետակի ափերին սովորականից բավական մեծ կրիաների հետ լուսանկարվեցինք: Ողջ ճանապարհին նաև ոսկեգույն ու արծաթագույն ազնիվ փայլով քարեր հավաքեցինք, որոնք արմատներով մշեցի ու սասունցի մեր հայրենակիցների համար ամենանվիրական մասունք-հուշանվերներ դարձան:
          Հաջորդ օրը իմ հիշողության մեջ կմնա որպես Սուրբ Կարապետի օր: Էրզրում՝ հայոց Կարին գնալու ճանապարհին անցնում ենք Մշո դաշտի մնացած ողջ հատվածը և մեր դիմաց հառնում է նշանավոր Քարքե լեռը, որի բարձունքին էլ բազում-բազում երգերից ու ավանդություններից հայտնի ու հարազատ Սուրբ Կարապետի վանքն է:
Սուրբ Կարապետ՝ բանձրիկ-բոլոր,
Ուր ճամփաներ օլոր-մոլոր,
Ուր դուռ կիգեր շատ ըխտավոր,
Բոլորին կէներ բախտավոր,
Մշո սուլթան Սուրբ Կարապետ...
          Քարքեի անտառապատ լանջերի ոլորաններով բարձրանալիս՝ ճանապարհի աջ կողմում, մի առատահոս աղբյուր ենք տեսնում, իսկույն «ճանաչում եմ»՝ Սերոբի աղբյուրն է. այստեղ է հաճախ գիշերել ու կռիվներից հետո հանգստացել մեծ հայդուկապետը...
Սուրբ Կարապետ՝ զորավոր խաչ,
Խաչն է օսկի, քարն է կանանչ,
Մարդ կա՞ էնօր չէղնի ճանանչ,
Իննակավոր Սուրբ Կարապետ,
Մշո սուլթան Սուրբ Կարապետ...
         Քարքեն այնպիսի դիրք ունի, որ զարմանալի տիրական վեհությամբ է իշխում Մշո դաշտի և ողջ Տարոն աշխարհի վրա: Հասնում ենք լեռան վերին լանջերը, քրդաբնակ գյուղի մատույցներում ենք: Բայց այս ի՞նչ է... Որոշ տների պատերի շարվածքը տեղ-տեղ սրբատաշ քարից է, մի մասի պատերին էլ... խաչքարեր, խաչքարերի մասեր են ագուցված՝ երբեմն հորիզոնական դիրքով, երբեմն էլ... գլխիվայր... Իսկ երբեմնի փառահեղ տաճարից միայն ցավալի մնացորդներ են պահպանվել, որոնք, ավա՛ղ, շաղախի և քարաբեկորների միաձուլված կույտեր են հիշեցնում... Խորանի մի հատվածն է միայն մնացել...
          Գրեթե ողջ գյուղի բնակչությունը հավաքվել է մեր շուրջը, նախկին հզոր տաճարի ավերակների մոտ ընկճված և մի տեսակ ամոթահար արտասանում ենք «Հայր մերը», վառում մոմի վերջին հատիկները, խմում Սուրբ Կարապետի աղբյուրի ջուրը... Վանքի մոտակայքում գտնվող աղբյուրը Լուսավորչի անունն է կրել, որ ժամանակին կառուցել է հայոց Տրդատ Մեծ արքան: Նրա քարե ավազանում բազմաթիվ հայեր են մկրտվել: Սուրբ Կարապետը, որ նաև կոչվել է Գլակավանք կամ Իննակնյան վանք, հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, համարվել է ամենազորավոր սրբատեղիներից մեկը, բուժել է հիվանդություններ, կատարել ուխտավորների ամենանվիրական իղձերը, պարգևել արվեստների և այլ շնորհներ...
Ոտքս բոբիկ, ձեռիս մոմեր,
Էկա հասա չուր Մուրադ գետ,
Մուրադըմ տուր, նոր դառնամ ետ,
Մուրադատու Սուրբ Կարապետ,
Մշո սուլթան Սուրբ Կարապետ...
         Հետդարձին բոլորս լուռ ենք, միայն տիկին Շաքեն է ինքն իր համար կամացուկ երգում.
Սուրբ Կարապետ վանքին մոտիկ
Կար աղբուր մը խորոտիկ,
Ով որ խմեր պուտ մը ջրիկ,
Կհովանար ուր սրտիկ...
        Բոլորս, իհարկե, խմեցինք սրբազան ջուրը, բայց մեր սրտիկները հազիվ թե հովանային, մանավանդ վերջին տեսարաններին ականատես լինելուց հետո...
Սթափվում եմ, երբ պատմական Հայաստանի Բարձր Հայք կամ Կարնո աշխարհի մատույցներում ենք... Մի պահ մտովի պատկերացնում եմ 1915 թվականի գարնան այն մղձավանջային օրերը, երբ մեր հայրենիքի այս անծայրածիր տարածքներում տեղի էր ունենում դարի ամենանողկալի ոճրագործությունը... Այստեղ, իր բնօրրանում, ոչնչացվում կամ տեղահանվում էր հազարամյակներով իր հողին կապված մի հին ժողովուրդ, որ հնավանդ բարբառներ ու տարազներ ուներ, հինավուրց ավանդույթներ, գիր ու դպրություն, արհեստներ ու արվեստներ... Այս անծայրածիր տարածքում ինչպե՞ս է կազմակերպվել ու իրականացվել նմանը չունեցող այդ հրեշավոր նախճիրը...
          Կարին քաղաքում, ցավոք, հայկական շունչ բոլորովին չզգացինք: Ամբողջովին օտարացած, արևելյան խառնափնթոր մի քաղաք էր՝ համեմված Ռամազանի պատճառով ցերեկային ժամերին փակված խանութներով (այդպես էլ Կարնո արծաթագործների գործերից ոչ մի հուշանվեր գնել չհաջողվեց) և մոլլայի ավելի աղեկտուր ողբ ու կականով: Բնակչությունը հավասարապես քրդերից և թուրքերից էր բաղկացած, և դա փողոցներում էլ էր նկատվում... Քաղաքի հնավայրերից միայն Կարնո բերդը մտանք, որտեղ մեր ազգային ճարտարապետության ոգուն շատ հարազատ կառուցված եկեղեցու վրա տեսանք «Մզկիթ-եկեղեցի» խիստ արտառոց մակագրությունը...
         Կարինի հետ հանդիպումն էլ փաստորեն թռուցիկ բնույթ կրեց, և մենք շուտով, անցնելով Բարձր Հայքի հարազատ-հարազատ լեռներով ու սարահարթերով, դաշտերով ու ձորերով, նորից դեպի Կարս էինք վերադառնում: Ամենաարժանահիշատակը այդ ընթացքում Բասենի դաշտի յոթնաթռիչք Հովվի կամուրջն էր, որ կառուցված էր Արաքս և Մուրց գետերի միախառնման մասում: Բասենի կամրջի մոտ անմիջապես հիշեցի լրագրության իմ ուսուցիչ և լավագույն բարեկամ Մարգո Ղուկասյանին. նրա ծնողները ծնունդով այս կողմերից են եղել: Նրան Երևանում կնվիրեմ Արաքսի ափից վերցրած գետաքարը և Հովվի կամրջի՝ իմ կողմից արված մեծադիր լուսանկարը...
          Երեկոյան հասնելով մեր հին ծանոթ Կարս՝ այս անգամ իջևանում ենք Կովկասյան համալսարանի հյուրերի տանը, որ քաղաքի նորակառույց արվարձանում է: Ընթրիքից վերադառնալիս Աշոտը միջանցքում ծանոթացնում է համալսարանի ադրբեջանցի դասախոսներից մեկի հետ՝ ասելով, որ նրա հայրենակիցն եմ:
        – Աշո՛տ, էդ երբվանի՞ց ես Նախիջևանը Ադրբեջան համարում,– ընդդիմանում եմ ես:
          Պարզվում է, որ Իզեթը ծնունդով Զաքաթալայից է, Բաքվի համալսարանից գործուղվել և այստեղ ռուսաց լեզու է դասավանդում: Մինչ նա իր դժգոհությունն էր հայտնում մեր երկու ժողովուրդների միջև ստեղծված անջրպետի, մտավորականության կողմից երկուստեք քայլեր չձեռնարկելու առնչությամբ, մեզ միացավ ռուս գրականություն դասավանդող ևս մի ադրբեջանցի դասախոս՝ Խուրշուդը:             Նա, ի տարբերություն իր հայրենակից-գործընկերոջ, զարմանալիորեն շիկավուն արտաքին ուներ և ծնունդով Հայաստանից էր՝ Ամասիայից:
        – Փաստորեն, Կարսում հանդիպել են ծննդավայրից զրկված երկու բախտակից,– փորձում է փիլիսոփայել Իզեթը:
        Խուրշուդը հետաքրքրվում է իր ծննդավայրով, ասում, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մի ժամանակ շատ մտերիմ ընկեր ուներ: Իմանալով, որ ծնունդով Նախիջևանի Ազնաբերդ գյուղից եմ, ասում է, որ երկու անգամ եղել է այնտեղ, գյուղի կենտրոնում տեսել եկեղեցին, բայց դա 1990-ականների սկզբին է եղել...
         Կարսում արդեն երկրորդ անգամ արթնանալով վաղ առավոտյան՝ անսպասելիորեն զգում եմ, որ մեր երբեմնի խստաշունչ քաղաքում արդեն գրեթե ձմեռ է: Իրոք, քիչ հետո տեսնում ենք, որ մեքենայի ապակիները սառել են՝ չնայած դեռևս սեպտեմբերի 30-ն է:
          Այդ ցրտաշունչ առավոտն էլ ուղևորությանս ամենածանր ժամը կլինի. անչափ տխուր կլինի հրաժեշտ տալը հարազատիդ, որին էլ չես տեսնելու գուցե և ընդմիշտ, որն ընդամենը մեկ շաբաթով քո կողքին է եղել, բայց դարերով ու հազարամյակներով նրա ոգին քոնն է եղել ու, միևնույնն է, քոնը կլինի...
 
2007, սեպտեմբեր-2008, փետրվար
Կարս-Երևան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.