ԴԱՍ Է. Կրավորաձև խոնարհումը գրաբարում. հայցական և բացառական հոլովներ

  1. Համեմատիր, որոշիր  գրաբարի  ներկա ժամանակաձևում Ե  լծորդության բայերի ներգործաձև և կրավորաձև խոնարհումների տարբերությունը.

 

                     ներգործաձև                                             կրավորաձև    

 աշխարհաբար     գրաբար                  աշխարհաբար      գրաբար

         շարժում եմ        շարժեմ                      շարժվում եմ          շարժիմ

         շարժում ես        շարժես                      շարժվում ես          շարժիս

         շարժում է          շարժէ                         շարժվում է             շարժի  

         շարժում ենք      շարժեմք                    շարժվում ենք        շարժիմք

         շարժում եք        շարժէք                       շարժվում եք          շարժիք

         շարժում են        շարժեն                       շարժվում են          շարժին

 

  1. Համեմատիր, արձանագրիր գրաբարի ներկա ժամանակաձևում Ա և Ու լծորդությունների բայերի ներգործաձև և կրավորաձև խոնարհումների ընդհանրությունը.

 

         աշխարհաբար                                                                 գրաբար 

ներգործաձև           կրավորաձև                               ներգործաձև և կրավորաձև 

մոռանում եմ           մոռացվում եմ                                          մոռանամ

մոռանում ես           մոռացվում ես                                          մոռանաս

մոռանում է             մոռացվում է                                             մոռանայ

մոռանում ենք        մոռացվում ենք                                         մոռանամք

մոռանում եք          մոռացվում եք                                           մոռանայք

մոռանում են          մոռացվում են                                           մոռանան

 

         աշխարհաբար                                                        գրաբար 

 

ներգործաձև           կրավորաձև                               ներգործաձև և կրավորաձև 

 

թողնում եմ               թողնվում եմ                                                 թողում

թողնում ես               թողնվում ես                                                 թողուս

թողնում է                 թողնվում է                                                    թողու

թողնում ենք             թողնվում ենք                                               թողումք

թողնում եք               թողնվում եք                                                 թողուք

թողնում են               թողնվում են                                                 թողուն  

 

Ծանոթություն:  ա/ Ե լծորդության չեզոք /գործողության կատարման համար կրող առարկա չպահանջող/ բայերը կրավորաձև չեն խոնարհվում: Նման բայերից են, օրինակ, ելանել, կաքաւել, վազել, մտանել և այլն:  բ/ Ա և Ու լծորդությունների չեզոք բայերը կրավորաձև խոնարհման իմաստ արտահայտել չեն կարող: Նման բայերից են. գնալ, դողալ, ընթանալ, զարթնուլ, զբօսնուլ, ուռնուլ  և  այլն: 

 

Վարժություն  12.  Ե խոնարհման  առաքել, բուժել, գրել, պահել, սիրել, գտանել, տեսանել  բայերը գրաբարյան ներկա ժամանակաձևով խոնարհիր ներգործաձև  և  կրավորաձև: 

 

  1. Համեմատիր, որոշիր  Ի  լծորդության բայերի ներկայի ձևերի  և  Ե լծորդության բայերի կրավորաձև խոնարհման ձևերի ընդհանրությունը և դրանց իմաստային տարբերությունը.

             աշխարհաբար            գրաբար                    աշխարհաբար        գրաբար

     

        Ե լծորդութ.         Ի լծորդութ.                     Ե    լծորդություն, կրավորաձև                                                                                                                                                   ծիծաղում եմ               ծիծաղիմ                                բուժվում եմ             բուժիմ 

       ծիծաղում ես               ծիծաղիս                                բուժվում ես             բուժիս

       ծիծաղում է                  ծիծաղի                                  բուժվում է               բուժի

       ծիծաղում ենք             ծիծաղիմք                              բուժվում ենք           բուժիմք

       ծիծաղում եք               ծիծաղիք                                 բուժվում եք             բուժիք 

       ծիծաղում են               ծիծաղին                                 բուժվում են             բուժին                        

 

 

 

  1. Համեմատիր,  ուշադրություն դարձրու Ի լծորդության որոշ բայերի /խօսիմ, համարիմ, դատիմ, խորհիմ, սկսանիմ, ծնանիմ/  իմաստային հնարավորությունների վրա.

 

գրաբար                             աշխարհաբար

համարիմ                  համարում եմ / համարվում եմ

համարիս                  համարում ես / համարվում ես

համարի                    համարում է / համարվում է

համարիմք                համարում ենք / համարվում ենք

համարիք                  համարում եք / համարվում եք

համարին                  համարում են / համարվում են

 

  1. Համեմատիրորոշիր հայցական հոլովի ձևավորման յուրահատկությունները գրաբարում.

            գրաբար                        աշխարհաբար                գրաբար

/ հացը                   հաց / զհաց                     հացեր / հացերը            հացս / զհացս

/ տունը               տուն / զտուն                  տներ / տները                 տունս / զտունս

/ դաշտը            դաշտ / զդաշտ               դաշտեր / դաշտերը       դաշտս / զդաշտս

 

  1. Համեմատիրորոշիր բացառական հոլովի ձևավորման յուրահատկությունները գրաբարում.

 

              գրաբար                        աշխարհաբար                գրաբար

              ի սրտէ                         սրտերից                          ի սրտից

              ի կայսերէ                    կայսրերից                       ի կայսերց

              ի գագաթանէ               գագաթներից                   ի գագաթանց

              ի ծովէ                            ծովերից                           ի ծովուց

               ի թոռանէ                      թոռներից                        ի թոռանց

             ի քաջէ                           քաջերից                          ի քաջաց

            ի ծառայէ                      ծառաներից                     ի ծառայից

 ա/ երբ բառը եզակի սեռականում վերջավորվում է այ կամ ոյ խմբով  /Գեղամ – Գեղամայ, սէր – սիրոյ/, բացառականում  է  մասնիկ չի ունենում. ի Գեղամայ /Գեղամից/, ի սիրոյ /սիրուց/, բ/ բացառական հոլովի  ի  բաղադրիչը նախդիր է, որ նաև տրական, հայցական հոլովների հետ գործածվելով՝ արտահայտում է զանազան հարաբերություններ::                                                

 

 

Վարժություն  13Կարդա և թարգմանիր.

 

Աշակերտքն լսեն զբանս իմ: Տէր խնամէ զարարածս իւր եւ պահէ զնոսա: Ով է սա, որ խօսի զհայհոյութիւնս: Դու ով ես, որ դատիս զեղբայր քո: Մանուկն խնդրէ ջուր: Վարդապետն գովէ զՏիգրան: Արեգակն հանապազ այրի եւ չշիջանի: Զարեգակն եւ զլուսին պաշտեն հեթանոսք: Ոչ հարցանեմք զանմիտս, այլ զիմաստունս: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա: Երիտասարդք պատուեն զծերս: Որ զիմաստութիւն եւ զխրատ անարգէ, թշուառական է: Կուռք բերան ունին եւ ոչ խօսին, ականջս ունին եւ ոչ լսեն: Դատի Տէր զայնոսիկ, որք դատին զիս: Հողմք սաստիկք մեծամեծ աւերս գործեն: Ընչասէրն չճանաչէ զբարեկամն: Ի սրտէ ելանեն խորհուրդք: Ի ծերոց ուսանիմք զիմաստութիւն: Գողք եւ ոճրագործք պատժին: Օրէնք դնին ի թագաւորաց: Բանայ դուռն ի պահապանաց: Ծնողք խրատեն զորդիս: Որդիք խրատին ի ծնողաց: Յաղթողք պսակին փառօք: Հայր արգելու զնա: Ամենայն գազանք հնազանդին մեզ: Ի հաւատոյ եւ յուսմանէ տգէտք երեւին: Այսօր տեսանի թափուր, դատարկ ի բնակչաց, մերկ ի զարդուց: Կոյր զրկի ի ճառագայթից արեգական: Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ ճանաչի:  Այր պակասամիտ արհամարհէ զընկերս: Ամենայն մարմին որպէս հանդերձ մաշի: Հողմ ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես:  Եւ ի բոցոյն վազէ խարտեաշ պատանեկիկ: Հեռանայ երիտասարդն ի գաւառէն: Նոքա տեսանին ի բազմաց: Տէր փրկէ զմեզ ի չարէն: Նա փրկէ զիս ի վտանգէ: Հատես դու փայտ յանտառէ: Բաժանի հայր յորդւոյ, եւ որդի՝ ի հօրէ, մայր՝ ի դստերէ, եւ դուստր՝ ի մօրէ: Ելանեն վաղվաղակի ի տեղւոջէ իւրեանց: Նոքա ոչ մեռանին ի ծարաւոյ: Իջանէ անձրեւ յերկնից: 

 

Վարժություն  14.  Նախորդ վարժությունից դուրս գրիր դիմավոր բայերը, խմբավորիր ըստ լծորդությունների, տարբերակիր Ե լծորդության  կրավորաձև գործածված բայերը Ի լծորդության բայերից:

 

Վարժություն  15Վարժություն 13-ից  դուրս գրիր հայցական և բացառական հոլովներով գործածված բառերը, առանձնացրու ըստ թվի կարգի:

 

 

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Գրաբարի Ե լծորդության բայերի ներկա ժամանակաձևում ինպե՞ս է արտահայտվում կրավորականության իմաստը:
  2. Գրաբարի Ա և Ու լծորդությունների բայերի ներկա ժամանակաձևում ինպե՞ս է արտահայտվում կրավորականության իմաստը:
  3. Ե լծորդության չեզոք բայերը կրավորաձև խոնարհվո՞ւմ  են:
  4. Ա և Ու լծորդությունների չեզոք բայերը կարո՞ղ են արտահայտել կրավորաձև խոնարհման իմաստ:
  5. Ներկա ժամանակաձևում ի՞նչ ընդհանրություն ունեն Ե լծորդության կրավորաձև խոնարհված և Ի լծորդության բայերը:
  6. Ի լծորդության որոշ բայեր կարո՞ղ են նույն վերջավորություններով արտահայտել և ներգործման, և կրման իմաստներ:
  7. Գրաբարի հայցական հոլովը ձևավորման ի՞նչ յուրահատկություններ ունի եզակի և հոգնակի թվերում, որոշյալ և անորոշ առումներում:
  8. Գրաբարի բացառական հոլովը ձևավորման ի՞նչ յուրահատկություններ ունի եզակի և հոգնակի թվերում:
  9. Եզակի բացառականը ե՞րբ չի ունենում  է   վերջնամասնիկը:

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.