ԴԱՍ Թ. Առաջին ապառնի ժամանակաձև: Գործիական հոլով

  1. Համեմատիր, որոշիր գրաբարյան առաջին ապառնի ժամանակաձևի իմաստային և կազմության յուրահատկությունները.

 

աշխարհաբար                                                                  գրաբար

                                      ճանաչել

ճանաչեմ,   կճանաչեմ,   պիտի ճանաչեմ                     ճանաչիցեմ   

ճանաչես,   կճանաչես,   պիտի ճանաչես                     ճանաչիցես

ճանաչի,     կճանաչի,     պիտի ճանաչի                        ճանաչիցէ

ճանաչենք, կճանաչենք, պիտի ճանաչենք                   ճանաչիցեմք 

ճանաչեք,   կճանաչեք,   պիտի ճանաչեք                      ճանաչիցէք

ճանաչեն,   կճանաչեն,   պիտի ճանաչեն                      ճանաչիցեն

 

աշխարհաբար                                                                 գրաբար   

մարտնչել                                                                   մարտնչել /իլ/

 

մարտնչեմ,     կմարտնչեմ,    պիտի մարտնչեմ            մարտնչիցիմ

մարտնչես,     կմարտնչես,    պիտի մարտնչես            մարտնչիցիս

մարտնչի,       կմարտնչի,      պիտի մարտնչի              մարտնչիցի     

մարտնչենք,   կմարտնչենք,  պիտի մարտնչենք          մարտնչիցիմք    

մարտնչեք,     կմարտնչեք,    պիտի մարտնչեք             մարտնչիցիք

մարտնչեն,     կմարտնչեն,    պիտի մարտնչեն             մարտնչիցին

 

 

աշխարհաբար                                                              գրաբար

                                          մոռանալ

 

մոռանամ,    կմոռանամ,   պիտի մոռանամ                   մոռանայցեմ       

մոռանաս,    կմոռանաս,   պիտի մոռանաս                   մոռանայցես

մոռանա,      կմոռանա,      պիտի մոռանա                     մոռանայցէ

մոռանանք,  կմոռանանք,  պիտի մոռանանք                մոռանայցեմք   

մոռանաք,    կմոռանաք,    պիտի մոռանաք                   մոռանայցէք

մոռանան,    կմոռանան,    պիտի մոռանան                   մոռանայցեն

 

աշխարհաբար                                                                գրաբար

զբոսնել                                                                           զբօսնուլ

 

զբոսնեմ,   կզբոսնեմ,   պիտի զբոսնեմ                              զբօսնուցում  

զբոսնես,   կզբոսնես,   պիտի զբոսնես                              զբօսնուցուս

զբոսնի,     կզբոսնի,     պիտի զբոսնի                                 զբօսնուցու

զբոսնենք, կզբոսնենք, պիտի զբոսնենք                            զբօսնուցումք     

զբոսնեք,   կզբոսնեք,   պիտի զբոսնեք                               զբօսնուցուք

զբոսնեն,   կզբոսնեն,   պիտի զբոսնեն                               զբօսնուցուն

 

 

2. Համեմատիր, որոշիր  Ե  լծորդության բայերի ներգործաձև և կրավորաձև վերջավորությունների տարբերությունը առաջին ապառնիում.

 

                                ներգործաձև

 

  աշխարհաբար                                     գրաբար

 

ճանաչեմ /կ…,   պիտի …/                     ճանաչիցեմ   

ճանաչես /կ…,   պիտի …/                     ճանաչիցես

ճանաչի /կ…,     պիտի …/                     ճանաչիցէ

ճանաչենք /կ…, պիտի …/                     ճանաչիցեմք 

ճանաչեք /կ…,   պիտի …/                     ճանաչիցէք

ճանաչեն /կ…,   պիտի …/                     ճանաչիցեն

 

 

                                 կրավորաձև

 

աշխարհաբար                                        գրաբար

ճանաչվեմ /կ…,   պիտի …/                    ճանաչիցիմ

ճանաչվես /կ…,   պիտի …/                    ճանաչիցիս 

ճանաչվի /կ…,     պիտի …/                     ճանաչիցի     

ճանաչվենք /կ…, պիտի …/                      ճանաչիցիմք   

ճանաչվեք /կ…,   պիտի …/                      ճանաչիցիք 

ճանաչվեն /կ…,   պիտի …/                       ճանաչիցին

 

3. Համեմատիր, որոշիր  Ա  լծորդության բայերի ներգործաձև և կրավորաձև վերջավորությունների տարբերությունը առաջին ապառնիում.

 

                                    ներգործաձև

աշխարհաբար                                        գրաբար

մոռանամ /կ…,   պիտի …/                   մոռանայցեմ       

մոռանաս /կ…,   պիտի …/                   մոռանայցես

մոռանա   /կ…,    պիտի…/                   մոռանայցէ

մոռանանք /կ…,  պիտի …/                  մոռանայցեմք   

մոռանաք   /կ…,  պիտի …/                  մոռանայցէք

մոռանան   /կ…,  պիտի …/                  մոռանայցեն

 

                                     կրավորաձև

աշխարհաբար                                        գրաբար

մոռացվեմ /կ…,   պիտի …/                     մոռանայցիմ

մոռացվես /կ…,   պիտի …/                     մոռանայցիս

մոռացվի   /կ…,    պիտի…/                   մոռանայցի

մոռացվենք /կ…,  պիտի …/                   մոռանայցիմք

մոռացվեք   /կ…,  պիտի …/                   մոռանայցիք 

մոռացվեն   /կ…,  պիտի …/                   մոռանայցին

 

Ծանոթություն. Ե  և  Ա  լծորդությունների չեզոք սեռի բայերը /օրինակ՝ քայլել, վազել, գնալ, մնալ/  առաջին ապառնիում խոնարհվում են միայն ներգործաձև:

 

Վարժություն  18.  Հետևյալ բայերը խոնարհիր գրաբարյան առաջին ապառնի ժամանակաձևով.

         գլորել, բազմիմ, գտանել, երեւիմ, գողանալ, բառնալ, խոտորել, ցասնուլ, չարանալ, խանձատել, հասուցանել, մերձենալ, մատնել, հարցանել, մարտնչել, սաստկանալ, ընկենուլ, հեղուլ, փախչել, մնալ, դնել, ոստնուլ,  հանգչել, խախտել, յագենալ, կորնչել, մատուցանել, մեղանչել, բուծանել, լուցանել, թանալ, զարթնուլ:

 

 

4.Համեմատիր,  որոշիր գործիական հոլովի ձևավորման յուրահատկությունները գրաբարում.

 

                        եզակի թիվ                                                             հոգնակի թիվ

աշխարհաբար                       գրաբար                  աշխարհաբար                       գրաբար

Արշակով                                Արշակաւ                     -                                                 -

ձկով                                         ձկամբ                      ձկներով                                  ձկամբք         

աստղով                                  աստեղբ                   աստղերով                              աստեղբք

ձայնով                                     ձայնիւ                     ձայներով                                ձայնիւք

գործով                                     գործով                     գործերով                                գործովք       

կաքավով                                կաքաւու                   կաքավներով                         կաքաւուք

       

Վարժություն  19.   Կազմիր հետևյալ բառերի գործիական հոլովի /եզակի և հոգնակի/ ձևերը փակագծերում բերված ձևերի նմանողությամբ.

Արամ, Հայկ, Սահակ, Վարդան, Մեսրոպ, Տիգրան /Արշակաւ/,  մուկն, սկիզբն, շարժումն, հիմն, մանուկ, բազմութիւն /ձկամբ, ձկամբք/,  արկղ, դուստր, եզր, կոճղ, վագր, աղբիւր /աստեղբ, աստեղբք/,   այծ, բան, հաց, սիրտ, փայտ, հանդէս /ձայնիւ, ձայնիւք/,  արծաթ, բոց, ծառ, ձէթ, ձոր, մոմ /գործով, գործովք/,  արև, զարդ, պար, զէն, առիւծ, արջ /կաքաւու, կաքաւուք/ :     

Վարժություն  20.   Որոշիր հետևյալ բառաձևերից յուրաքանչյուրի հոլովը.

 

Տրդատ, զբուրգն, հողով, ի կայսերէ, ժամ, ճառք, հողովք, զՏրդատ, կայսերբ, ի Տրդատայ, զհող, բուրգն, ի ժամուց, Տրդատաւ, զճառ, ի հողոյ, ժամու, կայսր, բրգունք, ի հողոց, զճառս, կայսերբք, ժամու, ի բրգանէ, զհողս, ճառ, բրգամբ, զժամս, ի ճառէ, կայսերք, զբրգունս, զժամ, ճառիւք, ի բրգանց, ժամուք, հողք, զկայսերս, ի ճառից, ժամք, բրգամբք, ի կայսերց, ճառիւ, զկայսր, հող, ի ժամէ:

    

Հիշիր՝  ա/ եզակի ուղղականը բառի ուղիղ ձևն է, որի հետ անորոշ առման դեպքում նույնանում է եզակի հայցականը. բ/ հոգնակի ուղղականը ունի կազմության երկու եղանակ. 1. ունի եզակի ուղղականին ավելացված ք մասնիկ /տուն – տունք, հաւ – հաւք/, 2. վերջավորվում է անք  /կողմն - կողմանք/, ինք /անձն - անձինք/, ունք /աղեղն - աղեղունք/, երք /դուստր - դստերք/ հնչյունախմբերով:

Վարժություն  21.  Կարդա  և  թարգմանիր.

Հարցանեմք, զի ուսանիցիմք: Եթէ հաւաստեաւ խնդրիցեմք, գտանիցեմք: Ո՞ է սա, որ փրկիցէ զմեզ:  Դիակամբք թշնամեաց լցին զդաշտն ամենայն: Երանելի է այր, որ համբերիցէ փորձանաց: Առաքէ հրեշտակս առ Արայն գեղեցիկ՝ ընծայիւք և պատարագօք, բազում աղաչանօք և խոստմամբ պարգևաց: Յորժամ լսիցէք համբաւս պատերազմաց, մի՛  խռովիցիք: Կապէ զոտս Արշակայ երկաթեղէն շղթայիւք: Արդ առնուցում զհաց իմ և զգինի իմ: Զիա՞րդ  թուի ձեզ. եթէ լինիցի մարդոյ հարեւր ոչխար և մոլորիցի մի ի նոցանէ, ո՞չ թողուցու զիննսուն և զինն ոչխարն ի լերինս, և երթիցէ խնդրիցէ զմոլորեալն: Կերակրեցի զնոսա հացիւ և ջրով: Սքանչելի է և աշխարհն առատութեամբ ամենայն պտղոց: Միթէ քաղիցե՞ն  ի փշոց խաղող կամ ի տատասկէ  թուզ: Համրն և կոյրն խօսիցի և տեսանիցէ: Առաքէ ի Հայս հանդերձ մեծաւն Վրթանաւ: Յորժամ տեսանիցես զաղքատն մի՛  զանց առնիցես: Յորժամ կամիցիս՝  վառիցես  և  յորժամ կամիցիս՝  խափուցանիցիս: Առնուցուն ջուր ուրախութեամբ յաղբերացն: Յորժամ տանիցին զձեզ յատեան, մի՛  ինչ հոգայցէք թէ զինչ խօսիցիք: Միթէ կարիցէ՞  կոյր կուրի առաջնորդել. ո՞չ  ապաքէն երկոքին ի խորխորատ անկանիցին: Արտօսրալիր ողբովք ճառագրեմք զբազում հարուածս: Գինի սրսկեն մեղուանոցացն, զի պարսն որ ելանիցէ՝  վաղվաղակի անդ իջանիցէ: Ապաշխարէր մեծաւ տառապանօք: Հատին զգլուխ սրբոյն սուսերաւ:

 

Առաջադրանք. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Աշխարհաբարի ո՞ր  ձևերին է համապատասխանում գրաբարյան առաջին ապառնին:
  2. Որո՞նք են Ե լծորդության բայերի առաջին ապառնու վերջավորությունները:
  3. Որո՞նք են Ի լծորդության բայերի առաջին ապառնու վերջավորությունները:
  4. Որո՞նք են Ա լծորդության բայերի առաջին ապառնու վերջավորությունները:
  5. Որո՞նք են ՈՒ լծորդության բայերի առաջին ապառնու վերջավորությունները:
  6. Որո՞նք են Ե լծորդության բայերի առաջին ապառնու կրավորաձև վերջավորությունները:
  7. Որո՞նք են Ա լծորդության բայերի առաջին ապառնու կրավորաձև վերջավորությունները:
  8. Որո՞նք են գործիական հոլովի վերջավորությունները գրաբարում:
  9. Ե  և  Ա  լծորդությունների չեզոք սեռի բայերը առաջին ապառնիում խոնարհվո՞ւմ են կրավորաձև:
  10.  Գրաբարում ձևավորման ի՞նչ յուրահատկություններ ունի հոգնակի ուղղականը:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.