Երեւանի Պետական Համալսարանի լեզուաբան Լեւոն Եզեկեանի՝«Դարձեալ ուղղագրութեան մասին» վերնագրով ելոյթի առթիւ , Նշան Որբերան

                          Համաժողովում չասուած մեր խօսքը

                   Երեւանի Պետական Համալսարանի   լեզուաբան  Լեւոն                         Եզեկեանի՝«Դարձեալ ուղղագրութեան մասին» վերնագրով ելոյթի առթիւ  

    Ընդունուած կարգի համաձայն, այս լեզուաբանի ելոյթի առթիւ վերջում կայանալիք լայն քննարկումը  տեղի չունեցաւ, որովհետեւ Եզեկեանը իր ելոյթը աւարտելուց հետո անմիջապէս հեռացաւ դահլիճից  եւ այլեւս չմասնակցեց համաժողովի միւս (նաեւ յաջորդ օրուայ) նիստերին: Ուստի կարելի է ենթադրել,  որ՝ Ա)Համաժողովում մայրենիի երկու լեզուաճիւղերի մերձեցման հարցը իրենց համար ո'չ  միայն անկարեւոր է, այլեւ վտանգաւոր, հաւանաբար նկատի առնելով այն, որ, արեւմտահայերէնում շարունակւում է պահպանուել «Մեսրոպեան հորջորջուող» ուղղագրութիւնը (այդ ցնցող արտայայտութիւնը մեր լեզուաբանի շուրթերից հնչեց), մինչդեռ, ըստ Եզեկեանականների, հայ ժողովուրդը  «Մեսրոպեան հորջորջուած» ուղղագրութեան փոխարէն, պարտաւոր է ասել՝ հայոց լեզուի նախաաբեղեանական եւ  հետաբեղեանական ուղղագրութիւններ:                                                                                                         

Բ) իր զեկոյցում, գիտենալով հադերձ, որ իր ներկայացրած թեզերը համաժողովում կողմնակիցներ  չունեն, այնուամենայնիւ Եզեկեանը յայտարարում է, որ բանաւոր լեզուի փոփոխութիւնների հետ պէտք է փոփոխուի նաեւ գրաւորը: Մինչդեռ լեզուաբանը պէտք է իմանայ, որ բոլոր ժողովուրդների մօտ, ժամանակի ընթացքում բանաւոր խօսքը փոփոխւում է, ինչը բնական երեւոյթ է, բայց աշխարհում ընդհանուր ճանաչում գտած գրաբանական տեսութիւնը չի ընդունում գրաւորի փոփոխութիւնը, պնդելով ընդհակառակը,  որ այդ փոփոխուող բանաւոր խօսքի գրաւորը միշտ եւ ամենուրէք  պահպանւում է, որովհետեւ ընդունուած է, որ համակարգուած ուղղագրութիւններին ձեռք տալ չի կարելի. այլապէս յաջորդ սերունդները չէին կարողանայ կարդալ ու հասկանալ նախորդ սերունդների գրաւոր լեզուն:           

 Գ) Եզեկեանը պնդում է, որ Աբեղեանը չի հետեւել կոմունիստներին, որ դեռ 1913-ին արդէն զեկուցել է ազգի մտաւորականութեան պահանջին համապատասխան՝ իր ստեղծած «նոր» ուղղագրոթեան մասին, որն, ըստ իրեն, ընդունուել է յաջողութեամբ: Նշենք, որ այս հարցում նա թաքցնում  է ճշմարտութիւնը՝ խնդիրը ներկայացնելով իբր համազգային պահանջ: Իրականում դա եղել է ծոյլ ուսուցիչների եւ անգրագէտ խմբագիրների կողմից առաջ քաշուած պահանջ, երբեմն մատնացոյց անելով տգէտ գրիչների եւ մատեանները սխալ արտագրողների գործերը: Գաղափար կազմելու համար բերենք այն ժամանակներում հանդէս եկած՝  այդ կարգի մտաւորականների առաջարկները, որոնք երբէք էլ չեն ընդոնուել ազգի եւ նրա առաջաւոր մտաւորականութեան կողմից: Օրինակներ՝ արեւմտահայ իրականութիւնից:                                                                                         

   Աշխարհագրագէտ Ղ. Ինճիճեանի  հրատարակած տարեգրքի  համարներում, նաեւ իր խմբագրած 8 հատորանոց աշխատութիւնում գրուել է լսուող, բայց   չգրուող   «Ը»  հնչիւնը՝ տըխուր, լըսել, սըրտանց, նըրանց: Ներ հոգնակիակերտ ածանցը գրւում է  Է-ով՝  մարդիկնէր, գետէր, անտառնէր: Մը, այ, նէ  մասնիկները գրուել են միասնաբար՝  անգամմը, նայիսնէ. կամ ող դերբայական ածանցը  բոլոր դէպքերում գրուել է օղ՝ վազող- վազօղ: Նահապետ Ռուսինեանը առաջարկում է  բոլոր բառերում նոյնպէս Ո  հնչոյթը փոխարինել    Օ-ով՝տօղ, սօխ, խնձօր, լօղալ, իսկ  Ե-ի փոխարէն գրել՝  Է. գրէլու էս, գրէցիր, ցրէլու է , վազէլու էմ:                                 

  Արեւելահայ մամուլում, օրինակ Հայկական աշխարհ » թերթը ( Խմբ. Ստեփան Ստեփանէ), թոյլ էր տալիս կիրառել եւրոպական կէտադրութիւն՝ վերջակէտը մէկ կէտով, միջակէտը՝ երկու կէտով: «Մշակ» թերթում Մ. Նաւասարդեանը նոյնպէս պահանջում է. մաշտոցաստեղծ  Ո գիրը արտաքսել բոլոր բառակապակցութիւններից, փոխարէնը գրելով Օ. օրօշ, անօրօշ, առօղջ: «Արօր» թերթում, Ա. Նազարեթեանը առաջարկում է  ւ գիրը դուրս գցել գրահամակարգից, գրելով միայն  Վ: Ղազարոս Աղայեանը հակառակն էր առաջարկում՝  Վ  գիրը փոխարինել  ւ-ով՝  կու, ծու սու (կով, ծով, սով բառերի փոխարէն). իսկ  Լ. Մարկոսեանը առաջարկում էր ՝ ամենուրէք գրել ւ գիրը, իսկ դրա մեծատառը համարել Վ գիրը:  Նա նաեւ առաջարկում է  ու-ի եւ իւ-ի փոխարէն նոր տառեր ստեղծել: «Ընկեր» շաբաթաթերթի խմբագիր, մասնագիտութեամբ փիլիսոփայ Սեդրակ  Թառայեանը առաջարկում է գրական աշխարհաբարը փոխարինել ռամկականով (այսինքն բարբառով) եւ կոչ էր անում՝ «Գրիր այնպէս, ինչպէս խօսում ես եւ խօսիր այնպես՝ ինչպէս գրում ես»:  Նոյն Թառայեանը առաջարկում է նաեւ մեր այբուբենից կրճատել 8 տառ՝ հետեւեալ հիմքով՝ «միթէ՞ հայ մարդու միտքը գրաւոր արտայայտելու համար աւելի հնչիւններ են հարկաւոր, քան թէ ունեն բոլոր եւրոպական ազգերը»: Մէկ  նախադասութեամբ աւելացնենք նաեւ, որ բոլոր վերոյիշեալ առաջարկութիւնների մէջ կային նաեւ բառասկզբի  յ-ն հ կարդալու  եւ վ-գրութեան,  ւ-գրութեան, ու-գրութեան կիրառման  հակասական առաջարկներ:                                                          

Այժմ վերադառնանք Եզեկեանի զեկոյցում յիշատակուած «հզօր» կռուանին՝ 1913թ. «Յոբելինական կենտրոնական յանձնաժողովին»: Ըստ պատմաբան Լէօյի (նա մասմակից էր),  Խորհրդակցութիւնը նախատեսուած օրը չի կայացել եւ լուրջ քննարկման չի արժանացել, քանի որ յանձնաժողովի անդամները աւելի հետաքրքրուած են եղել եկեղեցական-տօնական հանդիսութիւններով, իսկ մաշտոցեան համակարգուած եւ կանոնարկուած ուղղագրութիւնը վերատեսութեան ենթարկելը, որպես ակադեմիական հարց, համարել են իրենց ուժերից վեր: Յստակ եզրակացութեան եւ վճռական որոշումների չեն յանգում նաեւ  Թիֆլիսի՝ Տիգրան Նազարեանի գրական-գեղարուեստական դահլիճում Ստ.. Մալխասեանցի նախագահութեամբ եղած քննարկումները: Եզեկեանը չի հրապարակում այն տեղեկութիւնը, որ  Աբեղեանը 1913թ. «յոբելինական» զեկուցման մէջ նշել է ուղղագրութեան փոփոխութեան իրական պատճառի մասին՝  յայտարարելով, որ տարածուած ռուսախօսութիւնը եւ մեծաքանակ անգրագէտ հայախօս սերունդի ձուլման փաստը  մեծ վտանգ է ազգի համար, ուստի պահանջում է հայերէնի գրագիտութեան մակարդակը իջեցնել, հասցնել ռուսախօս անգրագէտների դիւրամատչելիութեանը: «Մշակ»ի էջերում այդ օրերին Շիրվանզադէն գրում է. «Աւելի գեղեգիկ, աւելի քաղաքակրթական ուղղագրութիւն, քան այն, ինչ տուել է մեզ հին գրականութիւնը, չի կարող տալ այժմեան եւ ոչ մի ժողով...Տգեղ բան կը լինի Սահակի եւ Մեսրոպի տօնը կատարելու համար  ժողովուել եւ նոյն Սահակի եւ Մեսրոպի շինած սքանչելի տաճարը քանդել»: Հովհաննէս Թումանեանը  նկատել է տալիս, որ ուղղագրութիւնը գիտութիւն է եւ նրա դէմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել միայն գիտութիւնով..., միշտ յիշելով,  որ միօրինակութիւնը եւ միակերպութիւնը պարտադիր պայման են մեր երկու գրական լեզուների համար»: Նիկողայոս Մառը 1913 թ. յանձնաժողովի կողից իրեն ուղղուած  հարցաթերթիկների առթիւ բացասական դիրքորոշում է ընդունում՝ Աբեղեանի առաջարկութիւնների նկատմամբ՝ ասելով «...կը քանդուի կը գնայ  աւանդական ուղղագրութիւնը.... իսկ եթէ հաշուի առնուի այդ ուղղագրութեան յաջող կիրառումն ու զարգացումը նաեւ արեւելահայ գրական լեզուին, ապա թողնելու է նոյնութեամբ, ոչ մի փոփոխութիւն պէտք չէ կատարել»:  Մառը միաժամանակ առաջարկում  է միասնական ու միակերպ ուղղագրութիւնը կիրառելիս՝արուած փոփոխոաթիւնները կրկին ետ փոխարինել նախկիններով:                                                                                                                        

       Քանի որ Եզեկեանի զեկուցման  թեման ուղղագրութեան մասին էր, լաւ կը լինէր որ զեկուցողը  իր ելոյթը կառուցէր ՝ ելնելով 1913թ. նոյն յանձնաժողովում  զեկուցող Մ. Աբեղեանի հետեւեալ տեսական բնոյթի յայտարարութիւններից (որոնցից հետագայ հրաժարումները «բացատրենք» կոմունիստների ճնշմամբ), դրանցից նշեմ երեքը՝.

1.«Ընդհանուր ընդունուած է բոլոր ազգերից, որ ամէն գրական լեզուի համար միակերպ քերականութեան հետ անհրաժեշտ է միակերպ ուղղագրութիւնը...»: Մինչդեռ Եզեկեանը ցանկանում է պահել երկրորդ (աբեղեանասեւակեան) ուղղագրութիւնը եւս:  

2.Աբեղեանի նոյն զեկուցումից մի այլ հատուած. «...Բառերի պատկերները (այսինքն գիրը-Ն.Ո.) դարէ  դար  էլ չպիտի մեծ փոփոխութիւնների ենթակայ լինին, որպէս զի յաջորդ սերունդները  չկտրուեն նախորդների հետ՝ գրի միջոցով մտաւոր հաղորդակցութիւն ոանենալուց»:  Այս լոյսի տակ կրկին կարդացէք իր զեկուցման մէջ՝ առաջին էջի Բ) կէտում  գրուած՝ Եզեկեանի այն պնդումը, թէ՝  բանաւոր խօսքի հետ պէտք է փոխուի նաեւ գրաւորը:

3.Եւ վերջացնենք մեր յօդուածը Աբեղեանի1913 թ. զեկուցման մէջ նշուած հետեւեալ մտքով. « «Եթէ չլինի ուրեմն ուղղագրութեան այս ընդհանուր եւ տեւական միութիւնը, չի կարող գոյութիւն ունենալ եւ մի ընդհանուր գրական լեզու: Հայերէնի համար աւելի մեծ է այս պայմանի նշանակութիւնը, քանի որ մենք ունենք այսօր երկու գրական լեզուներ, որոնք նոյնանում են գոնէ միակերպ ուղղագրութեամբ...». եւ ապա՝ «եթէ որեւէ փոփոխութիւն մեր ուղղագրութեան մէջ աւելի խառն գրութիւն մտցնի եւ մեր գրական լեզուները իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի: Այս պատճառով այս խնդրին պէտք է շատ մեծ զգուշութեամբ մօտենալ»: Իսկ պարոն Եզեկեանը պատրաստ է մեր ուղղագրութեան մէջ աւելի խառն գրութիւն մտցնելուն եւ, հետեւաբար, մեր գրական լեզուները հնարաւորինս աւելի հեռացնելուն: Մինչդեռ, մենք այսօր խօսում ենք մերձեցումների հիմնախնդրի մասին:       

   Հ.Գ------ Ուղղագրական շեղումների եւ դրանց հեղինակների  մասին տուեալները վերցրել եմ Մատենադարանի նախկին գիտ աշխատող, դոկտ. փրոֆ. Լեւոն Խաչերեանի  (այժմ յանգուցեալ) Լոս-Անջելեսում հրատարակուած հայոց ուղղագրութեան պատմութեան աշխատութիւնից:           

  25 օգոստոս 2015                                         ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ                          

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.