ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հոբելյանական միջոցառումները շարունակվում են

21/12/2018
         Սույն թվականի դեկտեմբերի 17-ին և 21-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 75-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումները՝ նվիրված մեծանուն լեզվաբաններ Գ. Ղափանցյանին և Ա. Ղարիբյանին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ներկայացրեց ինստիտուտի կայացման ճանապարհին Գ. Ղափանցյանի և Ա. Ղարիբյանի մեծ ներդրումը: Մասնավորապես նշեց, որ Ա. Ղարիբյանը եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի առաջին տնօրենը, կարևոր է նրա դերը ոչ միայն գիտության, այլև ինստիտուտի զարգացման մեջ: Հավելեց. «Կարծում եմ՝ դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ Ա. Ղարիբյանի գիտական ժառանգությունը, ժամանակն է նրա հայացքների վերարժևորման և համակողմանի ուսումնասիրության: Նմանատիպ միջոցառումները այդպիսի նպատակադրում ունեն, ոգևորում ու նոր լիցքեր են հաղորդում հետազոտողներին»:
        Լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմին շնորհավորելու էին եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Հայկական հանրագիտարանի տնօրեն Հ. Այվազյանը, ԳԱԱ տարբեր հաստատությունների, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:
       Գ.Ղափանցյանի կյանքը և գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ բ.գ.դ., պրոֆ. Վազգեն Համբարձումյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Գ.Ղափանցյանի հիմնարար աշխատություններին՝ ներկայացնելով դրանց համակողմանի քննությունն ու վերլուծությունը: Հաջորդիվ տեղի ունեցավ ԳԱԱ թղթակից անդամ Լ. Հովհաննիսյանի «Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն (III մաս). Խաղողագործություն և գինեգործություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց խմբագիրը՝ բ.գ.թ. Գ. Մխիթարյանը:
          Ա. Ղարիբյանի գիտամանկավարժական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի գիտաշխատակից, բ.գ.դ. Գ. Գևորգյանը։ Բանախոսի ելույթից հետո ներկաներից մի քանիսը հանդես եկան ելույթներով: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ. Արծրուն Ավագյանը շնորհավորեց ինստիտուտի աշխատակիցներին, խոսեց ինստիտուտի և համալսարանի սերտ համագործակցության մասին, որ տարիների պատմություն ունի: Ելույթը եզրափակեց ԵՊՀ ռեկտորի ուղերձով՝ ուղղված ԳԱԱ լեզվի ինստիտուտին: Հուշեր և կյանքի դրվագրներ պատմեցին Ա. Ղարիբյանին աշակերտած պրոֆեսորներ Ա. Դոլուխանյանը և Լ. Խաչատրյանը:
          Միջոցառումը եզրափակվեց Վ. Կատվալյանի «Հայաստանի Հանրապետության բարբառային համա­պատկեր, Գիրք 1, Գեղարքունիքի մարզ» գրքի շնորհանդեսով: Գիրքը ներկայացրեց ինստիտուտի գիտաշխատակից, բ.գ.թ. Հ. Խաչատրյանը: Եզրափակիչ շնորհավորական ելույթով հանդես եկավ Հայկական հանրագիտարանի տնօրեն Հ. Այվազյանը, նշեց. «Բարբառագիտական կարևորագույն ուսումնասիրություն լինելուց բացի՝ այս գիրքը բանահյուսական լուրջ գանձարան է: Սա մեծ հաղթանակ է: Կեցցե՛ք»:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.