1978-1981թթ.

  1978 թ.
            Ինստիտուտի կառուցվածքում փոփոխություն չի կատարվել: Տասը  բաժիններում աշխատում է 150 մարդ, որից 90-ը գիտաշխատողներ են, 11-ը ՝օտար լեզուների ամբիոնի դասախոսներ:
            Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտը համատեղ մշակում են «Կախումների քերականության կիրառումը բնական լեզվի պարզ նախադասության ուսումնասիրության մեջ» թեման:
                                                                      
 1979թ.
             Ինստիտուտի կառուցվածքը և գիտական կադրերը
            Լեզվի ինստիտուտն ունի 10 բաժին. դրանք են՝ ժամանակակից հայոց լեզվի, հայոց  լեզվի պատմության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բարբառագիտության, բառարանագրության, տերմինաբանության և խոսքի մշակույթի, հայկական համաբարբառի, կիրառական լեզվաբանության, կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության, ինչպես նաև բազմացման մեքենաների բաժինները: Ինստիտուտի կազմում գործում են ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիան, քարտարանը և գիտական կաբինետը: Նախկինում ինստիտուտի կազմում գտնվող օտար լեզուների ամբիոնը այժմ կցված է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքին և ինստիտուտին է ենթարկվում միայն ֆինանսապես:
            Ինստիտուտն ունի 140 աշխատակից, որոնցից 60-ը գիտաշխատակիցներ են, 10-ը՝ ամբիոնի դասախոսներ:
           Ինստիտուտն ունի երկու ասպիրանտ՝ ժամանակակից հայոց լեզու և ընդհանուր լեզվաբանություն մասնագիտությունների գծով:
           Ինստիտուտի աշխատակիցներ ակադ. Գ. Բ. Ջահուկյանը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Է. Բ. Աղայանը, բ.գ.դ. Ն. Ա. Պառնասյանը մասնակցել են ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած հայերենագիտության միջազգային գիտական կոնֆերանսին և հանդես են եկել զեկուցումներով: Գ. Բ. Ջահուկյանը զեկուցումով հանդես է եկել նաև Իտալիայի կովկասագիտական կոնֆերանսում:
          Կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժնի աշխատակիցներ Ռ. Լ. Ուռուտյանը, Ա. Կ. Մանուկյանը, Է. Ռ. Եղիազարյանը մասնակցել են Մոսկվայում կայացած՝ մեքենայական թարգմանության խնդիրներին նվիրված համամիութենական խորհրդակցությանը:
           Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի աշխատակիցներ Լ. Ա. Սարաջևան  և Ծ. Ռ. Հարությունյանը զեկուցումներ են կարդացել Դուշանբեում կայացած՝ բարբառագիտության և լեզվի պատմության ընդհանուր հարցերին նվիրված համամիութենական խորհրդակցությունում: Զեկուցումների թեզիսները հրատարակվել  են:
          Ինստիտուտի առաջատար  գիտաշխատողները ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի և մասնագիտական տերմինաբանական հանձնաժողովների ակտիվ անդամներ են: Նրանք մշակել և ներկայացրել են տերմինաբանության, ուղղագրության, ուղղախոսության վերաբերյալ որոշումների նախագծեր, պարբերաբար մասնակցել կոմիտեի նիստերին և քննարկումներին:
           Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ ակտիվորեն մասնակցում են լուսավորության և բարձրագույն կրթության մինիստրությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, օժանդակում դասագրքերի կազմման և խմբագրման գործին, հանդես են գալիս որպես հեղինակներ:
          Լեզվի ինստիտուտի աշխատակիցների մասնակցությամբ քննարկվել և հաստատվել են ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ուսումնական ծրագրերը:
          Աշխուժացել են  տերմինաբանության և խոսքի մշակույթի  բաժնի գործնական աշխատանքները: Բաժնի աշխատակիցները մշտական կապ են պահպանում հանրապետությունում հրատարակվող թերթերի և ամսագրերի խմբագրությունների հետ, մամուլի աշխատողների առջև հանդես են գալիս զեկուցումներով, քննարկում են բաժին ներկայացված մասնագիտական հոդվածները, զբաղվում են բեմական խոսքի մշակույթի հարցերով: Հանդիպումներ են կազմակերպել դրամատիկ թատրոնի դերասանների հետ, կարդացել մի շարք զեկուցումներ բժշկական աշխատողների համար՝ բժիշկների խոսքի մշակույթի բարձրացման և բժշկական տերմինաբանության կարգավորման հարցերի մասին: Բաժնի աշխատակիցներ Լ. Պետրոսյանը և Լ. Ղազանչյանը մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի թարգմանչական խորհրդի անդամներ են:
           Ինստիտուտը գործուն օժանդակություն է ցույց տվել առևտրի և կենցաղսպասարկման նախարարությունների՝ որոշ ապրանքների անվանացանկերի միօրինակացման և կարգավորման, ինչպես նաև նշված բնագավառներում խոսքի մշակույթի բարձրացման ուղղությամբ:
          Կազմվել է ճանապարհային նշանների հայերեն անվանումների նախագիծ: Զագսի բյուրոյի խնդրանքով կազմվել է հայկական հանձնարարելի անունների ցանկը՝ տերմինաբանական կոմիտեի մասնակցությամբ:
          Ինստիտուտի շատ գիտաշխատակիցներ ,,Գիտելիք,, ընկերության ակտիվ անդամներ են: Նրանք մի շարք զեկուցումներ են կարդացել ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության  այլ քաղաքների /Սևան, Հրազդան, Արզնի, Աբովյան/ աշխատավորության համար:
          Ինստիտուտի մի շարք երիտասարդ գիտաշխատողներ պատրաստում են հայոց լեզվին  և  հայերեն խոսքի մշակույթին նվիրված հեռուստատեսային հաղորդումների նոր շարք:
          Հեռուստատեսությամբ կազմակերպվել է հաղորդում՝ նվիրված ԱՄՆ-ում կայացած հայերենագիտական կոնֆերանսին:
          Թբիլիսիի Ա. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի հրավերով Գ. Ջահուկյանը դասախոսություններ է կարդացել հայկական բաժանմունքի ուսանողության համար:
          Ինստիտուտը մշտապես գործնական օգնություն է ցույց տվել բոլոր անձանց և  կազմակերպություններին, որոնք դիմել են լեզվի մշակույթին և լեզվական նորմերին վերաբերող հարցերով:
 
                                         Ինստիտուտի միջազգային կապերը
           Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի  և  ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև  ,,Կախումների քերականության կիրառումը բնական լեզվի պարզ նախադասության ուսումնասիրության մեջ,, թեմայի ուղղությամբ:  Լեզվի ինստիտուտ են այցելել ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի տեքստերի ավտոմատ մշակման բաժնի վարիչ Յ. Կունցեն  և  ավագ գիտաշխատող Գ. Կլիմանովը: Կատարված աշխատանքները բավարար հիմք են տալիս ուսումնասիրության արդյունքները զետեղելու /գուցե՝ ամփոփելու/ համատեղ ժողովածուի մեջ,  որի հրատարակությունը նախատեսվում է 1980թ. ԳԴՀ-ում:
            Կառուցվածքային  և  մաթեմատիկական լեզվաբանության բաժնում քննարկվել են նաև ֆրանսահայ լեզվաբան Ագոպովի կողմից առաջարկվող ,,ունիլինգվա,, արհեստական լեզվի կառուցման սկզբունքները: Արվել են անհրաժեշտ դիտողություններ  ու առաջարկություններ:
            ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրավերով լեզվի ինստիտուտ է այցելել ավստրիացի լեզվաբան-հայագետ Բեդա Կյունցլեն: Կազմակերպվել են նրա հանդիպումներն ու զրույցները լեզվի ինստիտուտի աշխատակիցների հետ, քննվել են դասական բանասիրության  և հնագույն թարգմանությունների հետ կապված հարցեր:
            Շարունակվել է գիտական գրականության փոխանակումը ինստիտուտի և արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների միջև:
  Ինստիտուտի տարեկան հաշվետվությունից. 
                                  (ՀԱԱ, ֆ. 1085., ց.7 գ.41)
                                                             
 1980թ.
            Գ. Բ. Ջահուկյանը ընտրվում է ԱՄՆ-ի լեզվաբանական ընկերության անդամ, 1980 թվին պարգևատրվում է Մաշտոցի անվան Մատենադարանի  ,, Մեսրոպ Մաշտոց,, հուշամեդալով:
            1980 թ. սկսած` Գ. Բ. Ջահուկյանը ,, Հայ լեզվաբանության տարեգիր,, (Annual of Armenian Linguistics, ԱՄՆ) պարբերական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
            1980-ին և 1985-ին Է. Բ. Աղայանը ընտրվում է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ:
Փետրվարի27-28- Աղվերանում կազմակերպվում է երիտասարդ  լեզվաբանների     հանրապետական 2-րդ կոնֆերանսը, որտեղ զեկուցումներով հանդես   են  գալիս լեզվի ինստիտուտի 13 երիտասարդ գիտաշխատակիցներ:
Նոյեմբերի10-2- Անցկացվում է «Ժամանակակից հայերենի զարգացման օրինաչափությունները»  թեմայով հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Հայաստանում սովետական կարգերի հաստատման 60-ամյակին:
            Ինստիտուտը ակտիվ մասնակցություն է ունեցել ARCO-11 կոնֆերանսի և սեմինար-դպրոցի կազմակերպման և անցկացման գործում: Ինստիտուտի աշխատակիցները /Գ. Ջահուկյանը, Ա. Գրիգորյանը, Լ. Լազարյանը, Ն. Գրիգորյանը, Ռ. Թոխմախյանը /  հանդես են եկել դասախոսություններով և զեկուցումներով:
            Վ.Ս. Գրիգորյանը և Ռ.Լ. Ուռուտյանը մասնակցել են Պոտսդամում /ԳԴՀ / կայացած՝ տեքստերի ավտոմատ մշակման հարցերին նվիրված կոնֆերանսին և հանդես են եկել զեկուցումներով:
            Ինստիտուտի աշխատակից Ա. Մայիլյանը հաղորդումով հանդես է եկել Դուշանբեում կայացած՝ միութենական ակադեմիաների ռուսաց լեզվի բաժինների և  խմբերի ղեկավարների կոորդինացիոն խորհրդակցությունում:
            Բառարանագրության բաժնի աշխատակից Ե. Մելքոնյանը զեկուցում է կարդում Տաշքենդում կայացած թյուրքագիտական  համաշխարհային կոնգրեսում:
            ՍՍՀՄ լեզվաբանության ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքի հրավերով Մ. Աղաբեկյանը զեկուցում է կարդում այնտեղ կազմակերպված սեմինարում տարածքային լեզվաբանության հարցերի շուրջը:
            Լ. Սարաջևան և Ծ. Հարությունյանը հրավիրվում են մասնակցելու անտիկ բալկանիստիկայի գծով համամիութենական խորհրդակցությանը Մոսկվայում:
 
                        Գիտահետազոտական աշխատանքների կոորդինացում
             Իր աշխատանքներն է շարունակում լեզվաբանության գծով կոորդինացիոն հանձնաժողովը, որն իր նիստերի ժամանակ քննարկում է Երևանի համալսարանի և մանկավարժական բուհերի հայոց և ռուսաց լեզուների ամբիոնների գիտահետազոտական աշխատանքների պլանները: Վերացվում է տարբեր հիմնարկներում գիտահետազոտական աշխատանքների զուգահեռությունը: Հանձնարարականներ են տրվում բուհերի ամբիոններին մի շարք թեմաների , այդ թվում դիսերտացիոն թեմաների ճշգրտման վերաբերյալ:
 
                        Գիտաինֆորմացիոն և գործնական աշխատանքներ
            Ինստիտուտի առաջատար աշխատակիցները ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի և մասնագիտական տերմինաբանական հանձնաժողովների ակտիվ անդամներ են: Նրանք մշակում և քննարկման են ներկայացնում տերմինաբանության, ուղղագրության, ուղղախոսության վերաբերյալ որոշումների նախագծեր, պարբերաբար մասնակցում են կոմիտեի նիստերին և քննարկումներին: Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ ակտիվորեն մասնակցում են լուսավորության և բարձրագույն կրթության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, օժանդակում դասագրքերի կազմման և խմբագրման գործին, հանդես գալիս որպես հեղինակներ:
            Լեզվի ինստիտուտի աշխատակիցների մասնակցությամբ քննարկվում և հաստատվում են հայոց լեզվի ուսումնական ծրագրերը բուհերի, ինչպես նաև հանրակրթական դպրոցների միջին դասարանների համար:
            Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալում ժամանակակից հայոց լեզվի, տերմինաբանության և խոսքի մշակույթի բաժինների աշխատակիցները: Նրանք մշտական կապ են պահպանում թերթերի և ամսագրերի խմբագրությունների հետ, տերմինաբանական կոմիտեում հանդես են գալիս մամուլի լեզվի մասին հաղորդումներով, Երևանի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների համար զեկուցումներ են կարդում խոսքի մշակույթի վերաբերյալ:
            Տերմինաբանության բաժնում արվեստի ինստիտուտի խնդրանքով Գ. Ջահուկյանը և Լ. Պետրոսյանը հանդես են գալիս ռադիոյով՝ ինստիտուտում տարվող գիտական աշխատանքների մասին հաղորդումներով:
            Գ. Ջահուկյանը, Ն. Պառնասյանը, Ս. Աբրահամյանը մի շարք զեկուցումներ են կարդացել ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտում և այլ կազմակերպություններում:
            Ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ / Թ. Ղարագյուլյան, Ն. Պառնասյան, Ռ. Շալունց, Հ. Սուքիասյան, Ս. Ղուկասյան. Հ. Զաքարյան, Բ. Ներսիսյան / վարում են հեռուստատեսությամբ տրվող ,, Մեր լեզուն, մեր խոսքը,, հաղորդաշարը:
 
                              Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
            Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև ,,Կախումների  քերականությունը բնական լեզվի պարզ նախադասության ուսումնասիրության մեջ,, թեմայի ուղղությամբ: Թեման ավարտվում է 1980 թ.: Լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ բաժնի վարիչ Յ. Կունցեի գլխավորությամբ այցելել են լեզվի ինստիտուտ: Համատեղ սեմինարների և խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են ավարտվող թեմայի հրատարակման, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը: 1981-85 թթ. համար նախատեսվել է մշակել ,,Լեզվաբանության մեթոդաբանական և աշխարհայացքային պրոբլեմները,, թեման: Կազմված է աշխատանքների կոնկրետ պլան, քննարկվել են համագործակցության նպատակներն  ու սպասվող արդյունքները:
            Լեզվի ինստիտուտն ընդունել է իտալացի նշանավոր լեզվաբան Ջ. Բոնֆանտեին, որը կարդացել է զեկուցումներ և կոնսուլտացիաներ է անցկացրել ինստիտուտի աշխատակիցների հետ պատմահամեմատական և տարածքային լեզվաբանության հարցերի շուրջ:  
            Խորհրդատվություն ստանալու նպատակով լեզվի ինստիտուտ է այցելում ամերիկահայ  լեզվաբան Հ. Սերոբյանը: Շարունակվում է գիտական գրականության փոխանակումը ինստիտուտի և արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների հետ:
                                                                                                                                                                 (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 42)
   1981
 Հունիս-        Ընդհանուր և համեմատական լեզվաբանության  բաժնից անջատվում է 3  խումբ, և ստեղծվում է նոր բաժին, որը աշխատանքներ է ծավալում 3 հիմնական ուղղություններով. լեզուների զուգադրական և տիպաբանական ուսումնասիրություն, հանրալեզվաբանություն և հոգելեզվաբանություն:
                                                                                                                                                                          (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 3)
            Գիտխորհրդի և կուսբյուրոյի կողմից կազմված հանձնաժողովը հետևյալ կազմով՝ Ն. Պառնասյան, Ն. Սիմոնյան, Ա. Խաչատրյան, Ռ. Ուռուտյան, Հ. Սուքիասյան, Ե. Մելքոնյան և Բ. Ներսիսյան, 1982 թ. հունվարի 4-ից 14-ը անցկացվում է ինստիտուտի 1981 թ. գիտահետազոտական պլանների կատարման, ինչպես նաև նախորդ տարիներին (1980-81) ավարտված աշխատանքների վիճակի փաստացի ստուգումներ:
          Ստուգումների արդյունքների մասին զեկուցագիրը պահպանվում է ՀԱԱ-ում:
                                                                          (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 3, թ. 44-67)
 
         1981 թ. փաստացի ստուգումների զեկուցագրում նշված են ինստիտուտի հետևյալ բաժինները.
  1. ժամանակակից հայերենի բաժին (վարիչ՝ Ս. Աբրահամյան),
  2. հայոց լեզվի պատմության բաժին (վարիչ՝ Վ. Առաքելյան),
  3. բառարանագրության բաժին (վարիչ՝ Հ. Կոստանյան),
  4. զուգադրական և տիպաբանական ուսումնասիրությունների բաժին (վարիչ՝Լ.Հովսեփյան),
  5. բարբառագիտության բաժին,
  6. տերմինաբանության բաժին (վարիչի տեղակալ՝ Լ. Պետրոսյան, վարիչի մահվանից հետո տեղը թափուր է),
  7. կիրառական լեզվաբանության բաժին (վարիչ՝ Ա. Խաչատրյան),
  8. կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժին և ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիա,
  9. քարտագրման և բազմացման բաժին:                                                                                                                                                                                                              (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 3)
            ՀՍՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ ՀՍՍՀ ԳԱ նախագահության գիտատեխնիկական տերմինաբանության կոմիտեն միացվում է ինստիտուտի տերմինաբանության և խոսքի մշակույթի բաժնին: Ինստիտուտի կազմում գործում են ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիան և գրադարանը: Ինստիտուտն ունի 142 աշխատակից, որոնցից 76-ը գիտաշխատակիցներ են: 1981 թ. երկու երիտասարդ գիտաշխատակից ձևակերպվում են փորձնակ-հետազոտող և գործուղվում են ՍՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտ և ՍՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտ:
            Ինստիտուտն ունի 1 ասպիրանտ՝ հայոց լեզվի պատմության մասնագիտության գծով / արտադրությունից չկտրված /: Գ. Բ. Ջահուկյանի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվում են մասնագիտական սեմինարներ, որտեղ գիտաշխատակիցները հանդես են գալիս լեզվաբանության տեսական  և գաղափարական հարցերին նվիրված զեկուցումներով:
            Ինստիտուտում կազմակերպվում է ամենամյա գիտական հաշվետու նստաշրջան:
            Վ. Վ. Առաքելյանը, Հ. Լ. Զաքարյանը և Բ. Ս. Ներսիսյանը զեկուցումներով հանդես են գալիս Թբիլիսիում կայացած երիտասարդ գիտաշխատողների քաղաքային կոնֆերանսում: Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող Ծ. Հարությունյանը զեկուցում է կարդում Մինսկում կայացած դասական լեզուների դասավանդման հարցերին նվիրված գիտաժողովում ,, Լատիներենի դասավանդման առանձնահատկությունները հայ-ռուսական երկլեզվության պայմաններում,, թեմայով: Լ. Պետրոսյանը և Հ. Զաքարյանը զեկուցումներով հանդես են գալիս տերմինաբանության հարցերին նվիրված սեմինարում, Վ. Գրիգորյանը և Ժ. Մանուկյանը զեկուցումներով հանդես են գալիս Լենինգրադում կայացած ,,Տիպաբանական մեթոդները տարահամակարգ լեզուների շարահյուսության ուսումնասիրության ժամանակ,, համամիութենական կոնֆերանսում:
                    Գիտահետազոտական աշխատանքների կոորդինացում
            Իր աշխատանքներն է շարունակում լեզվաբանության գծով կոորդինացիոն խորհուրդը, որն իր նիստերի ժամանակ քննարկում է լեզվաբանության գծով գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման ընթացքը հանրապետությունում: Վերացվում է տարբեր հիմնարկներում կատարվող գիտահետազոտական աշխատանքների զուգահեռությունը: Բուհերի ամբիոնների կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա ճշգրտումներ են մտցրվում իրենց պլանների մեջ, համագործակցություն է հաստատվում Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի և լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի միջև՝ բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ուղղությամբ:
                        Գիտաինֆորմացիոն և գործնական աշխատանքներ
            Ինստիտուտի առաջատար աշխատակիցները  ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի և մասնագիտական տերմինաբանական հանձնաժողովի ակտիվ անդամներ են: Նրանք մշակում և քննարկման են ներկայացնում տերմինաբանության, ուղղագրության, ուղղախոսության վերաբերյալ որոշումների նախագծեր, պարբերաբար մասնակցում են կոմիտեի նիստերին և քննարկումներին:
            Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ ակտիվորեն մասնակցում են լուսավորության և բարձրագույն կրթության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, օժանդակում դասագրքերի կազմման և խմբագրման գործին, հանդես գալիս որպես հեղինակներ:
            Ինստիտուտի դիրեկցիայի և ժամանակակից հայոց լեզվի բաժնի նախաձեռնությամբ և քաղժողկրթբաժնի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում է ,,Հայոց լեզվի ուսուցչի օր,, , որի ժամանակ հանրապետության առաջատար լեզվաբանները հանդես են գալիս զեկուցումներով ու կոնսուլտացիաներ տալիս հայոց լեզվի տեսության ու դասավանդման մեթոդիկայի հարցերի վերաբերյալ:
            Ինստիտուտի աշխատակիցներ Հ. Սուքիասյանը, Ռ. Շալունցը և Բ. Ներսիսյանը վարում են ,, Մեր լեզուն, մեր խոսքը,, հեռուստատեսային հաղորդաշարը: Ինստիտուտի աշխատակից Գ. Վահանյանը ղեկավարում է ,,Լեզվասեր,, ակումբի աշխատանքները:
 
                            Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
            Լեզվի ինստիտուտը շարունակում է գիտական կապեր պահպանել արտասահմանյան առանձին գիտնականների և կազմակերպությունների հետ:
            Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև: 1981-85 թ. համար պլանավորվել է նոր թեմա՝ « Կախումների քերականության մեթոդները հայերենի և գերմաներենի պարզ նախադասության վերլուծության ժամանակ և ընդհանուր մեթոդաբանության մի քանի հարցեր»: Կազմված է աշխատանքների կոնկրետ պլան, քննարկվել են համագործակցության նպատակներն ու սպասվող արդյունքները:
            Ինստիտուտն ընդունում է ամերիկացի հայագետ Ջ. Գրեպինին, Կոպենհագենի համալսարանի դասախոս Բ. Օլսենին. վերջինիս այցելության նպատակն է սովորել ժամանակակից հայոց լեզու՝ մասնագիտական գրականություն կարդալու համար: Օլսենը ծանոթանում է  ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության աշխատանքներին, ստանում խորհրդատվություն իրեն հետաքրքրող հարցերի մասին:
Նոյեմբեր-  Ինստիտուտի հյուրն էր հոլանդացի հայագետ Ջ. Վայտենբերգը, որը զեկուցումներ է կարդում ինստիտուտի աշխատակիցների համար պատմահամեմատական լեզվաբանության հարցերի շուրջ, գրաբարի շրջուն բառարանի կազմման աշխատանքների ընթացքի մասին: Նա ծանոթանում է ինստիտուտի բառարանագրության, համաբարբառի բաժինների աշխատանքներին:
            Շարունակվում է գիտական գրականության փոխանակումը լեզվի ինստիտուտի և արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների միջև:
            Լեզվի ինստիտուտը նախատեսել է 1982 թ. սեպտեմբերին հրավիրել հայերենագիտության միջազգային գիտաժողով: Ավելի քան երեք տասնյակ հայագետներ ցանկություն են հայտնել մասնակցելու այդ գիտաժողովին: Այժմ ինստիտուտում տարվում են կազմակերպչական աշխատանքներ:
                                            Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տարեկան հաշվետվությունից:
                                                                                                                                   (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 43)
 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.