ԴԱՍ ԻԱ. Ո հոլովումը գրաբարում

1. Համեմատի՛ր, որոշիր  Ե  և  Ո  հոլովումների տարբերությունը ըստ բնույթի՝ նկատի ունենալով հոլովիչի դիրքը.

Ե  հոլովում                                                                        Ո  հոլովում             

ուղղ.  դուստր            դստերք                                       գործ        գործք                          

սեռ.   դստեր             դստերց                                       գործոյ     գործոց 

տր.    դստեր             դստերց                                       գործոյ     գործոց

հայց. /զ/դուստր        /զ/դստերս                                   /զ/գործ      /զ/գործս 

բաց.   ի դստերէ        ի դստերց                                    ի գործոյ   ի գործոց

գործ.  դստերբ           դստերբք                                     գործով      գործովք

 

2. Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  յուրաքանչյուր հոլովի կազմությունը Ո հոլովման բառերի դեպքում՝ դիտարկելով գիր բառի հոլովական հարացույցը.

ուղղ.  գիր           գիրք

սեռ.   գրոյ          գրոց

տր.    գրոյ           գրոց    

հայց. /զ/գիր        /զ/գիրս    

բաց.   ի գրոյ       ի գրոց

գործ.  գրով          գրովք

 

3.Դիտարկելով  հետևյալ  բառախմբերը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում      Ո վերջադրական հոլովման.

ա/ աթոռ, ամպ, արդար, արմատ, բերան, բոյն, բոյս, բոց, գետ, գետին, գոմ, գործ, երգ, երազ, էշ, թել, թեփ, թեւ, ժողով, իւղ, լոյս, խմոր, խոտ, ծառ, խոր, կաւ, կեղեւ, հող, հողմ, ձէթ, ձոր, ճաշ, մարդ, մէջ, նոր, ոճ, ոստ, սեղան, տերև, փետուր, փոր, արծաթ, երկաթ, պղինձ.

ամիճ, ամիս, գետին, գին, գինձ, գիր, թիւ, իլ, կիր, կշիռ, հին, մարմին, մոխիր, սոսինձ.

ածուխ, ամուլ, գլուխ, թուխ, թուղթ, թուք, լուր, ծուխ, հուր, ձու, մրուր, ուս, պտուղ, ջուր, սուգ, սուր, փետուր, փուշ, քուղ.

  

ուղղ.  ճաշ       ճաշք          հին        հինք      մէջ         մէջք        պտուղ        պտուղք

սեռ.   ճաշոյ     ճաշոց       հնոյ       հնոց      միջոյ      միջոց      պտղոյ        պտղոց  

տր.    ճաշոյ     ճաշոց       հնոյ       հնոց      միջոյ      միջոց       պտղոյ        պտղոց     

հայց. /զ/ճաշ    /զ/ճաշս     /զ/հին    /զ/հինս   /զ/մէջ     /զ/մէջս     /զ/պտուղ    /զ/պտուղս

բաց.  ի ճաշոյ   ի  ճաշոց  ի հնոյ    ի  հնոց   ի միջոյ   ի միջոց   ի պտղոյ     ի  պտղեցց

գործ.  ճաշով   ճաշովք     հնով     հնովք      միջով     միջովք     պտղով      պտղովք

 

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

բ/ ամառնային, դաշտային, լեռնային, մարդկային, աշխարհային.

առեղծուած, դիպուած, զանգուած, կալուած, յօդուած, շինուած,

ասուն, անասուն, գիտուն, թռչուն, զեռուն, սողուն, ցողուն, հասուն.

հելլենացի, քաղդէացի, քանանացի, Կողբացի, Խորենացի, Փարպեցի.

արտաքին, ստորին, վերին, վերջին.

 

 ուղղ.    վերին       վերինք          թռչուն       թռչունք       հելլենացի        հելլենացիք

սեռ.     վերնոյ      վերնոց          թռչնոյ       թռչնոց         հելլենացւոյ     հելլենացւոց     

տր.      վերնոյ      վերնոց          թռչնոյ       թռչնոց         հելլենացւոյ     հելլենացւոց    

  հայց.   /զ/վերին   /զ/վերինս      /զ/թռչուն   /զ/թռչունս    /զ/հելլենացի    /զ/հելլենացիս

բաց.     ի վերնոյ   ի վերնոց       ի  թռչնոյ   ի  թռչնոց     ի  հելլենացւոյ  ի  հելլենացւոց    

գործ.    վերնով      վերնովք       թռչնով      թռչնովք        հելլենացւով     հելլենացւովք     

         

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

գ/ թի, լի, ձի, երի, ոգի, ոսկի, որդի

ուղղ.  ձի       ձիք          որդի        որդիք

սեռ.   ձիոյ    ձիոց        որդւոյ      որդւոց

տր.    ձիոյ    ձիոց        որդւոյ      որդւոց      

հայց.  /զ/ձի    /զ/ձիս      /զ/որդի     /զ/որդիս   

բաց.   ի ձիոյ  ի ձիոց     յորդւոյ     յորդւոց

գործ.  ձիով    ձիովք      որդւով      որդւովք     

 

դ/ առնել, առնուլ, մնալ, հայել, հասանել, թողուլ, մոռանալ, երկնչել.

    ասացեալ, գնացեալ, մնացեալ, փախուցեալ, սիրեցեալ, հասեալ

ուղղ.  առնել     թողուլ      սիրեցեալ        սիրեցեալք

սեռ.   առնելոյ  թողլոյ      սիրեցելոյ        սիրեցելոց

տր.    առնելոյ  թողլոյ      սիրեցելոյ        սիրեցելոց

հայց.  /զ/առնել     /զ/թողուլ      /զ/սիրեցեալ        /զ/սիրեցեալս

բաց.   յառնելոյ    ի թողլոյ       ի սիրեցելոյ        ի սիրեցելոց

գործ.  առնելով    թողլով          սիրեցելով          սիրեցելովք

 

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

ե/ Կարին, Շապուհ, Սանատրուկ, Տարօն, Վռամշապուհ

    Հայք, Հոռոմք, Վայք, Տայք

 

ուղղ.  Կարին         Շապուհ           Հայք

սեռ.   Կարնոյ        Շապհոյ            Հայոց 

տր.     Կարնոյ        Շապհոյ            Հայոց     

հայց.  /զ/Կարին     /զ/Շապուհ        /զ/Հայս  

բաց.   ի Կարնոյ     ի  Շապհոյ        ի  Հայոց

գործ.   Կարնով        Շապհով          Հայովք     

 

զ/ դժոխք, կոչունք, կուռք, հունձք, պահք, տիք.

ուղղ.  կուռք              պահք

սեռ.   կռոց                պահոց            

տր.    կռոց                պահոց     

հայց.  /զ/կուռս          /զ/պահս  

բաց.   ի կռոց            ի  պահոց

գործ.  կռովք             պահովք   

 

Ծանոթություն: Ո հոլովման ենթարկվող մի շարք բառեր եզակի տրականում, հատկապես ի նախդրի հետ գործածվելիս, ստանում են ում հոլովակերտ /ասացեալ – ասացելում – յասացելում, վերին – վերնում, վերջին – վերջնում, հին – հնում, նոր – նորում, աջ – աջում, ձախ - ձախում/:

 

  Վարժություն  51. Հոլովիր հետևյալ բառերը.  թեւ, ժողով, լեռնային, զեռուն, առնուլ, մնալ, հայել, սողուն, դժոխք, կոչունք, ցողուն, մարդկային, իւղ, լոյս, խմոր, քաղդէացի, ստորին, ոգի, ոսկի, վերջին, քանանացի, խոտ, ծառ, գետին, Սանատրուկ, Տարօն, գին, լուր, ծուխ, գնացեալ, մնացեալ, փախուցեալ, հուր, գինձ, Վայք, Տայք, խոր, կաւ:

 

Վարժություն  52. Թարգմանի՛ր, որոշիր հոլովված բառերի հոլովը, թիվը, հոլովումը.

Ադամ ծնաւ երկուս որդիս, զԿայէն եւ զԱբէլ: Մարդիկն սկսան բազմանալ ի վերայ երկրի եւ ծնան նոցա ուստերք եւ դստերք: Յովսէփ գնեցաւ ի վաճառականաց իսմայելացւոց , վաճառեցաւ դահճապետին Փարաւոնի, արկաւ ի բանտ, հանաւ ի բանտէ եւ կացուցաւ իշխան Եգիպտացւոց: Գունդ կազմէր ի Հայոց Մեծաց եւ յարքունիտանէ, ըստ նմին օրինակի ի Վրաց եւ յԱղուանից եւ յաշխարհէն Լփնաց եւ այլ եւս ի կողմանց հարաւոյ: Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն՝ յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ, յամենայն հողմոյ շարժի, եւ յամենայն բանէ խռովի, եւ յամենայն իրաց դողայ: Ցլուք սպիտակօք եւ գիսաւոր նոխազօք առատացոյց զզոհս կրակի, պսակօք և պատուովք մեծարեաց զբազումս ի մոգաց եւ ի մոգպետաց:

 

Վարժություն  53. Թարգմանի՛ր գրաբար.

Եվ մեկնեց /ձգել/ Դավիթը իր ձեռքը դեպի մախաղը և վերցրեց /առնուլ/ այնտեղից մի քար: Այն ժամանակ իշխանները և զորքը և նախարարները նրա մոտ էին հասնում շտապ: Վագրի ձագերը խաղում էին միմյանց հետ /ընդ միմեանս/: Աստղերի լույսը տիեզերքում տարածվում էր /տարածաներ/ մեծ արագությամբ: Մաշտոցի աշակերտներից շատերը գրել են /գրեալ են/ մեր ազգի պատմությունը: Շապուհ արքան ավետարանը կնքում է իր մատանիով և հրամայում պահել զգուշությամբ: Իսկ երանելի Թեոդոս կայսրը, քանզի խաղաղասեր էր, չկամեցավ նրան /նորա/ ընդառաջ ելնել պատերազմով: Եվ այս բոլոր չարիքները մարդու միտք են մտնում անուսումնությունից:

    

Վարժություն  54.  Թարգմանիր աշխարհաբար.

Հայեա՛ց ի մրջիւնս եւ ուսի՛ր ի նոցանէ զջանասիրութիւն: Մի՛ դատիք եւ ոչ դատիցիք, մի՛  պատժէքեւ ոչ պատժիցիք, արձակեցէք եւ արձակիցիք: Զբարիս խորհեցարո՛ւք եւ խօսեցարո՛ւք հանապազ: Մի՛  յաղթիր ի չարէն, այլ յաղթեա՛  բարեաւն չարին: Մարդոյ բնութիւն բարեաց ցանկացող է եւ ոչ չարեաց: Զի գողն եւ աւազակն եւ այլ եւս չարագործքն թէպէտ եւ զգործ չարագործութեան գործեն, բայց զանուն չարագործութեան յանձն ոչ կամին առնուլ: Ոչ եթէ ի բանից իւրոց ճանաչի մարդ, այլ ի գործոց իւրոց: Թագաւորն Տրդատ զամենայն ժամանակս իւրոյ թագաւորութեանն աւերէր քանդէր զերկիրն Պարսից թագաւորութեանն. զաշխարհն Ասորեստանի աւերէր եւ հարկանէր ի հարուածս անհնարինս:

Եպիսկոպոսապետն Հայոց Ներսէս շինէր զամենայն աւերեալսն երկրին Հայոց. Յանձն առնէր եւ մխիթարէր, դարմանէր եւ տեսուչ լինէր աղքատաց եւ զուրկունս եւ զաղքատս հանգուցանէր: Եւ շինէր եկեղեցիս եւ զամենայն կործանեալսն կանգնէր եւ զամենայն կարգս տապալեալս կանգնէր եւ ուղղէր: Շինէր եւ հաստատէր, խրատէր եւ յանդիմանէր. Բազում նշանս առնէր եւ զօրութիւնս մեծամեծս եւ բազում բժշկութիւնս սքանչելեաց: Եւ յօրէնսն սաստէր մեծապէս եւ զոր օրհնէր եւ զոր անիծանէր: Եւ բազմացոյց զկարգս պաշտօնէից յամենայն տեղիս իշխանութեանն ի սահմանսն Հայոց եւ յամենայն գաւառս կացոյց տեսուչս եպիսկոպոսս եւ հանապազ զգուշանայր տեսչութեանն իւրոյ եւ իշխանութեան, որչափ եկաց նա ժամանակս:

                   Առաջադրանք. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Ի՞նչ  բնույթ ունի գրաբարյան  Ո  հոլովումը:
  2. Ո   հոլովման դեպքում ինչպե՞ս են ձևավորվում եզակի տրական, բացառական, գործիական և հոգնակի ուղղական հոլովները:
  3. Ո  հոլովման դեպքում հնչյունափոխական ի՞նչ երևույթներ են դրսևորվում:
  4. Բառերի ի՞նչ  խմբեր են ենթարկվում  Ո  հոլովման:

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.