Պատրաստվում է հրատարակության

20/10/2017
           ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը հրատարակության է պատրաստում Հրաչյա Աճառյանի մասին Սոֆյա Աճառյանի հուշերի գիրքը: Ներկայացնում ենք մի հատված գրքից:
           «….Հասավ վերջապես ծովին հրաժեշտ տալու, Երևան վերադառնալու ժամանակը։ Դուրս եկանք ճանապարհ՝ տեսնելու համար, թե ինչ փոխադրամիջոցով կարող ենք գնալ մինչև Սուխումի` գնացքի տոմս ապահովելու համար։ Շատ ավտոմեքենաներ անցան առանց կանգ առնելու։ Վերջապես մի «Մոսկվիչ», որ նորությունից պսպղում էր, կանգնեց։ Ավտոմեքենայի միջից մի մարդ ասաց, որ միայն երկու անձ կարող է վերցնել մինչև Սուխումի առանց իրերի։ Քույրս առաջարկեց, որ Աճառյանն ու ես գնանք և մինչև իրենց գալը հյուրանոցում տեղ ապահովենք։ Ճանապարհին խոսակցության ընթացքում պարզվեց, որ ավտոմեքենայի տերը Սուխումիի հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցիչն է։ Նա գնացել էր Մոսկվա, իր՝ տարիների խնայողությամբ գնել «Մոսկվիչ»‑ը՝ 1000 ռուբլով, վարձել էր վարորդ` ավտոմեքենան տեղ հասցնելու համար, իսկ մենք եղել էինք առաջին ուղևորները։ Երբ Աճառյանը հարցրեց նրան Ջիդարյանի մասին, վարորդն ասաց, որ նույն դպրոցում նա ավագ ուսուցիչ է, ավարտել է Երևանի պետական համալսարանը և շատ մոտիկ ու սիրված ուսանողներից է եղել պրոֆ. Աճառյանի։ Աճառյանի ունունը հիշելիս նա հայտնեց, որ մեծ ցանկություն ունի պրոֆեսորին տեսնելու. Ջիդարյանի պատմածները առաջացրել էին իր հետաքրքրությունը, բայց այդ հանդիպումն իրեն չի հաջողվում, որովհետև ամառը պրոֆեսորը գնում է օդափոխության, ձմեռը՝ դասախոսում, իսկ ինքը կապված է դպրոցին, չի կարող բացակայել։ Վերջում նա ասաց, որ որոշել է մի անգամ հատկապես գնալ Երևան՝ Աճառյանին տեսնելու։ Աճառյանն իմ թևը սեղմում էր, հասկացնելու համար, որ չմատնեմ իրեն։ Նա ասաց.
       – Ի՞նչ պետք է անեք տեսնելով. նա էլ մարդ է  էլի, գուցե ձեր լսածը նրա մասին ավելի լավ լինի, քան անձամբ տեսնելը։
Վերջում Աճառյանը հետաքրքրվեց, թե արդյոք Սուխումիի հյուրանոցում հնարավոր կլինի տեղ ճարել։ Ուսուցիչն ասաց, որ կփորձենք, իսկ եթե չհաջողվի, մի օրով ինքը կարող է մեզ հյուրասիրել իր տանը։
        Հետո նա իր հերթին հետաքրքրվեց Աճառյանով։ Հրաչյան առանց անունն ու ազգանունը հայտնելու ասաց, թե լավ կոշկակար է, իսկ տեսողության տկարության պատճառով ներկայումս թողել է արհեստը և ապրում է զավակների խնամքի ներքո։ Ուսուցիչը չկարողացավ զսպել իր զարմանքը և ասաց, որ նա երբեք կոշկակարի նման չէ և ավելի շուտ գիտնական մարդու տպավորություն է թողնում իր վրա, քան թե արհեստավորի։ Երբ հասանք Սուխումի, նա խնդրեց Աճառյանի անձնագիրը, որպեսզի փորձեր հյուրանոցում մեզ տեղավորել։
         Երբ անձնագիրը ձեռքին՝ նա մոտենում է հյուրերին գրանցող աղջկան, վերջինս, բաց անելով անձնագիրը, ասում է, թե ակադեմիկոսը բախտավոր և երջանիկ մարդ է թվում, որովհետև հյուրանոցի շքեղ համարը հենց նոր ազատեց միտրոպոլիտ Ալեքսեևը։ Ուսուցիչն Աճառյանի անունը լսելիս ապշած նայում է անձնագրին և համոզվում, որ իսկապես սա տարիներից ի վեր իր տեսնել ցանկացած Աճառյանն է, այն մարդը, որի ինքնությունն առանց իմանալու  Աֆոնից մինչև Սուխումի բերել է իր ավտոյով։ Նա շտապ վերադարձավ մեզ մոտ և ձեռքերը բարձրացնելով՝ գոչեց.
      – Ո՛վ հրաշք.սա ի՜նչ հրաշք է. ես Աֆոնից մինչև Սուխումի եկել եմ Աճառյանի հետ և չեմ իմացել...
        Ապա  հարցրեց. «Պրոֆեսո´ր, ինչո՞ւ ինձ չասեցիք։ Ես որքան բախտավոր մարդ եմ, որ իմ նոր գնած մեքենայի շնորհիվ ծանոթացա ձեզ հետ»։
        Ապա նա հրաժեշտ տվեց մեզ՝ ասելով, որ վաղը Ջիդարյանի հետ կգան մեզ մոտ։
        Մի ժամից մերոնք բեռնատար ավտոմեքենայով հասան մեզ։
         Հաջորդ առավոտ ուսուցիչը եկավ Ջիդարյանի հետ՝ Աճառյանին այցելության, նրանք շատ սիրալիր երկար զրուցեցին»։
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.