ԴԱՍ Ի. Ի հոլովումը գրաբարում

1. Համեմատի՛ր, որոշիր  Ե  և  Ի  հոլովումների տարբերությունը ըստ բնույթի՝ նկատի ունենալով հոլովիչի դիրքը.

Ե  հոլովում                                                 Ի  հոլովում             

ուղղ.  դուստր            դստերք                                       բան         բանք                          

սեռ.   դստեր             դստերց                                       բանի       բանից 

տր.    դստեր             դստերց                                       բանի       բանից

հայց. /զ/դուստր        /զ/դստերս                                   /զ/բան      /զ/բանս 

բաց.   ի դստերէ        ի դստերց                                    ի բանէ    ի բանից

գործ.  դստերբ           դստերբք                                     բանիւ      բանիւք

 

2. Նկարագրի՛ր  և  մտապահի՛ր  յուրաքանչյուր հոլովի կազմությունը Ի հոլովման բառերի դեպքում՝ դիտարկելով հաց բառի հոլովական հարացույցը.

ուղղ.  հաց           հացք

սեռ.   հացի         հացից

տր.    հացի         հացից    

հայց. /զ/հաց       /զ/հացս    

բաց.   ի հացէ     ի հացից

գործ.  հացիւ       հացիւք

 

3.Դիտարկելով  հետևյալ  բառախմբերը՝ որոշի՛ր, թե ինչպիսի բառեր են ենթարկվում Ի վերջադրական հոլովման.

ա/ այծ, այտ, երկայն, ծայր, կայծ, ձայն, ճառագայթ, ոստայն, որովայն, փայլ, փայտ, քայլ. 

արոյր, գոյժ, մոյթ, նժոյգ, տարակոյս, կոյտ, պտոյտ, հանգոյց, երևոյթ, ծածկոյթ, սովորոյթ. 

արօտ, զգօն, ծանօթ, ծնօտ, կարօտ, հօտ, յօդ, տօն, քօշ, օթ, օձ.

ահ, ահեղ, բախտ, բանտ, բառ, բարդ, բարձ, դար, երթ, իժ, խիղճ, հանդէս, հարց, ճառ, պատուհաս, սիրտ, վախ, օգուտ, բրուտ և այլն.

 

ուղղ.  ճառ       ճառք          նժոյգ      նժոյգք         օձ     օձք          սիրտ     սիրտք  

սեռ.   ճառի     ճառից        նժուգի    նժուգից       օձի   օձից        սրտի     սրտից    

տր.    ճառի     ճառից        նժուգի    նժուգից       օձի   օձից        սրտի     սրտից     

հայց. /զ/ճառ    /զ/ճառս     /զ/նժոյգ  /զ/նժոյգս      /զ/օձ  /զ/օձս     /զ/սիրտ   /զ/սիրտս

բաց.  ի ճառէ   ի  ճառից   ի նժուգէ  ի  նժուգից    յօձէ  յօձից      ի սրտէ   ի  սրտից

գործ.  ճառիւ   ճառիւք       նժուգիւ   նժուգիւք      օձիւ  օձիւք      սրտիւ    սրտիւք

 

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

բ/ արքայ, երեխայ, ընծայ, ծառայ, ճայ, շղթայ, պողոտայ, հսկայ, վկայ, փեսայ, պաշտօնեայ, փախստեայ, հրեայ.

գոյ, երեկոյ, կոփածոյ, կռածոյ, ձուլածոյ,

ատեան, մատեան, յոբելեան, պատեան, վայրկեան.    /բացառ. ցորեան - ցորենոյ/

ափսէ, բազէ, հիւլէ, րոպէ, մարգարէ

գովեստ, համեստ, պահեստ, զգաստ, իմաստ, նպաստ, լաստ, առագաստ.  /բացառ. զգեստ – զգեստու, գրաստ - գրաստու/

 

 ուղղ.    արքայ      արքայք         գոյ      գոյք        ատեան     ատեանք           հրեայ     հրեայք

սեռ.     արքայի    արքայից       գոյի     գոյից     ատենի      ատենից            հրէի       հրէից

տր.      արքայի    արքայից       գոյի     գոյից     ատենի      ատենից            հրէի       հրէից     

հայց.   /զ/արքայ  /զ/արքայս    /զ/գոյ  /զ/գոյս   /զ/ատեան  /զ/ատեանս    /զ/հրեայ  /զ/հրեայս

բաց.    յարքայէ    յարքայից    ի գոյէ   ի  գոյից   յատենէ      յատենից          ի հրէէ     ի  հրէից 

գործ.   արքայիւ   արքայիւք    գոյիւ    գոյիւք     ատենիւ     ատենիւք          հրէիւ      հրէիւք

               

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

գ/ Մովսէս /Մովսեսի կամ Մովսիսի/, Ներսէս /Ներսեսի կամ Ներսիսի/, Մատթէոս /Մատթէի/, Պետրոս, Սարգիս, Վաչէ, Գրիգոր

ուղղ.  Մովսէս               Ներսէս             Սարգիս

սեռ.   Մովսեսի             Ներսիսի           Սարգսի 

տր.    Մովսեսի             Ներսիսի           Սարգսի      

հայց. /զ/ Մովսէս          /զ/Ներսէս         /զ/Սարգիս    

բաց.   ի Մովսեսէ         ի  Ներսիսէ        ի Սարգսէ

գործ.  Մովսեսիւ           Ներսիսիւ          Սարգսիւ

 

դ/ անէծք, առանցք, ասք, արևելք, արևմուտք, խօսք, հմայք, ցնորք, Աղուանք, Կասպք, Պարսք

ուղղ.  անէծք             արևմուտք                     Պարսք    

սեռ.    անիծից          արևմտից                       Պարսից

տր.     անիծից           արևմտից                      Պարսից

հայց.  /զ/անէծս         /զ/արևմուտս               /զ/Պարսս

բաց.   յանիծից          յարևմտից                     ի  Պարսից

գործ.  անիծիւք          արևմտիւք                    Պարսիւք

 

Ուշադրություն դարձրու հոլովման ժամանակ տեղի ունեցող հնչյունափոխություններին:

  Վարժություն  47. Հոլովիր հետևյալ բառերը.  որովայն, փայլ, կոյտ, ծանօթ, ծնօտ, , բանտ, բառ, հսկայ, հմայք, ցնորք, Աղուանք, Կասպք, վկայ, կոփածոյ, կռածոյ, մատեան, յոբելեան, նպաստ, լաստ, առագաստ, պատեան, վայրկեան, ձուլածոյ, փեսայ, պաշտօնեայ, բարդ, բարձ, դար, կարօտ, հօտ, պտոյտ, հանգոյց, Վաչէ, Գրիգոր, երևոյթ, փայտ, քայլ:

Վարժություն  48. Թարգմանի՛ր, որոշիր հոլովված բառերի հոլովը, թիվը, հոլովումը.

Կոյր զրկի ի ճառագայթից արեգական: Սկսանին փոքրկանալ ստուերք տարերց երկրի: Տապալեաց զլերինս ի հիմանէ: Զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց: Առաքէ ի հայս հանդերձ մեծաւն Վրթանաւ: Քանզի մարդոյ մարմին ի չորից տարերց խառնեալ է:  Մի՛ կասկածեր ի կայսերէ: Ահաւասիկ բանք արդարութեամբ կատարեցան: Ոչ թէ յարևելից յարևմուտս գնան՝ այլ յարևմտից յարևելս: Հրամայէ դնել զնա ի վերնատանն ապարանից: Գթացեալ տէր ծառային այնորիկ՝ արձակեաց զնա: Զենցես զխոյն և առեալ զարիւն նորա հեղցես շուրջ զսեղանովն: Գտջիք զնոսա առ եզեր գետոյն:

 

Վարժություն  49. Թարգմանի՛ր գրաբար.

Սիրում ենք մեր բարեկամներին: Աչքեր ունես, բայց չես տեսնում, ականջներ ունես, բայց չես լսում, լեզու ունես, բայց չես խոսում: Թողնում էին ավարը և փախչում: Վարում էինք դաշտերը և տնկում այգիներ: Երբ գայլերը տեսնեն հովիվներին, կթողնեն ոչխարները և կփախչեն: Գարունը կգա և այգիները կծաղկեն: Մի՛ մոռանա իմ պատվերները: Մի՛ ուտիր և մի՛ ըմպիր հարբեցողների հետ: Քաջությամբ մարտնչեցին և հաղթեցին: Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը: Ձեզ կփնտրենք և կգտնենք: Ճանապարհին կմոլորվի և կկորչի: Պատվի՛ր քո հորն ու մորը: Զորք ժողովի՛ր, գունդ կազմի՛ր, շարժվի՛ր գնա՛ Քուշանների երկիրը: Մոռացի՛ր իմ ասածները:

 

Վարժություն  50.  Թարգմանիր աշխարհաբար.

Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցէ սերմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան եկն թշնամի նորա և ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն և գնաց: Եւ իբրև բուսաւ խոտն և արար պտուղ, ապա երևեցաւ և որոմնն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. <Տէր, ո՞չ  սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ ուստի՞  ունիցի զորոմնն>: Եւ նա ասէ ցնոսա. <Այր թշնամի արար զայն>: Ասեն ցնա ծառայքն. <Կամի՞ս  զի երթիցուք, քաղեսցուք զայն ի բաց>: Եւ նա ասէ ցնոսա. <Մի՛. Գուցէ մինչ քաղիցէք զորոմնն և զցորեանն ընդ նմին ի բաց խլիցէք: Թոյլ տուք երկոցունց աճել ի միասին մինչև ի հունձս, և ի ժամանակի հնձոց ասացից ցհնձողսն. քաղեցէք նախ զորոմնդ, և կապեցէք զայդ ի խրձունս առ ի յայրել, և զցորեանն ժողովեցէք ի շտեմարանս իմ>:

        

 Առաջադրանք. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

  1. Ի՞նչ  բնույթ ունի գրաբարյան  Ի  հոլովումը:
  2. Ի հոլովման դեպքում ինչպե՞ս են ձևավորվում եզակի տրական, բացառական, գործիական և հոգնակի ուղղական հոլովները:
  3. Ի  հոլովման դեպքում հնչյունափոխական ի՞նչ երևույթներ են դրսևորվում:
  4. Բառերի ի՞նչ  խմբեր են ենթարկվում  Ի  հոլովման:

 

 

 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.