ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում արդեն ավանդույթ է դարձել Մայրենիի օրը նշանավորել խորհրդակցություններով և քննարկումներով: Ս. թ. փետրվարի 21-ին լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հանրապետական խորհրդակցություն՝ նվիրված Մայրենիի օրվան: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
Շնորհավորելով ներկաներին՝ ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դ. Գյուրջինյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Լ. Հովհաննիսյանը և Ա. Դոլուխանյանը, ԳԱԱ տարբեր հաստատությունների, բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ: Հետաքրքիր դիտարկումներով հանդես եկան Ն. Դիլբարյանը, Գ. Գևորգյանը, Ա. Գալստյանը, Փ. Մեյթիխանյանը և այլք:
Քննարկվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ լեզվաքաղաքական, լեզվի ուսուցման, լեզվապահպանական, լեզվի ուսումնասիրության, լեզվի կանոնարկման: Առաջ քաշվեցին հետաքրքիր ծրագրեր, ձեռք բերվեցին համագործակցության պայմանավորվածություններ:
Միջոցառումը եզրափակելով՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը առաջարկեց, որ ներկաները առաջիկա ամսվա ընթացքում իրենց առաջարկությունները ներկայացնեն ինստիտուտ՝ համակարգելու և պատկան մարմիններին ներկայացնելու համար:
Նյութը պատրաստեցին ԳԱԱ լեզվի ինստիտուտում կամավորական աշխատանք կատարող ուսանողները