ՌԻՄԱ ՇԱԼՈՒՆՑ

14/03/2021
                                
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի երկարամյա աշխատակից,  բանասիրական գիտությունների դոկտոր Ռիմա Նիկոլայի Շալունցը:
          Ռ.Շալունցը ծնվել է Գորիսում 1937 թ. հոկտեմբերի 9-ին: 1944 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Գորիսի պետական թատրոնում: 1961 - 1965 թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինաստիտուտի բանասիրական ֆակուլտետում, ապա ընդունվել  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Բառագիտություն և բառարանագրություն» մասնագիտությամբ: 1972 թ. պաշտպանել է թեկնածուական՝ «Համանուն բառերը ժամանակակից հայերենում», 1994 թ. դոկտորական ատենախոսություն «Զանգվածային լրատվության լեզուն և ոճը»  թեմաներով: Վերջինս որպես ուսումնական ձեռնարկ գործածվում է բուհերում:
       Ռ.Շալունցը զբաղվում էր բառագիտությամբ:  Հետաքրքիր են նրա դիտարկումները համանունների, հականիշների, տերմինային համանիշության և բազմիմաստության վերաբերյալ: Ռիմա Շալունցը հեղինակել է «Արդի հայերենի  համանունների  դպրոցական բառարանը» (1980 թ.), որում ընդգրկված են  ինչպես դպրոցական դասագրքերում, այնպես էլ հայ դասական և խորհրդային գրողների երկերում (19-րդ դ. 70-ական թվականներից սկսած) հանդիպող համանուն բառերը:  
      Նա բազմիցս հանդես է եկել   մամուլում հանդիպող սխալների, դրանց վերացման, հայերենի անաղարտության վերաբերյալ հոդվածներով, որոնք սիրով և շնորհակալությամբ են ընդունվել ընթերցողների կողմից:
Մասնակցել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստատեսային հաղորդաշարին՝ անդրադառնալով  հայերենին անհարազատ ոճերին, հոլովական սխալ կիրառություններին, կապակցելիության սխալներին և այլն:
2000 թվականից բնակվում էր  ԱՄՆ-ում:
       Ռ. Շալունցը  մահացել է 2021թ. հունվարի  22 -ին: Նրան ճանաչողները միշտ կհիշեն նրան՝ զուսպ, համեստ, աշխատասեր, իր գործին նվիրված մարդուն:
  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատակից    Սիլվա  Պապիկյան                                                          

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.