1975-1977թթ.

1975թթ.
          Ինստիտուտի կառուցվածքում փոփոխություն չի կատարվել: Ինստիտուտն ունի 8 բաժին: 126 աշխատակիցներից 68-ը գիտաշխատողներ են, 12-ը՝ ամբիոնի դասախոսներ:
          Ասպիրանտուրայում ուսանում են 8 ասպիրանտ՝ լեզվաբանական տարբեր մասնագիտությունների գծով. սոցիոլինգվիստիկա, պսիխոլինգվիստիկա, բարբառագիտություն, տերմինաբանություն,  սանսկրիտ և այլն:
Հոկտեմբերի12-14 Կազմակերպվեց  «Հայերենի գավառական բառարանի» փորձնական պրակի հրապարակային լայն քննարկումը,  որին  մասնակցեցին ոչ միայն մասնագետ-բարբառագետներ, այլև գիտական հասարակայնության այլ ներկայացուցիչներ՝ հանրապետության բուհերի դասախոսներ, հրատարակչությունների       աշխատակիցներ և այլն: Ելույթ ունեցան 28 հոգի, որոնք նշեցին բառարանի կարևորությունն ու հրատապությունը հայ լեզվաբանության ու մշակույթի համար: Ինչպես նաև արվեցին մի  շարք արժեքավոր առաջարկություններ՝ բառարանի գիտական  մակարդակը բարձրացնելու նպատակով:
            Ինստիտուտի գիտաշխատակիցները շարունակել են լեզվաբանական գիտելիքների մասսայականացման իրենց աշխատանքը: Կարդացել են մի շարք զեկուցումներ և դասախոսություններ հանրապետության աշխատավորների համար: Ընդունված սոցիալիստական պարտավորությունների համաձայն՝ ինստիտուտի տնօրեն Գ. Բ. Ջահուկյանը և փոխտնօրեն Վ. Ա. Քոսյանը զեկուցումներով հանդես են եկել Սպիտակի շրջանի աշխատավորության առջև: Հանրապետական մամուլում հրատարակվել են ինստիտուտի աշխատակիցների գիտահանրամատչելի հոդվածներ:
            Ինստիտուտի գիտաշխատակիցներից շատերը մասնակցել են համամիութենական գիտական կոնֆերանսների և խորհրդակցությունների: 7 աշխատակիցներ /Գ. Բ. Ջահուկյան, Հ. Դ. Մուրադյան, Լ. Ս. Հովսեփյան, Մ. Ա. Աղաբեկյան, Ս. Վ. Գրիգորյան, Ա. Ն. Հանեյան, Դ. Մ. Կոստանդյան/ մասնակցել են բարբառագիտության և լեզվի պատմության ընդհանուր հարցերին նվիրված Բաքվի համամիութենական խորհրդակցությանը, նրանցից մի քանիսը կարդացել են զեկուցումներ: Ասպիրանտներ Ա. Մարկոսյանը և Ա. Գալստյանը մասնակցել են հոգելեզվաբանության հիմնահարցերին նվիրված լենինգրադյան կոնֆերանսին, ինստիտուտի կրտսեր գիտաշխատակից Հ. Մադոյանը գործուղվել է Տաշքենդ՝ մասնակցելու ռուսաց լեզվի դասավանդման կատարելագործման համամիութենական կոնֆերանսին: Ծ. Հարությունյանը զեկուցում է կարդացել երիտասարդ լեզվաբանների լենինգրադյան կոնֆերանսում: Ինստիտուտի ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիայի վարիչ Ռ. Լ. Ուռուտյանը զեկուցումով հանդես է եկել Վառնայում / Բուլղարիա/ կայացած՝ լեզվաբանության մեջ մաթեմատիկական մոդելների և էլեկտրոնային մեքենաների կիրառմանը նվիրված I ազգային կոնֆերանսում:
          Շարունակվում են աշխատանքները նաև գիտահետազոտական թեմաների կոորդինացման ուղղությամբ: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի և լեզվի ինստիտուտի աշխատակիցների համագործակցությամբ ավարտվել է «Հայերենի ձայնաբանական հատկանիշների քննությունը ԷՀՄ-ի միջոցով» թեման, լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը և Մոսկվայի լեզվաբանության ինստիտուտը մշակել են համատեղ թեմա՝ «Հայերենի շեշտաբանությունը» , ինստիտուտի տնօրեն Գ. Բ. Ջահուկյանը ներկայացրել է հայ լեզվաբանության պատմությանը նվիրված բաժինը՝ Մոսկվայում հրատարակվելիք «Լեզվաբանության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար: 
                                  (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 6, գ. 106)    
                                                                                                
1976թթ.
           Լեզվի ինստիտուտն ունի 8 բաժին՝ ժամանակակից հայոց լեզվի, հայոց լեզվի պատմության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բառագիտության և բառարանագրության, բարբառագիտության, խոսքի մշակույթի և տերմինաբանության, կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության, կիրառական լեզվաբանության: Ինստիտուտի կազմում գործում են նաև ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիան, օտար լեզուների ամբիոնը, ինչպես նաև գիտական կաբինետը և քարտարանը:
           Ինստիտուտում  աշխատում են  132  հոգի, որոնցից 72-ը գիտաշխատողներ են, 11-ը՝ ամբիոնի դասախոսներ:
           Ինստիտուտն ունի 6 ասպիրանտ /արտադրությունից կտրված/ հետևյալ մասնագիտությունների գծով՝ սոցիոլինգվիստիկա, պսիխոլինգվիստիկա, սանսկրիտ, կովկասյան լեզուներ:
Ապրիլ-   Ինստիտուտի դիրեկցիայի և գիտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտական նստաշրջան՝ նվիրված  Հ. Աճառյանի ծննդյան 100-ամյակին: Նստաշրջանում կարդացված զեկուցումները նվիրված էին ինչպես Հ. Աճառյանի գիտական գործունեության տարբեր կողմերի պարզաբանմանն ու գնահատմանը, այնպես էլ լեզվաբանական զանազան հարցերի: Լեզվի ինստիտուտի աշխատակիցները զեկուցումներ են կարդացել նաև Հ. Աճառյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Երևանում և Կիրովականում կազմակերպված հանդիսավոր նիստերում:
             Լեզվի ինստիտուտի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձրել աշխատակիցների մասնագիտական պատրաստականության բարձրացման հարցերին: Ինստիտուտի տնօրեն ակադ. Գ. Ջահուկյանի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվել են մասնագիտական սեմինար պարապմունքներ, որտեղ հանդես են եկել գիտաշխատողները՝ լեզվաբանության տեսական և գաղափարական հարցերին նվիրված զեկուցումներով:
1975 թ. սկսած ինստիտուտում ակադ. Գ. Սևակի ղեկավարությամբ հասարակական կարգով գործում է միջլեզվաբանության  (ինտերլինգվիստիկա) պրոբլեմային խումբը, որի անդամները զեկուցումներով և հաղորդումներով պարբերաբար հանդես են գալիս ինստիտուտի աշխատակիցների առաջ:
            Մի շարք աշխատակիցներ մասնակցել են համամիութենական գիտական հավաքների: Կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժնի վարիչ Վ. Գրիգորյանը ելույթ է ունեցել ՍՍՀՄ ԳԱ նախագահության նիստում ,,Ռուսաց լեզվի դասավանդման վիճակը ազգային դպրոցում,, հարցի մասին: Ընդհանուր լեզվաբանության բաժնի ասպիրանտ Ա. Մելքոնյանը զեկուցում է կարդացել Նալչիկում կայացած՝ երկլեզվության հարցերին նվիրված խորհրդակցությունում: ՍՍՀՄ ԳԱ օտար լեզուների ամբիոնների՝ Լենինգրադում կայացած խորհրդակցությանը  մասնակցել են լեզվի ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի 4 դասախոսներ: Նրանցից է. Դելալյանը կարդացել է «Օտար լեզուների բանավոր խոսքի զարգացումը ունկնդրման միջոցով» զեկուցումը: Կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցներ Ա. Գրիգորյանը և  Հ. Զաքարյանը կարդացել են զեկուցումներ Մինսկում կայացած՝ լսողական  պատկերների ավտոմատ ճանաչմանը նվիրված սեմինարում :
 
                             Գիտաինֆորմացիոն և գործնական աշխատանքներ
          Լեզվի ինստիտուտի աշխատակիցները զգալի աշխատանք են կատարում լեզվաբանական գիտելիքների մասսայականացման ուղղությամբ: Տերմինաբանության և խոսքի մշակույթի բաժնի վարիչ ակադ. Գ. Սևակը հանդես է գալիս հեռուստատեսությամբ գիտատեխնիկական տերմինաբանությանը նվիրված հաղորդաշարով: Ինստիտուտի աշխատակիցներ Հ. Կոստանյանը, Հ. Օհանյանը, Ս. Անթոսյանը, Գ. Վահանյանը և  ուրիշներ բազմաթիվ զեկուցումներ են կարդացել  Հայաստանի աշխատավորության համար «Գիտելիք» ընկերության գծով:
            Ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել  են ՀՍՍՀ մինիստրների սովետին առընթեր տերմինաբանական  կոմիտեի և մասնաճյուղային տերմինաբանական հանձնաժողովների աշխատանքներին, մշակել և ներկայացրել  են ինչպես տերմինաբանությանը, այնպես էլ ուղղագրությանը և ուղղախոսությանը վերաբերող որոշումների նախագծեր, հանդես են եկել   նրանց նիստերին զեկուցումներով և ակտիվ ելույթներով:
            Ժամանակակից հայոց լեզվի և տերմինաբանության բաժինները պարբերաբար հետևել  են հանրապետական մամուլի լեզվին, մասնակցել են խմբագրություններում կազմակերպված քննարկումներին , անցկացրել  անհրաժեշտ խորհրդատվություններ:
Շարունակվում է համագործակցությունը Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև «Կախումների քերականության կիրառումը բնական լեզվի պարզ նախադասության ուսումնասիրության մեջ» թեմայի համատեղ մշակման ուղղությամբ: Այդ համագործակցության հետ կապված՝ այս տարի ինստիտուտի կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժինը ընդունել է ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի տեքստերի ավտոմատացված մշակման բաժնի վարիչ Յուրգեն Կունցեին: Նրա մասնակցությամբ կազմակերպված սեմինարների և քննարկումների ընթացքում քննվել են 1974-75 թթ. կատարված աշխատանքները, ի մի են բերվել գերմաներենի և հայերենի պարզ նախադասության անդամների միջև կախումների ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև այդ կառուցվածքների նկարագրության՝ երկու խմբերի կողմից ստեղծված կաղապարները: Նշվել է այդ բնագավառում տարվող համագործակցության արդյունավետությունը:
            Կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժնի վարիչ Վ. Գրիգորյանը Չեխոսլովակիայում հրատարակել է «Հարավսլավոնական երկրորդ ազդեցությունը և 16-րդ դարի սկզբի գրական պրոցեսի մի քանի հարցեր» հոդվածը («Slavia» Praha, 1976, N2):
            Հայոց լեզվի պատմության բաժնի ավագ գիտաշխատակից Ա. Մուրադյանը ԳԴՀ ԳԱ համար պատրաստել է ,, Հին հունական սոցիալական տերմինների համարժեքները հայերենում,, աշխատանքը:
 
1977թթ.
            Լեզվի ինստիտուտն ունի 10 բաժին. դրանք են ժամանակակից հայոց լեզվի, հայոց լեզվի պատմության, ընդհանուր  և  համեմատական լեզվաբանության, բարբառագիտության, բառագիտության և բառարանագրության, կառուցվածքային  և մաթեմատիկական լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տերմինաբանության և խոսքի մշակույթի, հայկական համաբարբառի, ինչպես նաև բազմացնող մեքենաների բաժինները: Ինստիտուտի կազմում գործում են ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիան, օտար լեզուների ամբիոնը, քարտարանը և գիտական կաբինետը:
Ինստիտուտն ունի 150 աշխատակից, որոնցից մոտ 90-ը գիտաշխատակիցներ են, 11-ը՝ օտար լեզուների ամբիոնի դասախոսներ: Համաբարբառի և բազմացնող մեքենաների բաժինները ինստիտուտի կազմի մեջ են մտել 1977 թ. սկզբին:  
        Ինստիտուտն ունի 3 ասպիրանտ:
         Երևանի համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի հետ համատեղ ինստիտուտում անցկացվել է երիտասարդ լեզվաբանների նստաշրջան, որտեղ զեկուցումներով հանդես են եկել ինստիտուտի 18 աշխատակիցներ: Նստաշրջանի նյութերը լույս  կտեսնեն ժողովածուով:
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու 150-ամյակի կապակցությամբ ՀՍՍՀ ԳԱ կազմակերպած ընդհանուր նստաշրջանին մասնակցել են ինստիտուտի ավագ գիտաշխատակիցներ բ.գ.դ. Գ. Գասպարյանը և բ.գ.դ. Ն.Պառնասյանը:
         Ա. Մարկոսյանը, Ա. Գալստյանը, Տ. Մաթևոսյանը մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած հոգելեզվաբանության  և հաղորդակցման տեսության հարցերին նվիրված 6-րդ գիտաժողովին: Զեկուցումների թեզիսները տպագրվել են:
Ն. Մելիքյանը, Ս. Մխիթարյանը, Ս. Պողոսովան մասնակցել են Տաշքենդում կայացած՝ ռուսաց լեզվի տարածման և զարգացման հարցերին նվիրված խորհրդակցությանը, որտեղ Ն. Մելիքյանը հանդես է եկել հաղորդումով ՀՍՍՀ գիտությունների  ակադեմիայում այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
        Կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցներ Հ. Զաքարյանը և Լ. Լազարյանը զեկուցումներով հանդես են եկել Մինսկում և Թբիլիսիում կայացած դպրոց-խորհրդակցություններում: Ա. Խաչատրյանը զեկուցում է կարդացել  Երևանում կայացած՝ իմաստաբանության խնդիրներին նվիրված համամիութենական խորհրդակցությունում:
          Օտար լեզուների ամբիոնի դասախոսները մասնակցել են Ծղալտուբոյում կայացած համամիութենական խորհրդակցությանը՝ նվիրված օտար լեզուների ուսուցման բարելավման հարցերին: Կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժնի վարիչ Վ. Գրիգորյանը Զագրեբում մասնակցել է սլավոնագետների 8-րդ կոնգրեսին:
         Գիտաինֆորմացիոն և գործնական աշխատանքներ
Լեզվի ինստիտուտի աշխատակիցները զգալի աշխատանքներ են կատարել լեզվաբանական գիտելիքների մասսայականացման, խոսքի մշակույթի բարձրացման ուղղությամբ:
           «Գիտելիք» ընկերության ակտիվ անդամներ են Հ. Օհանյանը, Ռ. Շալունցը, Տ. Ավետիսյանը, Գ. Վահանյանը, Ռ. Թոխմախյանը, Ա. Սարգսյանը, Բ. Ղազարյանը և ուրիշներ:
            Այս տարի սկսվել է ,,Մեր լեզուն, մեր խոսքը,, հեռուստատեսային հաղորդաշարը, որը ղեկավարում է ինստիտուտի աշխատակից Ա. Սարգսյանը; Հաղորդաշարին մասնակցում են   ինստիտուտի այլ աշխատակիցներ ևս:
            Ինստիտուտը մշտապես գործնական օգնություն է ցույց տվել բոլոր անձանց և կազմակերպություններին, որոնք դիմել են լեզվի մշակույթին և լեզվական նորմերին վերաբերող հարցերով:
 
                            Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
         Այս տարի ինստիտուտ են այցելել ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի աշխատակիցներ.   պրոֆ. Յուրգեն, դոկտոր Ինգրիդ Շտուրկեն, դոկտոր Դորոտն Արոլդը, որոնք կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության բաժնի աշխատակիցների հետ միասին քննարկել են թեմայի մշակման տեսական և գործնական հարցերը:
        ՀՍՍՀ ԳԱ հրավերով լեզվի ինստիտուտ  է այցելել  ԳՖՀ Քիլի համալսարանի պրոֆեսոր Վ. Վինտերը, որը մի շարք զեկուցումներ է կարդացել և զրույցներ անցկացրել ինստիտուտի աշխատակիցների հետ:
            Լեզվի ինստիտուտն ընդունել է նաև շվեյցարացի նշանավոր լեզվաբան-  հայագետ Ռ. Գոդելին, ամերիկացի հայագետ պրոֆ. ? Սանջյանին, լսել նրանց զեկուցումները:
            Գիտական գործուղումով լեզվի ինստիտուտում է գտնվել հոլանդացի լեզվաբան-հայագետ Ջ. Վայտենբերգը, որը զբաղվում է գրաբարի շրջուն բառարան կազմելու խնդրով: Լեզվի ինստիտուտից նա ստացել է   անհրաժեշտ խորհուրդներ և կոնսուլտացիաներ:
            Զգալիորեն աշխուժացել է արտասահմանյան երկրների հետ գիտական ինֆորմացիայի փոխանակումը:  Ինստիտուտը ուղարկել և ստացել է բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ, գրքեր, հոդվածների առանձնատիպեր և այլն:    Ինստիտուտի տարեկան հաշվետվությունից.
                                                                                                                                         (ՀԱԱ, ֆ. 1085, ց.7 գ.39)
            Ավագ գիտաշխատակից Մ. Մուրադյանի ջանքերով ինստիտուտում ստեղծվեց երգչախումբ, որի հիման վրա հետագայում ձևավորվեց  ռադիոյի «Ակունք» համույթը:
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.