Հրապարակային դասախոսություն՝ նվիրված Հ. Հյուբշմանի ծննդյան 170-ամյակին

28/06/2018
          ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը  սկսել է հրապարակային դասախոսությունների շարք՝ նվիրված հայոց լեզվին ու հայագիտությանն առնչվող  տարաբնույթ հարցերի: Սույն թվականի հունիսի 28-ին տեղի ունեցավ առաջին հրապարակային դասախոսությունը՝ նվիրված նշանավոր հայագետ Հ. Հյուբշմանի ծննդյան 170-ամյակին: Բանախոսն էր Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վ. Համբարձումյանը:
         Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը՝ շնորհավորելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը լեզվի ինստիտուտում:
        Բանախոս Վ. Համբարձումյանը հանդես եկավ բավական ընդգրկուն և հետաքրքիր դասախոսությամբ, ներկայացրեց հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրության բնագավառում հայերենի բնույթի և առանձնահատկությունների պարզաբանման հարցում Հ. Հյուբշմանի ներդրումը: Դասախոսությունը սկսվեց կենսագրական փոքրիկ ակնարկով, այնուհետև բանախոսն անդրադարձավ բուն նյութին՝ հետևյալ խմբավորմամբ.
  1. հայերենի վերաբերյալ հետաքրքրության առաջացման նախադրյալները (շարժառիթները),
  2. աշխատությունների բնույթը և բնագավառները,
  3. հայերենի առանձնացումը իրանականից և ինքնուրույն ճյուղի լեզու կարգելը. հիմնավորումներ,
  4. աշխատությունների հրապարակումները,
  5. հայերեն թարգմանությունները,
  6. գիտական ժառանգության վերլուծությունները,
  7. Մխիթարյանների դերը եվրոպացի հայագետների համեմատաբանական գիտելիքների հիմքի ապահովման մեջ,
  8. Ք. Պատկանյանի անուղղակի նպաստը եվրոպացի համեմատաբանների գիտական գործունեության մեջ,
  9. գիտական մասնագետների («կադրերի») պատրաստում հայերենի մասին գիտության բնագավառի համար,
  10. Հ. Հյուբշման և Հ. Աճառյան. վերջինիս «Հայերէն արմատական բառարանը»,
  11. նոր խնդիրներ, նոր անելիքներ:
         Ամփոփելով բանախոսը նշեց. «Հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության բնագավառում ապագայում, ինչ խոսք,  նույնպես կլինեն նոր աշխատանքներ, որոնք շատ հարցերում անպայման և անհրաժեշտաբար առնչվելու են Հյուբշմանի, այսպես ասած,  գիտական խիզախության արդյունք հանդիսացող գործերին՝ ի նպաստ հայերենի վերաբերյալ գիտության առաջընթացի:
         Հայերենին այսօր տրվում է համեմատաբար ավելի կարևոր, եթե ոչ որոշ դեպքերում առաջնային տեղ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության մեջ: 
Անդրադառնանք այս հարցին՝ Հյուբշմանի ստեղծած գիտական անվարան աբվանդույթի առնչությամբ:  
        Որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, անցյալ և նախանցյալ դդ. 70-ական թթ. կեսերը հայերենի համեմատական (այլև տիպաբանական) շրջադարձային պահերը եղան. 1975 թ. լույս տեսած հայտնի ծավալուն հոդվածով Հյուբշմանը ազդարարեց հայերենի յուրօրինակ բնույթի և առանձնահատկությունների մասին՝ իբրև ինքնուրույն ճյուղով ներկայացող առանձին լեզու հնդեվրոպական լեզուների մեջ, իսկ 1972 թ.  Թ. Գամկրելիձեն և Վյաչ. Իվանովը հանդես եկան գիտական հատուկ զեկուցումով, որում առաջարկություն էր մտցվում վերանայելու հնդեվրոպական նախալեզվի բաղաձայնական համակարգը՝ ելնելով ամենից առաջ հայերենի տվյալներից (հայերենի պայթական բաղաձայնների արխաիկությունը հատուկ նշանակում ստացավ նրանց երկհատոր աշխատության մեջ): 
          Ըստ այսմ՝ հայերենի համեմատական ուսումնասիրության պատմությունը, ըստ ժամանակի և ըստ նյութի ընդգրկման ծավալի,  կարելի է առանձնացնել երեք փուլերի մեջ՝  ա)հայերենը իրանական ճյուղի լեզու, որի տվյալները մասնակիորեն են ներառվում լեզուների համեմատության մեջ, դրանց  չի տրվում  որոշակի կամ վճռական կարևորություն (1837-1875 թթ.), բ)հայերենը առանձին (ինքնուրույն) ճյուղի լեզու, որի տվյալները բավարար չափով ներառվում են լեզուների համեմատության մեջ, դրանց տվում է համեմատաբար մեծ, սակայն ոչ վճռական աստիճանի կարևորություն (1875 թ.  մինչև օրս՝ իբրև ավանդական կամ դասական, այլ կերպ ասած՝ «հյուբշմանյան» համեմատաբանություն), գ) հայերենը (մեկ-երկուսի հետ) բացառիկ կարևորության լեզու, որի տվյալներին տրվում է լիարժեք կամ վճռական տեղ լեզուների համեմատության (այլև տիպանաբանության մեջ), որն ամենից առաջ իր արխաիկությամբ հիմք է հանդիսանում նախալեզվի բաղաձայնական համակարգի վերանայման առաջարկություն անելու (1970-ական թթ. մինչև մեր օրերը՝ իբրև ավանդականի կամ դասականի վրա լիովին հենված նորագույն, այլ կերպ ասած՝ «ձայնածերպային» [=«գլոտալ»] տեսություն):
        Այս վերջին փուլի մեջ գրանցված կարևորագույն ձեռքբերումները վճռական նշանակություն ունեն հայերենի հետագա, ավելի մանրամասն և ավելի ծավալուն  համեմատական-տիպաբանական ուսումնասիրության համար»:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.