ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմի հայտարարություն

22/04/2014

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց եղեռնի 99-րդ տարելիցին: Ինստիտուտի աշխատակիցները ոգեկոչեցին եղեռնի զոհերի հիշատակը, անդրադարձան եղեռնի հետևանքով հայության կրած կորուստներին, աշխարհի հզորների անտարբերությանն ու ցեղասպանության ոճրագործ եղանակներին, օսմանյան պետության դիվային ծրագրերին: Մասնակիցները դատապարտեցին մարդկանց զանգվածային ոչնչացմանն ուղղված ցանկացած գործողություն, բռնության ամեն մի դրսևորում՝ հատկապես ընդգծելով վերջերս քեսաբահայության կրած տառապանքները, բռնի տեղահանությունը: Կոչ արվեց համայն հայությանը՝ ձայն բարձրացնել և հանդես գալ ի պաշտպանություն քեսաբահայության, համախմբվել հայրենի պետականության և ազգային իղձերի իրականացման գաղափարի շուրջ, նպաստել հայրենիքի հզորացմանը, սիրել, պահպանել և զարգացնել մայրենի լեզուն: Միջոցառման ավարտին լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմը հանդես եկավ հայտարարությամբ:          

 

                                          Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(ընդունված ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում)

 

            Գրեթե մեկ դար է, որ ողջ հայությունը կրում է եղեռնազարկ եղած, մարդկային, նյութական, մշակութային, տարածքային ահռելի և անդառնալի կորուստներ կրած և այդպիսով ճակատագրի խեղման արժանացած  ժողովուրդ լինելու ծանրագույն լուծը, արդեն շուրջ հարյուր տարի է, որ յուրաքանչյուր հայի հոգում դաջված են կոտորածների, մշակութային արժեքների ոչնչացման, հայրենիքի մեծագույն մասի  կորստի տառապագին հիշողությունն ու անամոք ցավի զգացումը: Հայության գոյատևման ու զարգացման բնականոն ընթացքի վայրենի և անմարդկային բեկումը մեծագույն վնաս հասցրեց ողջ մարդկային քաղաքակրթությանն ու համաշխարհային մշակույթին: Քսաներորդ դարասկզբի հայոց եղեռնը՝ իր դրսևորման հրեշավոր ու գազանաբարո եղանակներով, մարդկության ամոթն է, և այդ խարանը չի ջնջվի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի բոլոր ժողովուրդներն ու պետությունները չեն դատապարտել օսմանյան կայսրության ոճրագործությունը, ու քանի դեռ չեն փոխհատուցվել հայ ժողովրդի տարածքային ու նյութական վնասները: Ցավոք, անցած դարում հայ ժողովրդին պատուհասեցին նոր արհավիրքներ՝ ստալինյան բռնադատություն, Սումգայիթի, Բաքվի ջարդեր, Գետաշենի հայաթափում, ղարաբաղյան պատերազմ: Հայ ժողովուրդը դիմակայեց նաև այդ փորձություններին, սակայն նոր դարի սկզբում՝ ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, հայության արարող և խաղաղասեր մի հատված իր բնօրրանում՝ Քեսաբում, կրկին վերապրեց եղեռնի սարսափները՝ ենթարկվելով բռնությունների և տեղահանության: Քեսաբցի մեր հայրենակիցները մինչև օրս էլ հնարավորություն չունեն վերադառնալու իրենց բնակության վայր և ինչպես բարոյական, այնպես էլ նյութական  մեծ աջակցության կարիք ունեն:

            Դիմելով միջազգային հանրությանը, հակամարտող կողմերին՝ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու քեսաբահայերի՝ իրենց հողի վրա խաղաղ ու անվտանգ ապրելու և արարելու աներկբայելի իրավունքը, հնարավորություն ստեղծելու, որպեսզի խաղաղ բնակչությունը վերադառնա և կարողանա նորոգել իր ավերված օթևանը, վերստեղծել բնականոն գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ: 

Դիմում ենք նաև աշխարհի բոլոր հայերին՝ կոչ անելով՝

ա) համախմբվել հայրենի պետականության շուրջ և ամեն կերպ նպաստել նրա ամրապնդմանը, զարգացմանն ու հզորացմանը՝ այդպիսով դիմակայելով պատմական հեղաբեկումներին, փորձություններին, համաշխարհային քաղաքական ու տնտեսական վայրիվերումներին.

բ) միահամուռ ջանքեր գործադրել՝ նպաստելու քեսաբահայության խնդրի արդարացի լուծմանը և ապահովելու նրանց կյանքի բնականոն ընթացքի վերականգնումը:  

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.