Միջոցառում՝ նվիրված հայոց եղեռնի 98-րդ տարելիցին

22/04/2013
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց եղեռնի 98-րդ տարելիցին: Ելույթ ունեցողները անդրադարձան կոտորածներին նախորդող իրադարձություններին, օսմանյան պետության ծրագրերին, աշխարհի հզորների անտարբերությանն ու ցեղասպանության ոճրագործ եղանակներին, եղեռնի հետևանքով հայության կրած կորուստներին: Առանձնահատուկ ընդգծվեց հայոց լեզվին հասցված ծանրագույն վնասը, ինչի հետևանքով հայերենի շատ բարբառներ վերացան, և խաթարվեց գրական արևմտահայերենի, վերջին հաշվով՝ ողջ հայերենի զարգացման բնականոն ընթացքը: Մասնակիցները դատապարտեցին մարդկանց զանգվածային ոչնչացմանն ուղղված ցանկացած գործողություն, բռնության ամեն մի դրսևորում,  կոչ արեցին համայն հայությանը՝ համախմբվել հայրենի պետականության և ազգային իղձերի իրականացման գաղափարի շուրջ, նպաստել հայրենիքի հզորացմանը, սիրել, պահպանել և զարգացնել մայրենի լեզուն: Միջոցառման ավարտին լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմը հանդես եկավ հայտարարությամբ:
 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(ընդունված ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովում)
              Մարդկության դեմ գործված որևէ հանցանք երբևիցե մոռացության ենթակա չէ: Այս կամ այն պետության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումից,  թուրքական պետության կողմից օսմանյան ոճրագործության ժխտումից և քաղաքական ու դիվանագիտական անմաքուր խաղերից անկախ՝  ողջ աշխարհը և հենց թուրք առաջադեմ մտավորականները հիշում և դատապարտում են քսաներորդ դարասկզբի հայոց եղեռնը, որը միաժամանակ մարդկության ամոթն է՝ իր դրսևորման հրեշավոր ու գազանաբարո եղանակներով: Գրեթե մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունը՝ միլիոնավոր հայերի ֆիզիկական բնաջնջումով, տեղահանությամբ, իր հայրենի հողի վրա դարերի ընթացքում ժողովրդի արարած արժեքների ոչնչացումով, խեղեց հայ ժողովրդի պատմական ճակատագիրը,  բեկեց հայության զարգացման բնականոն ընթացքը՝ այդպիսով ծանրագույն վնաս հասցնելով նաև մարդկային քաղաքակրթությանն ու համաշխարհային մշակույթին: Արդեն շուրջ հարյուր տարի է, ինչ յուրաքանչյուր հայի հոգում դաջված են կոտորածների, մշակութային արժեքների անդառնալի ոչնչացման, հայրենիքի մեծագույն մասի  կորստի տառապագին հիշողությունն ու անամոք ցավի զգացումը:
               Մեծագույն ցավով փաստում ենք, որ վայրենի բնազդների՝ օսմանյան պետության կողմից ուղղորդվող քստմնելի խրախճանքի հորձանուտում եղեռնազարկ եղավ նաև աշխարհի հնագույն ու զարգացած լեզուներից մեկը՝ հայերենը: Աշխարհի երեսից իսպառ անհետացան դարերի ճամփա անցած, դարավոր իմաստնություն ու հիշողություն ամբարած տասնյակ հայ բարբառներ, շատ այլ բարբառներ էլ, վտարվելով հայրենի հողից և զրկվելով կենսական պայմաններից, բեկորներով սփռված են օտար ափերում ու սերնդից սերունդ մոռացության են մատնվում այլախոս միջավայրերում: Երբեմնի ծաղկուն ու շքեղ գրական արևմտահայերենը, զրկված լինելով իր հայրենիքում գոյատևելու և գործառելու հնարավորությունից,  թևը զարկված հավքի նման անհեռանկար դեգերում է աշխարհից աշխարհ՝ որոնելով ու չգտնելով տունդարձի ճամփան:
Առանձնահատուկ ընդգծելով այն իրողությունը, որ հայոց եղեռնի հետևանքով հայերենը ևս ծանրագույն կորուստներ է կրել և զրկվել է միասնական զարգացման իր բնական իրավունքից ու հնարավորությունից՝ մենք դատապարտում ենք մարդկանց զանգվածային ոչնչացման ցանկացած դրսևորում, միաժամանակ կոչ ենք անում բոլոր ժողովուրդներին ու երկրներին՝ հարաբերությունները կառուցել միմյանց իրավունքները հարգելու և փոխըմբռնման հիմքի վրա, բացառել բոլոր կարգի բռնությունները, ջանքեր գործադրել ոչ թե պատերազմելու միջոցներ ստեղծելու ու եղածները կատարելագործելու, այլ համամարդկային բարօրության  ու համերաշխության հասնելու ուղղությամբ:  
Դիմում ենք նաև աշխարհի բոլոր հայերին՝ կոչ անելով՝
ա) համախմբվել հայրենի պետականության շուրջ և ամեն կերպ նպաստել նրա զարգացմանն ու հզորացմանը, միշտ հիշել, որ յուրաքանչյուր հայի հայրենիքը Հայաստան աշխարհն է.
բ) սիրել,  պահպանել, գործածել, տարածել ու սերնդեսերունդ փոխանցել հայոց լեզուն՝ այդպիսով մեծագույն նպաստ բերելով հայապահպանության և ազգային իղձերի իրականացման գործին, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների հռչակած՝ բազմալեզու ու բազմամշակույթ աշխարհում  ազգային յուրահատկությունները պահպանելու և զարգացնելու գաղափարների իրագործմանը: 
 

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.