«Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն

19/02/2016

Փետրվարի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ Մայրենիի օրվան նվիրված «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ   ԳԱԱ   հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ   ԳԱԱ   լեզվի ինստիտուտի  տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԲՈՒՀ-երի հայերենագիտական ամբիոնների վարիչներ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, լեզվաբաններ:

Բացման խոսքով հանդես եկավ Վիկտոր Կատվալյանը: Նա շնորհակալություն հայտնեց Հանրապետության տարբեր մարզերից և Երևանից խորհրդակցությանը մասնակցող լեզվաբաններին և նշեց, որ Մայրենիի տոնին Սփյուռքի նախարարությունը համահայկական հնչեղություն է տվել: Հայրենիքում և Սփյուռքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, լեզվաբանները հանդես են գալիս ելույթներով ու ասուլիսներով, արծարծվում են լեզվապահպանության վերաբերյալ հրատապ հարցեր: 2013 թվականից ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպում է գիտաժողովներ, որոնց ընթացքում հնչում են լեզվի կանոնարկմանը, լեզվաքաղաքականության խնդիրերին, հայերենի երկու ճյուղերի պահպանմանը, զարգացմանը և մերձեցմանը վերաբերող հետաքրքիր զեկուցումներ, ծավալվում են կառուցողական քննարկումներ, հրատարակվում են գիտական զեկուցումների ժողովածուներ: Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին: Պարոն Կատվալյանը վստահություն հայտնեց, որ  այս տարի ընտրված ձևաչափը՝ հանրապետական խորհրդակցությունը կլինի առավել գործնական ու պրագմատիկ, կառաջադրվեն կոնկրետ քայլեր և մոտեցումներ:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ևս լեզվաբաններին շնորհակալություն հայտնեց  շահագրգիռ մոտեցման և այն առողջ, անկեղծ մթնոլորտի համար, որ նրանք ձևավորել են հայոց լեզվին առնչվող խնդիրների շուրջ: Նախարարն անդրադարձավ կառավարությանն առընթեր լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, որը Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ու ջանքերով կյանքի է կոչվում, և լեզվաբանները պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան, որպեսզի այն հավուր պատշաճի իրականացնի իր առաքելությունը:

Սփյուռքի նախարարը առաջարկեց կրկնություններից խուսափելու և համակարգված ու նպատակային աշխատելու նպատակով ստեղծել գիտական  հետազոտությունների թեմաների ցանկ: Նա կարևորեց հայոց լեզվի երկու ճյուղերի համամասնական զարգացումը և մասնավորապես ասաց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ընդգրկված էր նաև աևրմտահայերենի պահպանման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, քանի որ եղեռնահար էր եղել նաև հայոց լեզուն, կրել անասելի կորուստներ ու, 100 տարի հետո մենք համատեղ ուժերով պետք է վերականգնենք մեր կորսված լեզվական արժեքները»:

Երրորդ կարևոր հիմնախնդիրը, որին անդրադարձավ  Նախարարը, Սփյուռքում նկատվող ուծացումն էր, լեզվի հնարավոր կորուստը,  օտար ազդեցությունները լեզվամտածողության և հայի նկարագրի վրա: «Հայ ժողովրդի 70-80 տոկոսն այսօր ապրում է Սփյուռքում, և լեզվաբանները պետք է դասագրքեր պատրաստեն հաշվի՝ առնելով լեզվի կրողներին: Սիրիական պատերազմի հետևանքով հայենիքում հանգրվանած մեր հայրենակիցների շնորհիվ մենք ամենուրեք վայելում ենք կենդանի արևմտահայերենը, հետզհետե նրանք ներգրավվում են նաև արևմտահայերենի դասավանդման և հետազոտությունների ոլորտում, և դրա վառ օրինակը լեզվաբան Հակոբ Չոլաքյանն է: Կարծում եմ սիրիահայերի ուժերը պետք է առավել արդյունավետ օգտագործել»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կանխավ շնորհավորեց բոլորին Մայրենիի օրվա առթիվ և հրավիրեց նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կայանալիք ավանդական միջոցառմանը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հայոց լեզվի առօրյա կիրառումն անգամ պետք է լինի տոն,  որ միշտ յուրաքանչյուրի հետ է, իսկ փետրվարի 21-ը դարձնենք սպասված, իսկական տոն»,- եզրափակեց իր ելույթը նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Յու. Սուվարյանը, նա ևս անդրադարձավ Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, նշելով, որ դա նշանավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանի մեծ ցանկությունն էր: Նա խոսեց դասագրքերի կատարելագործման, ուսուցիչների որակավորման բարձրացման և այլ խնդիրների մասին:

 Ելույթներով հանդես եկան Հայաստանի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, լեզվաբաններ Յու.Ավետիսյանը (ԵՊՀ),  Լ.Խաչատրյանը (ՀՊՄՀ), Ա.Աբաջյանը (ԵՊՀ), Ա.Գալստյանը (ՀՊՄՀ), Հ.Սուքիասյանը (ԵՊԲՀ), Ա.Եղիազարյանը (սլավոնական համալսարան), Հ.Հարությունյանը (ՎՊՀ), Գ.Գևորգյանը (ԵՊԼՀ), Թ.Ասոյանը (ԳՊՀ), Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանը (ԵՊՀ), Մատենադարանի ներկայացուցիչ, Մ.Խաչատրյանը  (ԳՊՄԻ), Ն. Սարգսյանը (ՀՊԱՀ) և այլք:

Բանախոսները ներկայացրին հանրապետության գիտակրթական հաստատություններում մայրենիի հետազոտության տարբեր ուղղություններն ու եղանակները, իրենց կողմից իրականացված աշխատանքները, հետազոտություններն ու պաշտպանված գիտական թեզերը, հրատարակված աշխատությունները, առկա խնդիրներն ու հիմնահարցերը, նախանշեցին դրանց լուծման ուղիներն ու մեթոդները:

Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում հայոց լեզվի ուսումնասիրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, տարորոշվեցին առկա խնդիրները և համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Որոշվեց նման խորհրդակցություններ հրավիրել շարունակաբար՝ որոշակի պարբերականությամբ:

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

Շուշանիկ Իշխանի Զաքարյան  «Բայի սեռի ձևաբանական, շարահյուսական և իմաստային

 յուրահատկությունները ժամանակակից թուրքերենում (հայերենի զուգադրությամբ)»

 (թեկնածուական ատենախոսություն) ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.