Առցանց հուշապատում` «Գ.Ջահուկյան. մարդը և գիտնականը»

Հարգելի բարեկամներ
         Ապրիլի 1-ին լրացավ հայ խոշորագույն լեզվաբան Գևորգ Ջահուկյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը պատրաստվում էր այդ տարեդարձը նշել մեծ հանդիսավորությամբ, գիտակրթական ասպարեզի ներկայացուցիչների լայն մասնակցությամբ: Իրավիճակից ելնենով՝ որոշեցինք փոխել միջոցառման ձևաչափը և էլեկտրոնային տարբերակով հանրությանը ներկայացնել հուշեր Գ.Ջահուկյանի մասին: Բազմավաստակ գիտնականը նաև առինքնող անհատականություն էր, գիտության ոլորտի հմուտ կազմակերպիչ, հոգատար ղեկավար, լավ ընկեր ու զրուցակից, և նրա շատ ու շատ ուսանողներ, ասպիրանտներ, գործընկերներ ու պարզապես նրան ճանաչողներ անշուշտ ունեն վառ ու գեղեցիկ հուշեր, որոնք կհետաքրքրեն մարդկանց: Գիտնականի ծննդյան օրը նշանավորելով հրապարակվող հուշերի մի փնջով և նպատակ ունենալով հուշապատումը դարձնել շարունակական՝ հրավիրում ենք մասնակցելու մեծ հայագետի մասին հուշերի գրքի ստեղծմանը, որը կշարունակվի մինչև տարեվերջ:
        Մեզ կարող եք նյութեր ուղարկել inslang@sci.amlingvinst@sci.am  էլեկտրոնային հասցեներով:
        Տեղեկացնենք նաև, որ ինստիտուտը տարին հռչակել է Ջահուկյանական, և 2020թ. ընթացքում հնարավոր տարբեր եղանակներով իրականացվելու են տարատեսակ միջոցառումներ, գիտաժողովներ, քննարկումներ՝  նվիրված նշանավոր հայերենագետին:
 
                                                           ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
     ՄԱՐԴԸ  ԵՎ  ԳԻՏՆԱԿԱՆԸ
        /ԼԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ/
          Գևորգ Ջահուկյանի կյանքը հարուստ չէ արտաքին փաստերով և իրադարձու­թյուններով, բայց այն օրինակ է ներքին լարված ու հարատև աշխատանքի, անշեղ ու վերընթաց կատարելագործման, նվիրումի ու ինքնահաստատման և որպես այդ ամենի արդյունք՝ գնահատանքի ու ճանաչման: Եվ զարմանալի չէ, որ իր բազմաբեղուն կյանքի ընթացքում նա վաստակել է գիտական աստիճաններ ու կոչումներ, վարել է սլաշտոններ, ստացել է շքանշաններ ու պարգևներ, վայելել իր աշակերտների ու գործընկերների անկեղծ հիացմունքն ու սերը:  Գ. Ջահուկյանն այն բացառիկ հետազո­տող­ներից է, որոնց գիտական ուսումնասիրությունների ոլորտը աչքի է ընկնում արտակարգ լայնությամբ ու խորությամբ: Հայագիտության բոլոր ճյուղերում, րնդհանուր լեզվաբանության և լեզուների համեմատական քննության բնագավառներում նա հանդես է եկել հիմնարար աշխատություններով, որոնք դարձել են ուղենիշ ու ելակետ հայ լեզվաբանների ներկա ու հաջորդ սերունդների համար: Նրա գիտական աշխատանքների սոսկ թվարկումն իսկ անհնար է այս փոքրիկ խոսքում, բայց չի կարելի չնշել, որ գիտնականին հետաքրքրող բոլոր հարցերում նա ասել է իր նոր խոսքը, նշել նոր ուղիներ, կիրառել նոր մեթոդներ:
          Կուզենայի հիշատակել լեզվաբանության տարբեր բնագավառներում Գ.Ջահուկյանի բերած նորությունների թեկուզ մի փոքր մասը միայն: Հայոց լեզվի պատմության բնագավառում նա մշակել է հայերենի պատմական զարգացման գիտական շրջանաբաժանումը, որն այսօր րնդունված է բոլոր հայագետների կողմից առանց բացառության: Գրել է հայերենի նախագրային շրջանի լիակատար ծավալուն պատմությունը՝ սկսած հնդեվրոպական նախալեզվից մինչև գրի առնվելու պահը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրության մեթոդը, մանրամասն քննարկել ու գնահատել աշխարհաբարի զարգացման ընթացքի վերաբերյալ եղած տեսությունները:
             Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է բարբառագիտական նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն, որի օգնությամբ թվական ճշգրիտ տվյալներով կարելի է որոշել բարբառային յուրաքանչյուր միավորի տեղն ու հարաբերակցությունը մյուս բարբառների ու խոսվածքների հետ, տվել է բարբառների տիպաբանական – ձևաբանական դասակարգման իր տարբերակը, որոշել հայերենի զարգացման տարբեր շրջաններում բարբառների գոյության պայմաններն ու իրադրությունը:
            Հայերենի համեմատական ուսումնասիրությունն այն բնագավառն է, ուր առանձնահատուկ կերպով փայլեցին Ջահուկյանի հետազոտական ձիրքը, բացառիկ գիտելիքները, լայն մտահորիզոնը, երևույթների խորքը թափանցելու նրա կարողությունը: Թվում է, մեկ մարդու ուժերից վեր կլիներ ուսումնասիրել և ներկայացնել հայերենի առնչությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող բազմաթիվ հին ու հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, որոշել հայերենի հնդեվրոպական և խուռաուրարտական ենթաշերտերը, որոնել ու հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուների անցած փոխառություններ, տալ բազմաթիվ նոր ստուգաբանություններ, ավելին, դուրս գալ հայերենի սահմաններից և իր խոսքն ասել այլ լեզուների մասին, վերծանել Կիպրոսի արձանագրությունների լեզուն, որոշել կիմերերենի դիրքը, ավելի լայն հայացքով որոշել հնդեվրոպական լեզվաընտանիքի հեռավոր ցեղակցությունը, արժեքավորել նոստրատիկ լեզվաբանությունը, առաջարկել հնդեվրոպական նախալեզվի վերականգնման տարբերակային վարկածը և այլն, և այս ամենը տարիներ հետո ամփոփել հայերենի համեմատական քերականությանը և նախագրային ժամանակաշրջանի պատմությանը նվիրված հիմնարար ստվարածավալ հատորներում, որոնք այսօր դարձել են դասագիրք հայերենի համեմատական քննությամբ զբաղվող լեզվաբանների ներկա ու հաջորդ սերունդների համար:
            Գիտնականի վերջին աշխատանքն է հայերենի ստուգաբանական նոր բառարանը, որը նորագույն փաստերի հիման վրա հայերենի բառապաշարի ծագումնաբանական շերտերի որոշումով և ճշգրտված ու նոր ստուգաբանություններով մեծ ներդրում է հայ բառարանագրության և հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության մեջ: ժամանակակից հայերենի տեսության բնագավառում Ջահուկյանը կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերականական նոր կարգեր, համընդհանուր լեզվաբանական կաղապարի հիման վրա ուսումնասիրել արդի հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը, տվել շարահյուսության հարցերի նոր մեկնաբանումներ: Նույնքան արժեքավոր են և ինքնատիպ նրա ուսումնասիրությունները լեզվաբանության տեսության և պատմության ասպարեզում: Նրա երկհատոր «Լեզվաբանության պատմությունը» մինչև օրս մնում է ամենակատարյալը լեզվաբանական ուսմունքների պատմությանը նվիրված գործերի մեջ ոչ միայն մեզանում: Տեսական լեզվաբանության հարցերից Ջահուկյանի երկերում նոր լուսաբանություն են ստանում լեզվի և խոսքի փոխհարաբերության, լեզվական մակարդակների, լեզվական միավորների և ղրանց տարբերակիչ հատկանիշների, քերականական կարգերի, լեզվաբանական հետազոտության մեթոդների, լեզվաբանության կառուցվածքի և անդրլեզվաբանության և ուրիշ շատ ու շատ կարևոր հիմնահարցեր: Նրա ստեղծած լեզվաբանական համրնդհանուր տեսությունը և կաղապարը լայն հորիզոններ են բացում լեզուների տիպաբանության, իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննության, լեզվական երևույթների անհակասական ու լիակատար նկարագրության համար:
              Ջահուկյանի ուշադրությունից չեն վրիպել և դպրոցի խնդիրները: Նա գրել է ոճագիտության ձեռնարկ բարձր դասարանցիների համար, մասնակցել բուհական դասագրքերի ստեղծմանը: Լայն րնթերցողի համար նախատեսված «Զրույցներ հայոց լեզվի մասին» աշխատությունը պետք է դառնա ամեն հայի սեղանի գիրքը:  Բազում են Ջահուկյանի հետևորդներն ու աշակերտներր, որոնցից շատերն իրենք այսօր նշանավոր գիտնականներ են: Հայ լեզվաբանների համար Ջահուկյանր միշտ օրինակ էր ու չափանիշ, բարձրագույն հեղինակություն ու փնտրված խորհրդատու: Մեծ է նրա դերը նաև հայ լեզվաբանների ուժերի համախմբման, հետազոտական նոր մեթոդների և ուղղությունների արմատավորման բնագավառում: Ավելի քան մեկ քառասնամյակ աշխատելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում և մոտ վաթսուն տարի դասավանդելով Երևանի պետական համալսարանում՝  նա իր դիտելիքները, փորձը և գիտության կազմակերպչի ձիրքն ի սպաս է դրել լեզվաբանության տարբեր ճյուղերի զարգացմանը, մատնացույց է արել հայագիտության առջև ծառացած խնդիրները, նախանշել աշխատանքների հիմնական ուղղությունները, պատրաստել երիտասարդ լեզվաբանների մի ողջ սերունդ: Համալսարանում և այլ բուհերում նրա մանկավարժական աշխատանքի շնորհիվ աճել են բազմաթիվ մասնագետներ, որոնք նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ դարձել են գիտության դոկտորներ ու թեկնածուներ: Ջահուկյանի աշխատություններր, սկսած ամփոփ հոդվածից մինչև մեծադիր հատորներ, միշտ շարժել են գիտական հասարակայնության հետաքրքրությունը, հուշել են նոր մտքեր ու գաղափարներ:
                                                                                                    
 
     ՋԱՀՈՒԿՅԱՆ ՏՈՀՄԸ ԵՎ ՃԱՀՈՒԿ ԳԱՎԱՌԸ
      /ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ/
            Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի հետ մի հանդիպման ժամանակ նրան նվիրեցի Սահակ Ճեմճեմյանի՝ Վենետիկում լույս տեսած «Նախիջևանի հայոց վարժարանը» գիրքը, որն էլ Ջահուկյան տոհմի արմատների շուրջ մեր զրույցի առիթը դարձավ:
            «Երկու Ճահուկ գավառ է եղել պատմական Հայաստանի կազմում, մեկը՝  Կորճայք կամ Կորճեք նահանգում, մյուսը՝ Սյունիքի նախիջևանյան հատվածում,- ասաց ակադեմիկոսը: - Ես միշտ մտածել եմ՝ որտե՞ղ է մեր տոհմի բնօրրանը, ո՞ր Ճահուկից է բխում իմ ազգանունը»:
            Տեղանվանական ծագում ունեցող Ջահուկցյան ազգանունը կրող տոհմը Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից այսօրվա Լոռու մարզի Մեծավան (նախկինում՝ Շահնազար) գյուղ է տեղափոխվել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրին հաջորդող տարիներին, որտեղ էլ 1920-ին ծնվել է անվանի լեզվաբանը: Նախկինում, ըստ երևույթին, տոհմի շառավիղներն ապրել են վերոհիշյալ երկու Ճահուկ գավառներից մեկում:
            Տոհմի բնօրրանը երկրորդ Ճահուկը համարելու օգտին է խոսում այն հանգամանքը, որ Կորճայքի Ճահուկը գավառանուն է, իսկ Սյունիքինը՝ նաև գավառի համանուն կենտրոնի՝ Ճահուկ ավանի անունը. Իսկ տեղանվանածին ազգանունները առավելապես բխում են ոչ թե գավառանուններից, այլ որոշակի բնակավայրերի անուններից: Երկրորդ Ճահուկի օգտին է խոսում նաև այն կարևոր հանգամանքը, որ Կորճայք աշխարհի տարածքը 18-րդ դարում արդեն գրեթե քրդաբնակ է դարձել (նույնիսկ որոշ ուսումնասիրողներ այս նահանգի Կորդուք գավառանվան հետ են կապում քրդերի ժողովրդանունը), ուստի անհավանական է, որ հենց այնտեղից 19-րդ դարում հայեր ներգաղթեին Արևելյան Հայաստան: Եվ երրորդ, ամենակարևոր փաստարկը՝ Ջահուկյաններն ապրում են կաթոլիկ հայերով բնակեցված Մեծավանում, իսկ Նախիջևանի Ճահուկավանը 16-18-րդ դարերում կաթոլիկ հայերի նշանավոր կենտրոն է եղել: 18-րդ դարում նրա բնակիչների մի մասը պատմաքաղաքական իրավիճակի հետևանքով գաղթել է Արևմտյան Հայաստան, մի մասն էլ մահմե­դականություն ընդունել:
Հետևաբար հիմքեր կան ենթադրելու, որ այս ավանից էլ 18-րդ դարում Արևմտյան Հայաստան, ապա 19-րդ դարի սկզբին Շահնազար է տեղափոխվել այն տոհմը, որի շառավիղն էլ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանն է:
            ...Աշնան մի օր ակադեմիկոս Ջահուկյանի հետ հերթական հանդիպմանը ինձ հետ վերցրի հատուկ նրա համար պատրաստված մեծադիր գունավոր լուսանկարներ, որոնք նկարել էի 1980-ական թվականներին՝ իմ հայրենի Ազնաբերդ գյուղի շրջակայքը լուսանկարելիս: «Ճահուկ լեռ», «Ճահուկ բերդ», «Ճահուկ գետ», «Ճահուկ ավան» մակագրություններով լուսանկարները մեծ հետաքրքրություն և հուզումնալից պահեր առաջացրին մեծավաստակ գիտնականի հոգում: Ասացի, որ իմ ծննդավայր Ազնաբերդի և պատմական Ճահուկ ավանի (այսօր՝ Նախիջևանի Շահբուզի շրջանի Ջահրի գյուղի) միջև են տեղադրված Ճահուկ լեռն ու համանուն բերդը, իսկ նրա կողքով հոսում է Ճահուկ գետակը, պատմեցի, որ Ճահուկում 1828 թվականին բնակեցվել են նաև Խոյ-Սալմաստից գաղթած հայեր, որոնց շառավիղները 1918-1920թթ.  կրկին տեղահանվել են, պատմեցի, որ մի քանի անգամ փորձել եմ մտնել Ճահուկ գյուղի՝ մինչև 1988-ը դեռևս կանգուն Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, մոտիկից տեսնել Հովնաթանյանների ձեռքով արված հիասքանչ որմնանկարները, բայց, ցավոք, չի հաջողվել...
            Տարիներ անց՝ իմ թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրը, Գևորգ Ջահուկյանը իրեն հատուկ ջահուկյանական հումորով խոստովանեց. «Գիտեք չէ՛, Արտակը այսքան տարի ոչ միայն իր թեմայի վրա է աշխատել, այլև իմ արմատների: Վերջը ինձ էլ նախիջևանցի հանեց»: Իսկ ես այնքան ոգևորվեցի իմ «բացահայտմամբ», որ նախապես Վայոց ձորի միջբարբառ անվանած խոսվածքի փոխարեն հետագայում սկսեցի կիրառել Ճահուկ-Վայքի միջբարբառ եզրույթը, մանավանդ որ այդ միջբարբառը պատմականորեն տարածված է եղել նաև Նախճավան և Ճահուկ գավառներում:
            Նախիջևանցիներն իրավամբ հպարտությամբ են լցվում ծնունդով կամ արմատներով իրենց երկրամասից սերված երևելի հայերի՝ Գարեգին Նժդեհի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Ռուբեն Մամուլյանի, Անրի Թրուայայի, Մանուկ Աբեղյանի, Քրիստափոր Միքայելյանի, Դավիթ և Հենրիկ Մալյանների, Մայքլ Առլենի, Հովնաթանյանների, Լազարյանների և շատ շատերի մասին խոսելիս: Այս անունների շարքը այսօր լրացնում է նաև մեծանուն լեզվաբան Գևորգ Ջահուկյանի անունը, որի հեռավոր արմատները նույնպես հայերիս պատմական հայրենիքի նշանավոր այս հատվածից են սերված:
 
 
ՀՈՒՇԵՐ   ՄԵՐ ՍԻՐԵԼԻ  ՏՆՕՐԵՆ  ԳԵՎՈՐԳ  ՋԱՀՈՒԿՅԱՆԻՑ
  /ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ/
 
         ԵՊՀ  բանասիրական ֆակուլտետն ավատելուց հետո մտադիր էի զբաղվել  գրականագիտությամբ,  բայց  երջանիկ պատահականությամբ 1978 թ. ապրիլին հայտնվեցի հայ ավանդական երգը ժողովրդին մատուցելու գաղափարի շուրջ  լեզվի ինստիտուտում բարբառագետ Մարո Մուրադյանի  շնորհիվ  համախմբված  հետաքրքիր  մի համույթում, որը հետագայում §Ակունք¦ անվանակոչվեց։ Երգչախմբի պարապ­մունքին մասնակցելուս   հենց   առաջին օրը   բարբառագիտության բաժնի վարիչ  Հովհ. Մուրադյանը  եկել էր   հետաքրքիր մի առաջարկությամբ։ Նա կոչ էր անում   ազգագրա­կան երգերի հավաքչական աշխատանքները համատեղել հայերենի բարբառների զանազան խոսվածքները հատուկ հարցարանով գրառելու  հետ։  Առիթից օգտվելով՝ ես խոստացա Մշո գավառի Մկրագոմ, Հացիկ, Կոպ  և մի շարք այլ գյուղերի խոսվածքները գրառել և ներկայացնել։  Պայմանավորվեցինք հանդիպել  ինստիտուտի տնօրեն  Գ.Ջահուկյանի   աշխատասենյակում։ Հաջորդ օրը Մարոն և Հ.Մուրադյանը զարմացան  տնօրենի ջերմ ընդունելությունից։ Ընկեր Ջահուկյանը շատ լավ էր հիշում  ինձ  համա­լսարանից  և  գոհունակությամբ  ընդունեց  աշխատանքի։ Իսկ երբ հետագայում  նրան առաջարկեցի  թեկնածուական ատենախոսությանս  գիտական ղեկավարը դառնալ, սիրով   տվեց  իր համաձայնությունը։շ
        Չեմ մոռանում, թե ինչպես էր գոհունակությամբ ժպտում,  երբ  հայերենագիտական  միջազգային  գիտաժողովներից մեկի առիթով  Ծաղկաձորում  կազմակերպված  հետաքրքիր էքսկուրսիայի ժամանակ Կեչառիսի վանքում  իմ հնչեցրած  հոգևոր երգերը լսելուց հետո   կարկառուն գիտնականներ   Գամկրելիձեն   ու Մուրովյովը փիլիսոփա­յում էին հայ հոգևոր երաժշտության մասին՝ որակելով  այն որպես   վեհացնող, մարդուն թևեր տվող ու  դեպի վեր բարձրացնող, մաքրագործող երաժշտություն՝ ի տարբերություն ուղղափառ եկեղեցական երաժշտության՝  ճնշող ու հնազանդություն պահանջող։ Ընկեր   Ջահուկյանը  գոհ էր այդ գնահատականից։ Իսկ  երբ  բանկետի ժամանակ ես §Կիլիկիա¦ երգեցի և խնդրեցի  բոլորին  ձայնակցել,  մեր սիրելի տնօրենը  նույնպես   միացավ երգողներին  հուզմուքից կերկերացող ձայնով։  Չեմ մոռանում  նրա  հուզմունքը։
        Աշխատանքային  հարցերով   պրն. Ջահուկյանին դիմելիս  պիտի հաշվի առնեինք նրա ժամանակի սղությունը։ Ավելորդաբանություններ չէր սիրում և առաջարկում էր միանգամից  գործից խոսել։ Բայց այդ խստապահանջ ղեկավարը մանկական հրճվան­քով էր ընդունում  բարեմաղթանքներն   ու  հաճոյախոսությունները, որ ամեն տարի   ստանում էր աշխատակիցներից  ապրիլի 1-ին՝ իր ծննդյան օրվա  առիթով  հանպատ­րաստից փոքրիկ խնջույքների  ժամանակ։ Մեկ-երկու  բաժակաճառից հետո  մեր սիրելի տնօրենը  սկսում էր  անեկդոտների   տարափով  ուրախացնել մեզ՝  նախապատ­վությունը տալով Մոլլա Նասրեդդինի  զվարճախոսություններին և  հընթացս հիշելով զանազան հետաքրքիր դեպքեր  իր կյանքից։ Ինքն էլ հաճույքով  միանում էր մեր ծիծաղին։  Այդպիսի՜ մեծ գիտնական՝ մարդկային   մե՜ծ   հմայքով…
            Իսկ  երբ արդեն  տարիքն առել էր, մեր  սիրելի   Ջահուկը (այդպես էինք  մեր մեջ անվանում նրան) մանկական անմիջականությամբ  հետաքրքրվում էր, թե՝ հավանու՞մ ենք արդյոք իր բանաստեղծությունները։ Իսկ նա շատ  լավ էր  գրում…  Ջահուկյանի բանաստեղծությունները  դժվարին ճանապարհ անցած մարդու  հոգու թանձրացումներ էին։ Համաշխարհային  երկրորդ պատերազմի սերնդին հատուկ   բարդույթները թղթին հանձնած բանաստեղծ-գիտնականը մտահոգություն ուներ. արդյոք  մարդիկ  հասկանու՞մ են այդ սերնդի ողբերգությունը։
     Իր ապրած կյանքի գերակշիռ մասը  գիտությանը նվիրած  մեր սիրելի Ջահուկը տարիքի հետ  ավելի  մարդամոտ դարձավ  և  երբեմն  իրեն թույլ էր  տալիս  վայելել հոգեհարազատ մարդկանց  ընկերակցությունը։ Այդպիսի  մտերիմ  մարդկանցից մեկն էլ  նշանավոր լեզվաբան  Վարագ Առաքելյանն էր։ Վերջինիս կինը՝ երջանկահիշատակ  Վարսենիկ Նազինյանը, իր խոհարարական արվեստը գնահատող Ջահուկյանին խոստացել էր ամեն տարի խաշի երկու արարողություն կազմակերպել Նորքի 1-ին զանգվածում գտնվող իրենց տանը՝ աշնանը (Առաքելյանի ծննդյան օրը) և Ջահուկյանի ծննդյան օրվա առիթով։ Ինձ և  ինստիտուտի աշխատակից Ալվարդ Բարխուդարյանին  տիկին Վարսիկն ամեն անգամ   սիրով հրավիրում էր։ Սակավախոս Վարագ Առաքել­յանը 10 տարով մեծ էր Ջահուկյանից և խնդրում էր  նրան  թամադա լինել։ Սրամիտ ու սրախոս  Գևորգ  Ջահուկյանը  խաշի արարողությունը  մի հրաշալի  ոգու տոնի էր վերածում։ Իսկական վայելք՝  մեզ նման  հետաքրքրասեր  ու  գիտելիքը մեծարող  ջահելների համար։ Այդ  խաշկերույթներից մեկի լուսանկարը ներկայացնելով՝ հիշեցի նաև դիպուկ  բառաբարդման մի օրինակ՝ դիպվածաբանություն։ Այդպիսի մի  քեֆի ժամանակ ես  ասացի.
     -   Ընկեր Ջահուկյան,  էնքան խաշի արարողությունների մասնակցեցինք միասին, որ խաշի ընկերներ դարձանք։ 
    -     Ավելի ճիշտ՝ խաշեղբայրներ,  Բառնասյա՛ն,- պատասխանեց  նա։
     Այս տարին  ՋԱՀՈՒԿՅԱՆԱԿԱՆ  է բոլորիս համար, ու դեռ առիթներ կունենանք խոսելու մեծ գիտնականի  ու  վառ անհատականությամբ  առանձնացող  Գևորգ  Ջահուկյանի  մասին։ Փառապա՜նծ  հոբելյան, որով   հպարտանում ենք նրան  մոտիկից  ճանաչած ու նրա ներկայությունը վայելած  գիտաշխատողներս։ 
 
ՄԵՐ   ՍՐԱՄԻՏ  ՈՒ  ԶՎԱՐՃԱԽՈՍ  ՏՆՕՐԵՆԸ
(հուշեր  մեծանուն գիտնական Գևորգ Ջահուկյանի մասին)
       Իմ ծննդյան օրվա առիթով  2002թ. մարտի 18-ին  մի խումբ  բարբառագետներով հավաքվել էինք մեր տանը։  ԵՊՀ դասախոս Գաղթուհի Հանանյանը զարմացավ, որ ընկեր Ջահուկյանին չենք կանչել։ Ասացի, որ շաբաթ օրերը սովորաբար  իր  եղբոր տանն է լինում և  հրաժարվում է  հանդիպումներից։  Որոշեցի մեկ անգամ էլ փորձել ու  համոզել։  Սկզբում հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե պատշաճ հագուստ չի վերցրել հետը. ինչպե՞ս  հյուր գա։ Սկսեցի համոզել նրան.
     - Ընկեր Ջահուկյան, Ձեզ ո՞վ չի ճանաչում։ Հագուստն ի՞նչ կարևոր է…
     - Դե,  դա էլ  է ճիշտ, Բառնասյան։ Համաձայն եմ։
      Կես ժամից  եղբորս ուղեկցությամբ  ընկեր Ջահուկյանը  մեր տուն մտավ։  Խնջույքը նոր շուք ու փայլ ստացավ նրա ներկայությունից։ Մեր տնօրենը   շա՜տ սրամիտ էր։ Բացի տարբեր զվարճախոսություններից,  նաև հիշում ու հիշեցնում էր  տարբեր դրվագներ ինստիտուտի  աշխատակիցների  կյանքից։ Մենք անվերջ ծիծաղում էինք։   Ու երբ ասացի, թե այդքան հետաքրքիր խոսքուզրույցից  քիչ էր մնում մեզ զրկեր   հագուստի  պատճառով, ընկեր Ջահուկյանն ասաց։
        - Գիտեք, չէ՞, ես  վարվեցի  ճիշտ Էյնշտեյնի  նման։ Երբ նա  դեռ  ուսանող էր,  և ընկերները հաճախ   նկատողություն էին անում  մաշված  ու հնաոճ հագուստների  համար,  նա արդարանում էր, թե միևնույն է՝  իրեն ոչ ոք չի ճանաչում։   Իսկ երբ արդեն  համաշխարհային հռչակ վայելող  գիտնական էր,  և  միջազգային գիտաժողովների կազմակերպիչները  տարակուսանքով զննում էին ելույթի համար ներկայացած  հանճարեղ գիտնականի  հագուստ-կապուստը,  Էյնշտեյնը   մեղմ  ժպիտով  կանխում էր ամեն ակնարկ այդ առիթով.
     - Հագուստն ի՞նչ կարևոր է…Ինձ ո՞վ չի ճանաչում այս դահլիճում…
       - Այսօր  ես վարվեցի Էյնշտեյնի նման։
       Ահա այդպես…Մեր սիրելի տնօրենը՝ ճանաչված գիտնական Գևորգ Ջահուկյանը,    զվարճախոսությունների հսկա պաշար էր ամբարել իր մեջ  և  սուր խոսքով հարթում էր  ամեն իրավիճակ։
                                                                                                       
 
       ՋԱՀՈՒԿՅԱՆԸ  ՄԵԶ  ՀԵՏ  Է
        /  ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ/
          Լեզվի ինստիտուտի գիտական խորհրդում հաստատվեց իմ ատենախոսության թեման՝ «Հայերենի երաժշտական տերմինները XIX-XX դարերում»: Հաջորդ օրը ընկեր Ջահուկյանը ինձ կանչեց իր մոտ: Վախվորած ու ակնածանքով գնացի, շատ բարեհամբույր ու ջերմ ընդունեց, առաջարկեց նստել, հետո ակնոցի վրայից ուշադիր նայեց ու հարցրեց.
       -Ուրեմն դաշնամուր նվագել գիտե՞ս:
         Ասացի՝ այո:
        Մի փոքր հապաղելուց հետո կրկին հարցրեց.
        -Այդ հնգագծից ու նոտաներից ինչպե՞ս ես գլուխ հանում, շատ բարդ համակարգ է…
       Ժպտացի, ասացի, որ այնքան էլ բարդ ու խրթին չէ, ու փորձեցի թղթի վրա գծել, ցույց տալ ու բացատրել: Ճիշտն ասած, ինձ շատ լավ էի զգում, որ մեծանուն գիտնականը ինձնից ինչ-որ բան է հարցնում:
       Ակնոցի վրայից կրկին ժպտաց ու ասաց.
        -Գիտե՞ս, ես հին ու հնագույն տարբեր լեզուներ գիտեմ, բայց այդպես էլ չկարողացա այդ հնգագծի վրայի գծագրաձևերը հասկանալ…
        Հետո շարունակեց.
        -Ես մի երգ եմ գրել, միայն ես եմ երգում, կարո՞ղ ես նոտագրել:
      -Այո՛, եկեք փորձենք, ընկե՛ր Ջահուկյան,- ասացի ոգևորված, որ կարող էի ոչ միայն օգնել, այլև բոլորին հաղորդակից դարձնել Ջահուկյան երգահանին:
       Հենց այն պահին, երբ ընկեր Ջահուկյանը փորձում էր ցածր ձայնով երգել, դուռը թակեցին, և ներս մտավ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Վ. Առաքելյանը: Բնական է՝ մեր աշխատանքը ընդհատվեց… ու այդպես էլ ընկեր Ջահուկյանը, ցավոք, ժամանակ չգտավ երգը ձայնագրելու կամ նոտագրելու համար:
Այսօր՝ տարիների հեռվից, այս պատմությունը այնքա՜ն հոգեթով ու սրտառուչ է թվում, համենայն դեպս, ինձ համար, քանի որ մեծ գիտնականը ինձ հաղորդակից դարձրեց իր գաղտնիքներից մեկին:
 
***
        Գարնանային պայծառ օր էր: ԲՈՀ-ից ստացել էի գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը հավաստող վկայականը և ուրախ ու երջանիկ շտապում էի լեզվի ինստիտուտ՝ ընկեր Ջահուկյանի մոտ: Ինչպես միշտ, խոհուն գիտնականը ընկղմված էր գրքերի մեջ և փորձում էր բարդ, շատ բարդ լեզվաբանական խնդիրներ լուծել՝ բազմաթիվ անհայտներով: Երբ ինձ տեսավ բարձր տրամադրությամբ, ժպտաց ու հարցրեց.
        -Ի՞նչ է պատահել:
         Ես ոգևորված մոտեցա, ասացի, որ ԲՈՀ-ից եմ գալիս, և պարզեցի վկայականը, որ ընկեր Ջահուկյանը ստորագրի: Նա վերցրեց, ստորագրեց, շնորհավորեց, այնուհետև ուշադիր նայեց ինձ ու ասաց.
        -Ա՛յ, մի-երկու տարի հետո նոր կդառնաս թեկնածու:
          Ճիշտն ասած, մի փոքր շփոթվեցի ու չհասկացա՝ ինչպես թե մի-երկու տարի հետո…
         Տարիներն անցան…ժամանակն ամեն ինչ սրբագրեց…
Ընկեր Ջահուկյանի խոհուն մտքերն ու խորհուրդները, բարի ու ժպտադեմ հայացքն այսօր էլ մեզ հետ են՝ մեր հոգիներում…
                                                                                                     
 
ԵՐԲ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՆՉԱՓ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ ՋԱՀՈՒԿՅԱՆԻՆ
  /ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ/
          1984 թվականի  ամառն էր: Ինստիտուտն ավարտելուց հետո պատրաստվում էի ընդունվել  ՀՀ գիտությունների ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան:  Գիտեի, որ հանձնաժողովի նախագահը   ակադեմիկոս, հայ ականավոր լեզվաբան Գևորգ  Ջահուկյանն է: Նրան չէի տեսել, միայն կարդացել էի նրա լեզվաբանական գրքերն ու հոդվածները: Մասնագիտական քննության մտա սրտի թրթիռով ու հանդիպեցի մոտ 12 հոգանոց հանձնաժողովին: Մտածում եմ. «Աստված իմ, տեսնես ո՞ր մեկն է Ջահուկյանը»: Մինչ այդ մտածում էի, որ նա պետք է լիներ մեծ ու հզոր մի անձնավորություն (ֆիզիկական չափերի մասին է խոսքս): Դատելով հանձնաժողովում նրա գրաված դիրքից՝ մեջտեղում, սեղանի դիմաց, հասկացա, որ իմ դիմաց հենց նա է նստած:  Որքան մեծ եղավ զարմանքս, երբ տեսա փոքրամարմին այդ մարդուն՝ հանգիստ, ժպիտը դեմքին, բարեհամբույր:      Քննությունն անցավ հիանալի, ուսանողին հատուկ կաշկանդվածությունս թուլացավ, և «Հնչյուն և հնչույթ» հարցի իմ տրամաբանական վերլուծությունն անելուց հետո (անգիր չէի հիշում սահմանումները) դուրս եկա քննասենյակից: Այո՛, ես դարձա ինստիտուտի ասպիրանտ, և հուրախություն ինձ ՝ընկեր Ջահուկյանը դարձավ իմ գիտական ղեկավարը:   
          Դրանից հետո եկան շաբաթական հանդիպումները գիտական ղեկավարի հետ, ինչու՝ շաբաթական, որովհետև նա բազմազբաղ մարդ էր, ղեկավարում էր ինստիտուտը, գրում իր գրքերը, սակայն այնուամենայնիվ ժամանակ էր գտնում հանդիպելու իր ասպիանտներին: Մենք ավելի շատ աշխատում էինք փորձառական հնչյունաբանության բաժնում, որը ղեկավարում էր անվանի հնչյունաբան Ամալյա Խաչատրյանը:
        Այդ տեսակցությունները հաճելի և ուրախ հանդիպումներ էին, որոնք սկսվում էին անպայմանորեն  որևէ անեկդոտ կամ խնդուկ հրամցնելով, որոնք փոխում էին տրամադրությունը և կոտրում ղեկավար-ասպիրանտ պատը, որը մենք չէինք էլ տեսնում: Դուռը կամաց թակում էինք ու ծիկրակում: Ձեռքով էր անում, իբր՝ ներս եկեք: Հարցնում էր մեր որպիսությունը, պատմում հերթական կատակային պատմությունը, նոր անցնում գիտական թեմաների քննարկմանը:
         Մի օր ինձ նվիրեց իր հեղինակած գրքերից մեկը, մակագրեց՝ Սիրելի Գայանեին… և այլն: Հետո գրիչը դրեց «սիրելի»  բառի տակ ու ասաց.  «Ամուսնուդ կասես՝ հանկարծ չխանդի»: Ժպիտը պատեց դեմքս: Այժմ էլ, երբ հիշում եմ մեր անչափ սիրելի ընկեր Ջահուկյանին, ժպիտն է հայտնվում:
 
ՈՐՈՇ ՀՈՒՇԵՐ ՈՒՍՈՒՑՉԻՍ՝ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
 /ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏՅԱՆ/
           Անկեղծ ասած վստահ չեմ, որ նույնիսկ ամբողջական հատորներ գրելու դեպ­քում հնա­րա­վոր կլինի սպառիչ և համակողմանիորեն բնութագրել Ջահուկյան գիտ­նա­կա­նին, ուսուցչին և մարդուն: Իսկ տվյալ դեպքում իմ նպատակը շատ ավելի հա­մեստ է. ներկայացնել միայն որոշ ուշագրավ հուշեր ուսուցչիս հետ ունե­ցած անձ­նական շփումներից, որոնք առավել տպավորվել են հիշողությանս մեջ, և որոնք ընդ­հանրացված կարելի է ամփոփել հետևյալ երեք խորհրդանշային խորագրերի ներքո:
ԻՍԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ և ՎԵՀ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏԳԱՄԸ
         Իմ ասպիրանտական առաջին կամ երկրորդ տարին էր, և արդեն ավարտել էի  «Հնդեվրոպական լեզուներում ձայնավորների հերթագայության հին և նոր շեր­տերի քննության փորձ»  խորագրով հոդվածս: Բնականաբար այն տպագրության ներկա­յաց­նելու համար անհրաժեշտ էր գիտական ղեկավարիս՝ ընկ. Ջահուկյանի երաշխա­վորական կարծիքը: Սակայն չէի համարձակվում հոդվածս միան­գամից ներկայացնել իրեն, քանի որ համապատասխան լեզվական փաստերի քննու­թյան արդյունքում հան­­­­գել էի հայերենի շեշտափոխական հնչյունափո­խութ­յուն­ների ծագ­ման վերաբեր­յալ Գ. Ջահուկյանի տեսակետին միանգամայն հակադիր եզրա­կա­ցության և չգիտեի ինչպես վարվել: Եվ ահա մեր հերթական հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ես փորձում էի հեռվից շատ զգուշորեն և կարկամելով մոտենալ հարցին՝ ջանալով կռա­հել ընկ. Ջահուկյանի հնարավոր արձագանքը, իմ այդ անհանգիստ վիճակը չվրիպեց ուսուցչիս խո­րաթափանց հայացքից, և նա բարյացակամորեն ժպտալով ասաց. «Այ տղա՛, խո­սի՛ր, խոսի՛ր, ի՞նչ ես վախենում, կարծո՞ւմ ես՝ պիտի կախեմ: Ես ավելի ուրա­­խա­նում եմ, որ մի բան ստացվում է»: Եվ երբ ես արդեն անկեղծանալով հայտ­նեցի իմ մտա­վախություն­ները, նա ասաց. «Հիմար բաներ ես մտածում: Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ: Գիտությունը անաչառություն է սիրում, և հանուն ոչ մեկի և ոչնչի չի կա­րելի մեղանչել գիտության դեմ: Միշտ աշխատի՛ր գրել այն, ինչը քեզ առավել համոզիչ է թվում, և կա­րող ես հիմ­նավորել փաստերով: Եվ ի վերջո, եթե նույնիսկ դու դա հիմա իբր թե հա­նուն ինձ չգրեիր, միևնույնն է, մի հիսուն տարի հետո, հարյուր տարի հետո, երբ մենք այլևս չէինք լինի, անպայման կհայտնվեր մեկը, ով կգրեր այդ մասին: Իսկ գիտության առաջ­ընթացի համար ողջամիտ այլընտրանքային տեսակետները որքան շուտ և որ­քան շատ, այնքան ավելի  լավ>>:
         Այս նույն համատեքստում կուզենայի նշել Գ. Ջահուկյանի նույնաբնույթ ևս եր­կու պատ­գամ՝ <<Մարդ պետք է սխալվելու համարձակություն ունենա>> և <<Վեճը միշտ պետք է նպատակաուղղված լինի միմիայն ճշմար­տու­թյան բա­ցահայտմանը>>: Ուստի նա տարբեր առիթներով հաճախ էր հիշատակում ոմն ասո­րու հետևյալ միտքը. <<Եթե վեճը նպատակ ունի բացահայտել ճշմարտութ­յունը, այդ վեճը վաղ թե ուշ արգասավոր ավարտ կունենա: Իսկ եթե վեճի նպատակն է միմյանց հաղթել, այդ վեճը երբեք չի վերջանա>>: 
 
ԱՌՈՂՋ ՀՈԳԻ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ
         Դժվար է ասել՝ արդյոք ճակատագրի՞ բերումով, թե՞ առողջ ապրելակերպին կա­­նոնավոր հետևելու (կամ գուցե միաժամանակ այդ երկու գործոնների) շնորհիվ ընկ. Ջահուկյանը, ինչպես ինքն էր ասում, կյանքում շատ հազվադեպ էր հիվանդացել: Եվ իսկապես ես հիշում եմ, որ իր կյանքի վերջին շրջանում բժիշկները բազմիցս բուժզննման արդյունքում միշտ նույն բանն էին ասում, որ նրա մոտ ըստ էության ոչ մի ախտահարված օրգան չկա, այլ ընդամենը ծերու­թյունից որոշ օրգաններ հյուծվել են: Բայց այդ ծերությունն էլ նա նունիսկ ութսու­նամյա տարիքում համարյա թե չէր զգում: Թերևս դա էր պատճառը, որ նա վրդով­մունքով և զարմանքով էր ընդունում, երբ իրեն վերաբերվում էին իբրև տարեց մարդու, հատ­կապես՝ եթե դա անում էին գե­ղե­ցիկ սեռի ներկայացուցիչները: Եվ ահա օրերից մի օր առօրեական զրույցի ժամա­նակ նա պատմեց հետևյալ հումորային միջադեպի մասին. <<Ասում են, թե կո­վի կաթը դժվա­րամարս է, և հիսուն տարեկանից հետո խորհուրդ չի տրվում հաճա­խա­կի օգ­տա­­գործել այն: Բայց ես միշտ հաճույքով խմում եմ և ինձ շատ լավ եմ զգում: Եվ վեր­ջերս մի կին (ի դեպ, բավականին գեղեցկատես կին է), երբ իմացավ, որ ես կաթ եմ խմում, զարմանքով հարցրեց, թե արդյո՞ք կաթ խմելուց հետո ես ինձ վատ չեմ զգում: Իսկ ես նրան պատասխանեցի. <<Ոչ միայն ինձ վատ չեմ զգում, այլ որ քեզ տես­նում եմ, զգում եմ, որ դեռ կարգին տղամարդ եմ>>:
Ծերության և տարիքի դեմ ընկ. Ջահուկյանի աննկուն ոգին չէր հանձնվում նույ­­նիսկ ութսունհինգ տարեկան հասակում՝ բառացիորեն իր մահվանից երկու-երեք ա­միս առաջ: Այդ ընթացքում ես և ընկերս՝ Կարեն Վարդանյանը (ի դեպ, մենք ընկ. Ջա­հուկյանի վերջին երկու և գրեթե միաժամանակյա ասպիրանտներն ենք եղել), սո­վո­­րա­կանից ավելի հաճախադեպ էինք տեսակցության գնում մեր ուսուցչին: Եվ ահա մի օր, երբ ընկ. Ջահուկյանին հերթական անգամ դուրս էինք հանել մաքուր օդի (այդ ժամանակ արդեն նա որոշ չափով դժվարությամբ էր տեղաշարժվում, հատկապես՝ աս­տիճաններով իջ­նելիս և բարձ­րանալիս), իրենց շենքի բակում զրույցի ժամանակ նա հանկարծ շատ լուրջ և ան­կեղծորեն զարմացած դեմքով ասաց. <<Չեմ հասկանում՝ դեռ իմ ի՞նչ տա­րիքն է, որ ես հիվանդանամ>>:
Բայց, ավա՜ղ, արդեն կյանքի վերջին մի քանի շաբաթների ընթացքում ընկ. Ջա­հուկյանն այլևս իրեն բնորոշ ինքնավստահությամբ չէր խոսում իր առողջական վի­ճա­կի մա­սին: Եվ ահա մի օր, երբ տեսակցության եկած այցելուներից մեկը հարցրեց, թե ընկ. Ջա­հուկյանն իրեն ինչպես է զգում, նա երկակի և փիլիսոփայական պատաս­խան տվեց. <<Եթե հարցը տրվում է ըստ էության, <<Այնքան էլ լավ չեմ>>, իսկ եթե հարցը տրվում է սոսկ որպես հարց, <<Ոչի՛նչ, շնորհակալությու՛ն>>:
            Եվ ես այդ ժա­մա­­նակ միայն հատուկ ուշադրություն դարձրի և հասկացա, որ իսկապես ժամանա­կա­կից հայե­րենի <<Ո՞նց ես>> կամ <<Ինչպե՞ս եք>> արտահայ­տու­թ­յունները իրենց բուն իմաս­տին զուգահեռ ձեռք են բերել գործաբանական (prag­ma­tic) նոր նշա­նակություն՝ գոր­ծած­վելով որ­պես ողջույնի յուրօրինակ ձև, որի դեպ­քում նկա­տի չի առնվում դիմա­ցի­նի իրական որ­պիսութունը, այլ ընդամենը ակնկալ­վում է հետևյալ կայուն պատաս­խանը՝ <<Ոչի՛նչ, շնորհակալությո՛ւն>> կամ <<Լավ եմ, շնոր­հա­կա­լու­թ­յո՛ւն>>, ճիշտ ինչ­պես ող­ջույնի այլ արտահայտությունների պարա­գա­յում:
    
ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ, ԲԱՅՑ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ
          Ընկ. Ջահուկյանը չափազանց բարյացակամ, բայց միևնույն ժամանակ ծայրաս­տիճան խստապա­հան­ջ էր ոչ միայն որպես ղեկավար գիտական հարցերում, այլև իբրև մարդ առօրյա կյանքում: Մի օր ես և Կարենը հերթական անգամ այցելել էինք ընկ. Ջահուկյանին: Այդ օրը նա իրեն մի քիչ լավ չէր զգում և ոչինչ ուտելու ցան­կու­թյուն չուներ: Բայց քանի որ արդեն կեսօր էր, և դեռ չէր կարողացել որևէ բան ուտել, մենք սկսեցինք հորդորել ընկ. Ջահուկյանին որևէ բան ուտել: Մեր թվարկած բոլոր ուտելիքները նա մերժում էր: Հանկարծ հիշեցինք, որ ընկ. Ջահուկյանը լավ քյաբաբ շատ է սիրում, և երբ առաջարկեցինք, նա մի պահ լռեց և ասաց. <<Դե լավ, որ շատ եք պնդում, մի հատ կարելի է>>: Եվ երբ մենք ուզում էինք բնակարանից դուրս գալ քյաբաբ բերելու, նա ասաց. <<Այ, տեսե՛ք, ասացի ընդամենը մեկ հատ: Եթե մեկ հա­տից ավելին բերեք, ընդհանրապես չեմ ուտի>>: Մենք այդ պահին չհակառակվեցինք, բայց ճանա­պարհին, երբ արդեն հաս­նում էինք մոտակա Ալավերդյան փողոցի վրա գտնվող Կով­կաս ռեստորան (այդ ժա­մանակ այնտեղ շատ համեղ քյաբաբ էին պատ­րաս­տում, և մոտիկ ու հարմար էր), մտա­­ծեցինք, որ ամոթ է ռեստորանից ընդամենը մեկ քյաբաբ պատվիրել: Ուստի չորս քյաբաբ վերցրինք և շտապեցինք այն հասցնել ընկ. Ջահուկյանին: Բայց երբ հա­սանք իրենց տան բակը, մի պահ կանգ առանք: Արդեն բազմիցս հա­մոզվել էինք, որ ընկ. Ջահուկյանը չափազանց բարյացակամ, բայց և ծայրաստիճան խստապահանջ էր և անզիջում: Ուստի մոտ 5-10 րոպե վարանելուց հետո մենք վերջապես որոշեցինք չզայրացնել ընկ. Ջահուկյանին և ցույց տալ, որ արել ենք, ճիշտ այնպես, ինչպես ինքն էր ասել: Եվ երբ մեկ քյաբաբը ձեռքներիս ներս մտանք, նա խիստ ձայնով ասաց. <<Հապա՛ տեսնեմ, հո մեկ հատից ավելին չեք վերց­րել>>: Մեր մտավախությունը արդարացավ: Մենք թեթևացած շունչ քա­շեցինք և, միմ­յանց նայելով, կամացուկ շշնջա­ցինք՝ <<Լավ պրծանք>>:
 
ՍԻՐԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՍ
/ ՎԱԼԵՆՏԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ /
            ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երկրորդ կամ երրորդ կուրսի ուսանող էի։ Կուրսը բաժանված էր երկու հոսքի։ Ես սո­վո­րում էի երկրորդ հոսքում։ Ուսում­նական ծրագրի համա­ձայն՝ շուտով պետք է անցնեինք «Ընդ­հանուր լեզվաբանություն» առար­կան։ Եվ մեր հոսքի բախտը բերեց. մեզ դասավանդեց ակա­դեմիկոս Գևորգ Ջահուկյանը։ Ինչքան որ խրթին էր ականավոր լեզվաբանի գրավոր խոս­քը, նույնքան պարզ ու հանրամատչելի էր բանավոր խոսքը։ Ամենաբարդ լեզվական երևույթ­ներն այնքան դյուրին էր բացատրում, այնքան հաճելի էր լսել նրա մտերմիկ դասախոսությունները, ուղղակի աննկարագրելի է։ Մի առիթով սիրելի դասախոսս ինքը խոստովանեց, որ իր գրավոր և բանավոր խոսքերն էական տարբերություն ունեն։ Շատ սեղմ, պարզ ու հասկանալի էր մատուցում նյութը, խուսափում էր ավելորդաբա­նությունից, հաճախ դիմում էր փոխանվանական կիրառությունների։ Ահա հիշողությանս մեջ դրոշմված մի եղելություն, որն առհավատչյան է նրա բանավոր խոսքի պարզության և անմի­ջականության։ Դասախոսություններից մեկի ժամա­նակ, երբ ուզում էր ասել, որ Տրուբեցկոյը Սոսյուրի լեզվաբանական ավանդների շարունակողն ու զարգացնողներից մեկն  է  եղել, ուղղակի ասաց. «Տրուբեցկոյը հենվում է Ֆերդինանդ դը Սոսյուրի վրա»։ Վերջինին հաջորդեց տղաներից մեկի փռթկոցը, և ամբողջ հոսքը սկսեց քրքջաձայն ծիծաղել, իսկ սիրելի դասախոսս նույն հանդարտությամբ շարունակեց. «Այո, Տրուբեցկոյը հենվում է  Ֆերդինանդ դը Սոսյուրի վրա»։ Չեմ մոռացել նաև հետևյալը. երբեմն նշում էր, որ  կառուցվածքային լեզվաբա­նու­թյան բնագավառում այս կամ այն երևույթին առաջին անգամ ինքն է անդրադարձել, սակայն անտեսվել է աշխարհի կողմից, և այլազգի լեզվաբանների անուններ են հիշատակվել։
         Այդ ժամանակահատվածում, որ մեզ լեզվաբանություն էր դասավանդում մեծանուն լեզվաբանը, պոլիտեխնիկական համալսարանի՝ իմ հարևանությամբ ապրող ուսանողներից մեկը մի օր հարցրեց, թե ինչ է նշանակում անվրույր բառը։ Ես գիտեի, որ կա Վրույր անձնանուն, բայց և չգիտեի, թե ինչ հասարակ անունից է առաջացել այն, բնականաբար և չէի կարող պա­տաս­խանել այդ հարցին։ Հետագայում բառարաններում ևս չգտա այդպիսի բառ, մտածեցի՝ ով կարող է իմանալ, թե ինչ է նշանակում անվրույր, եթե ոչ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը։ Այսպիսով որոշեցի հարցնել սիրելի դասախոսիս։ Առաջիկա դասախոսությունից անմիջապես հետո նրա հետևից դուրս եկա լսարանից, և հայցելով ներողամտությունը՝ հարց­րի. մի ակնթարթ մտածեց, ապա և ասաց. «Ա′յ տղա, դու կարծում ես, թե մենք ամեն ցնդա­բանություն գիտե՞նք»։ Այդ միջոցին հայ գրականության ամբիոնի դռան մոտ նրան էր սպասում նույնպիսի մեծություն՝  մեծանուն գրականագետ, ակադեմիկոս Հրանտ Թամ­րազ­յանը, որը նկա­տելով այդ պահը՝ դիտողություն արեց ինձ՝ ասելով. «Նույնիսկ դասամիջոցների ժա­մա­նակ հանգիստ չեք տալիս խեղճ մարդուն»։ Ի վերջո «Ընդ­հանուր լեզվաբանություն» առար­կայից քննությունս հանձնեցի գերազանցությամբ,  այնուհետև մագիստրատուրայում սովո­րե­ցի «Հա­­յոց լեզվի պատմություն և լեզվաբանություն»  ուղղությամբ։ Ուզում էի նաև ուսումս շարու­նակել ասպի­րանտուրայում, սակայն իմ ընտրած ուղղությամբ տեղ չէր հատկացվել։ Իմ նույնքան սիրելի դասա­խոսներից պրոֆեսոր Լիանա Հովսեփյանին հարցրի, թե արդյոք ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում ասպիրանտուրայի տեղ կա։ Այն ժամանակ նրանից իմացա, որ տնօրենը ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանն է, որը մեզ երեք տարի առաջ էր դասավանդել։ Հենց հայոց լեզվի  ամբիոնից Լ. Հովսեփյանը զանգահարեց լեզվի ինստիտուտ, և պարզվեց, որ «Գրաբար» մասնագիտությամբ ասպիրանտուրայի մեկ տեղ կա։ Ապա ինձ խորհուրդ տվեց համալ­սարանում անմիջականորեն մոտենալ պարոն Ջահուկյանին և հայտնել ցանկությանս մասին։ Այդ օրերին ընթանում էին պետական քննություններ, և եր­ջանկահիշատակ Գ. Ջահուկյանը հայոց լեզվի պետական քննության հանձնաժողովի նա­խա­­գահն էր։ Հաջորդ օրն առավոտ կանուխ գնացի բանասիրական ֆակուլտետ և դրսում սպասեցի այնքան, մինչև որ նա կգար։ Շատ էի սպասել թե քիչ, հանկարծ նկատեցի, որ պարոն Ջահուկյանն արդեն պատրաստվում է շքամուտքից ներս մտնել, աճա­պարեցի, և երկրորդ հարկում արդեն մոտեցա նրան, հարցրի, թե արդյոք լեզվի ինս­տի­տուտում ասպիրանտուրայի տեղ կա։ Նայեց ինձ և ասաց. «Ես քեզ հիշեցի, կարծեմ լավ էիր սովորում, չէ՞»։ Ես հաստատեցի։ Ապա ինձ առաջարկեց, որ քննության ավարտից հետո մոտենամ իրեն, և միասին գնանք՝  տեղում ճշտելու մանրամասները։ Այդպես էլ վարվեցի։ Հենց ինձ ասաց, որ արդեն գնալու ենք լեզվի ինստիտուտ, առաջարկեցի իսկույն տաքսի պատվիրել, սակայն արժանացա հանդիմանության. «Ա′յ տղա, ի՞նչ ես խոսում, համբերի′ր, հիմա իմ ծառայողական մեքենան կգա»։ Շուտով ԳԱԶ 24 մակնիշի հայտնի ավտո­մեքենայով եկավ պարոն Ջահուկյանի եր­կարամյա վարորդը՝ Համլետը։ Եվ այդ բարի, պարզ ու  ազնվահոգի պապիկը, մեծանուն մարդն ու գիտնականը ինձ՝ որպես իր թոռնիկի տարավ լեզվի ինստիտուտ, որը դեռ գտնվում էր Աբովյան փողոցում։ Այն ժամանակ արդեն աս­տիճանները բարձրանալու փոքր-ինչ դժվարություն ուներ, ուստի Համլետը թևանցուկ օգնեց նրան։ Այնուհետև ինձ ներկայացրեց ինստիտուտի գիտքար­տուղար Նազիկ Հով­հաննիսյանին և ասաց, որ ուզում եմ ասպիրանտուրայի տեղի  և  ներկայացվելիք փաստա­թղթերի վերա­բերյալ որոշ տեղեկություններ ստանալ։ Ստույգ իմացա, որ «Գրաբար» մասնա­գիտությամբ առկա ասպիրանտուրայի մեկ տեղ կա, նաև պարզեցի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Այդ օրը նաև ծանոթացա քարտուղարուհու՝ տիկին Սիրուշի հետ։ Առջևում մագիստրական թեզիս պաշտպանությունն էր, հանձնաժողովի նախագահն էլ պարոն Ջա­հուկյանն էր։ «Նահապետ Քուչակի հայրենների լեզվական քննություն» թեմայով մագիստ­րական թեզս ներկայացրի, եղան  հարցեր ու պատասխաններ, հնչեց ընդդիմախոս Գ. Մանուկյանի բարձր կարծիքը։ Այնուհետև պարոն Ջահուկյանը հարցրեց, թե արդյոք ծանոթ եմ Ակնա բարբառի որևէ ուսումնասիրության, քանի որ հայ բանասիրության մեջ տարածված տեսակետ կա, որ հայրենները մեծ մասամբ ստեղծվել են Ակնում, ուստի կարող էի լեզվական իրողությունների որոշ աղերսներ նկատել։ Մինչդեռ ես ուզում էի ինչ-որ բան հիշել, հանձնա­ժողովի անդամներից երջանկահիշատակ պրոֆեսոր Ռ. Ղազարյանը հայացքով ակնարկում էր իր կողքին նստած ակադեմիկոսին՝ պարոն Ջահուկյանին։ Սակայն ինքս, ցավոք սրտի, չհասկացա ակնարկի իմաստը և ասացի, որ միայն ծանոթ եմ Արարատ Ղարիբյանի բարբառագիտական ուսումնա­սիրություն­ներին։ Հետագայում միայն իմացա, որ մեծանուն լեզվաբանն ինքն է հեղինակել մենագրություն Ակնա բարբառի մասին, ուստի հանձնաժողովի անդամներն ուզում էին օգնած լինել ինձ։  Այնուամենայնիվ այդ վրիպումը չխանգարեց ինձ՝ «գերազանց» գնահատական ստանալու։ Օրեր անց ստացա նաև բանասիրական ֆակուլտետի երաշխավորությունը՝ դիմելու ասպիրանտուրա, ուստի և բոլոր  փաստաթղթերս արդեն պատ­րաստ էին։ Դիմել էր նաև մի աղջիկ։ Մի քանի օր հետո արդեն գրաբարից քննություն էի հանձնում։ Առաջինը ես ցանկություն հայտնեցի պատասխանել։ Բացի ինստիտուտի տնօ­րենից՝ պարոն Ջահուկյանից, հանձնաժողովում էին նաև պրոֆեսորներ Լ. Հովհաննիսյանը, որը փոխ­տնօրենն էր, և Վ. Համբարձումյանը՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչը։ Գրաբարյան տեքստը թարգմանելու և քննական հարցերին պատասխանելու ընթացքում պարոն Ջահուկյանը երբեմն հիացմունքով դիմում էր հանձնաժողովի անդամներին՝ ասելով՝ լավ է, չէ՞։ Ի վերջո ինձ «գերազանց» գնահատական նշանակեցին։ Բարեհաջող հանձնեցի նաև մյուս քննությունները և ընդունվեցի ասպիրանտուրա։ Դա 2004 թվականն էր։ Հուրախություն ինձ և որպես շնորհակալության դրսևորում՝ ցանկացա ուղղակի երեք տուփ քաղցրավենիք տանել ինստիտուտ։ Որոշել էի մեկ տուփը տալ գիտքարտուղարին՝ Նազիկ Հովհաննիսյանին, սակայն գլխիս գալիքը չգիտեի. այնպես զայրացավ ու հանդիմանեց ինձ՝ ասելով,  որ Գևորգ Ջահուկյանի ղեկավարած հաստատությունում բացառվում են նմանօրինակ երևույթները։ Ես այլևս չշարունակեցի ճանապարհս, անմիջապես դուրս եկա շենքից և անհետացա։
              Հետա­գայում շատ քիչ առիթներ եղան տեսնելու մեծանուն հային։ Գիտխորհրդի նիս­տերից մեկում որոշվեց ուսումնասիրությանս թեման,  և գիտական ղեկավար նշանակվեց փոխտնօրեն պրոֆեսոր Լ. Հովհաննիսյանը։ Այդ օրերին բուռն արձագանք ստացավ ակա­դեմիայի հնագույն շենքից մեզ վտարելու և այն­ քանդելու կառա­վա­րական որոշումը։ Տնօրենը և աշխատակիցները, բնականաբար,  ընդդիմանում  էին, ուստի հանդի­պումներ էին կազմակերպվում կառավարության համապա­տաս­խան անդամների հետ, և որպես երիտասարդ ներկայա­ցուցիչներ մասնակցում էինք նաև ասպիրանտներս։ Եվ այդ ժամանակ երջանկահիշատակ ակադեմիկոսն ասում էր իր հեղինակավոր խոսքը, որը երբեք չեմ մոռանա։ Ցավոք սրտի՝ բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Այդ օրերից դեռ մեկ տարի չանցած՝ չարաբաստիկ հիվանդության պատճառով կյանքից հեռացավ մեծանուն լեզվաբանը՝ խոր հետք թողնելով հայ լեզվաբանական մտքի անդաստանում,  իր սաների, աշխատա­կից­ների և իրեն ճանաչող անձանց հոգիներում։ Գիտնականի մտքին ու գրչին, մարդ տեսակին քաջածանոթ անձինք այսօր մեծ երախտագիտությամբ ու ակնածանքով են հիշում նրան։
                                                                                                                         
ՀՈՒՇԵՐ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՒՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
    /ՍԵՎԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ/
 
         Ջահուկյանը շատ կազմակերպված ու աշխատասեր մարդ էր։ Նա բնակվում էր համալսարանի մոտ գտնվող դասախոսների շենքում և առավոտ ժամը 6-ից 7-ը դուրս էր գալիս մարզվելու և զբոսնելու համալսարանի դիմացի՝ շախմատի տանը կից այգում,  որտեղ հավաքվում էին նաև իր մարզանքի ընկերները, որոնց հետ հաղորդակցվում էր և  աշխույժ զրուցում։ Երեկոյան նույնպես որոշ ժամանակով զբոսնում էր նույն այգում։ Սովորության համաձայն, մինչև ժամը 12-ը  աշխատում էր և ժամը մեկին գալիս էր գործի։ Այստեղ նույնպես շարունակում էր աշխատել, և երբ ինստիտուտի աշխատակիցներից մեկը ինչ-որ հարցով ներս էր մտնում, նա զայրանում էր, որ իրեն կտրում էր սիրած աշխատանքից, բայց զայրույթը շուտ անցնում էր, ու նա հետաքրքրվում էր,  թե ներս մտնողը ինչ է ուզում։
        Ջահուկյանը ամեն տարի, սովորաբար գարնանը զեկուցումներ էր կազմակերպում հայոց լեզվի կամ լեզվաբանության որևէ հարցի վերաբերյալ։ Զեկուցումներով հանդես էին գալիս ինստիտուտի տարբեր աշխատակիցներ, սկսվում էին բուռն քննարկումներ, իսկ վերջում Ջահուկյանը շատ հմուտ, բանիմաց և մեզ համար օգտակար ընդհանրացումներ էր կատարում։
       Նա չէր խառնվում ինստիտուտի բանսարկություններին, բամբասանքին ու իրարանցումին. չէր արգելում ապրիլ 24-յան մեր միջոցառումները, որոնք, ի դեպ, Երևանի բոլոր հաստատություններում արգելված էին։
        Հայաստանից դուրս այլ քաղաքներ կամ երկրներ մեկնելիս նա օդանավից չէր օգտվում. զգուշանում էր,  մեկնում էր գնացքով։
         Նա իր գործունեության  առաջին հատվածում գրել է նաև շատ լավ բանաստեղծություններ,  որոնք կյանքի վերջին տարիներին հրատարակեց,  որը մեզ համար շատ անսպասելի էր։
Ջահուկյանը լավ մարդ էր ու անհիշաչար՝ բնավորության մի գիծ,  որն անչափ գնահատելի է և մարդասիրական։
        Նա սիրում էր կատակել եւ զվարճալի պատմություններ ու  դեպքեր պատմել։ Ջահուկյանը  հարգանք ու  մեծ սեր վայելող գիտնական էր և տարին մեկ մի հիմնարար աշխատություն էր գրում՝ նվիրված հայերենագիտության տարբեր բնագավառներին։
                                                                                                          
ՋԱՀՈՒԿՅԱՆԱԿԱՆ ՄՏՔԵՐ
/ ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ/
                  Հորաքույրս` Մելադա Աղաբեկյանը, պատմում էր, որ հարգարժան Գ.Ջա­հուկյանը գիտաժողովներին շատ էր կարևորում  դիպուկ ու հակիրճ խոսքը. «Ամենահանճարեղ մտքերն անգամ 15 րոպեում կարելի է ներկայացնել»,- ասում էր մեծ գիտնականը:
     ***
              Հորաքույրս` Ժաննա Միքայելյանը, հիշում էր, որ անվանի լեզվաբան Գ.Ջա­հուկյանն իր գիտական աշխատանքները նախընտրում էր կատարել յուրաքանչյուր առավոտյան` ժամը  8-12-ը. «Գիտե±ք, պետք է նաև մտածելո՛ւ  ժամանակ ունենալ»,-  պար­զաբանում էր հանճարեղ գիտնականը:
 
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆԸ 100 տարեկան է
(Մ. Քումունց, բ.գ.թ., դոցենտ, ԳՊՀ ՀՀՄՖ դեկան)
          2003թ. դեկտեմբերին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում հանձնում էի մասնագիտական քննություն (մինիմում)՝ ակադեմիկոս Գ. Ջահուկյանի ղեկավարությամբ հանձնաժողովում: Շտապում էի, որովհետև այդ օրը Գորիս պիտի վերադառնայի (հազիվ մեքենա էի գտել): Սկսվեց քննությունը: Խնդրեցի առաջինը պատասխանել: Հարցաթերթիկ վերցրի և անմիջապես նստեցի պատասխանելու: Գ. Ջահուկյանը թե՝ «Գոնե մի քիչ պատրաստվի՛ր, որ մենք էլ տեղավորվենք»: Ասացի՝ պատրաստ եմ (բայց չէի հասցրել հարցերին նայել ոչ թե հանդուգն ինքնավստահությանս համար, այլ պարզապես պիտի հասնեի Գորիս. ինձ բացակա էին դնելու համալսարանում հաջորդ օրվա դասին չներկայանալու դեպքում): Հարցերը հերթով կարդում ու պատասխանում էի: Մասնագիտական հարցերից վերջինը (ոչ ատենախոսությունից) վերաբերում էր հայերենի բարբառների զարգացման հիմնական փուլերին: Ոգևորվել էի, որովհետև բարբառագիտությանը վերաբերող հարցերը առհասարակ և հենց նշվածը սովորել էի Գ. Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» գրքից, նույնիսկ գրաբար հատվածներ էի սերտել: Այդպես գրաբարով մեջբերում եմ քերական Ստեփանոս Սյունեցու վկայությունը. «Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ բառսն զեզերականս, որպէս զԿորճայն եւ զՏա յեցին եւ զԽութայինն եւ զՉորրորդ Հայեցին եւ զՍպերացին եւ զՍիւնեցին եւ զԱրցախայինն. այլ մի՛ միայն զՄիջերկրեայսն եւ զՈստանիկսն, վասն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան, այլ եւ օգտակարք ի պատմութիւնս, զի մի՛ վրիպեսցի անընդել գոլով լեզուացն»: Լ. Հովհաննիսյանը (գիտական ղեկավարս), Լ. Խաչատրյանը գոհունակություն հայտնեցին: Գ. Ջահուկյանը թե՝«Ի՞նչ մի բան ասաց, որ էդպես ոգևորվեցիք»: Ասացին՝ «Քո գրքից գրաբարով հատվածներ է մեջբերում»: Գ. Ջահուկյանը կիսաժպիտ պատասխանեց. «Ես ինչ իմանամ՝ ճի՞շտ է ասում, թե՞ ոչ...»:
          Գ. Ջահուկյանի ղեկավարած խորհրդում էլ պաշտպանեցի ատենախոսությունս՝ «Արևելյան լեզուներից անցած փոխառությունները Խ. Աբովյանի գեղարվեստական արձակում»: Կարևորել էր թեման և հավանել աշխատանքս: Մինչև օրս էլ չկա լեզվաբանական բնույթի մի աշխատանք, որը կատարելիս գրասեղանիս չդնեմ Գ. Ջահուկյանի «կարծիքը»: Այսպիսինն են հավերժական ուսուցիչները...
 
                                                                                                           

Հայտարարություններ

Ատենախոսություններ

Թամարա Նելսիկի Պողոսյան «17-րդ դարի աշխարհաբար տպագիր գրքերի լեզվական  քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.03.2020, ժ.15-ին

Գիտական ...

Զարուհի Հրայրի Խաչատրյան «Ձիանունները պարսկերենում և հայերենում․ համեմատական քննություն»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական  լեզվաբանություն»

10.02....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.