«Առանց հայերենի՝ հայ չկա՛». Վիկտոր Կատվալյան

14/12/2016

Օրերս ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության համատեղ կազմակերպած «Հայոց լեզվի արդի խնդիրներ» կլոր սեղան- քննարկման մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, գրողներ, մտավորականներ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ և հասարակության ներկայացուցիչներ, խոսեցին հայոց լեզվի արդի խնդիրների մասին. հիմնականում ելույթներն ու բանավեճն ընթացան լեզվի անաղարտության շուրջ: Բոլորի մտահոգությունը նույնն էր՝ ստեղծել հանձնախումբ, կազմել լեզվական առկա խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների միասնական ծրագիր, ներկայացնել այն կառավարության համապատասխան հանձնաժողովին՝ ապահովելու իրավական հարթակ, այնուհետև գործարկելու հաստատված ծրագիրը: Այս և նման այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի համար ինձ հնարավորություն ընձեռվեց ծավալուն հարցազրույց ունենալ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ:

-Պարո՛ն Կատվալյան, այս քննարկումը ՀՀ սփյուռքի նախարարության հայրենասիրական բազմաթիվ նախաձեռնություններից է ՝ Լեզվի ինստիտուտի և Գրողների միության համատեղ կազմակերպմամբ, և, ինչպես նախարարության բոլոր ծրագրերը, սա էլ ինքնանպատակ չէ. այն հայոց լեզվի խնդիրներին միտված արթնության յուրօրինակ կոչն է ասես: Քննարկման ընթացքում Ձեր խոսքում ասացիք, որ հայոց լեզուն այնքան էլ աղետալի վիճակում չէ, նույն օրը և այսօ՛ր էլ, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես եք դա հիմնավորում:

-Նախ ասեմ, որ մենք շատ սիրով ՀՀ սփյուռքի նախարարության հետ տարիներ շարունակ համագործակցում ենք տարբեր ուղղություններով, նախ՝ գիտական աշխատանքների առումով. Սփյուռքի նախարարությունը մեզ հետ համագործակցում է, թեմաներ է առաջարկում, դրամաշնորհներ է տրամադրում և արդյունքում ունենք հրատարակված ու հրապարակված շատ հետաքրքիր աշխատանքներ: Երկրորդ ուղղությունը միջոցառումների կազմակերպումն է և շատ ճիշտ նշեցիք, որ դրանք երբեք ինքնանպատակ չեն լինում. հարցերը բարձրացվում են, քննարկվում, դառնում են օրախնդիր, մարդկանց միտքը զարգանում է այդ ուղղությամբ, հասարակության մեջ և գիտական մտքի մեջ տեղաշարժ է կատարվում Սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումների հարցերի շուրջ: Կարծում եմ ՝ այս միջոցառումը, ինչպես մյուս բոլոր միջոցառումները, շարունակական կլինեն: Եթե հիշում եք, մենք որոշեցինք ստեղծել այդ հարցերով զբաղվող հանձնախումբ, որը կմշակի ծրագիր և կաշխատենք այդպես քայլառքայլ հասնել խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է լեզվի աղետալի վիճակին, ասեմ, որ լեզուն ընդհանրության մեջ միասնական է, բայց իր դրսևորումներում շատ տարբեր է: Մեր բարբառները, որոնցով այսօր խոսում են տարբեր քաղաքներում,մարզերում, գյուղերում, աղետալի վիճակում չեն: Բարբառը ոչ միայն հարստություն է, այն նաև լեզվի բնական վիճակ է, բնական գոյաձև, հայերենի դրսևորման մի վիճակ:

-Դուք բնական վիճակ համարվող մեր բարբառներում տեղ գտած պարսկերեն, թուրքերենբառերն էլ ե՞ք ընդունելի համարում:

-Այո՛, ցանկացած լեզվի ցանկացած բարբառ իր մեջ ունի տարբեր լեզուներից վերցրած բառային միավորներ. լեզուները մեկը մյուսից նույնիսկ քերականական ազդեցություն են կրում: Պետք չէ պայքարել դրանց դեմ:

-Պարո՛ն Կատվալյան, անդրադառնանք խոսակցական հայերենին:

-Խոսակցական հայերենը նույնպես գործառվում է իր բնական վիճակով: Այո՛, կարելի է խոսակցական հայերենում քերականական այնպիսի ձևեր օգտագործել, որոնք գրական հայերենի հետ չեն համընկնում. այդտեղ կարող են լինել բարբառային բառեր, որոնք այնքան են տարածվել, որ ձեռք են բերել ընդհանուր գործածական բնույթ: Լեզվի իրավիճակն այն իմաստով է վատ, որ երիտասարդության խոսքի մեջ մուտք են գործում ժարգոնային արտահայտություններ, ձևեր. պետք է պայքարել դրանց դեմ : Ես լեզվի մեջ միակ մերժելի երևույթը համարում եմ ժարգոնը, որը, ցավալիորեն, մեր երիտասարդության շուրթերից է հնչում, և այդ ժարգոնն է, որ աղավաղում է լեզվի պատկերը, թափանցում է հեռուստատեսություն, գրական լեզվի ոլորտներ: Գրական լեզուն, անշուշտ, ունի՛ խնդիրներ. պետք է դիտարկենք, թե որ լեզվավիճակն ինչ խնդիրներ ունի: Պետք է այդ խնդիրներից յուրաքանչյուրին անհատական, յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Երբ խոսում ենք գրական լեզվի մասին, պետք է ի նկատի ունենանք, որ քերականական շեղումներ կան, երբ չիմացության հետևանքով սխալներ են լինում, ինչն ամենավատն է և ամենաշատն է  թե՛ էլեկտրոնային պարբերականներում, թե՛ հեռուստաեթերում, թե՛ զանգվածային լրատվության այլ միջոցներում: Մյուս խնդիրը գրական լեզվում տեղ գտնող ժարգոնն է, երրորդն՝ անհարկի օտարաբանություններն են. այս երեք խնդիրնե՛րն են գերակա, որոնց դեմ պետք է պայքարել, մաքրել գրական լեզուն այս երեք ուղղություններով: Խոսակցական լեզվի առումով՝ դարձյալ պետք է ժարգոնի դեմ պայքարել, բայց, ընդհանրապես, խոսակցական լեզվի դեմ պայքար մղել չի կարելի, որովհետև դա լեզվի սովորական, առօրյա, կենցաղային գործածություն է: Պետք չէ պահանջել ամենուր խոսել գեղեցիկ, մաքուր գրական հայերենով, յուրաքանչյուր լեզվավիճակ ունի իր գործածության տեղը. առօրյա խոսքում կարող են գործածել բարբառներ և խոսակցական լեզու, իսկ այն բոլոր իրավիճակներում, որոնք պահանջում են մաքուր գրական լեզու, իհարկե՛, պետք է գործածել գեղեցիկ գրական հայերեն: Երբ խոսքը հրապարակային է, երբ խոսքն ուղղված է հանրությանը, պետք է գործածել գրական լեզու, այդ պահանջը պետք է դնել գերատեսչությունների ներկայացուցիչների, պետական կառույցների, կրթական, գիտական, մշակութային ոլորտների, զանգվածային լրատվամիջոցների առջև: Լեզվի խնդիրները միշտ, բոլոր ժամանակներում էլ եղել ու լինելու են, ուղղակի պետք է հետևողականորեն, շարունակաբար հետևել լեզվին, լեզվի տարբեր խնդիրները մշտապես դիտարկել, լուծել դրանք և ոչ թե ժամանակ առ ժամանակ տագնապ բարձրացնել: Թե՛ ժողովրդի, թե՛ մտավորականության շրջանում պետք է ճիշտ պատկերացումներ լինեն լեզվի գործառության, իրավական տարբերակների առումով: Ես ուզում էի մեր հանդիպման ընթացքում այդ հարցը բարձրացնել, դարձնել ցայտուն:

-Այն, ինչի մասին խոսում ենք հիմա, դյուրին չի լինի իրագործել, դժվար կլինի վերահսկել բոլոր ոլորտները, համամի՞տ եք…

-Համամի՛տ եմ, շատ դժվար կլինի, որովհետև ոչ ոք չի կարող երբեք ընդգրկել բոլոր ոլորտները, բոլոր ընտանիքները, դպրոցները…Ըստ երևույթին, պետք է պետական ծրագիր մշակել՝ հասարակության լեզվական մշակույթը բարձրացնելու ուղղությամբ: Ինչ–որ առումով մեր լեզվական, խոսքային մշակու՛յթն է ցածր: Ինչպե՞ս բարձրացնել. կրթական ծրագրերում պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարել. այսօր մեր դպրոցներում սովորեցնում են քերականություն, բայց մոռանում են սովորեցնել գեղեցիկ խոսք կազմելու յուրահատկությունները, հմտությունները: ժամանակին հասարակությունն ավելի գրագետ էր, որովհետև դպրոցներում մշակում էին խոսքը, շատ հաճախ էին հանձնարարում ստեղծագործական ազատ շարադրություններ. սա գեղեցիկ խոսք սովորելու ուղիղ ճանապարհն է: Պետք է սկսել դպրոցից: Կրթական համակարգը, հեռուստատեսությամբ հայոց լեզվին ու գրականությանը նվիրված հաղորդաշարերն անպայման կնպաստեն լեզվամակարդակի բարձրացմանը, լեզվի անաղարտությանը: Պետք է ժողովրդի աչքում բարձրացնել հայերենի վարկը. դա կարո՛ղ է անել հեռուստատեսությունը և պե՛տք է անի: Մենք այնպիսի պայմաններում ապրող ազգ ենք, որ մեզ համար ազգային յուրաքանչյուր հատկանիշ պետք է գովազդվի ոչ թե սոսկ ճառերով, այլ՝ գեղեցիկ հաղորդումներով նաև: Հայ երեխան, հայ մարդը եթերից պետք է գեղեցիկ հայերեն խոսք լսի: Բոլոր հեռուստաընկերությունները պետք է ազգի առջև պատասխանատու լինեն, նաև իրե՛նք են ձևավորում խոսքը. սովորական մարդու համար հեռուստատեսությամբ հնչած խոսքն օրենք է, պետք է եթերից առաջ խոսքը մաքրվի, հղկվի, պետք է վերականգնել գրաքննիչի, խմբագրի լիարժեք  իրավասությունը:

-Պարո՛ն Կատվալյան Դուք գտնում եք, որ պետք է սկսել դպրոցից…իսկ չե՞ք կարծում, որ պետք է սկսել վերին օղակներից, չէ՞ որ հանրության որոշ հատված, առավելապես՝ երեխաները, սովորում են նաև հեղինակավոր մարդկանցիցասենք՝ ԱԺ-ից, ուր մեր շատ պատգամավորներ խոսում են ոչ մաքուր հայերենով:

-Այդտեղից պետք չէ սկսել. դա լեզվամշակութային ընդհանուր երևույթ է և անհրաժեշտ է սկսել դպրոցից. ոչ ճիշտ հայերենով խոսող պատգամավորներին այլևս անհնար է սովորեցնել հակառակը, պարզապես նրանք, ովքեր ճիշտ չեն խոսում, ուղղակի պետք է մի քիչ զգաստանան: Երբ այս գործընթացը մի քիչ հզորանա, դառնա օրախնդիր, օրենքի ուժ ստանա, Լեզվի պետական տեսչությունը վերահսկելու լայն իրավասություններ ունենա, այն լինի հզոր և հեղինակավոր կառույց և, իհարկե, ամենակարևորը հայերենի բարձրագույւն խորհուրդը գործի, որի առնչությամբ մտահոգ են ոչ միայն Լեզվի ինստիտուտի աշխատողները, այլև՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Սփյուռքի նախարարությունը, շատ բան կփոխվի: Մենք լիահույս ենք, որ մոտ ժամանակներում նոր՝ 2017թվականի ընթացքում, այդ խորհուրդն անպայման կգործի: Լեզուն անընդհատ զարգանում է և շարունակ կանոնակարգման, նորմավորման կարիք ունի: Բազում խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել մեկ այդպիսի բարձրագույն խորհրդի միջոցով:

-Քննարկման ընթացքում խոսվեց նաև արևմտահայերենի մասին. չե՞ք կարծում, որ վաղուց եկել է դպրոցներում և բուհերում (բանասիրականում՝ ավելի խորությամբ) սկսելու մեր գեղեցիկ արևմտահայերենի կանոնավոր ուսուցման գործընթացը:

-Անշու՛շտ: Պետք է նաև այդ մտահոգությամբ ապրել և սկսել այդ գործընթացը ոչ շատ վաղ հասակից. իմ կարծիքով՝ 5-րդ, 6-րդ դասարաններից կարելի է սկսել արևմտահայերենի ուսուցումը: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերենը բնական վիճակով գործածվում է, միայն նոր եկածները չէ, որ իրենց հետ բերում են արևմտահայերեն լեզուն, «Կ» ճյուղի արևմտահայ 4 բարբառներ գործածվում են մեր հանրապետությունում: Ինչ վերաբերում է բանասերներին, նրանք շատ խորությամբ պետք է սովորեն գրաբար և արևմտահայերեն: Մենք նման ենք մի մարդու, ով նստած է գանձերով լի սնդուկի վրա և չի ուզում բացել այն, հանել գանձերը և մուրում է ուրիշներից. այդպիսի գանձարաններ են արևմտահայերենը, գրաբարը, միջին հայերենը: Արևմտահայերենով պետք է հաղորդումներ լինեն, ֆիլմեր նկարվեն:

-Բազմաթիվ գեղեցիկ ասույթներ ու կարծիքներ կան հայոց լեզվի մասին, խնդրում եմ,որպես լեզվաբան, ձևակերպեք Ձեր միտքը հայոց լեզվի մասին:

-Հայոց լեզուն հայի ինքնությունն է, առանց հայերենի՝ հայ չկա՛:

-Պարո՛ն Կատվալյան, շնորհակալությո՛ւն բովանդակալից և թեմայի առումովհուսադրող հարցազրույցի համար:

Կարինե Ավագյան

Աղբյորը`  http://hayernaysor.am/archives/225711

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.