Գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնում

10/04/2020
 
Հայոց լեզվի պատմական զարգացման ուսումնասիրության ուղղությամբ 2020թ. առաջին եռամսյակում կատարվել են հետևյալ աշխա­տանքները.
 
1․ Բարբառային հայերենի պատմական քննություն, հնչյունական և բառակազմական իրողությունների պատմական զարգացման դիտարկում /Լ. Հովհաննիսյան, Վ.Խաչատրյան/ - Դիտարկվել են Ղարաբաղի բարբառում հնդեվրոպական ծագում ենթադրող այն բառերը, որոնք ավանդված չեն գրաբարում կամ գրաբարի համապատասխան միավորի համեմատությամբ դրսևորում են որոշ ձևակառուցվածքային առանձնահատկություններ: Առանձնացվել են բարբառային բառեր ու բառաձևեր, որոնք առավել մոտ են հնդեվրոպական կամ վաղ շրջանի փոխառյալ բառերին, ինչպես՝ -նի մասնիկով մի շարք կազմություններ, որոնք գրաբարում արձանագրված չեն, կամ ձայնդարձի բարբառային դրսևորումներ, որոնք ևս հնագույն իրողություններ են: Քննվում է նաև բարբառային բառերում ձայնավորների և հնդեվրոպական, ապա գրաբարյան համապատասխանակների հարաբերակ­ցությունը:
Կատարվել է Ագա­թան­­գեղոսի «Պատմութիւն Հայոց» երկի բա­ռա­պաշարի և քերականական իրողությունների վերաբերյալ նյութերի հավաքում, առանձնացվել են գրաբարյան օրինաչա­փությունից շեղվող, բարբառային կնիք ունեցող բառերն ու բառաձևերը։ Կուտակվել է ուսումնասիրության համար անհրաժեշտ լեզվական նյութ: Ներկայում կատարվում է հավաքած նյութի մշակում և գիտական վերլուծություն: Տարածքային-խոսվածքային տարբերակների վերհանումը կարող է կարևոր փաստեր արձանագրել  պատմական բարբառագիտության համար։
 
2․Ձեռագիր բառարանների հետազոտություն /Ն. Հովհաննիսյան/ - Ուսումնասիրվել են գրաբարի տպագիր բառարաններում չարձանագրված նորակազմ կամ նորակերտ բառերը, բառիմաստային փոփոխությունները: Ընդ որում՝ փորձ է արվել նորակազմ բառերի գոյությունը հաստատել հայերենի բառակազմության առանձնահատ­կություններով, հետագայում լույս տեսած բառարաններով, հնարավորության դեպքում՝ նաև բնագրային օրինակներով, այլև պարզել ու պարզաբանել բառիմաստային զարգացումներն ու փոփոխությունները:  Ներկայում հետազոտվում են 18-րդ դարի նույնանիշների ձեռագիր բառա­րանների դարձվածային միավորները:
 
3․ Ճյուղային տերմինաբանության, մասնագիտական բառապաշարի պատմական քննություն /Գ.Մխիթարյան, Հ. Թադևոսյան / - Կատարվել է երաժշտության ոլորտի բառապաշարի քննություն լեզվի պատմության դասական ենթաշրջանում: Աստվածաշունչ մատյանի Ծննդոց, Ելից, Ղևտացվոց և Թվոց գրքերից առանձնացվել են երաժշտություն իմաստային խմբի բառերը, կատարվել է բառապաշարի իմաստա­գործառական դասակագում, հոմանշային շարքերի առանձնացում, նվագարանների անվանումների քարտագրում։ 5-7-րդ դարերի հայ պատմիչների երկերից ևս առանձնացվել են երաժշտական տերմիններն ու տերմիային անվանումները, դասակարգվել է հավաքված նյութը: Երաժշտական ոլորտի բառապաշարի քննությունը ընթանում է նաև հայտնի ձեռագրերի ու հրատարակությունների, թարգմանական բնագրերի համեմատությամբ, բառաքննական ճշգրտումներով:
            13-րդ դարի բժշկարանների մասնագիտական բառապաշարի վերաբերյալ հավաքվել են նյութեր, մշակվել և դասդասվել: Առանձնացվել են  բժշկությանն ու ձիագիտությանը վերաբերող մասնագիտական բառերը, մասնավորապես՝ եզակի վկայությամբ բառերն ու բառաձևերը: Քննվել են փոխառյալ, նորակազմ և իմաստափոխված բառերը: 13-րդ դարի բժշկարանների հետազոտությունը նպաստում է միջին հայերենի  բառապաշարի համապարփակ ուսումնասիրությանը:
 
4․Լեզվի զարգացման տարբեր փուլերում  բառերի ձևաիմաստային խմբերի առանձնահատկությունների քննություն /Ս.Գրիգորյան/ - Դիտարկվել են հականիշ բառերի ոճական նրբերանգները Գ. Տաթևացու «Գիրք քարոզության» Ամառան հատորում: Կատարվել է հականիշ բառերի դասակարգում ըստ կազմության և իմաստային առանձնահատկությունների, դիտարկվել են այդ կապակցությունների հականշային երկանդամ և բազմանդամ շարքերը, ինչպես նաև ներկայացվել հականիշ բառերը գործածությունը  Տաթևացու Քարոզգրքի բառապաշարում։  Այժմ ընթանում են նյութի շարադրման աշխատանքներ:
 
5․Թարգմանական լեզվում լատիներենի բառապաշարային և քերականական ազդեցությունների հետազոտություն / Տ. Սիրունյան/ - Ուսումնասիրվել են Ալբերտուս Մեծի «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան» («Compendium theologicae veritatis») աշխատության նորաբանությունները,  դրանք համեմատվել են լատիներեն բնագրերի հետ, կազմվել է նորաբանությունների ցանկ՝ կից բերելով նաև լատիներեն համարժեքները: Այժմ կատարվում է լեզվական նյութի բառակազմական քննություն՝ որոշելու լատինաբան կազմությունների ձևավորման սկզբունքները և կաղապարները:
 
6,«Գրաբարյան քարացած ձևեր արդի հայերենում» բառարանի կազմում /Ն.Հովհաննիսյան, Գ.Մխիթարյան, Վ.Խաչատրյան, Հ. Թադևոսյան /
Կատարվել  են բառարանի բառահոդվածների ցանկի կազմման, ճշգրտման աշխատանքներ: Ներկայում շարունակվում է ցանկի համալրումը:
       Շարունակվում են «Հայոց լեզվի պատմության հարցեր» տարեգրքի IV հատորի նյութերի հավաքման և մշակման աշխատանքները: Հատորը նվիրված է լեզվի զարգացման տարբեր փուլերում հայերենի բառային կազմի և քերականական կառուցվածքի փոփոխությունների ու դրանց օրինաչափությունների հետազոտմանը, հայերենի և այլ լեզուների բառապաշարային աղերսների, գրաբարի բառապաշարի, օտար և բնիկ շերտերի հարաբերակցության, փոխառյալ բառերի գործառական յուրահատկությունների քննությանը:
 
Հրապարակումներ՝
 
         Բաժնի աշխատակիցները հրապարակման են ներկայացրել մի շարք աշխատանքներ, ներկայում պատրաստում են հոդվածներ, զեկուցումներ, մենագրություններ.
 
Հոդվածներ, զեկուցումներ
        Լ.Հովհաննիսյան, Ղարաբաղի բարբառի բառակազմական հնաբանությունները
       Գ.Մխիթարյան, Հայերեն-ուրարտերեն լեզվական աղերսերը ըստ Գ. Ջահուկյանի աշխատությունների
       Գ.Մխիթարյան, «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ» հայերենագիտական գիտաժողով
       G.Mkhitaryan, 5th Century Translations and Independent literary Heritage of Armenia
       Վ.Խաչատրյան, Հունաբանության դրսևորումները Ղ. Փարպեցու երկերում
       Տ.Սիրունյան, Հայերենի քերականության պատմության հարցերը Գ. Ջահուկյանի երկերում:
      Տ.Սիրունյան, «Սահման քերականութեան». հայերենի առաջին հունալատինատիպ մանր քերականությունը (ԺԷ դ.)
 
Մենագրություններ
       Տ.Սիրունյան, Լատինաբան կազմությունների ձևավորման սկզբունքները և կաղապարները
       Տ.Սիրունյան, Քռնայի կենտրոնի թարգմանական և ինքնուրույն երկերի (փիլիսոփայական, տրամաբանական, քերականական) բառապաշարը
       Վ.Խաչատրյան, Ձեռագրերի՝ 13-րդ դարի հիշատակարանների բառա­պաշարը
       Վ.Խաչատրյան, Գոյականի հոգնակիակազմության առանձնահատկությունները արդի հայերենում
      Հ. Թադևոսյան, Բառերի իմաստային նոր դրսևորումներ «Գիրք վաստակոց» երկում
 
 
 
 
 
 
 
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.