«Որ չեք կարողանում օգտագործել հայերենի բառագանձը, ո՞վ է մեղավոր»

01/09/2017
               Այն, որ հայոց լեզուն հարուստ է, անշուշտ չի ժխտում յուրաքանչյուր հայ, երբեմն այդ մասին նույնիսկ առանց կասկածի` գիտական փաստերով ու հոդվածներով անդրադառնում են լեզվի ոչ հայ մասնագետներ: Սակայն, վերջին օրերին, կարծես թե, հայոց լեզվի հարստությունը կասկածի տակ դրվեց, բայց ոչ թե լեզվաբանների, այլ` տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից: Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ Բագրատյանի տեսակետները շատ տարօրինակ են եւ խառնաշփոթ:
 
«ԼԵԶՎԻՆ ԶՍՊԱՇԱՊԻԿՆԵՐ ՀԱԳՑՆԵԼ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ»
 
- Որքան հասկացա հեռուստատեսային ելույթից, իր ասպիրանտները օգտագործում են օտար բառեր, եւ դրանց դեմ որոշակի բողոքի ալիք է բարձրանում: Նա դժգոհում է, որ օտար բառերը ազատորեն չեն գործածվում հայերենում: Դա լեզվաբանական խնդիր է, վաղուց լեզվաբանները հանգել են այն եզրակացության, որ պետք չէ լեզվի դռները ամուր փակել, մյուս կողմից էլ, ամբողջովին բացել փոխառությունների առաջ: Որեւէ լեզու չի կարող առանց փոխառությունների գործառել: Աշխարհը զարգանում է, լեզուները փոխադարձ շփումների մեջ են, եւ ցանկացած լեզու անպայման պետք է կատարի եւ կատարում է փոխառություն: Անկախ նրանից` Հրանտ Բագրատյանը կպնդի՞ կատարել փոխառություններ, թե դեմ կլինի, լեզուն իր գործը կատարում է: Լեզուն բնական երեւույթ է, լեզվին չի կարելի կարգադրել, լեզվին զսպաշապիկներ հագցնել չի կարելի` բնական ընթացքով զարգանում է եւ անհրաժեշտության դեպքում անշուշտ կատարում է փոխառություններ: Իհարկե, մերժելի է ինչպես մաքրամոլությունը, երբ ամեն ինչ ձգտում են թարգմանել, այնպես էլ` այն մտայնությունը, որ պետք է ամեն ինչ վերցնել:
 
«ԲԱԳՐԱՏՅԱ՛Ն, ՈՐ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻ ԴԵՄ ՉԵՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՍՏԱՆԸ» ԻՆՉՈ՞Ւ ԴԱՐՁԱՎ ՕՏԱՐ»
 
- Բագրատյանն առաջարկում է մեզ անվանել արմեններ, իսկ մեր երկիրը` Արմենիա:
 
- Ի՞նչ է նշանակում` աշխարհի երկրների 80 տոկոսի անվանումները համընկնում են իրենց անվանումներին, եկեք մենք մեզ կոչենք Արմենիա... Ներողություն արտահայտությանս, սա ի՞նչ մանկամտություն է, երեւույթին եմ անդրադառնում, մարդու մասին չեմ խոսում: Նա ասում է` չփակենք դուռը օտար բառերի դիմաց, բայց Հայաստանի «ստանը» օտար է իր համար: Բա որ օտար բառերի դեմ չես պայքարում, Հայաստանի «ստանը» ինչո՞ւ դարձավ օտար: Ուղղակի ասածն այնքան տարօրինակ է, որ քննարկման ենթակա չէ: Լեզվի մասին անընդհատ պետք է խոսել, բայց` գիտական ճիշտ պատկերացումների դիրքերից, ժողովրդի մեջ ստեղծել ճիշտ պատկերացումներ, այնպես անել, որ մեր լեզվամշակույթը աստիճանաբար բարձրանա: Հասկանալի է` տեղի է ունեցել հասարակարգի փոփոխում, տնտեսության քայքայում, նոր իրավիճակ է, բայց դա չի նշանակում` լեզուն պետք է մոդեռնիզացնել` նոր լեզու ստեղծել: Լեզվի բառապաշարը կարող է հարստանալ, եթե տնտեսությունը զարգանում է տնտեսության կյանքին համապատասխան: Լեզուն մեղավոր չէ, որ այս վիճակում ենք եւ ոչ էլ լեզվով պետք է զարգացնենք տնտեսագիտությունը: Եթե տնտեսագետն ունի տնտեսությունը զարգացնելու նոր մեխանիզմներ, որով տնտեսությունը թռիչքաձեւ կզարգանա, ինչ լեզվով ուզում է թող դա ասի, ոչ ոք նրան չի խանգարի: Թող զարգանա տնտեսությունը, լեզուն էլ միաժամանակ կզարգանա:
 
«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԲԱՌԵՐԻ ՇԱՏ ՈՒ ՔՉՈՎ ՈՐՈՇԵԼ ԼԵԶՎԻ ՀԱՐՈՒՍՏ ԿԱՄ ԱՂՔԱՏ ԼԻՆԵԼԸ»
 
- Ըստ Բագրատյանի «հաշվարկների»` մեր լեզուն աղքատ է` ռուսերենից, անգլերենից...
 
- Աշխարհում լավ կամ վատ, աղքատ կամ հարուստ լեզու չկա, ցանկացած լեզու ունի իր կառուցվածքը, միավորները, բառապաշարը: Բառապաշարի հարստության մասին կարող է խոսք լինել, այն էլ` դարձյալ լավի ու վատի խնդիր չէ, որովհետեւ նայած, թե տվյալ լեզուն կրող ժողովուրդը ինչ զարգացման մակարդակի տնտեսություն ունի, ինչ արդյունաբերություն ունի, գիտության ինչ զարգացում ունի, աշխարհում ինչ տեղ ու դեր ունի, լեզվում այդ ամենն արտացոլվում է: Լեզուն ունի իր դրսեւորման տարբերակները, երբ ասում ենք հայերեն, նկատի չունենք միայն գրականը: Հայերենը ե՛ւ մեր բարբառներն են, ե՛ւ գրական արեւելահայերենը, ե՛ւ գրական արեւմտահայերենը, ե՛ւ խոսակցական հայերենը: Հայերենի մասին խոսել ընդհանրության մեջ ու ասել` հայերենը չի բավարարում, սխալ է: Եթե Բագրատյանը խոսում է տնտեսագիտության գիտական լեզվի մասին, ուրեմն թող ասի, որ տնտեսագիտության ոլորտում կա տերմինների պակաս, կա` լրացրե՛ք, ո՞վ է ձեր ձեռքը բռնում: Ստեղծե՛ք նոր տերմիններ` հայերենի նյութից ելնելով, չե՞ք կարողանում, չի՞ ստացվում` օտար բառեր գործածեք, բայց` չափի մեջ: Երբեմն այնքան են գործածում, որ կարդում ես տնտեսագիտական որեւէ աշխատանք` չես հասկանում ինչի մասին է: Նույնիսկ այդ տերմինները մտնում են պաշտոնական լեզվի մեջ, որը հաճախ կարելի է տեսնել կառավարության որոշումներում կամ օրենքներում: Միջազգային տերմիններ կան, որ շատ լավ օգտագործվում են: Ո՞վ է ասում` թարգմանենք բանկը, տանկը, ռադիոն, դեկանը... Բագրատյանն ասում է, թե օտար տերմինները թարգմանելով` աղքատացնում ենք լեզուն, բայց թարգմանում ենք, նորից նոր բառ ենք ստեղծում: Ասում է, եթե մեկը ստեղծել է, ուրեմն պետք չէ թարգմանել: Բայց այդ ստեղծողը իր լեզվի համար է ստեղծել, մենք էլ` մեր լեզվի համար ստեղծենք: Ամեն դեպքում` չի կարելի բառերի շատ ու քչով որոշել լեզվի հարուստ կամ աղքատ լինելը: Լեզուն բառերի կույտ չէ, որ ասենք` այս լեզվի մեջ կույտը մեծ է, ուրեմն հարուստ է, մյուսի մեջ կույտը փոքր է, ուրեմն աղքատ է: Լեզուն կարող է ունենալ որոշակի քանակությամբ բառեր եւ դրանով բավարարվել: Ո՞վ ասաց, թե հայերենն ունի այսքան հազար բառ, անհնար է որոշել բառերի քանակը: Նախ հայերեն ասելով` պետք է հասկանալ հայերենի բոլոր դրսեւորումները: Ով կարող է նստել ու հաշվել հայերենի բոլոր դրսեւորւմների բառային միավորները: Իմիջիայլոց, լեզվում երբեմն ավելորդ բառեր կարող են լինել, քանակությունը դեռ ոչինչ չի որոշում: Մի բառով կարելի է բազում իմաստներ արտահայտել, դա էլ է հարստության նշան: Ինքնանվաստացում եմ տեսնում, չի՛ կարելի, սա շատ վտանգավոր ուղի է:
 
«ՎԱՂԸ ՄԵԿՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ, ԹԵ ՄԵՐ ՏԱՌԵՐՆ ԱՆՃՈՌՆԻ ԵՆ»
 
- Կարելի՞ է լեզուները ստորադասել:
 
- Իհարկե` ոչ: ժամանակին Աճառյանը այդ մասին հստակ ասել է` չի կարելի բարբառը ստորադասել գրական լեզվին, ապագայում էլ գուցե լեզուներն իրար ստորադասենք: Եթե ստորադասում ես քո լեզուն մեկ ուրիշի լեզվին, նշանակում է` ընդունում ես նրա առավելությունը եւ քո խեղճությունն ես դրսեւորում: Պետք է մեր ունեցածը կարողանանք գնահատել, արժեւորել, ի վերջո, լեզուն իր մեջ պարունակում է ժողովրդի պատմություն, հոգեբանություն, լեզվամտածողություն, աշխարհընկալում, բնավորություն, դա ժողովրդի մի հոգու գույնն է` մտածողության երանգը: Ցանկացած լեզու էլ լավ է այդ լեզվով խոսող հանրության համար:
 
- Պարոն Կատվալյան, այս կարգի ընկալումն ո՞ւր կարող է տանել:
 
- Վաղը մեկն էլ կարող է ասել, թե մեր տառերը անճոռնի են, լատինատառը շատ լավ է, եկեք անցնենք լատինատառ այբուբենի: ժամանակին այդպիսի մտայնություն եղել է, վախենում եմ այս կարգի դիտարկումներից հետո հաջորդ քայլը լինի դա: Ամիսներ առաջ ասվեց, որ լեզուն խանգարում է բիզնեսին, բերեք փակենք Լեզվի տեսչությունը, որը պաշտպանում է հայերենի իրավունքները: Հիմա էլ ասում են` լեզուն խանգարում է տնտեսագիտությանը: Դուք զարգացրեք տնտեսությունը, լեզուն չի խանգարի, ինքն էլ կզարգանա: Գիտեմ շատ տնտեսագետների, որոնք լավ հայերենով գրում են եւ իրենք էլ ստեղծում են բառեր` հայերեն տնտեսագիտական մտքեր, գաղափարներ, իմաստներ արտահայտելու համար: Գիտեմ տնտեսագետների, որոնք իրենց աշխատանքները խմբագրելիս օգտվում են լեզվաբանների աջակցությունից եւ այդպես առաջ են տանում իրենց լեզուն: Լեզուն հարափոփոխ վիճակում է, անկախ մեր կարծիքից այն միշտ էլ փոխվում է ու զարգանում, ոչ թե աճում է` ինչպես ասում է Բագրատյանը: Լեզուն չի աճում, փոփոխվում եւ զարգանում է, բայց լեզվի մեջ կան իրողություններ, որոնք մշտական են, այդքան արագ չեն փոփոխվում: Նա նաեւ ասում է, թե Անիի ավերակներին նմանվող հին բառեր ենք օգտագործում, ամենահին բառերը գիտե՞ք որոնք են` հայր, մայր, քույր, եղբայր, փոխե՞նք այդ բառերը: Որ չեք կարողանում օգտագործել հայերենի բառագանձը, ո՞վ է մեղավոր:
 
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.