Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված համացանցի, մասնավորապես սոցցանցերի լեզվի առանձնահատկություններին։ Սեմինարը վարում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Արևիկ Քամալյանը։
Նա ներկայացրեց հայալեզու համացանցի հաղորդակցման լեզվի առանձնահատկությունները՝ նշելով, որ այսօր համացանցում ձևավորվում է նոր լեզու, նոր ենթամշակույթ, որը տարբերվում է թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքից. այն լեզվի նոր որակ է՝ իր առանձնահատկություններով, որը լուրջ ուսումնասիրման կարիք ունի։ Ա. Քամալյանը նաև նշեց, որ համացանցի լեզվի մասին ուսումնասիրություններ՝ հոդվածներ, մենագրություններ, ատենախոսություններ կան աշխարհի տարբեր լեզուներով, իսկ հայերեն համակողմանի ուսումնասիրություններ առայժմ չկան։
Ա. Քամալյանը խոսեց համացանցում գրության առանձնահատկությունների մասին (բառերի դիտավորյալ աղավաղված գրություն, զանազան պայմանական նշանների, սիմվոլների, սմայլիկների, գիֆերի կիրառում ևն)՝ ասածը լրացնելով համացանցից արված սքրինշոթերով։ Բառապաշարի առանձնահատկություններին անդրադառնալով՝ նա հատկապես ընդգծեց բաղարկությամբ կազմվող նոր բառերի առատությունը, խոսեց համացանցային սլենգի, փոխառությունների, ինչպես նաև համացանցում գռեհկաբանությունների, հայհոյական բառաշերտի տարածման միտումի մասին, որի պատճառները ոչ միայն լեզվաբանների, այլև մարդաբանների, մշակութաբաններին, հոգեբանների ուսումնասիրության առարկա կարող են դառնալ։ Ա. Քամալյանը անդրադարձավ նաև այլատառ հայերենի, հատկապես լատինատառի խնդրին՝ նշելով, որ այն խիստ բացասական ազդեցություն է թողնում գրագիտության վրա, խոսեց համացանցում դրա դեմ պայքարի միջոցների մասին։
Վերջում Ա.Քամալյանը նշեց նաև համացանցային ֆոլկլորի, մասնավորապես մեմերի, դրանց ծագման ու տարածման եղանակների մասին։