Սեմինար ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անան լեզվի ինստիտուտում

08/02/2016

Փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար, որի ընթացքում քննարկվեցին սփյուռքագիտությանը, Սփյուռքի հայագիտական կենտրոններին, Արևմտյան Հայաստանում հայերենի գոյատևմանն առնչվող հարցեր: Բանախոսներն էին հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը, արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող Սուսաննա Տիոյանը և բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հայկանուշ Մեսրոպյանը:

Սուսաննա Տիոյանի զեկուցումը վերաբերում էր վերջերս ՀՀ Սփյուռքի նախարարությունում կայացած աշխատաժողովի ընթացքում իռլանդական Diaspora Matters կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Քինգսլի Այքինսի կարդացած դասախոսությանը՝ նվիրված սփյուռքի առանձնահատկություններին (տարբեր ժողովուրդների դեպքում), ներկայումս աշխարհում մեծ տարածում ունեցող այդ իրողության ձևավորման ու փոխակերպումների պատմությանը, հայրենիքի հետ սփյուռքի կապին, դերին ու ներուժին: Լեզվի ինստիտուտի գիտաշխատողներին փոխանցելով Քինգսլի Այքինսի դասախոսությունից ստացած իր տպավորությունները՝ Ս. Տիոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց իռլանդացի սփյուռքագետի հետազոտություններից:

Անդրադառնալով Սփյուռքի հայագիտական կենտրոնների գործունեությանը՝  Գ. Մխիթարյանը ներկայացրեց դրանց կազմակերպական ու կառուցվածքային առանձնահատկությունները, ստեղծման հիմքերը, հաստատությունների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև նրանց հետ համագործակցության հնարավորությունները: Բանախոսի մատուցմամբ՝ Սփյուռքի հայագիտական կենտրոնները, գիտահետազոտական ու կրթական հաստատությունները ծավալուն գործունեություն են իրականացնում հայապահպանության, հայոց լեզուն ու գրականությունը, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը պահպանելու ու տարածելու ուղղություններով, հանդես են գալիս հայանպաստ ձեռնարկներով: Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում կան ինը տասնյակից ավելի նման կառույցներ, որոնց մի մասը հայագիտական ինքնուրույն կենտրոններ են, իսկ մյուսները գործում են այլ հաստատությունների (ինչպես հայկական, այնպես էլ օտար) կազմում:

Հ. Մեսրոպյանը տեղեկություններ հաղորդեց Թուրքիայում հայերենի վիճակի և հայոց լեզվի ուսուցման խնդիրների վերաբերյալ: Նա փաստեց, որ Արևմտյան Հայաստանում շարունակում են ապրել հազարավոր հայեր, որոնք, թեև կորցրել են մայրենին ու դավանափոխ եղել, սակայն պահպանել են իրենց ազգային ինքնագիտակցությունը և հնարավորության դեպքում աստիճանաբար կարող են վերադառնալ իրենց բնիկ էությանը, արմատներին: Նշվեց նաև, որ որոշ տարածքներում այս կամ այն չափով ու եղանակով հայերենը այնուամենայնիվ դեռևս գործառում է: 

Բանախոսները պատասխանեցին ունկնդիրներին հետաքրքրող հարցերին, ծավալվեց մտքերի փոխանակում ու քննարկում:

                                                                                                                         Գարիկ Մկրտչյան

                                                                                            Լեզվի ինստիտուտի գիտաշխատող    

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.