«Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գ. Ջահուկյանի ծննդյան 95-ամյակին

05/06/2015

       2015թ. հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում լիագումար նիստով սկսվեց, ապա հաջորդ երկու օրերին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում իր աշխատանքները շարունակեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ակադեմիկոս Գ. Ջահուկյանի ծննդյան 95-ամյակին: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցներից, ասպիրանտներից ու հայցորդներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ինչպես Հայաստանի Հանրապետության գիտակրթական տարբեր հաստատությունների՝ Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, «Տաթև» գիտակրթական համալիրի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, Մաշտոցի անվան Մատենադարանի, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, ասպիրանտներ ու հայցորդներ, այնպես էլ այլ երկրներ (Ավստրիա, Շվեդիա, Իրան) ներկայացնող  գիտնականներ:

      Լիագումար նիստը բացեց Հ. Աճառյանի անվան լեզվի իստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը: Ներկաներին ողջունեց և գիտաժողովի աշխատանքներին բարի երթ մաղթեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը: Գ. Ջահուկյանի կյանքին ու գործին, գիտական գործունեության տարբեր ոլորտներին նվիրված  զեկուցումներով հանդես եկան Լ. Հովսեփյանը և Վ. Համբարձումյանը, իսկ Կ. Առաքելյանը մեծ լեզվաբանին ներկայացրեց նաև իբրև տաղանդավոր բանաստեղծ: Ելույթ ունեցողները (Ա. Դոլուխանյան, Լ. Խաչատրյան, Հ. Սուքիասյան, Հ. Հովհաննիսյան, Ջ. Բառնասյան) տարբեր դիտանկյուններով ներկայացրին մեծանուն գիտնականին, մարդուն, գիտության կազմակերպչին:

Երկօրյա նստաշրջանի ընթացքում լսվեցին բազմաթիվ զեկուցումներ, որոնք աչքի էին ընկնում իրենց գիտական նորույթով և ասելիքի խորությամբ: Գ. Ջահուկյանի առաջադրած գիտական հարցերի քննարկմանն էին նվիրված Լ. Խաչատրյանի «Կաղապարի տեսությունն ըստ Գ. Ջահուկյանի», Գ. Գևորգյանի «Գ. Ջահուկյանը և հայերենի բարբառների ձևաբանական դասակարգման հարցը», Մ. Սարգսյանի «Ընդհանուրլեզվաբանական նորաստեղծ տերմինները Գ. Ջահուկյանի աշխատություններում» զեկուցումները:

      Աղբյուրագիտական իրենց կարևոր դիտարկումներով հետաքրքրություն առաջցրին  Լ. Հովհաննիսյանի «Փարավոն բառի շուրջ», Վ. Համբարձումյանի «Ստուգաբանություններ», Ն. Հովհաննիսյանի «Բառիմաստային փոփոխություններ նույնանիշների՝ 18-րդ դ.. ավանդված ձեռագիր բառարաններում», Ն. Սիմոնյանի «Գրաբարի «Զգայական ընկալումներ» իմաստային խմբի բայերը» զեկուցումները:

       Արևելահայերենի և արևմտահայերենի հնչյունական, բառային և քերականական մակարդակներին էին նվիրված Դ. Գյուլզատյանի «Ուրվագիծ հայերենի հնչերանգային ուղղախոսության», Ռ. Դոխոյանի «Արդի հայերենի խոսքային գործունեության իմաստային ենթադաշտի բայերի գործածությունը բարեկիրթ խոսքի կառույցներում», Գ. Գրիգորյանի «Հնչամիավորների դրսևորման զանազանություններ խոսքի տարբեր տեմպերում», Լ. Թելյանի ««Դիմավոր բայ+անորոշ դերբայ» կառույցի գնահատման շուրջ», Մ. Միրումյանի «Հավելական բաղադրիչով հարադրական բայերի կառուցատիպերը Հովհ. Թումանյանի հեքիաթներում», Ռ. Թոխմախյանի «Երկբարբառները արևմտահայերենում» և այլ զեկուցումներ:

        Տերմինաբանության ու ստուգաբանության մի շարք հարցեր արծարծվեցին  Ա. Գալստյանի «Միօրինականացման միտումները հայերենի լեզվաբանական տերմինահամակարգում», Ն. Դիլբարյանի «Հայոց լեռնանունների ստուգաբանության վիճահարույց մի քանի խնդիր», Հ. Զաքարյանի «Հեղույս, կոշիկ և կաշի բառերի ստուգաբանությունը» զեկուցումներում, միջնադարյան գրավոր հուշարձանների բառաքննությանն էին վերաբերում Գ. Մխիթարյանի «Կցորդ, կացուրդ և կոնդակ անվանումները միջնադարյան հայ հոգևոր երգարվեստում», Մոհամմադ Մալեք-Մոհամմադիի «Միջին հայերենի բառարանագրության շուրջ» զեկուցումները:         

        Բարբառագիտական հարցերի քննությանը նվիրված զեկուցումներով հանդես եկան Վ. Կատվալյանը («Լեզվական դիտարկումներ ըստ Բայազետի բարբառի նյութի», «Ռուսերեն փոխառություններ Բայազետի բարբառներում»), Ջ. Բառնասյանը («Դերանվանական իրողություններ Վանի բարբառում»), Հ. Խաչատրյանը Տուն և հյուղ հասկացությունների բառանունների բարբառային բնութագիրը», «Բնակարան, տուն, կահ-կարասի իմաստային թեմատիկ խմբի բառանվանումները Գեղարքունիքի մարզի խոսվածքներում»), Հ. Մեսրոպյանը Երեցկին հասկացության բարբառային արտահայտությունները»), Ս. Վարդանյանը  («Որոշ դիտարկումներ Համշենի բարբառի խոսվածքի մասին»):

       Իրենց գիտական պրպտումների արդյունքները  ներկայացրին նաև երիտասարդ գիտաշխատողներ Հ. Գևորգյանը («Ցեղանունների կրոնադավանաբանական նշանակությունները հայ մատենագրության մեջ»), Հ. Թադևոսյանը («Հիվանդություն հասկացության բառային դրսևորումները միջնադարյան բժշկարաններում»), Վ. Խաչատրյանը («Միջին հայերենում փոխառված բառերի գործածությունը 16-րդ դարի ձեռագրերի հիշատակարաններում»), Գ. Մկրտչյանը («Գեղարքունիքի մարզի խոսվածքների հնչյունական համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները») և այլք:

    Գիտաժողովն ավարտվեց մտքերի աշխույժ փոխանակումով ու քննարկումով, հարցադրումներով ու եզրահանգումներով, դիտողություններով ու առաջարկություններով:

       Նստաշրջանի զեկուցումները կհրապարակվեն «Ջահուկյանական ընթերցումներ» հերթական ժողովածուում:

                                  

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.