Եղեռնը և հայոց լեզուն, Վիկտոր Կատվալյան

23/04/2020
         Օսմանյան Թուրքիայի իրականացրած շարունակական ցեղասպանական քաղաքականությունը և 1915 թվի եղեռնը հայ ժողովրդին ոչ միայն զրկեցին իր պատմական հայրենիքի մեծագույն մասից, պատճառեցին մարդկային անդառնալի կորուստներ, այլ նաև ծանր հարված հասցրին քաղաքակրթական, մշակութային առումներով՝ աշխարհի երեսից ջնջելով դարերի ընթացքում իր բնօրրանում հայության ստեղծած նյութական ու հոգևոր մշակութային արժեքների մեծ մասը:
Ծանրագույն կորուստներ կրեց նաև հայոց լեզուն:
             19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին հայերենը ներկայանում էր աշխարհաբարի գրական երկու՝ արևելահայ ու արևմտահայ ճյուղերով և մոտ չորս տասնյակ  բարբառներով[1]: Ընդ որում՝ թե՛ գրական արևմտահայերենը, թե՛ գրական արևելահայերենը արդեն բավականին մշակված և կանոնարկված լեզուներ էին, որոնցով ստեղծվել և ստեղծվում էր բարձրարժեք գեղարվեստական գրականություն, հրապարակվում էին հրապարակախոսական, գիտական, այլ բնույթի երկեր, պարբերականներ, կազմակերպվում էր կրթական գործ[2]:  Ժամանակի հայ մտավորականությունը, ելնելով իրավիճակից, քննարկում էր հայերենի երկու ճյուղերը մերձեցնելու խնդիրը, ընդ որում՝ գիտակցվում էր, որ երկու տարբերակների առկայությունը լեզվական հարստության վկայություն է, ուստի տարբերակների մերձեցումը և լեզվական միասնականությունը ենթադրելու էին ոչ թե տարբերությունների իսպառ վերացում, այլ տարբերակների համընթաց և միասնական զարգացում, կանոնարկում, փոխներթափանցում ու փոխհարստացում[3]: Հայ մտավորականները գրական լեզվի հարստացման միջոց էին համարում նաև հայերենի բարբառները, թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ իրականություններում ստեղծվում էին նաև բարբառներով գրված գեղարվեստական երկեր[4]:
            Իր զանազան դրսևորումներով լեզվական բազմաբնույթ իրողությունների, զուգաձևությունների և ենթահամակարգերի անսպառ հարստություն էր ներկայացնում բարբառային հայերենը, որ գործառում էր ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 1911 թվին Հ.Աճառյանը իր «Հայ բարբառագիտություն» աշխատության մեջ վկայում է. «Հայութեան մեծագոյն մասը դեռ այսօր ալ կը գտնուի իր հայրենիքին մէջ. բայց իր հայրենիքէն դուրս տարածուած է նաև բազմաթիւ ուրիշ երկիրներու մէջ¦[5]: Մասնավորապես, Հ.Աճառյանը հայության բնակության վայրեր է մատնանշում Վրաստանում (Թիֆլիս, Քութայիս, Բաթում, Գորի, Թելավ, Փոթի և այլն), Աղվանքում (Բաքու, Շամախի, Նուխի, Զաքաթալա և այլն՝ իրենց բազմաթիվ գյուղերով), հյուսիսային Կովկասում, Թաթարստանում, Ղրիմում, եվրոպական երկրներում, Հնդկաստանում ու Պարսկաստանում, Ասորիքում ու Լիբանանում, Կիլիկիայում և այլու [6]: Բուն Հայաստանից դուրս հայությունը առավել հոծ զանգվածներով բնակվում էր Փոքր Ասիայում՝ Հայաստանի արևմտյան սահմաններից մինչև Մարմարա՝ «իր մեջ պարունակելով նաև Փոքր Հայքը, որ խիստ հայաշատ շրջան մը կը կազմէ»[7]: Ինչպես վկայում է լեզվաբանը, Փոքր Ասիայի գլխավոր հայաբնակ քաղաքներից էին Ուրֆան, Մալաթիան, Ակնը, Արաբկիրը, Շապին-Գարահիսարը, Կյուրինը, Տրապիզոնը, Օրդուն, Սեբաստիան, Եվդոկիան, Ամասիան, Կեսարիան, Իզմիրը, Նիկոմեդիան և այլն; Սակայն Օսմանյան կայսրությունում հայությունը թե՛ բուն հայկական տարածքներում, թե՛ այլ վայրերում ենթարկվում էր մշտական հալածանքների, կոտորածների, կրոնափոխության ու ուծացման: Արևմտահայության մշակութային ու լեզվական կենտրոն Պոլիսում, ըստ Հ.Աճառյանի, համիդյան կոտորածներից առաջ կար 250 000 հայ բնակչություն, մինչդեռ 1911 թվի դրությամբ հայության քանակը կազմում էր ընդամենը 180 000[8]: Այդ պայմաններում, հասկանալի է, աստիճանաբար սահմանափակվում էին հայերենի գործառության հնարավորությունները: Թե՛ Արևմտյան Հայաստանում և թե՛ Փոքր Ասիայի հայաբնակ վայրերում հայերենի գործառության պայմանների մասին ահա թե ինչ է գրում ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Ա.Մեյեն. «Թուրքերէնը գրեթէ ամենուրեք տիրող լեզու է կամ գոնէ հայերէնի հաւասար կարևոր, մանաւանդ այժմ՝ Համիդեան վարչութեան կոտորածներից և մշտական ճնշումներից յետոյ»[9]: Նման իրավիճակում դեռևս նախքան եղեռնը հայության թուրքահպատակ շատ հատվածներ արդեն կորցրել էին մայրենի լեզուն և դարձել թուրքախոս: Այդ մասին բերենք Հ.Աճառյանի մի շարք դիտարկումներ. «Միջերկրականի ծովեզերքները գտնուած բոլոր հայերը տաճկախօս են: …Փոքր Հայոց մէջ Նիքսար՝ Եւդոկիոյ հիւսիսային արևելեան կողմը, որ թրքախօս հայոց կղզեակ մը կը ներկայացնէ և արդիւնք է տեղացի բազմաթիւ թուրք տարրին գազանային բարբարոսութեան: …Թրքախօս հայոց շրջան մ' է նմանապէս Եւրոպական Թուրքիա, Պուլղարիա և Արևելեան Ռումէլի՝ սկսեալ Մարմարայի միւս երեսէն»[10]: Չնայած այս ամենին՝ Աճառյանը այնուամենայնիվ Օսմանյան կայսրությունում տեսնում էր հայերենի գոյատևման և զարգացման հնարավորություններ՝ փաստելով, որ Անատոլիայի գլխավոր քաղաքներում հայ նոր սերունդը դպրոցների և Պոլիս պանդխտելու շնորհիվ դարձել է հայախոս[11]: Ավելին, լեզվաբանը եղեռնից ընդամենը երեք-չորս տարի առաջ կայսրությունում հայերենի բնաջնջման անմիջական սպառնալիք չէր տեսնում. «Օսմանեան կառավարութիւնը՝ թէև ժամանակին բռնի միջոցներ գործադրեր է հայերէնը ջնջելու և թուրքերէնը տիրող լեզու դարձնելու համար (ինչպէս օրինակ կըսուի թէ Անատոլուի մէջ հայերէն խօսող հայոց լեզուն կտրել տուած են փաշաները), բայց ներկայապէս այդ տեսակ միջոցներու դիմելու ո՛չ մտադրութիւն և ոչ կարողութիւն ունի»[12]: Ժամանակը  շատ արագ ցույց տվեց, թե ինչ մտադրություն ու կարողություն, հայությանը իսպառ բնաջնջելուն միտված միջոցների մեջ խտրականություն չդնելու ինչ ունակություններ ուներ օսմանյան կառավարությունը:  Նահատակված միլիոնավոր հայերի հետ եղեռնին զոհ գնաց նաև նրանց շուրթերից հնչող տարատեսակ հայերենը, Արևմտյան Հայաստանն ու թուրքական կայսրության հայաբնակ վայրերը ոչ միայն հայաթափվեցին, այլ նաև հայերենազրկվեցին:
          Գրական արևմտահայերենը ծվեն-ծվեն եղած սփռվեց աշխարհով մեկ և արդեն 100 տարի զրկված է միասնական գործառության ու զարգացման, հետևաբար նաև՝ կանոնարկման հնարավորություններից, բարձրագույն կրթության, գիտության լեզվի իր դերից, դպրոցական համալիր ուսուցման միջոց լինելու գործառույթից: Բնական է, օտարախոս միջավայրերում արևմտահայերենը գոյատևում է համառ ջանքերի, ուժերի ամենօրյա լարման շնորհիվ: Կորսվել է նաև ընդհանուր գրական հայերենի ներդաշնակ ու համաչափ գործառության ու զարգացման հնարավորությունը, երկու ճյուղերի փոխհարստացման, փոխներթափանցման ու մերձեցման խնդիրները տասնամյակներ շարունակ մնացել են չլուծված:
          Աշխարհի երեսից իսպառ անհետացան բանավոր զարգացման դարերի ճամփա անցած, ժողովրդական իմաստնություն ու հիշողություն ամբարած, հնչյունաքերական ու բառապաշարային յուրահատուկ կազմություն ունեցող տասնյակ հայ բարբառներ, բարբառային հայերենի համակարգային դրսևորումներ: Հ.Աճառյանը եղեռնից առաջ Օսմանյան կայսրության տարածքում (ներառյալ նաև Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան) առանձնացնում էր հայերենի արևմտյան կամ Կը ճյուղի հետևյալ բարբառները. Կարնո, Խոտրջուրի, Մշո, Վանի, Տիգրանակերտի, Խարբերդի և Երզնկայի, Շապին-Գարահիսարի, Տրապիզոնի, Համշենի, Մալաթիայի, Կիլիկիայի, Սյուրիայի, Արաբկիրի, Ակնա,  Սեբաստիայի, Եվդոկիայի, Ամասիայի, Օրդուի, Զմյուռնիայի, Նիկոմեդիայի, Պոլսի և Ռոտոսթոյի[13]: Արևմտյան Հայաստանում էր գործառում նաև Բայազետի բարբառը, որը, ըստ Հ.Աճառյանի, Երևանի բարբառի ենթաբարբառ էր[14], իսկ ըստ Գ.Ջահուկյանի՝ հայ բարբառների արևելյան խմբակցության Արարատյան կամ հյուսիսարևելյան բարբառախմբի ինքնուրույն բարբառ[15]: Եղեռնի հետևանքով ներկայումս այս բարբառները (թերևս բացառությամբ Պոլսի և Քեսաբի բարբառների, Վագըֆ գյուղի խոսվածքի [16])  այլևս իրենց բնօրրանում չեն գործառում: Ավելին, սրանցից միայն փոքր քանակությունն է, որ շարունակում է գործառել որևէ տարածքում իբրև կենդանի հաղորդակցման միջոց: Եղեռնից փրկված և այլ տարածքում ապաստան գտած բարբառային այդ միավորներից են.
        Կարնո բարբառ
       Բարբառային հայերենի լայնատարած այս տարբերակի կենտրոնը եղել է Կարինը: Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով այս բարբառը կրող հայ գաղթականները հաստատվել են Կարսում, Ալեքսանդրապոլում (Գյումրի), Ախալքալաքում և Ախալցխայում[17]: Ներկայումս Կարնո բարբառով խոսում են վերջին երեք քաղաքներում՝ իրենց շրջակա գյուղերով[18]:
      Մշո բարբառ
         Բարբառը տարածվում էր Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավ-արևմտյան ափերին: Կենտրոնն էր Մուշը: Բարբառի տարածման վայրերն էին Բաղեշ, Խլաթ, Արճեշ, Արծկե, Բուլանըղ, Մանազկերտ, Խնուս, Ալաշկերտ բնակավայրերը: Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով Մշո բարբառը կրող գաղթականություն հաստատվեց Ապարանում և Սևանա լճի ափերին (Մարտունու տարածաշրջան): Ազգային հալածանքներից ու եղերական սպանդից փրկված մշեցիների խմբեր հանգրվանել են նաև Արևելյան Հայաստանի այլ վայրերում, Վրաստանում, այլ երկրներում: Ներկայումս      Մշո բարբառը հաղորդակցման միջոց է հիմնականում Հայաստանի Հանրապետության Մարտունու, Ապարանի, Թալինի, Էջմիածնի, Աշտարակի, Շիրակի և այլ տարածաշրջաններում,   նաև մեր երկրի սահմաններից դուրս[19]:
       Սասունի բարբառ
       Խոսվում էր բուն Սասունի բազմաթիվ գյուղերում: Բնակչության մի մասը թուրքական իշխանությունների կողմից սրի է քաշվել 1894, 1904 թվերին, իսկ 1915 թվին բնաջնջվել է սասունցիների մեկ այլ զանգված: Սակայն շատ սասունցիներ կարողացել են ինքնապաշտպանական կռիվներով փրկվել և անցնել Արևելյան Հայաստան, և այժմ այս բարբառը գործառում է Թալինի և Աշտարակի տարածաշրջաններում[20]:
       Վանի բարբառ
        Եղեռնից առաջ ընդգրկում էր Վանա լճի ողջ արևելյան եզերքը՝ կենտրոն ունենալով Վան քաղաքը՝ շրջակա բազմաթիվ հայ գյուղերով, և տարածվելով հյուսիսում մինչև Դիադին, հարավում՝ մինչև Մոկս, Ոզմի, Շատախ, արևելքում՝ մինչև Պարսկաստանի սահմանը, իսկ արևմուտքում՝ մինչև Մշո բարբառի տարածման սահմանները[21]:  Եղեռնը հայաթափեց հիշյալ բոլոր տարածքները, փրկված հայ բնակչության զգալի մասը ապաստան գտավ Արևելյան Հայաստանում, աշխարհի զանազան անկյուններում[22]:  Վանի բարբառի տարբերակների կենդանի գործածություն է արձանագրվել Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում[23]:
       Դիադինի բարբառ
        Խոսվում էր Դիադինում: 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Դիադինի բնակչությունը գաղթում է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Սևանա լճի հարավային ափերին: Ներկայումս այս բարբառով խոսում են Վարդենիսում[24]:
        Համշենի բարբառ
        Բարբառի կենտրոնը Համշեն գավառակն էր, որը ժամանակին ունեցել է ամբողջովին հայ ազգաբնակչություն, §բայց բարբարոս ու մոլեռանդ մահմետականները հայութիւնը հոն գրեթէ բնաջինջ ըրին. տասնեակ հազարաւոր հայեր նահատակուեցան…, տասնեակ հազարաւորներ դարձան և մինչև այսօր ալ կը համարուին տաճիկ, թէև իրենց հին հայկական սովորութիւնները և պապենի հայ բարբառը կենդանի կը պահեն¦[25]:  Սրից և ուրացությունից ազատված շատ հայեր փախչելով ապաստանում են Տրապիզոնում և այլուր, իսկ համիդյան ջարդերից առաջ և հետո համշենցի հայերի ստվար մի գաղթականություն անցնում է Կովկաս և հիմնվում Սև ծովի ափերին[26]: Այստեղ այժմ էլ Համշենի բարբառը գործառում է: Համշենցի շատ գաղթականներ էլ բնակություն են հաստատել Թուրքիայի տարբեր գավառներում: Ըստ Ս.Վարդանյանի՝ Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի (Հոփա) և Բորչքայի գավառներում (որոնցում ինքը վերջին տարիներին քանիցս շրջագայել է) կան բազմաթիվ գյուղեր, «որոնցում բնակվում են համշենցի իսլամադավան հայեր, և որոնք խոսում են հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքո»[27]: Հետազոտողի հաշվումներով՝ միայն Խոփայի գավառի մոտ 34 հազար բնակիչներից շուրջ 20 հազարը 2013թ. դրությամբ համշենցի բարբառախոս հայեր են[28], իսկ ընդհանրապես Ս.Վարդանյանը հանգում է այն եզրակացության, որ «մոտավոր հաշվումներով՝ այսօր Թուրքիայոմ բնակվում է շուրջ 35-40 հազար հայախոս իսլամ համշենահայ, որոնք իրենց անվանում են համշէցի կամ հօմշէցի»[29]: Մինչդեռ բուն Համշենում և Թուրքիայի այլ վայրերում տասնյակ հազարավոր իսլամադավան համշենցիներ էլ այլևս հայերեն չեն խոսում[30]: Շատ համշենցիներ կորցրել են ազգային ինքնագիտակցությունը և իրենց հայ չեն համարում:
        Բայազետի բարբառ
         Խոսվում էր Բայազետի գավառակում: 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո բայազետցիները հոծ զանգվածներով գաղթում են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Սևանա լճի արևելյան ափերին[31]: 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբներին Բայազետում մնացած հայությունը շարունակում է ենթարկվել հալածանքների, կոտորածների և տեղահանության: Դեպի Արևելյան Հայաստան են ձգվում գաղթականների նոր քարավաններ[32]: Ցեղասպանությունից հետո Բայազետում այլևս հայեր չեն մնացել: Բայազետի բարբառով ներկայում խոսում են Գավառ քաղաքում և շրջակա մեկ տասնյակից ավելի գյուղերում:
       Արևմտյան բարբառները հիմնականում այլևս գոյություն չունեն, չեն գործառում իբրև լեզվական համակարգ, հաղորդակցման միջոց: Բարբառային շատ միավորներ բնաջնջվեցին իրենց կրողների հետ միասին, անհետացան նաև հայության՝ սպանդից փրկված բեկորների բռնի կրոնափոխության և ուծացման հետևանքով: Եղեռնից մազապուրծ եղած հայության զանգվածները իրենց բարբառային խոսքը տարան ինչպես Արևելյան Հայաստան, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Աշխարհի այս կամ այն կետում թերևս դեռ կարելի է գտնել տարեցներ, ավանդապահ առանձին ընտանիքներ, որոնք պահպանել են իրենց նախնիների բնիկ խոսքի հիշողությունը կամ պատառիկներ այդ խոսքից, սակայն բնօրրանից, կենսական պայմաններից զրկված արևմտյան  բարբառային խոսքը, հատվածաբար սփռվելով օտար ափերում, սերնդից սերունդ մոռացության է մատնվել ու մատնվում է այլախոս (նաև՝ հայախոս այլաբարբառ) միջավայրերում:  Փաստորեն, կորստից հիմնականում փրկվել են արևմտահայ այն բարբառները, որոնք նախքան եղեռնը տեղի ունեցած բռնագաղթերի արդյունքում սկսել էին գործառել նաև Արևելյան Հայաստանում ու Կովկասում:
Արևմտահայ բարբառների բնաջնջումը ոչ միայն հայերենի յուրահատուկ ենթահամակարգերի վերացում, ամբողջական լեզվական օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող մասերի խոշտանգում ու անդամատում էր, այլ նաև՝ լեզվական մեծ հարստության ոչնչացում. անդառնալի կորստի են մատնվել անհետացած բարբառների բառապաշարային հարուստ շերտեր, բարբառային հայերենը կորցրել է հնչյունաքերականական շատ հատկանիշներ[33], ընդհանուր հայերենը զրկվել է սնուցող բազում երակներից:
          Եղեռնագործության դատապարտումից հրաժարումը, պատմական իրադարձությունների միտումնավոր և կեղծ մեկնաբանությունները ճանապարհ են բացում  նորանոր քաղաքակրթական հանցագործությունների և ցեղասպանություն­ների համար: Արևմտյան քսանից ավելի բարբառների կորստից հետո հայերենը 20-րդ դարի ընթացքում ունեցավ նաև արևելյան բարբառների կորուստ՝ այս անգամ արդեն Ադրբեջանին բռնակցված բուն հայկական, նաև հայաբնակ ու հայախոս այլ տարածքներում իրականացվող ցեղասպանական քաղաքականության հետևանքով: 1911 թվին գրած իր §Հայ բարբառագիտության¦ մեջ Հ.Աճառյանը արևելյան բարբառների շարքում ներկայացնում է նաև Ագուլիսի և Շամախիի բարբառները: Մասնավորապես, Շամախիի բարբառի մասին նա գրում է. §Այս բարբառը կը խօսուի գլխաւորապէս Շամախի քաղաքին մէջ և անոր մօտակայ քանի մը գիւղերը՝ մինչև Ղուբա: … Բագուի մէջ ևս կայ Շամախեցի գաղութ մը՝ որ իր բարբառը կը գործածէ…: Բագուի մօտ կը գտնուի Էրմէնի քեանդ (Հայոց գիւղ), որ մեծաւ մասամբ Շամախեցիներէ կը բաղկանայ և նոյն բարբառը կը խօսի¦[34]: Իսկ Ագուլիսի բարբառով խոսում էր Նախիջևանի հայության մի մասը. «Ագուլիսի բարբառը կը տարածուի Նախիջևանի մօտ փոքր սահմանի մը մէջ, որուն կեդրոնն է Ագուլիս գիւղաքաղաքը. շրջակայ գիւղերն են Ցղնա, Հանդամէջ, Տանակերտ, Ռամիս, Դաշտ, Քաղաքի և այլն. ասոնք բոլորը նոյն բարբառին ճիւղերը կը ներկայացնեն»[35]: Նախախորհրդային և խորհրդային տարիներին ողջ Ադրբեջանի տարածքում կիրառվող հայահալած քաղաքականության, ջարդերի հետևանքով, ապա և ղարաբաղյան իրադարձությունների ընթացքում կազմակերպված տեղահանումների ու կոտորածների արդյունքում  այդ երկրում այլևս հայեր չեն ապրում, և կորստի են մատնվել ոչ միայն Ագուլիսի և Շամախիի բարբառները, այլ նաև Ղարաբաղի բարբառի Գանձակի և Ղազախի ենթաբարբառների խոսվածքները[36], հայաբնակ բազմաթիվ բնակավայրերի այլ խոսվածքներ:
Այսպիսով, ցեղասպանական քաղաքականության ու եղեռնի՝ հայոց լեզվին պատճառած վնասներն ու կորուստները կարելի է հանգեցնել հետևյալին.
  1. Գրական արևմտահայերենի հայրենազրկում, միասնական գործառության և զարգացման հնարավորության վերացում, գրական լեզվին հատուկ գործառույթների մեծ մասի իրականացման անհնարինություն, օտար միջավայրերում երկրորդական և աստիճանաբար մոռացվող լեզվի կարգավիճակով դրսևորում.
  2. Գրական հայերենի երկու ճյուղերի՝ իբրև մեկ ամբողջության միասնական զարգացման, մերձեցման, փոխհարստացման հնարավորության նվազեցում.
  3. Բարբառային հայերենի երկու տասնյակից ավելի ենթահամակարգերի (բարբառների) վերացում հայության բնաջնջմամբ, տեղահանմամբ, բռնի մահմեդականացմամբ, ուծացմամբ.
  4. Հայերենի մի շարք բարբառների հայրենազրկում, դրանց գոյության ու գործառության պայմանների բռնի փոփոխություն.
  5. Բարբառների կորստով պայմանավորված՝ հայերենում իբրև բարբառային հատկանիշներ հանդես եկող հնչյունաքերականական բազմաթիվ իրողությունների կորուստ.
  6. Բարբառների հետ միասին բառապաշարային տարբեր շերտերի, լեզվամտածողության, լեզվամշակույթի յուրահատուկ ու ինքնատիպ դրսևորումների, լեզվական գանձարանի անդառնալի կորուստ:
          Ի վերջո, հայերենին եղեռնի պատճառած կորուստները ոչ միայն բեկեցին մեր լեզվի զարգացման բնականոն ընթացքը, այլ նաև զգալի վնաս հասցրին մարդկային լեզվին ընդհանրապես:
 
 
 

[1] Աճառյան Հ., 2013, 436:
[2] Ջահուկյան Գ.Բ., Աղայան Է.Բ., Առաքելյան Վ.Դ., Քոսյան Վ.Ա., 1980, 26-35:
[3] Ավետիսյան Յու., 2014,  15:
[4]Աճառյան Հ., 2013, 501-503:
[5] Աճառյան Հ, 1911, 25:
[6] Նույն տեղում, 25-28:
[7] Նույն տեղում, 29:
[8] Նույն տեղում:
[9] Էմինեան ազգագրական ժողովածու, 1911,  XI (ըստ՝ A.Meillet, Journal Asiatique, Paris, 1909, mai-juin, pp. 558-560):
[10] Աճառյան Հ., 1911,  31:
[11] Նույն տեղում, 32:
[12] Նույն տեղում:
[13]Աճառյան Հ., 2013, 337-356:  Հետագայում ուումնասիրողները կատարել են բարբառային միավորների որոշ ճշգրտումներ: Այսպես, ըստ Գ.Ջահուկյանի՝ հայ բարբառների արևմտյան խմբակցության մեջ են նաև Սիվրիհիսարի, Կյուրինի, Սյոլյոզի, Կեսարիայի, Ասլանբեկի, Տալվորիկ-Մոտկանի, Սասունի, Դիադինի բարբառները, Կիլիկիայի դիմաց առանձնացված են Հաջընի և Մարաշ-Զեյթունի բարբառները, Սյուրիայի դիմաց՝ Քեսաբ-Սվեդիայի և Բեյլանի բարբառները, իսկ Զմյուռնիայի, Նիկոմեդիայի, Ռոդոսթոյի, Օրդուի, Տրապիզոնի բարբառները ընդգրկված են Պոլսի միջբարբառի մեջ և այլն: Սակայն բոլոր դեպքերում խոսքը տարածական նույն ընդգրկման բարբառային հայերենի մասին է (Ջահուկյան Գ., 1972, 132-135):
[14] Աճառյան Հ., 1911, 37:
[15]Ջահուկյան Գ., 1972, 135:
[16] Պոլսի բարբառի ներկա գործառության վերաբերյալ հավաստի տեղեկություններ չունենք: Քեսաբի բարբառը գործառում է Սիրիայի Քեսաբի շրջանում (Չոլաքեան Յակոբ, 2009, 9): Ինչպես վկայում է Հ.Չոլաքյանը, Վագըֆ գյուղում մուսալեռցիները այժմ էլ պահպանում են իրենց բարբառը (Չոլաքյան Յակոբ, 2009., 9):
[17]Աճառյան Հ., 1911, 104:
[18] Մկրտչյան Հ., 1952, 7:
[19] Աճառյան Հ.,1911, 116,  Բաղդասարյան-Թափալցյան Ս., 1958,  5-10:
[20]Պետոյան Վ., 1954,  7:
[21] Տե՛ս Հ.Աճառյան, Հայ բարբառագիտություն, Մոսկվա – Նոր-Նախիջևան, 1911, էջ 140. Հ.Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 2013, էջ 339:
[22] Տե՛ս Թ.Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, Ե., 1987, էջ 238:
[23] Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում 2017թ. բարբառագիտական հետազոտություններով արձանագրել ենք Վանի բարբառի հիմնական հատկանիշներն ունեցող խոսվածքների գործածություն Լեռնանիստ գյուղում և Հրազդան քաղաքի Վանատուր, Կաքավաձոր և Ջրառատ թաղամասերում:
[24] Խաչատրյան Վ., 2004, 11:
[25] Աճառյան Հ.,1911, 184:
[26] Նույն տեղում:
[27] Վարդանյան Ս., 2014,  212:
[28] Նույն տեղում,  213:
[29] Նույն տեղում,  217:
[30] Նույն տեղում, 211-222:
[31] Մելքոնյան Ա., 1988, 22-23:
[32] Հարությունյան Հ., 2008, 137-141:
[33] Նկատի ունենք միայն անհետացած առանձին բարբառներին, բարբառների խմբերին հատուկ բառապաշարային ու հնչյունաքերականական հատկանիշները, որոնք առատորեն ներկայացված են բարբառներին նվիրված մենագրություններում, բարբառագիտական այլ աշխատանքներում:
[34] Աճառյան Հ., 1911,  76:
[35]Նույն տեղում, 93:
[36] Սրանց մասին՝ Աճառյան Հ., 1911,  70:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.