Գիտական նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ. Աճառյանի ծննդյան 140-ամյակին

12/10/2016
          Հոկտեմբերի 12-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում լիագումար նիստով մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հայերենի ուսումնասիրության և կանոնարկման արդիական խնդիրներ» միջազգային գիտաժողովը:
          Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը. «Հ. Աճառյանը մեր ժամանակների ամենաբեղմնավոր և ամենամեծ հայագետն է, որի գիտական աշխատանքներն ընդգրկում են հայոց լեզվի ուսումնասիրության բոլոր բնագավառները»: Բեղմնավոր աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին՝ Վ. Կատվալյանը հավելեց, որ այս գիտաժողովի ընթացքում հնչելու են զեկուցումներ՝ նվիրված մեծանուն գիտնականի վաստակի ուսումնասիրությանը և գործունեությանը:
         Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հատկապես կարևորեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են թե՛ արևելահայերենին, թե՛ արևմտահայերենին առնչվող հարցեր: Նախարարը վստահություն հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները, անկասկած, արժանին կմատուցեն մեծանուն գիտնականի հիշատակին:
       Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Բեղմնավոր աշխատանք և հետաքրքիր քննարկումներ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ռ. Մարտիրոսյանը նշեց. «Գիտությունների ակադեմիայում երախտավորներին հիշելու լավ ավանդույթ է ձևավորվել: Այսօր մենք նշում ենք նշանավոր գիտնական Հ. Աճառյանի 140-ամյակը, որը, կրթվելով եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում, վերադարձավ Հայաստան և զարգացրեց գիտությունը: Նա մեծ դեր ունեցավ նաև Երևանի պետական համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի կայացման գործում»:  
            Ելույթներով և Հ. Աճառյանի գործունեությունն ու վաստակը բազմակողմանիորեն ներկայացնող զեկուցումներով հանդես եկան Լիանա Հովսեփյանը (ԳԱԱ ԼԻ), Աելիտա Դոլուխանյանը (ՀՊՄՀ), Ամալյա Խաչատրյանը (Շվեդիա), Հենրիետա Սուքիասյանը (ԳԱԱ ԼԻ): Լիագումար նիստն ավարտվեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Վերնատուն» ուսանողական երգչախմբի՝ հայ ժողովրդական երգերի կատարումով:
         Գիտական նստաշրջանի երկրորդ մասը շարունակվեց ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, որտեղ տեղի ունեցավ Աճառյանի դիմաքանդակի պաշտոնական բացման արարողությունը: Այն վստահվեց մեծ գիտնականի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Վերջինս իր շնորհակալական խոսքը եզրափակեց Աճառյանի հայտնի մի մտքով. «Տարին ունի 365 օր, եթե հանենք 65-ը, կմնա 300 օր, եթե ամեն օր մի էջ գրենք, տաեվերջին կստացվի 300-էջանոց մի գիրք»:
        Եռօրյա գիտական նստաշրջանին  մասնակցում էին ինչպես ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցները, այնպես էլ ՀՀ գիտակրթական տարբեր հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, «Տաթև» գիտակրթական համալիրի, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Գևորգյան հոգևոր ճեմարանի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատակիցներ, ինչպես նաև այլ երկրներ (Շվեդիա) ներկայացնող  գիտնականներ:
         Եռօրյա գիտական նստաշրջանի ընթացքում լսվեցին զեկուցումներ, որոնք աչքի էին ընկնում թե՛ գիտական բարձր մակարդակով ու նորույթով, թե՛ թեմայի արդիականությամբ: Զեկուցումների թեմատիկան լայն էր ու բազմազան: Հնչեցին զեկուցումներ՝ նվիրված Հ. Աճառյանի առաջադրած գիտական հարցերի քննարկմանը, արևելահայերենի և արևմտահայերենի ուսումնասիրությանը, միջնադարյան գրավոր հուշարձանների բառաքննությանը, արծարծվեցին  աղբյուրագիտական կարևոր դիտարկումներ և ստուգաբանական հարցեր, ներկայացվեցին տերմինաբանությանը և բարբառագիտական զանազան հարցերի քննությանը նվիրված զեկուցումներ:  
        Աճառյանական եռօրյա գիտական նստաշրջանը եզրափակվեց քաղաքային պանթեոն այցելությամբ: ԳԱԱ լեզվի ինստիտուտի մի խումբ լեզվաբաններ՝ տնօրեն Վ. Կատվալյանի ուղեկցությամբ այցելեցին Հ. Աճառյանի շիրմին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով մեծ գիտնականի անմահ հիշատակին:
                         
                                                                                                                                                              Բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյան

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.